Քո ամբողջ ուժով սիրի՛ր Արարչիդ և նրա սպասավորներին մի՛ անտեսիր
31.03.2020 | 00:01
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի նրան, ում Ես կուղարկեմ, Ինձ է ընդունում, և ով Ինձ է ընդունում, ընդունում է Նրան, ով Ինձ ուղարկեց» (Հովհ.13;20)։
Շատ մարդիկ այն համոզումն ունեն, թե իրենք կարող են Աստծուն ինչպես հարկն է ծառայել և պաշտել, եթե ըստ պատշաճի չհարգեն ու չընդունեն Նրա սպասավորներին՝ քահանաներին, ում Տերն ինքը կարգեց՝ որպես աստվածային շնորհների տնտեսների և մատակարարների:
Հոգևոր աստիճաններն ու աստիճանակարգը անցել են պատմական զարգացման իրենց ընթացքը և հաստատվել որպես պատմական անհրաժեշտություն և Աստծո արքայության արտահայտություն Սուրբ Եկեղեցում: Դեռևս վաղ Եկեղեցու եպիսկոպոս Հակոբոս Տեառնեղբայրն ասում է. «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակ. 5;14-15):
Բողոքականները հայտարարում են, թե իրենք բոլորն էլ քահանաներ և մարգարեներ են. սա անհեթեթություն է: Խաբված խաբեբաները՝ չարահնար աղանդավորները, մերժում են ընդհանրապես և՛ Եկեղեցին, և՛ հոգևորականությունը:
Աստծո քահանաներն են սուրբ ավազանից վերստին ծնունդ շնորհում մեղավոր մարդուն՝ նրան ազատելով մեղքի գերությունից և դարձնելով Երկնային Թագավորի Անմահ Արքայության ժառանգորդ, քահանաներն են արձակում մարդու մեղքերը և նրան արժանացնում հաղորդվելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնին և Արյանը, քահանաներն են քրիստոնյայի մարմինը վերջին հանգրվան ուղեկցում և շիրիմը կնքում՝ ի հավաստումն Տիրոջ երկրորդ գալստյան հանդեպ հանգուցյալի հավատի: Այսքան երախտիքների հանդեպ անշնորհակալ մարդը, որը չի հարգում Աստծո կողմից օծված հոգևորականին, իրավունք չունի քրիստոնյա կոչվելու: Շատ «սրտացավ» քրիստոնյաներ մտահոգություն են հայտնում քահանաների մեջ որոշակի վարքագծի շեղում որոնելով, սակայն դույզն-ինչ չեն մտահոգվում իրենց վարքագծի, սեփական մեղքերի համար, կարծես թե Աստված դատաստանի օրը նրանցից հաշիվ է պահանջելու ոչ թե իրենց, այլ քահանաների կյանքի և վարքի համար: Աչալուրջ լինենք և չարհամարհենք Աստծո սպասավորներին, քանզի նրանց պատվելով` մենք հենց Աստծուն ենք մեծարում, և արհամարհելով՝ Աստծուն ենք անարգում, ինչպես պատվիրում է Տերը Սիրաք իմաստունի բերանով. «Քո ամբողջ սրտով երկյո՛ւղ կրիր Տիրոջից և հարգի՛ր նրա քահանաներին:
Քո ամբողջ ուժով սիրի՛ր Արարչիդ և նրա սպասավորներին մի՛ անտեսիր:
Երկյո՛ւղ կրիր Տիրոջից և մեծարի՛ր քահանաներին:
Ինչպես հրամայված է քեզ, տո՛ւր նրանց տուրքի մի մասը....» (Սիրաք. 8;31-35)։
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Մեկնաբանություններ