Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մարիամ Փաշինյան. Հայաստանին պակասում է կին վարչապետ, կին ԱԺ նախագահ

Մարիամ Փաշինյան. Հայաստանին պակասում է կին վարչապետ, կին ԱԺ նախագահ
19.10.2019 | 13:38

Հայաստանում ակտիվորեն զարգանում է ՏՏ ոլորտը, միջազգային գլոբալ կազմակերպությունները Հայաստանում ինժեներական գրասենյակներ, ներկայացուցչություններ են բացում, հայկական ստարտափների արմատները կարելի է գտնել ողջ աշխարհում և տարբեր ոլորտներում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Դիջիթեյն» ընկերության շուկայի ուսումնասիրության և հանրային կապերի համակարգող Մարիամ Փաշինյանի հետ: Նրա խոսքով՝ հայերը շատ ոլորտներում են տաղանդավոր, օրինակ գինեգործության, հագուստի արտադրության և այլն, և ՏՏ ոլորտը բացառություն չէ: «Դեռևս խորհրդային տարիներից Հայաստանը եղել է ծրագրային ապահովման, տեխնոլոգիաների կենտրոն, ճիշտ է, 90-ականերին ոլորտն անկում ապրեց տնտեսական պատճառներով, բայց հետո, երբ 2002-ին հիմնադրվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ՏՏ ոլորտը Հայաստանում միայն աճ է գրանցում»:


«2018թ. տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր եկամուտները կազմել են 923 միլիոն դոլար, որը ՀՆԱ-ի 7 տոկոսն է»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայաստանում ՏՏ ոլորտի ներուժը շատ մեծ է, և Հայաստանը մեր տարածաշրջանում առաջատարն է: Մ. Փաշինյանը նաև նկատեց, որ Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, ՏՏ ոլորտում մասնագետ կանանց և աղջիկների ներգրավվածությունը մեծ է՝ ըստ որոշ վիճակագրական տվյալների՝ 50 տոկոս, ինչը, նրա գնահատմամբ, ուրախալի առանձնահատկություն է: «Դիջիթեյնում» Մարիամ Փաշինյանի աշխատանքի անցնելը և WCIT-ում կարևոր ծրագրերից մեկը ներկայացնելը մամուլի աչքից չվրիպեց, հրապարակվեցին հոդվածներ՝ այսպիսի վերտառությամբ. «Որտեղ էր Մարիամ Փաշինյանը հեղափոխությունից առաջ», «Վարչապետի դստեր սրընթաց հաջողությունը»:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Մարիամ Փաշինյանը նշեց, որ սովորել է Տարտուի համալսարանում, և իր հաջողությամբ ավարտելն ու իշխանափոխությունը համընկել են: «Ես միշտ եղել եմ աշխատասեր և ակտիվ: Իմ հետաքրքրվածությունն այս ամենի հանդեպ նոր չէ: Երբ վերադարձա Հայաստան, պրակտիկա անցա ՄԱԿ-ի զարգացման գրասենյակում: 2019-ի մայիսին Staff.am-ի միջոցով դիմեցի շատ տեղեր՝ աշխատանքի անցնելու համար, մի քանի տեղ հարցազրույցներ անցա և ընտրեցի «Դիջիթեյնում» աշխատանքի առաջարկը: Հրաշալի է, որ ինձ տրվեց այսպիսի հնարավորություն՝ WCIT-2019- ում ներկայացնել «Դիջիթեյնի» նոր գաղափարը և նախագիծը: Ես իմ մասնագիտական քայլերն եմ անում… Այդպիսի հոդվածներ հեղինակողներին կամ նրանց համակարգողներին ուզում եմ ասել, որ աշխատասիրության ու սեփական ջանքերի շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության: Թող չվհատվեն, իրենց մոտ էլ կստացվի»:


Մարիամ Փաշինյանը չբացառեց, որ հետագայում հնարավոր է զբաղվի քաղաքականությամբ: «Տխուր է, որ մինչև հիմա Հայաստանը չի ունեցել կին ղեկավար՝ վարչապետ կամ նախագահ, չի ունեցել կին ԱԺ նախագահ: Կարծում եմ՝ կանայք պետք է ակտիվանան, հատկապես որ հիմա նոր իշխանությունները սատարում են կանանց դերը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Վստահ եմ, որ երբ կանայք զբաղեցնեն ավելի բարձր դիրքեր, որոշումներն ավելի զգույշ կկայացվեն»:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ