Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Տվեք ինձ հնարավորություն հելիոֆիկացնելու մեկ հայկական գյուղ, և ես կհելիոֆիկացնեմ ողջ աշխարհը

Տվեք ինձ հնարավորություն հելիոֆիկացնելու մեկ հայկական գյուղ, և ես կհելիոֆիկացնեմ ողջ աշխարհը
11.04.2014 | 12:29

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ

Երկրների և աշխարհամասերի
հելիոֆիկացիայի
ծրագրի հեղինակ,
տեխնիկական
գիտությունների դոկտոր

Ի՞նչ կտա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը մեր երկրին: Ամենայն հավանականությամբ՝ ոչինչ, եթե հերթական վարչապետերը շարունակեն կատարել վերևից եկող հրահանգները և անտեսեն ներքևից եկող այնպիսի հեռանկարային աշխատանքները, ինչպիսին է, օրինակ, Հայաստանի հելիոֆիկացիայի մեր ծրագիրը: Տիգրան Սարգսյանն իր բարձր ինտելեկտով և կազմակերպվածությամբ առանձնանում է անկախ Հայաստանի 12 վարչապետերից: Ափսոսում եմ սակայն, որ նա ևս չնկատեց, կամ նրան թույլ չտրվեց նկատել այն լայն հնարավորությունները, որոնք պարունակում է Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիրը և իր պասիվ վերաբերմունքով անորոշ ժամանակով հետաձգեց ծրագրի իրականացումը մեր երկրում: Դա նրա բացթողումն էր: Բանը միայն Հայաստանի հելիոֆիկացիայի խնդիրը չէ: Դրանով մենք կարող էինք զարգացնել արևային տեխնիկան և տեխնոլոգիաները, ստեղծել հելիոտեխնիկական արդյունաբերության նոր ոլորտը, դուրս գալ միջազգային շուկա և լուրջ դերակատարում ունենալ այնտեղ: Խնդրեմ, Ղրիմի հելիոֆիկացիայի առաջնահերթ խնդիրը` 3 միլիարդ դոլարի ծավալով, որն այսօր բարձրացրել է Ռուսաստանը, կարող էինք անել մենք և, ձեռքի հետ, ստեղծել հարյուր հազարավոր նոր աշխատատեղեր: Բայց ո՞ւր մնաց հելիոտեխնիկական արդյունաբերություն ստեղծելու մեր ծրագիրը, ո՞ւր մնացին աղետի գոտում 30 արևային գործարան ստեղծելու գաղափարները: Չէ՞ որ այդ բնագավառում իրենց ինտելեկտուալ հնարավորությունները կարող էին ցույց տալ մեր լավագույն բանվորները, ինժեներները և գիտնականները, ովքեր այսօր զբաղված են արտերկրներում ցեխ անելով կամ ասֆալտ փռելով: Դա ամոթ է, դա մեր ազգին հարիր չէ: Դա մեր իշխանություններին պատիվ չի բերում, բավական է: Թող չնեղվեն մեր կուսակցական լիդերները և հումանիտար չինովնիկները, Հայաստանի տնտեսական ճգնաժամի հաղթահարումը լուրջ տեխնիկական խնդիր է, ինչը կարող են լուծել միայն տեխնոկրատները: Ստորև կփորձեմ մանրամասնել Հայաստանի հելիոֆիկացիայի հեռանկարային ծրագիրը` արդեն նոր վարչապետի և մեր սթափ հասարակության համար:

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հելիոտեխնիկական արդյունաբերություն, Հայաստանի և Ղարաբաղի հելիոֆիկացիա, արևային գյուղատնտեսություն, արևային էներգետիկա, Հայաստանի էներգետիկ անվտանգություն և Հայաստանի էներգետիկ կենսունակություն: Սրանք բոլորովին տարբեր հասկացություններ են, որոնք մեզ մոտ անհիմն ձևով մեկտեղվում են մեկ ընդհանուր «այլընտրանքային էներգետիկա» հասկացության մեջ, որի համակարգողի դերում մշտապես հանդես է գալիս ՀՀ էներգետիկայի նախարարությունը: Սա աններելի սխալ է, ինչի պատճառով մշտապես կասեցվում է հելիոֆիկացիայի կարևորագույն գործընթացը Հայաստանում` մեր երկիրը զրկելով խոր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ռեալ հնարավորություններից:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպե՞ս հաղթահարել տնտեսական ճգնաժամը, եթե այն արդեն առկա է: Պատասխանը մեկն է. խելքով, ծրագրված խելացի քայլերով և քրտնաջան աշխատանքով: Նախ պետք է հասկանանք ճգնաժամի պատճառները, որպեսզի կարողանանք գտնել ճգնաժամից դուրս գալու ձևերը և միջոցները: Հայաստանի տնտեսական ճգնաժամի պատճառները շատ են. երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, համաշխարհային տնտեսական ճգնաժամ և այլն: Բայց մեր ճգնաժամի բուն պատճառը մեր մեջ է: Մենք տուժում ենք մեր ապաշնորհ իշխանությունների պատճառով: Հայաստանի քաղաքական և տնտեսական ղեկավարությունը 20 տարի շարունակ մեզ ապացուցում է, որ տվյալ խնդրի լուծումն իր ուժերից վեր է, որ մեր իշխանությունները բացարձակորեն անճարակ են այս հարցում և իրենց անիմաստ քայլերով շարունակում են խորացնել երկրի տնտեսական ճգնաժամը: Յուրաքանչյուր արված քայլի պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ, բացի անձնական շահից, ուրիշ բան չկա: Ամեն ինչ ինքնահոսի է մատնված, ինչի վերջը, իհարկե, բարին լինել չի կարող: Տնտեսությունների դինամիկ զարգացման ապահովման խնդիրը, անշուշտ, պարզերից չէ: Դարերի ընթացքում տնտեսական ճգնաժամերն առաջացել են և դեռևս առաջանալու են աշխարհի տարբեր երկրներում: Բոլոր երկրներում իրականացված և իրականացվող իշխանափոխությունները, տնտեսական ու քաղաքական բարեփոխումները, հեղափոխությունները, տնտեսական նոր միությունների կազմավորումը և, վերջապես, պատերազմները հետապնդում են մեկ հիմնական նպատակ. հաղթահարել առաջացած տնտեսական ճգնաժամերը սեփական երկրներում և ապահովագրվել նմանատիպ երևույթներից ապագայում: Այլապես կարող է սկսվել փլուզման անդառնալի գործընթացը այնպես, ինչպես տեղի ունեցավ Հռոմեական կայսրությունում, Բյուզանդիայում, Արաբական խալիֆաթում, Օսմանյան կայսրությունում, Ռուսական կայսրությունում և մեր հարազատ ԽՍՀՄ-ում: ԽՍՀՄ-ի փլուզումը մեզ շնորհեց անկախություն և անկախության պայմաններում ինքնակազմակերպվելու, սեփական երկիրը զարգացնելու հնարավորություն: Ընդամենը հնարավորություն, որից մենք պետք է կարողանայինք օգտվել և օգտագործել, ինչը և չկարողացանք, չցանկացանք: Խորհրդային տնտեսական ճգնաժամից դուրս եկանք և ընկղմվեցինք սեփական ճահճի ու քաոսի մեջ: Կրակից փախանք, ջուրն ընկանք: Հիմա ազգովին կանգնել ենք ինքնալուծարման և անկախության կորստի կոտրած տաշտակի առաջ: Այդ են վկայում զանգվածային գործազրկության, համատարած աղքատության և արտագաղթի մեր ողբալի ցուցանիշները:
Դրությունը շատ ծանր է, բայց ոչ այդքան անհուսալի: Ի՞նչ անել: Միասնական ուժերով պետք է փորձենք լուծել տնտեսության վերականգնման, ժամանակակից արդյունաբերություն և գյուղատնտեսություն ստեղծելու խնդիրը: Բայց դրանից առաջ պետք է լուծենք սեփական իշխանությունների հարցը, նրանք մեզ խանգարում են, նրանք դիտավորյալ խոչընդոտում են մեր առաջընթացին: Իշխանությունների հեռացումը և օրենքի գերակայության հաստատումը կուսակցությունների քաղաքական խնդիրն է: Մեր խնդիրը, մեր գիտական հասարակության խնդիրն է գտնել տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հնարավոր, հասանելի և մեր պայմաններում իրագործելի ճանապարհները: Հարց է առաջանում. ինչպիսի՞ արդյունաբերություն է պետք ստեղծել, որպեսզի կարողանանք դուրս գալ միջազգային շուկա` ապահովելով այնտեղ մեր մրցակցային առավելությունը: Արդյունաբերության ո՞ր նոր ճյուղն է պետք զարգացնել, որը մեզ հաջողություն կբերի: Այստեղ պետք է հաշվի առնել մեր ռեալ հնարավորությունները (մաթեմատիկական լեզվով ասած՝ մեր սկզբնական և սահմանային պայմանները): Եթե նայենք մեր հնարավորություններին, ապա դրությունը դրություն չէ: Պարտքերի մեջ թաղված երկիր, դատարկ պետական գանձարան, թալանված գործարաններ, կորսված տեխնոլոգիաներ, արտագաղթած պրոֆեսիոնալ բանվորներ, ինժեներներ և գիտնականներ, ժողովրդի վստահությունը չվայելող իշխանություններ, համատարած կաշառակերություն, թշնամի հարևաններ, վատ ճանապարհներ, էներգետիկ խնդիրներ, սոցիալ-տնտեսական անտանելի վիճակ և այլն, և այլն: Դժվար է պատկերացնել, թե նման պայմաններում ի՛նչ է պետք անել, ո՛րն է ելքը:
Նման ճգնաժամային իրավիճակներում իր վճռական խոսքը կարող է ասել միայն գիտությունը: Հիշենք, թե Վլադիմիր Պուտինն ինչպես էր հորդորում իր երկրի գիտնականներին:
Նախ՝ փաստենք. Ռուսաստանը մեր բախտակից ընկերն է` իր անհամեմատ ավելի ծանր պրոբլեմներով: ԽՍՀՄ փլուզումը նրան չօգնեց: Պետք է նշել, որ, Հայաստանից առավել, Ռուսաստանն է թաթախված խոր ճգնաժամի մեջ: Ռուսաստանը չկարողացավ իր արդյունաբերությունը հանել, առանձնացնել ԽՍՀՄ-ի ընդհանուր արդյունաբերական համալիրից, հաջողություններ արձանագրել տեխնիկայի և տեխնոլոգիաների բնագավառում: Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը ապահովվում է միայն էներգակիրների վաճառքի հաշվին: Երկիրը թալանվեց, արդյունաբերական կարևոր ոլորտները չեն աշխատում, համատարած մասշտաբային կոռուպցիա, կաշառակերության բարձր մակարդակ, բազմաթիվ էթնիկ խմբերի շահերի բախումներ, ահաբեկչության դրսևորում, բնակչության մեջ հուսահատության ու վախի մթնոլորտ, մարտնչող սափրագլուխներ, թմրամոլություն, հարբեցողություն, հանցագործությունների բարձր մակարդակ, ստեղծագործական ինտելիգենցիայի և գիտնականների խոշոր չափերի հասնող արտագաղթ և այլն, և այլն. կարելի է անվերջ թվարկել: Եթե ԽՍՀՄ-ը տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության կարևոր ոլորտներում ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետ էր մնում 5-15 տարով, ապա այժմ Ռուսաստանից 5-15 տարի կպահանջվի, որ հասնի իր նախկին մակարդակին: Չափազանց ծանր վիճակ, ինչն ավելի է խորանում գերտերությունների ճնշման տակ: Բոլորի աչքերը Ռուսաստանի անսպառ բնական պաշարներին են գամված: Ռուսաստանի խնդիրը, մեր համեմատ, անլուծելի է թվում: Ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանը գերտերություն է և իր շահերը պաշտպանելու համար ստիպված է զարգացնելու տնտեսության բոլոր ուղղությունները միաժամանակ. ստեղծել ժամանակակից տեխնիկա, մշակել նոր տեխնոլոգիաներ, ժամանակակից սպառազինություն, կառուցել սուզանավեր, ռազմանավեր, ավիակիրներ, ունենալ ռազմական ավիացիա, աշխատել հետ չմնալ տիեզերքում, կերակրել սեփական ժողովրդին, ռազմական բազաներ պահել այլ երկրներում և այլն: Եթե Հայաստանի իշխանությունները մտածում են երկրում տիրող դրության մասին մինչև հաջորդ ընտրություններ, ապա Վլադիմիր Պուտինը երկրի զարգացման գործընթացը ծրագրում է պատմական հեռանկարի հաշվարկով, միգուցե Պետրոս Մեծի նման 1000 տարվա կտրվածքով։
Այժմ անդրադառնանք Պուտինի հորդորին։ Նա ռուս գիտնականներին հորդորում է. «Нужно идти впереди паровоза»: Այո, պետք է գնացքից առաջ ընթանալ, պետք է ժամանակից առաջ ընկնել: Բաց շուկայական հարաբերությունների պայմաններում հաջողության հասնելու համար ժամանակին համընթաց քայլելը այսօր հարց չի լուծում: Պետք է մի քանի քայլ առաջ մտածել, պետք է մի քանի քայլ առաջ ընկնել, պետք է նոր արտադրատեսակներով և նոր տեխնոլոգիաներով հանդես գալ, այլապես տնտեսական ճգնաժամերից անհնարին է խուսափել: Շուկայում տիրում է նա, ով տիրապետում է տեխնոլոգիաների: ՈՒրիշի տեխնոլոգիաների բազայի վրա սեփական մրցունակ արդյունաբերություն չես ստեղծի: Մեր իշխանություններն այս պարզ ճշմարտությունը չգիտեն, չեն հասկանում: Դրանից է բխում այն տուֆտան, որ Հայաստանի զարգացման գերակա ուղղությունների մեջ տեղ են գտել ճշգրիտ մեքենաշինության, դեղագործության ոլորտները, խոսում են ռոբոտաշինությունից ու նանոտեխնոլոգիաներից: Որո՞նք են այն паровоз-ները, որոնց առջևից Հայաստանը պետք է վազի, առաջ ընկնի: Այդ ո՞ր ուղղություններն են, որ մենք պետք է զարգացնենք: Ժամանակ և միջոցներ ծախսել գիտության և տեխնիկայի աշխարհում արդեն ձևավորված ուղղությունների վրա, Պուտինը թույլ չի տալիս, չի ֆինանսավորում. հեռանկար չունի, որովհետև դա երկրի արդյունաբերությունը մշտապես պահելու է հետին պլանում. դա կործանարար է: Այլ ապրանքների մուտքին մաքսային զսպման մեխանիզմներով խոչընդոտելը ևս հեռանկար չունի: Եթե Ռուսաստանը ստիպված է զարգացնել գիտությունը և տեխնիկան բոլոր հնարավոր ուղղություններով, պետք է վազի բոլոր հնարավոր տՈՐՏՉՏջ-ներից առաջ, դա գերտերության ճակատագիր է: Հայաստանի խնդիրն այս հարցում ավելի համեստ է: Գիտությունը, տեխնիկան և արդյունաբերությունը պետք է զարգացնել մի քանի ուղղություններով այնպես, ինչպես դա արվում է, օրինակ, Շվեյցարիայում:
Մեր առաջարկած երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի գիտատեխնիկական և արդյունաբերական զարգացման ուղղությունը բավարարում է առաջադրվող պահանջներին: Հելիոֆիկացիան հիանալի էտյուդային տարբերակ է, որը ենթադրում է արևային էներգիայի լիարժեք օգտագործումը նախ Հայաստանում և Ղարաբաղում, ապա և ողջ աշխարհում: Հելիոֆիկացիա և օրենքի գերակայության հաստատում երկրում. սա է Հայաստանի զարգացման և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու մեր բանաձևը: Հելիոֆիկացիան լուծում է Հայաստանի հիմնական հրատապ խնդիրները, այդ թվում՝ երկրի էներգետիկ կենսունակության, էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության հարցերը, աշխատատեղերի խնդիրը, փակում է արտագաղթի թեման, հայրենադարձության գործընթացը, երկրի տնտեսական և ռազմական հզորացումը և այլն: Միայն տարակուսել կարելի է, թե ինչու է էներգետիկ նվազ ռեսուրսներ ունեցող Հայաստանը հապաղում արևի էներգիայի օգտագործման հարցում: Առավել ևս, որ հայ գիտնականները լուծել են խնդրի գիտական մասը, մնում է լուծել գիտական արդյունքների կոմերցիալիզացիայի խնդիրը` իշխանությունների կամքին հակառակ:

ՀԵԼԻՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Սա արդյունաբերության նոր զարգացող ոլորտ Է, որի նպատակն է կազմակերպել արևային սարքերի կամ հելիոհամակարգերի մշակման, փորձարկման, սերիական արտադրությունների կազմակերպման և ներդրման գործընթացը: Հանրությանը հայտնի են այդ նոր և դեռևս չձևավորված արդյունաբերության ոլորտի արտադրանքի համաշխարհային շուկայի ծավալները: 2020 թվականին այն կկազմի 40 տրիլիոն դոլար (Անգելա Մերկել, Մեծ ությակի գագաթնաժողով, Տոկիո, 2008 թ.): Բարաք Օբամայի գնահատմամբ` այն 39 տրիլիոն դոլար է: Ի՞նչ է 40 տրիլիոն դոլարը հայերիս համար: Հիշենք, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը 4 միլիարդ դոլար է: 40 տրիլիոն դոլարը գերազանցում է մեր երկրի արտաքին պետական պարտքը ուղիղ 10 հազար անգամ: Արժե՞, որ Հայաստանը ժամանակ կորցնի արդյունաբերության մի նոր ոլորտի վրա, որի արտադրանքի շուկան 10 հազար անգամ գերազանցելու է նրա արտաքին պետական պարտքը: Իհա՛րկե արժե։ Արժե առանց մտածելու: Մեր գիտնականներին հաջողվել է մինչև վերջին նրբությունները մշակել արդյունաբերության այդ նոր ոլորտի բոլոր բաղադրիչները: Որքա՞ն նոր աշխատատեղեր կստեղծի հելիոտեխնիկական արդյունաբերությունը Հայաստանի քաղաքացիների համար, եթե մեզ հաջողվի զբաղեցնել արևային տեխնիկայի համաշխարհային շուկայի ընդամենը մեկ տոկոսը (0,4 տրիլիոն դոլար), որից 700 միլիոն դոլարը կկազմի մեր ներքին շուկան: Խնդիրը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. ստեղծել հելիոտեխնիկական արդյունաբերության մի նոր ոլորտ, որի արտադրանքի մի մասը կիրացվի ներքին շուկայում (0,7 միլիարդ դոլարի չափով) և կարտահանվի 400 միլիարդ դոլարի չափով: Աշխատատեղերի հարցը լուծվում է հետևյալ հաշվարկով: Ընդունենք, որ տարեկան մեկ միլիոն դոլարի արտադրական ծավալների դեպքում հայկական ընկերություններում կարող է բացվել 20 աշխատատեղ, մեկ միլիարդի դեպքում՝ 20 հազար, 400 միլիարդի դեպքում՝ 8 միլիոն աշխատատեղ: Եթե արտաքին շուկայի պահանջարկը բավարարվի 10 տարվա ընթացքում, ապա Հայաստանում իրատեսական կլինի 800 հազար աշխատատեղի բացումը: Ի՞նչն է ստիպում մեր իշխանություններին հրաժարվելու այս ընձեռված պատմական հնարավորությունից, լուծելու աշխատատեղերի խնդիրը, փակելու արտագաղթի թեման, երկիրը դուրս բերելու սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից, պայմաններ ստեղծելու կայուն զարգացման և երկրի հզորացման համար:
Ո՞Ւմ է հետաքրքիր լսել Ալիևի չարախինդ ելույթները մեր երկրի տնտեսության վերաբերյալ: Դժվար է ասել: Դժվար է ասել՝ ի՛նչ մաղձ է պարունակում Հայաստանի իշխանությունների որդեգրած պաշտոնական տեսակետը, թե «արևային տեխնիկայի օգտագործումը Հայաստանի համար վաղաժամկետ է» («Առավոտ», 2012 թ): Մեր կարծիքով, հակառակը, արևային տեխնիկայի զարգացումը Հայաստանում շատ է ուշանում: Ավելին, ուշացվում է անհիմն հիմնավորումներով: 2005 թվականից սկսած մեր արդյունաբերությունը տեխնիկապես և տեխնոլոգիապես արդեն պատրաստ էր սկսելու DVH տիպի անհատական կոմբինացված հելիոհամակարգերի զանգվածային արտադրությունը, մենք կարող էինք Սպիտակում գործարկել առաջին հելիոտեխնիկական բազային գործարանը, գործարկել և արտահանել Հերունու արևային էլեկտրակայանները: Նշեմ, որ արևային տեխնիկայի զարգացման 5 կարևոր ուղղություններից՝


ա) արևային ջերմային էլեկտրակայաններ,
բ) արևային կիսահաղորդչային էլեկտրակայաններ,
գ) արևային «Ստիռլինգ» դասի էլեկտրակայաններ,
դ) արևային կենցաղային ջրատաքացուցիչներ,
ե) հելիոհամակարգեր հայելային կոնցենտրատորների բազայի վրա),
մեր մասնագետներն ընտրել են զարգացման 1-ին և 5-րդ ուղղությունները. արևային էլեկտրակայանների ստեղծում ակադեմիկոս Պարիս Հերունու «Արև» ծրագրի շրջանակներում և անհատական կոմբինացված հելիոհամակարգերի ստեղծում տ.գ.դ. Վահան Համազասպյանի «Երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիա» ծրագրի շրջանակներում: Ավելին, մեր գիտական խմբերը, որոնք հիմնականում համալրված են խորհրդային ռազմարդյունաբերական համալիրի մասնագետներով, ստեղծել են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, որպեսզի բարձր մակարդակով հենց Հայաստանից սկսվի օրիգինալ DVH տիպի անհատական կոմբինացված հելիոհամակարգերի զանգվածային արտադրությունը: Հելիոհամակարգեր, որոնք աշխարհում հայտնի արևային տեխնիկայից շահեկանորեն տարբերվում են իրենց սպառողական բարձր հատկանիշներով, ցածր գներով, բարձր հուսալիությամբ, ֆունկցիաների բազմազանությամբ, սպասարկման պարզությամբ, ջերմային հզորությունների 2-ից մինչև 10 հազար կՎտ-ի հասնող լայն դիապազոնով, նոր (պատվիրված) սարքերի նախագծման, ֆիզիկական մոդելավորման և պատրաստման 10 օրը չգերազանցող ժամկետներով: Հնարավոր չէր լինի հասնել նման ցուցանիշների` օգտագործելով միայն գոյություն ունեցող ունիվերսալ հաստոցները, գործիքները և հայտնի տեխնոլոգիաները: Լուրջ հաջողությունների հասնելու համար մեր մասնագետները ստիպված են եղել մշակելու բազմաթիվ նոր արտադրական տեխնոլոգիաներ, դրանց կիրառման համար ստեղծել հատուկ հաստոցներ` հիմք դնելով հելիոտեխնիկական մեքենաշինությանը, մշակել հատուկ էլեկտրոնային սենսորներ, էլեկտրոնային հսկող-ղեկավարող սարքեր (արևային էլեկտրոնիկա), գործիքներ, չափիչ սարքեր և սարքավորումներ (մետրոլոգիա), բանվորական, ինժեներական և գիտական կադրերի պատրաստման, հելիոտեխնոլոգիաների տարածման ու զարգացման և հելիոսարքավորումների փորձարկման հատուկ մարզային կենտրոններ (հելիոպոլիգոններ) և, որպես այս ամենի տրամաբանական շարունակություն, նախագծել են նաև արևային սարքերի տիպային (բազային) գործարան`«под ключ» սկզբունքով: Արևային սարքերի տիպային գործարանները, որոնց թողունակությունը հաշվարկված է մինչև 1000 կոմպլեկտ X 5 կՎտ հզորությամբ հելիոհամակարգեր, կարող են կառուցվել նաև այլ երկրներում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ
Երկրների հելիոֆիկացիայի մեր հայկական տարբերակը ենթադրում է արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների զանգվածային կիրառությունը գյուղական բնակավայրերում` բնակարանների ջեռուցման, կենցաղային տաք ջրի ստացման, արևային տեխնոլոգիաներով գյուղմթերքների վերամշակման և էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրություն կազմակերպելու համար: Արևային տեխնիկան մարդկանց կընձեռի էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրելու և գյուղմթերքների շուկայի էլիտար սեգմենտում աշխատելու լավ հնարավորություն, էապես կբարձրացնի ֆերմերային տնտեսությունների շահութաբերությունը: Մեր հաշվարկներով սա այն կարևորագույն մոտիվացիան է, որը մարդկանց կշահագրգռի ձեռք բերելու DVH տիպի անհատական կոմբինացված հելիոհամակարգեր: Էներգախնայողության խնդիրը, որը շարքային սպառողների համար ընդունված է համարել որպես արևային էներգետիկայի տարածման համար հիմնական մոտիվացիոն գաղափար, մղվում է հետին պլան: Մեր պարագայում էներգախնայողությունը դառնում է լրացուցիչ օգուտ բերող երկրորդական գործոն: Արևային տեխնիկայի զարգացման և տարածման բարոյական կողմնորոշիչները, այն է՝ պայքարը Երկիր մոլորակի էկոլոգիական մաքրության համար կամ գլոբալ տաքացման դեմ, շարքային սպառողին ոչինչ չասող փաստարկներ են, մանավանդ որ հանուն այդ վեհ գաղափարների իրականացման ինքն է իր գրպանից վճարելու:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ԵՐԿՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
(энергетическая живучесть)

Երկրաշարժերի, տեխնածին աղետների, էներգետիկ շրջափակումների կամ պատերազմների ժամանակ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները պետք է կարողանան ապահովել սեփական բնակչության էներգետիկ կենսունակությունը: Բնակչությունը պետք է ունենա խմելու համար պիտանի ջուր և տաք կերակուր պատրաստելու, լողանալու, լվացք անելու հնարավորություն, որպեսզի ճգնաժամերի ընթացքում կարողանա գոյատևել և հեռու մնալ հնարավոր համաճարակներից: Աշխարհում այսօր նման իրավիճակում է հայտնվել երկրաշարժերի, ցունամիների և պատերազմների պատճառով ի հայտ եկած 10 միլիոն փախստական: Այս հարցը լուծելու առաքելությամբ 2013 թ. մեզ այցելեց «Global Hope Network» (Գլոբալ Հույս) կազմակերպության համադրող Ջեֆրի Լատցան (ԱՄՆ): Նրա կարծիքով՝ փախստականների ճամբարներում մարդկանց կենսունակ միջավայր ստեղծելու խնդիրը լրջագույն համաշխարհային պրոբլեմ է, ինչը կարելի է լուծել հայկական արևային տեխնիկայի օգնությամբ: Խնդրեմ, ևս 2 միլիարդ դոլարի պատվերի կոնկրետ առաջարկ: Ի միջի այլոց, աշխարհի թեժ կետերում արևային տեխնիկա տարածող այդ ամերիկացուն շատ զարմացրին հայ գիտնականների ստեղծած տեխնիկայի բարձր մակարդակը, հայ գիտնականների կյանքի ցածր կենսամակարդակը և սիրիացի փախստականների նկատմամբ հայ ժողովրդի ու իշխանությունների ցուցաբերած առանձնակի հոգատար վերաբերմունքը:
Ցանկացած բնակավայրի հելիոֆիկացիան համաշխարհային և համամարդկային կարևորագույն պրոբլեմների լուծման ուղղությամբ կատարված կարևոր քայլ է: Լինի դա հեռավոր կամ սահմանամերձ հայկական գյուղ, թե աշխարհի ծայրում հապճեպորեն կազմակերպված փախստականների ճամբար, միևնույն է, մեր անհատական կոմբինացված հելիոհամակարգերը շատ օգտակար գործ կարող են կատարել մարդկանց համար` նրանց տալով էներգիայի ավտոնոմ աղբյուր` որպես կենսունակության պահպանման հուսալի միջոց: Հելիոֆիկացիան ենթադրում է ստեղծել էներգիայի անկախ աղբյուրների բաշխված ցանց, որը, ի տարբերություն ատոմակայանների, ջերմակայանների, հիդրոէլեկտրակայանների, գազատարների և նմանատիպ այլ կենտրոնացված էներգահամակարգերի, կարող է գործել առանց բաշխիչ ցանցերի և արտաքին ազդեցությունների նկատմամբ օժտված է լինելու կայունության բարձր գործակցով: Ճգնաժամերի ընթացքում մեր բնակավայրերում հնարավոր կլինի պահպանել նորմալ սանիտարահիգիենիկ իրավիճակ, որպեսզի իրենց բնականոն ռեժիմներով շարունակեն աշխատել հիվանդանոցները, դպրոցները և բնակչության կենսապահովման մյուս կարևորագույն օբյեկտները:
(շարունակելի)

Դիտվել է՝ 3503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ