«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նիկոլ Փաշինյան.Այն գումարները, որոնք քաղաքացիները վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց, վճարում են ենթակառուցվածքներ ունենալու համար

Նիկոլ Փաշինյան.Այն գումարները, որոնք քաղաքացիները վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց, վճարում են ենթակառուցվածքներ ունենալու համար
19.10.2019 | 22:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած «Ռազմավարական պլանավորման աշխատաժողովին»: Միջոցառմանը ներկա են եղել և ելույթով հանդես են եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը: Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` վարչապետը նշել է, որ մեր պետականության զարգացման համատեքստում հիմնական խնդիրներից մեկն է եղել ոլորտային որակյալ ռազմավարությունների բացակայությունը և մյուս ոլորտային ռազմավարությունների հետ փոխկապակցվածության բավարար մակարդակի բացակայությունը:

«Մեր կառավարությունը խնդիր է դրել, որ մենք մեր գործունեութան հիմքում դնենք ռազմավարություններ, որոնց արդյունքում պետք է լինի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկրաժամկետ ռազմավարություն: Ուրախ եմ, որ Պետական եկամուտների կոմիտեն անընդհատ շարժվել է այս ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, բավարարված եմ ՊԵԿ-ի աշխատանքով և ուզում եմ արձանագրել, որ ՊԵԿ-ն իմ առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, սակայն միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Այս առումով, ռազմավարության ընդունումը կարևոր է` լուծումներն իրականացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով` ռազմավարություն ասելով հասկացվում է վարչարարություն, ընթացակարգերի, ծառայությունների մատուցման բարելավում. «ՊԵԿ-ի խնդիրն է` փոխել քաղաքացու վերաբերմունքն իր վճարած հարկերի, հարկային պարտավորությունների նկատմամբ, բայց պետք է արձանագրել, որ սրա համար ՊԵԿ աշխատողները պետք է փոխեն իրենց վերաբերմունքն իրենց աշխատանքի նկատմամբ և փոխեն վերաբերմունքը քաղաքացիների հետ շփումներում:Սա երկկողմանի պրոցես է, և այն պետք է տեղի ունենա կառավարության հովանու ներքո, և կառավարությունը քաղաքացիներին ու ՊԵԿ աշխատողներին պետք է քաջալերի և դրդի, որ այդ փոփոխությունները տեղի ունենան: Միաժամանակ, կարևոր եմ համարում, որ քաղաքացիները հստակ արձանագրեն` այն գումարները, որոնք նրանք ՊԵԿ-ի միջոցով վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց, վճարում են իրենց երկրում, մեր երկրում ենթակառուցվածքներ, ծառայություններ, կրթություն ունենալու համար: Համաձայնեք` տարօրինակ կլիներ, եթե ամեն քաղաքացի ինքն իր համար ճանապարհ, դպրոց, պետական ինստիտուներ կառուցեր: Այն հարկերը, որ վճարում են` ներդրում է իրենց իսկ ապագայում, իրենց իսկ երեխաների ապագայում: Որպեսզի այս ընկալումը հասնի իր գագաթնակետին` շատ կարևոր է, որ հարկային և մաքսային ոլորտներում լինի որակական փոփոխություն և ընդհանրապես կառավարության աշխատանքում լինի որակական փոփոխություն: Թե ինչ հաճույքով են քաղաքացիները հարկեր վճարում, շատ առումով կապված է նրանից, թե ինչպես են ծախսվում այդ հարկերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետն ընդգծել է` կառավարությունը կարևոր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը առանձնահատուկ հարկային և մաքսային ոլորտներում, բայց նաև գիտակցում է, որ այդ խնդիրը լուծելու համար բացի քաղաքական կամքից` անհրաժեշտ է գնալ այլ լուծումների, ընդհուպ աշխատավարձերի շարունակական բարձրացումների:
«Բայց դրան պետք է անխուսափելիորեն հետևի հարկային և մաքսային ոլորտների աշխատակիցների պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը: Իհարկե մեզ համար առաջնահերթություն է, որպեսզի որակական փոփոխությունները գնան առջևից, որովհետև դրանք այն գործոններն են, որ կառավարության և հանրության համար կլեգիտիմացնեն աշխատավարձերի բարձրացումը, և մենք պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասել է կառավարության ղեկավարը:


Վարչապետը հաջողություն է մաղթել աշխատաժողովի աշխատանքներին, Պետական եկամուտների կոմիտեին և կառավարությանը վերոնշյալ խնդիրների լուծման գործում: «Մենք խոսում ենք ոչ միայն այն մասին, թե ինչ որակի ծառայություններ կմատուցենք, այլև, թե ինչ կապիտալ ներդրումներ անելու հնարավորություններ կունենանք, և դրանք ինչպես կխթանեն տնտեսական աճը, որպեսզի ամեն տարվա հետ մեր պետական եկամուտները մեծանան: Իհարկե, որևէ կերպ մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը, այս ընթացքում այդ ուղղությամբ ունենք աննախադեպ ձեռքբերումներ, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այս հաջողություններն առավելագույնը չեմ համարում և մենք պետք է հետևողականորեն գնանք այդ ճանապարհով` շարունակակաբար ավելացնելով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը: Տնտեսական ակտիվության խթանումը պետք է լինի առաջնահերթություն, որն ունի ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական բաղադրիչ և տնտեսվարող սուբյեկտների տրամադրությունն ու տրամադրվածությունը մեծապես պայմանավորված է հարկային և մաքսային մարմինների հետ համագործակցությամբ: Վստահ եմ, որ այդ որակը կբարձրանա և բոլորիդ քաջալերում եմ հստակ ու աներկբա շարժվել այդ ճանապարհով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Աշխատաժողովի ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է «ՀՀ ՊԵԿ արդիականացման ճանապարհ, վերջին տարիների զարգացումներ» թեմայով շնորհանդեսը:

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ