Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրան՝ բողոքի երրորդ ալիքը

Իրան՝ բողոքի երրորդ ալիքը
22.11.2019 | 11:27

Իրականում բողոքներն Իրանում ավելի մասշտաբային են, քան ցույց են տալիս հեռուստատեսությունն ու սոցիալական ցանցերը՝ վարչակարգը դիմել է աննախադեպ քայլի՝ անջատել է ինտերնետը: Ժողովրդական զայրույթը փոթորկվում է 100 քաղաքներում՝ հարվածի տակ դնելով վարչակարգի քաղաքական ու կրոնական խորհրդանիշները: Բողոքների պատճառը վառելիքի գնի թանկացումն էր, բայց հիմա սպառնում են իշխանությանն ու նրա լեգիտիմությանը: Նախքան բողոքների արդյունքներն ու վարչակարգի ճակատագիրը կանխագուշակելը, օգտակար է հասկանալ ժողովրսական շարժման ամբողջական պատկերը: Սա երկիրը ցնցող արդեն երրորդ ալիքն է: Առաջինը 2009-ին էր, երբ բողոքի ակցիաներ էին Թեհրանում: Այն ժամանակ ցույցերը գլխավորում էին վարչակարգի երկու ներկայացուցիչները՝ Մուսավին ու Կարուբին, որ բողոքում էին ընտրությունների կեղծման դեմ: Դրանք իրոք զանգածային ցույցեր էին, որ բացահայտեցին իշխանական շրջանակներում կոնֆլիկտի մասշտաբները և խարխլեցին ղեկավարության իմիջը՝ ցույց տալով ղեկավարության իրական վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ: Բողոքները ճնշվեցին, ղեկավարները տնային կալանքի ենթարկվեցին՝ չնայած պատկառելի տարիքին:


Բողոքների երկրորդ ալիքը սկսվեց 2016-2017-ին: Այն ժամանակ իրանցիները ոտքի ելան գների բարձրացման ու պետական ծառայությունների կրճատման դեմ, այս անգամ ժողովրդական զայրույթը բռնկվեց Թեհրանում ու Թեհրանից դուրս՝ 50 քաղաքներում: Այդ իրադարձությունների նշանակությունը այն էր, որ իրենց դժգոհությունն էին արտահայտում բոլորովին այլ դասի ներկայացուցիչները, օրինակ, սովորական բանվորներն ու վարորդները, բայց արդեն առանց հայտնի ղեկավարների: Վարչակարգը գործում էր նույնքան կոշտ, բայց շարժումը ճնշելու համար ավելի շատ ժամանակ պահանջվեց:


Ներկա, երրորդ ալիքի մասշատաբները շատ ավելի լուրջ են, բողոքում են հասարակության բոլոր շերտերը՝ ներառյալ ուսանողներին ու միջին դասը՝ Թեհրանում ու մեծ քաղաքներում: Այսօր Իրանի վարչակարգը ավելի բիրտ է գործում ու վճռական, քան անցյալում, և որոշեց բողոքավորներին զրկել հաղարդակցության միջոցներից՝ կանխելու վտանգավոր տեսանյութերի տարածումը: սակայն ժողովրդական հուզումները շարունակվեցին: Այդ փաստը վկայում է, որ մարդիկ գործում են իրենց կամքով՝ ոչ ոք չի ուղղորդում, չի սադրում՝ ինչպես պնդում են իշխանությունները: Մարդկանց լիովին արդարացված ցասումը բացատրվում է բենզինի գնի բարձրացումով: Ես չեմ կարծում, որ վարչակարգը զարմացած է փողոցի արձագանքով, քանի որ ղեկավարությունը շարունակում է պնդել վառելիքի գնի կրկնակի բարձրացումը, իսկ Գերագույն հոգևոր առաջնորդը ժողովրդի ցասումն անվանում է դավաճանություն: Նախագահ Հասան Ռուհանին, որ կարող է քավության նոխազ դառնալ, նույն կարծիքին է: Իրանի իշխանությունները հայտնվել են փակուղում ամբողջ պատմության մեջ ԱՄՆ-ի ամենացավոտ ու կոշտ պատժամիջոցների պատճառով: Քաղաքացիներին պետական ծառայություններից, աշխատատեղերից ու ռեսուրսներից զրկելուց հետո՝ նրանք վերապրելու մի տարբերակ ունեն՝ ուժի գործադրումը: Կործանումից խուսափելու համար այս անգամ վարչակարգը պատրաստ է ավելի մեծ մասշտաբներով բռնություն գործադրել, իսկ իրենց պաշտպանելու հնարավորություն չունեցող ցուցարարները հրկիզում են ավտոլիցքավորման կայաններն ու բանկերը՝ ներկա ճգնաժամի խորհրդանիշները: Ցանց սպրդած պատկերները վկայում են, որ ներկա իրադարձություններն ավելի լուրջ ու վտանգավոր են նախկիններից: Իմ կարծիքով՝ այս ալիքը վարչակարգը չի տապալի՝ նրա ուժի կիրառման պատրաստակամության պատճառով, սակայն այս բողոքները խարխլում են վարչակարգի հիմքերը: Նույնիսկ եթե իշխանությունները ճգնաժամից անվնաս դուրս գան, նրանք, անկասկած, թուլանալու են ավելի, քան երբևէ եղել է հանրապետության պատմության մեջ: Երկրի ներսում իշխող ու երկրից դուրս բոլորին սպառնացող հեղափոխական Իրանի վերջը եկել է:
Աբդուռահման Ար Ռաշիդ, Asharq Al-Awsat, Սաուդյան Արաբիա


Հ.Գ. Բնական է, որ Իրանին թշնամի Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցներում պետք է հենց այսպիսի գնահատականներ հնչեն Իրանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է «թշնամական դավադրությանը հաղթելու» մասին: Հեռուստատեսությամբ հեռարձակված կառավարության նիստի ընթացքում նա մեկնաբանել է երկրում զանգվածային բողոքի ցույցերը: «Իրանի ժողովուրդը կրկին փորձություններով է անցել և ցույց տվել, որ թույլ չի տա թշնամիներին օգտվել ստեղծված իրավիճակից»,- ասել է Ռոհանին՝ հավելելով, որ մարդիկ իշխանություններից դժգոհելու իրավունք ունեն: Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են նաև կառավարամետ հանրահավաքների մասին: Իշխանությունները հավաստիացնում են, թե ցուցարարները ցրվել են:


Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, վկայակոչելով ականատեսներին և ակտիվիստներին, հայտնում է, որ ցույցերը ցրելու ընթացքում 20 քաղաքներում սպանվել է առնվազն 106 մարդ, 1000-ը՝ ձերբակալվել է: ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնում են «տասնյակ» զոհերի մասին: Թեհրանը հերքում է այդ թվերը՝ չհստակեցնելով սեփական վիճակագրությունը:
Իսկ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանած Դոնալդ Թրամփը նույնիսկ ուրախանալու ժամանակ չունի՝ նա հակադարձում է իրեն ներկայացված իմպիչմենտի քննարկման ժամանակ հնչած մեղադրանքները և արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ում «վհուկների որս» է կատարվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ