Շարունակվում է ՌԴ նախագահի այցը Պարսից ծոցի տարածաշրջան: Սա Պուտինի առաջին այցն է Ծոցի երկրներ վերջին 10 տարիներին: Այսօր Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադից ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի օդանավակայանում նրան դիմավորել է Էմիրությունների ամենաազդեցիկ գործիչը` թագաժառանգ Շեյխ Մոհամեդ Բին Զայեդ Ալ-Նահյանը:
«Հուսով եմ, որ Ռուսաստանի նախագահի այցը լուրջ ազդեցություն կունենա մեր ռազմավարական հարաբերությունների հետագա խորացման վրա», - հայտարարել է թագաժառանգը Քասր-ալ-Վաթան պալատում կազմակերպված ընդունելության ժամանակ: Էմիրությունները և Մոսկվան նպատակ ունեն խորացնել երկկողմ համագործակցությունը նախևառաջ էներգետիկ և զբոսաշրջության ոլորտներում: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ նախորդ տարի ռուսաստանցի զբոսաշրջիկները Էմիրություններում նույնքան գումար են ծախսել, որքան կազմել է երկու երկրների ողջ ապրանքաշրջանառությունը: