Հերթական ռումբը Էթերի Տուտբերիձեի հերթական սան Ալեքսանդրա Տրուսովան է
13.09.2019 | 01:39
Ընթերցասերը հարկավ լավատեղյակ է, որ վերջին տարիներին մեր ներկայացրած նյութերի մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում գեղասահքին։ Պատճառն ակնհայտ է, ու այդ ակնհայտության մեջ մարզաձևի գեղեցիկ ու դիտարժան լինելու կողքին, այսպես ասած, մեկ այլ հիմնավորում կա՝ Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը։ Մարզուհու Մեդվեդևա ազգանվանը լուսատախտակներին, ինչ խոսք, չի հիշատակվում մեր կողմից հավելվող Բաբասյանը, սակայն Ժենյայի արմատների բարձրաձայնումը մենք պակաս անհրաժեշտ հանգամանք չենք տեսնում, որովհետև, թեկուզ կիսով չափ, նա մեր գենետիկ կոդի կրողն է ու, վաղ թե ուշ, կոդն այդ իրեն զգացնելու է։
Այս ընդհանրական ներածականից անցնենք բուն ասելիքին։
Սկսվող մրցաշրջանը համաշխարհային գեղասահքի երևելիների ու նրանց թվում Եվգենյա Մեդվեդևայի համար բավականին բարդ է լինելու։ Անընդհատ տեխնիկական բարդացումների ճանապարհով ընթացող այս մարզաձևը գրեթե երկու-երեք տարին մեկ ասպարեզ է հանում ծագող նոր անուն, որը կայունորեն իր, պատկերավոր ասած, վար ու ցանքն է անում պատանիների շրջանում ու մուտք գործում մեծահասակների շրջան որպես նոր զորավոր ուժ։ Այս անգամ հերթական ռումբը Էթերի Տուտբերիձեի հերթական սան Ալեքսանդրա Տրուսովան է, որն իր տասնհինգ տարեկանում յուրացրել է քառապտույտ չորս տարբեր թռիչք (ընդ որում դրանցից մեկը՝ կասկադում) ու սպառնում է առաջիկա մրցաշրջանում ոչ մի շանս չթողնել ո՛չ Եվգենյա Մեդվեդևային, ո՛չ Ալինա Զագիտովային, ո՛չ էլ վերջին երկու տարում նորից մարզական բարձր որակների վերադարձած Ելիզավետա Տուխտամիշևային։ Հետաքրքիրն այն է, որ տեխնիկական որակներով անգամ Ռուսաստանի մենասահորդ տղամարդկանց գերազանցող Տրուսովան արդեն իսկ հայտարարել է, որ մտադիր է ունեցած ծրագիրն էլ ավելի բարդացնել՝ ներառելով եռապտույտ ակսելը։ Զուտ հետաքրքրության համար գնանք այս մարզուհու թռիչքային վարժությունների հատ-հատ ներկայացման ճանապարհով՝ վերջում շեշտադրելով մի շատ կարևոր բան։ Եվ այսպես, ազատ ծրագրում այս աղջնակը կատարում է երեք քառապտույտ ցատկ։ Դրանցից առաջինը լուտցն է՝ ամենաթանկ գնահատվողն ու ամենաբարդը։ Սրան հետևում է քառապտույտ տուլուպը՝ հավելած նույնատիպ եռապտույտ ցատկով, իսկ այս գերբարդ հաջորդումներին հետևում է քառապտույտ տուլուպը, որը նախորդածների ֆոնին ավելի շատ դիտարկվում է որպես հանգիստ առնելու հնարավորություն։ Իհարկե, այդ հանգիստ առնելու հնարավորությունը Տրուսովայի համար է ասված, քանզի այն աշխարհի բազմաթիվ գեղասահորդների համար մնում է երազանքների կամ հնարավորությունների իրականացման գագաթնակետ։ Այստեղ թերևս հարկ է նշել, որ լուտցի ու տուլուպի կողքին Ալեքսանդրան ավելի վաղ կատարում էր և քառակի սալխով (նաև այս վարժության կատարմամբ է հաղթել 2018 թ. աշխարհի պատանեկան առաջնությունում), սակայն հետո դադարել է վարժությունը կատարելուց՝ կոնկրետանալով մյուս թռիչքների վրա։ Տեսագրություններից պարզ երևում է, որ Տրուսովան կատարում է նաև քառակի ֆլիպ։ Ասել է թե՝ հանդիսատեսը այս մարզուհու տեխնիկական հնարավորությունների սահմանը դեռևս ամբողջապես չի տեսել և նույնիսկ չի էլ պատկերացնում։ Ահա թե ինչ հզորությամբ մարզիկ է մուտք գործում մեծահասակների մրցաշխարհ, ու առաջիկա օլիմպիական խաղերին ով կարող է ստեղծել եղանակ։
Առանց մանրամասների մեջ խորանալու նկատենք, որ մարզուհու ծրագրում, այնուամենայնիվ, կա մի գերբարդ ցատկի վակուում կամ չկատարում։ Խոսքը վերաբերում է եռապտույտ ակսելին, ցատկ, որը գերբարդ վարժություններից միակն է, որ թույլատրվում է կատարել կարճ ծրագրում։ Այս ցատկին չտիրապետելը շանս է նրա մրցակիցների համար։
Ամփոփենք. հաշվի առնելով Տրուսովայի տեխնիկական ծրագրում առկա գերբարդ վարժությունների առկայությունը՝ նրան մրցակից չեն կարող լինել ո՛չ Շչերբակովան՝ զինանոցում ունեցած քառապտույտ լուտցով, ո՛չ Տուխտամիշևան՝ իր երեք եռապտույտ ակսելներով։ Օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայի մասին այս պարագայում խոսելն արդեն իսկ ավելորդ է, քանի որ նա իր զինանոցում չունի և ոչ մի քառապտույտ ցատկ, իսկ ամենաթանկ գնահատվող ցատկերն արդեն քանի տարի մնում են եռապտույտ լուտցը եռապտույտ ռիտբերգերի հետ կասկադում (նկատենք, որ նման կասկադ Տրուսովան անում է թե՛ կարճ, թե՛ ազատ ծրագրում)։ Այստեղ մեջտեղ է գալիս հետևյալ կարևորության հարցը. եթե նույնիսկ Շչերբակովան, Տուխտամիշևան ու Զագիտովան տեխնիկական առումով ոչինչ չեն կարողանում հակադրել Տրուսովային, ապա ինչ ասել մյուս ռուս մարզիկների մասին, ովքեր չեն տիրապետում նման բարդագույն ցատկերի։ Ցավոք, այդ մարզիկների թվում է և մեր Եվգենյա Մեդվեդևան։ Ի դեպ, նման վիճակում կհայտնվեն նաև օտարերկրյա մարզուհիները՝ բացառությամբ ճապոնուհի Ռիկի Կիհիրայի, որը տիրապետում է եռապտույտ ակսելին ու մարզումների ժամանակ անում է քառապտույտ ցատկեր։ Սակայն ճապոնուհու պրոբլեմն այն է, որ մրցումների ժամանակ չի կարողանում անվրեպ հանդես գալ։
Տեխնիկական բարդ վարժությունները բնականաբար բերում են մեծ միավորներ։ Հասարակ բան՝ Տրուսովան երեք ցատկով կարող է վաստակել ավելի շատ միավոր, քան Զագիտովան ու Մեդվեդևան կարող են վաստակել ծրագրի ամբողջ կեսում։ Սա արդեն իսկ հսկա առավելություն է։ Ճիշտ է՝ բաղադրիչների համար (արտիստիզմ, վարժությունից վարժություն անցումներ, կերպավորում և այլն) Տրուսովայի միավորներն ավելի քիչ են լինելու նույն Զագիտովայի ու Մեդվեդևայի ստանալիքից, սակայն տեխնիկան դառնալու է վճռորոշ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ