Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ասաց՝ «Պատիվ ունեմ», ու՝ գնաց

Ասաց՝ «Պատիվ ունեմ», ու՝ գնաց
17.09.2019 | 11:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 16-ի ասուլիսը Վանաձորում փաստացի բաժանվեց երկու մասի՝ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին ու մնացածը: Հրաժարական, որ հայտնի դարձավ ասուլիսում: Կարճ ժամանակից ԱԱԾ կայքում հայտնվեց Արթուր Վանեցյանի բացատրությունը.


«Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ, հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։


Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ»:


Որևէ բացատրություն հրաժարականի մասին, փաստացի, վարչապետը չտվեց, ինչպես չէր տվել Արթուր Վանեցյանը: Նիկոլ Փաշինյանն ընդամենը ասաց, որ ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ստորագրել է և հրամանագիրը մեկ-երկու օրում կստորագվի։ Հրամանագիրը նախագահը ստորագրեց մինչև ասուլիսի ավարտը: «Դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների արդյունքում և փոխադարձ համաձայնությամբ: Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են քննարկվել և այդ սցենարները կքննարկվեն հընթացս: Այս պահին պարոն Վանեցյանը կկենտրոնանա ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և՛ ազգային և՛ պետական խնդրի լուծման վրա»՝ ավելին վարչապետը չասաց: Փաստորեն Վանեցյանի ճակատագիրը հիմա կախված է Հենրիկ Մխիթարյանի ոտքից՝ աջ, թե ձախ՝ էական չէ:


Ինչ չասաց վարչապետը, ասաց նրա մամուլի քարտուղարը: Վլադիմիր Կարապետյանը «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վանեցյանի հայտարարությունը՝ նա պատասխանել է. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։


Երեկ կայքերն ու սոցցանցերը հեղեղված էին տարատեսակ մեկնաբանություններով՝ ոմանց համար ԱԱԾ պետի հրաժարականը աշխարհի վերջն էր, վարչապետի պարտությունը, ոմանց համար՝ աշխարհի սկիզբը ու հրաժեշտ «նախորդ հանցավոր ռեժիմի» , մասնավորապես Միքայել Մինասյանի, հետ կապերը պահպանած ԱԱԾ տնօրենին: Իրականությունը միջակայքում է՝ առաջիկա իրադարձությունները, իհարկե, կբացահայտեն, թե ինչի սթափեցնող «կանգ առ» էր ուզում դառնալ Արթուր Վանեցյանը, որ կառավարման որակի հետ իր անհամաձայնությունը մինչ հրաժարականը չէր բարձրաձայնել: Կա կոնֆլիկտ: Ու չի բացառվում՝ կոնֆլիկտը ԱԱԾ-ի քաղհասարակությունից իշխանություն եկած թևի՝ԱԱԾ-ի և սորոսականների միջև էր: Օրերս ԱԱԾ-ն մերժեց իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու Դավիթ Սանասարյանի դիմումը: Բայց այսօրվա Հայաստանում դժվար է գտնել կարևոր մի գործ, որտեղ ԱԱԾ-ն չկա՝ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բոլորովին պատահաբար կամ ոչ այնքան երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու ԼՀԿ օրինագիծը՝ 111 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Օրինագծով առաջարկվում է ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Օրինագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկում առաջին ընթերցման ռեժիմում՝ պայմանով, որ խմբակցությունը մինչև երկրորդ ընթերցում փոփոխություններ կատարելիս կհամագործակցի կառավարության և իրենց խմբակցության հետ

Դիտվել է՝ 7808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ