Ըստ ՔՊ նախկին անդամ, Գյումրու պետական համալսարանի դասախոս ԱՐԹՈՒՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ՝ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև իշխանության փոխանցման պայմանավորվածություն է եղել։ 1,5 տարվա կառավարման, իր նախկին թիմի և իշխանափոխության մասին զրույցը՝ ստորև։
-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր նախկին թիմակիցների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի 1,5 տարվա գործունեությունը։
-Խիստ անբավարար՝ տարբեր ուղղություններով։ Նախ՝ Փաշինյանը ամբողջովին ձախողել է կադրային քաղաքականությունը, չի կարողացել ձևավորել մերիտոկրատիկ՝ արժանավոր մարդկանց իշխանություն, չնայած, տարբեր հարթակներ օգտագործելով, հակառակն է ասում։ Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում պատգամավորների, կառավարության անդամների մեծ մասը չի ծառայել բանակում։ Բարձր պաշտոնների են նշանակվել մարդիկ, որոնք տարրական գրագիտություն չունեն, չեն տիրապետում ոլորտներին, չկարողացան նաև այս ժամանակահատվածում իրենց ոլորտներին առնչվող փորձ ձեռք բերել։ Բարձր պաշտոնների նշանակվեցին մարդիկ, որոնք բացահայտ հակում ունեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ, այդ մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել լրատվամիջոցներում։ Փաշինյանն ընդունեց 7,8 % տնտեսական աճ ունեցող բյուջե, 2018-ին մինչև 6 տոկոս տնտեսական աճ է եղել, 2019-ին՝ 4,9 տոկոս տնտեսական աճ է նախատեսված։ Սա էլ տնտեսական ձախողված քաղաքականության մասին է փաստում։ Ավելացել են ծանր հանցագործությունների, ՃՏՊ-ների, անվճարունակ քաղաքացիների թիվը, «Դուինգ բիզնեսով» էլ Հայաստանի վարկանիշը շեշտակի նվազել է։ Հայաստանում կտրուկ թեժացել է անհանդուրժողականության, ատելության մթնոլորտը, սա Փաշինյանի ապազգային, ցինիկ քաղաքականության հետևանք է։ Արտաքին տապալված հարաբերությունների մասին ևս կարելի է երկար խոսել։ Հայ-ռուսական, Հայաստան-Արևմուտք հարաբերությունները շատ վատ վիճակում են։ Հայաստան-Արցախ լարված հարաբերություններն էլ առանձին զրույցի թեմա են։
-Երբ դեռևս ՔՊ անդամ էիք, կասկածներ չունեի՞ք, որ այդ թիմը, իշխանության գալով, այսպիսի քաղաքականություն է վարելու։
-Իհարկե, կասկածներ կային։
-Ի՞նչ հիմք ունեին այդ կասկածները։
-Նախ՝ իմ և այսօրվա քաղաքական էլիտայի միջև լուրջ հակասություններ են եղել։ Մինչ այդ նշեմ, որ ես խնդիր եմ ունեցել ոչ թե կուսակցության հետ, այլ այն անձանց, ովքեր այսօր բարձր պաշտոն են զբաղեցնում։ Ես նրանց բազմիցս ասել եմ, որ իրենք անսկզբունքային են, անողնաշար։ Մեկ պայմանավորվում ենք, որ չենք վարելու եվրամետ քաղաքականություն, հետո 180 աստիճանով փոխում են դիրքորոշումը, և 2017-ին «Ելքը» եվրամետ քաղաքականություն է որդեգրում, Երևանի փողոցներն էին փորձում վերանվանակոչել, տնտեսական աճի ցածր ցուցանիշը պայմանավորում էին ԵԱՏՄ-ին անդամակցությամբ և այդ միությունից դուրս գալու հարց էին մեջտեղ բերել։ Բազում անսկզբունքային դեպքեր են եղել։ Այն քաղաքական գործիչը, որն ամեն օր դիրքորոշում է փոխում, չի կարող պետությունն արդյունավետ կառավարել։ Մարդիկ չեն պատկերացնում՝ ինչ է պետությունը, տնտեսությունը, չգիտեն՝ ինչպես երկիրը զարգացնել։ Օրվա «թրենդով» են շարժվում, ըստ իրավիճակի, իսկ սա չի կարող դրական հանգրվանի տանել։ Հայաստանում այսօր կա մեկ բան՝ առավոտից երեկո պոպուլիզմ, ուրիշ ոչինչ։
-Այսօր ակնհայտ է, որ իշխանության ներսում կան թևեր, հակասություններ ու անհամաձայնություններ։ Ձեզ համար սա սպասելի՞ էր, ինչու՞ է այդքան արագ թիմը ճաքեր տալիս։
-Պառակտված են, որովհետև Փաշինյանի վարկանիշն ընկնում է, իսկ նրա թիմակիցները, զգալով ժողովրդի աջակցության նվազումը, հեռանում են։ Վարկանիշի անկման ցուցանիշ էր այն, երբ դեռ մայիսին հրահանգեց դատարանները շրջափակել, իսկ մարդիկ չգնացին։ Հիմա, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը մենակ է մնացել։ Սա գիտակցում են նաև նրա թիմակիցները, առաջանում են կենտրոնախույս խմբեր, որոնք պոկվում են Փաշինյանից։ Որքան Փաշինյանի վարկանիշը նվազի, ավելանալու է այն ուժերի թիվը, որոնք իրենց օրակարգերով են առաջ շարժվում։ Այնտեղ թիմ ի սկզբանե չի էլ եղել։ Թիմ լինում է, երբ կա գաղափարախոսություն, ապագային միտված հստակ ծրագիր։ Փաշինյանի թիմը երբեք գաղափարախոսական հենքի վրա չի եղել։ Մարդիկ են, որոնք այս պահին հավաքված են նրա շուրջը։
-Փաշինյանն այդ առնչությամբ բացահայտ ասել է, որ իրենք «իզմ»-եր չունեն։
-Դա նույնն է, որ մեկը կանգնի ասի, թե իր արյան խումբը ոչ առաջին է, ոչ երկրորդ, ոչ երրորդ, ոչ էլ չորրորդ, այլ հինգերորդ։ «Իզմ»-երի» բացակայությունը նշանակում է մեկ «իզմ»՝ պոպուլիզմ։ Փաշինյանը պոպուլիստ է ու դա շատ լավ ապացուցում է։ Ըստ տվյալ օրվա, կոնկրետ իրավիճակի է որոշում, թե ով պիտի իր պաշտպանության ներքո հայտնվի և ինչը քարկոծվի. մի օր՝ տրանսգենդեր, հաջորդ օրը՝ հայկական ավանդական արժեքներ։ Իրեն թվում է, թե ավանդական հայկական արժեքներն ամփոփվում են «ծիծակ» կոշիկ հագնելու մեջ։
-Այսօր հանրային տրամադրություններն ուղղված են արժեքային համակարգին առնչվող մի շարք հարցերի վրա, այդ թվում՝ հայագիտական առարկաների հետ կապված խնդիրները, որի համար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում։ Այս իշխանությունն արժեհամակարգի հետ կապված խնդի՞ր ունի։
-Այսօր իշխանության են եկել երեք խմբի մարդիկ՝ ՀՀԿ-ի հետ հակասության մեջ եղած անձինք, Փաշինյանի թիմը և արևմտյան ֆոնդերի ներկայացուցիչները։ Այս երրորդ խումբը ներգրավված է և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմիններում։ Նրանք ունեն իրենց առանձին օրակարգը, այն է՝ Ռուսաստանի ազդեցության նվազումը Հայաստանում, ռազմաբազայի դուրսբերումը, եկեղեցու ազդեցության նվազումը (սորոսականները բացահայտ քամահրանքով են խոսում եկեղեցու և հոգևորականության մասին), հայկական ավանդական ընտանիքի ինստիտուտի թուլացումը։ Այն, ինչ տեղի է ունենում «Մել» ֆիլմի, հայագիտական առարկաների հետ կապված, տեղավորվում է այս տիրույթում։ Փաշինյանն այդ սորոսական ֆոնդերի ներկայացուցիչ չի եղել, բայց այդ մարդկանցից կախվածություն, կաշկանդվածություն ունի և սպասարկում է նրանց շահերը։
-Ինչո՞վ է կաշկանդված։
-Այդ ֆոնդերի ներկայացուցիչներին նշանակում է նախարարներ, փոխնախարարներ, ԱԺ է բերել։ Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության մեջ նրանք բավական մեծաթիվ պատգամավորներով իրենց խումբն ունեն։ Այս ամենին գումարվում է նաև Փաշինյանի գաղափարախոսություն չունենալը, դրա համար այդ մարդկանց, այսպես ասած, խաղարկում է։
-Ի՞նչ եք կարծում, այս իշխանությունը կկարողանա՞ մինչև հերթական ընտրություններ մնալ «ձիու վրա»։
-Վստահ եմ, որ Փաշինյանը չի կարող այդքան կառավարել, որովհետև օր օրի նրա վարկանիշը նվազում է, չունի պետության կառավարման տարրական գիտելիքներ, ինչն ամեն օր երևում է։ Պետության առջև կուտակված խնդիրներն օր օրի ավելանում են, մարտահրավերները՝ սրվում, իսկ Փաշինյանը չգիտի՝ ինչպես դրանց դեմ պայքարել, առավել ևս՝ գոյություն չունեցող թիմով Փաշինյանը մի օր հասկանալու է, որ պետություն կառավարելն ու ինքը անհամատեղելի են։ Եղած խնդիրներին գումարվելու են նաև արտաքին մարտահրավերները։ Այս մարդը մի օր անակնկալ հրաժարական է տալու, ինչպես 1997-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս գործընթացին կնպաստեն նաև թմբիրից արթնացող քաղաքացիները։ Համալիր պատճառների հանրագումարում Փաշինյանը հրաժարական կտա, ինչը սարերի հետևում չէ։
-Այսօր, Ձեր տպավորությամբ, հասարակության քանի՞ տոկոսն է թմբիրից արթնացել։
-Փաստ է, որ Փաշինյանը այլևս չի կարող մարդկանց փողոց հանել, ինչ էլ ուղիղ եթերում ասի, մարդիկ դուրս չեն գա փողոց։ Սա թմբիրից արթնանալու ցուցիչներից մեկն է։ ԶԼՄ-ներով պարբերաբար տվյալներ են ներկայացվում վարչապետի վարկանիշի վերաբերյալ, ինձ հանդիպած վերջին տվյալի համաձայն, նրա վարկանիշը 22 տոկոս է, իսկ մեկ տարի առաջ՝ 80-90 տոկոս։ Ընդհանրապես, վարկանիշի նվազումը հատուկ է բոլոր իշխանություններին, որովհետև հաճախ հանրային որոշումներ են ընդունում։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ այս իշխանությունների վարկանիշի նվազում է, որովհետև ոչ մի էական հարց չեն լուծում, պետության համար կարևոր հարցերում այս մարդիկ որոշում կայացնելու ունակ չեն։ Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի դեպքում փորձում են ժամանակ շահել, ի վիճակի չեն որոշում կայացնելու։ Բոլոր խնդիրների դեպքում այս դիրքորոշումն ունեն։ Պետության համար խնդիր է ոչ թե այն իշխանությունը, որը ոչ հանրային որոշումներ է ընդունում, այլ այն, որ չի կարող որոշում կայացնել։
-Օրերս գրառում էիք արել, ուղղակիորեն նշելով, որ իշխանափոխություն է եղել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի համատեղ գործարքի արդյունքում։ Ի դեպ, այդ առնչությամբ Սերժ Սարգսյանի գրասենյակը հերքումով հանդես եկավ։
-Ես ընդամենը որոշակի հարցադրումներ ունեմ, որոնք հանրությանը թույլ կտան ենթադրել՝ եղե՞լ է համագործակցություն, թե՞ ոչ։ Այս հարցերն ինձ հիմք են տալիս ասելու, որ նրանք կապ են ունեցել։ Օրինակ, ի՞նչ մասնակցություն է ունեցել Սերժ Սարգսյանը 2017-ին Կենտրոն վարչական շրջանից Փաշինյանի առաջադրվելու հարցում, ինչու՞ է 2016-ին, օրենքի ակնհայտ խախտմամբ, ԱԱԾ պետ նշանակվել Գեորգի Կուտոյանը, և ինչու՞ է այդ մասին Փաշինյանը լռել, ինչպիսի՞ մասնակցություն է ունեցել Կուտոյանը 2018-ի թավշյա, ոչ բռնի իշխանության հանձնման գործընթացում։ Ինչու՞ է ՀՀ կառավարությունը, ներքաղաքական ակնհայտ լարվածության ֆոնին, 2018-ի մարտի 31-ին սեփականության իրավունքով Սերժ Սարգսյանին տրամադրում կառավարական առանձնատունը։ Սրանից անմիջապես հետո Փաշինյանը «լայվ» է մտնում ու հայտարարում, թե սա պետական հեղաշրջման փորձ է։ Եթե այդպես է, ինչու՞ Սարգսյանը չի դատվում պետական հեղաշրջման փորձի համար։ Սերժ Սարգսյանին կարելի է ամեն ինչում մեղադրել, բայց հաստատ նա հիմար մարդ չէ։ Այդպիսի որոշում միայն հիմար մարդը կկայացներ, բայց նա դա արել է լրիվ այլ նպատակով՝ գրգռել հանրությանը և ոտքի հանել։ Հաջորդ հարցը՝ ինչպե՞ս բացատրել, որ իշխանափոխությունից հետո Սարգսյանին սպասարկող օդանավը «Զվարթնոցի», «0» կանգառից է սպասարկել նրան, իսկ այդ կանգառը նախատեսված է երկրի գործող ղեկավարի համար։ Ինչպե՞ս կբացատրի Սերժ Սարգսյանը, որ տարիներ շարունակ ամենաընդդիմադիրի համարում ունեցող թերթը՝ «Հայկական ժամանակը», ըստ էության, դրամական աջակցություն է ստացել, այսինքն, ամեն օր 3000 օրինակ թերթ է գնել իր մերձավոր մարդկանցից մեկը՝ «Պրես ստենդ» կազմակերպության ղեկավարը։ ՈՒ այս մասին Սերժ Սարգսյանը չգիտե՞ր։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց ունեցել են սերտ հարաբերություններ։
-Այդ կապի արդյու՞նք է իշխանափոխությունը։
-Անշուշտ, այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանն իշխանությունը հանձնեց Սերժ Սարգսյանին, այդպես էլ Սարգսյանը, համաժողովրդական շարժման ֆոն ստեղծելով, իշխանությունը հանձնեց Փաշինյանին։
-ՈՒնե՞ք բացատրություն, թե ինչու Սերժ Սարգսյանը հենց Նիկոլ Փաշինյանի թեկնածության վրա կանգ առավ։
-Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը, ժողովրդի ճնշման ներքո, ստիպված է լինելու բացատրել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանին ընտրել։ Ես նաև համոզված եմ, որ այսօր Սարգսյանն էլ է փաստի առաջ կանգնել, որովհետև չի պատկերացրել, թե Փաշինյանն այս աստիճան «սամադուր» կարող է լինել։ Սարգսյանն էլ է հասկանում, որ շատ սխալ խաղադրույք է արել։ Փաշինյանի հետ 6-7 տարի շփվել եմ, կարող եմ ասել, որ այսօրվա և նախկին Նիկոլի միջև սարերի տարբերություն կա։ Նույն անակնկալին է բախվել նաև Սերժ Սարգսյանը։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ