Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի ուսումնական տարվա բացմանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի ուսումնական տարվա բացմանը
02.09.2019 | 12:26

Սեպտեմբերի 1-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում, նախագահությամբ դպրոցի հիմնադիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ 2019-2020 թթ․ ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը։


Տերունական աղոթքից, ՀՀ պետական և դպրոցի օրհներգերից հետո ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն տիկ․ Սուսաննա Վարդանյանը՝ բարի երթ մաղթելով առաջին դասարանցիներին և նոր նվաճումներ ու ձեռքբերումներ ուսումնական գործընթացում։
Հյուրերի անունից ներկաներին ողջունեց դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիար Մխիթար Հայրապետյանը՝ աշակերտներին կոչ անելով ամեն ժամ բազմապատկել իրենց գիտելիքները և միշտ պատրաստակամ լինել իրենց իմացությունը հարստացնելու։


Հանդիսության ընթացքում իր սրտի խոսքն ասաց նաև դպրոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ամենօրյա ուշադրության համար՝ ընդգծելով, որ Էօրնեկեանցին պետք է տարբերվի իր համակողմանի արժեքային համակարգով, գիտելիքներով, բարձր պատասխանատվությամբ և նկարագրով։ Ապա տեսուչ Հայր Սուրբը հրավիրեց Վեհափառ Հայրապետին՝ իր հայրական օրհնությունը բաշխելու ներկաներին։
Նորին Սրբությունը, շնորհավորելով ամենքին նոր ուսումնական տարվա առիթով, հույս հայտնեց, որ այն կդառնա բազմակողմանի գիտելիքների ամբարման, նորանոր ձեռքբերումներով և հաջողություններով լի մի շրջան։ Վեհափառ Հայրապետը նաև բարձրորեն գնահատեց տեսչի, տնօրինության և ուսուցիչների շնորհակալ աշխատանքը՝ ուրախությամբ արձանագրելով, որ նրանք ջերմեռանդությամբ և ապագայի հանդեպ աներեր հավատով ու հույսով շարունակում են մատաղ սերնդի դաստիարակությունն ու անանց արժեքներով նրանց միտքը կրթելու սրբազան առաքելությունը։ Նորին Սրբությունը դիմեց աշակերտներին՝ ասելով․ «Սիրելի էօրնեկյանցիներ, ամենքիդ էլ քաջ հայտնի է Հայրապետիս անսահման սերն ու կապվածությունն այս կրթօջախի և հատկապես ձեր հանդեպ, քանզի ձեզանից յուրաքանչյուրն իր ուրույն տեղն ունի իմ սրտում և հոգում։ Գաղտնիք չէ, որ մեր երկնառաք աղոթքներում մշտապես հայցում ենք Տիրոջ իմաստությունն ու օրհնությունը ձեզ համար, որպեսզի ճիշտ և նպատակային օգտագործեք ձեր ժամանակն ու շնորված հնարավորությունները՝ արդարացնելով ինչպես մեր, այնպես էլ ձեր ծնողների և ուսուցիչների երազներն ու սպասումները։ Ուստի զորացե՛ք գիտության լույսով, առավել աշխատասիրությամբ ու նվիրումով սերտե՛ք տրված դասերն ու հանձնարարականները՝ միշտ բարձր պահելով էօրնեկյանցու պատիվն ու մեր Եկեղեցու անունը»։
Հանդիսության ընթացքում գեղարվեստական հայտագրով հանդես եկան դպրոցի երգչախումբն ու պարախումբը։

Դիտվել է՝ 2881

Մեկնաբանություններ