Նիկոլ` վու՜շ-վու՜շ: Զորիկ` վու՜շ-վու՜շ: ԱԽ քարտուղար` ՖՈՒԼ ԿՈՄԵԴԻԱՆՏ:
Սա է իշխանական պատասխանատուների ցանկը և նրանց պահվածքի գնահատականը տավուշյան դեպքերից հետո:
Եվ այն ժամանակ, երբ ողջ աշխարհը դեռ քննարկում, գնահատականներ է տալիս Հայաստան-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցածին, իրականում լոկալ պատերազմին, որն ուրույն մատրիցա էր տարածաշրջանային ապագա զարգացումների, դասավորությունների համար, երբ ամենքը լուռ, սողացող «հոսքով» վերադասավորումների իրենց ճանապարհային քարտեզն են գծում, հայաստանյան պատասխանատուներից կարևորը` պատերազմական շրջանում «գերագույն գլխավոր հրամանատարը», իր «կոմուֆլյաժը» հագցրել կնոջը, ուղարկել է «առաջնագիծ», ինքը նստել տանը` ՍԴ-ի իլիկն է պտտում… Եվ շունչը պահած սպասում է, որ հանրությունը շատ արագ մոռանա Տավուշում տեղի ունեցածը, շատ արագ ընտրվեն ՍԴ երեք դատավորները, կորոնավիրուսից շատ արագ մարդիկ մահանան, զի ինքն ասելիք ունի միայն այդ «մահերի», դիմակների, «վնգստացող դատավորներին» է՛լ ավելի «վնգստացողներով» փոխարինելու «խորքային» երևույթների մասին: Նա որևէ այլ բանի ունակ չէ:
Ընդ որում, առավել հետաքրքիրն այն է, որ իր «նապառնիկ» ադրբեջանական կիրթը նույնպես ֆրուստրացիոն վիճակի մեջ է. լիովին ջախջախված կիրթը նստել խանումի` Մեհրիբանի, կողքին, դիտում է շատ ակտիվ խաղի մեջ մտած Թուրքիայի, ասել է` էրդողանների պասաժը` Հայաստանի հարցով:
ՈՒ որքան էլ Փաշինյան Նիկոլը փափագում է, որ Տավուշի «հիշողությունը» շուտ մարի, որովհետև այն անձեռակերտ արձան է` իր ոչնչության, անկարողության, իլուզիոներության, Թուրքիո ահաբեկչական էությունը, որը դեֆակտո երեք ուղղություններով այսօր պատերազմի մեջ է, Անվտանգության խորհրդի նիստ է անում, որից հետո հայտարարում է` ամեն գնով տեր է Ադրբեջանին, ու, ըստ էության, Հայաստանը գործ ունի ոչ թե ֆրուստրացված-«կառուցողական» Իլհամի, այլ մարդակեր, ամենակեր Թուրքիայի հետ:
Ի՞նչ է անում Հայաստանը: Նախ, ոչ մի գնով Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրում, ինչն ուղղակի աբսուրդ է: Չնայած ճիշտ է անում. հրավիրի, որ ի՞նչ ասի Փաշինյանը. նորից պատմի ՈՒԱԶ-ի նա՞ղլը, լսի գեներալ տղերքի ա՞սքը, սուբլիմա՞ցիա ապրի, ենթագիտակցորեն ոչնչանա՞:
Չէ՛, հրավիրի, ու ապագա ճանապարհային քարտեզը մշակի, որովհետև դիրքերի գրավումը հիբրիդային խաղի այս օրերում ամեն վայրկյան կարող է նոր հիբրիդ բերել, մանավանդ որ, գրավված բարձունքը չափից դուրս շատ է «գեոքաղաքական», և չպետք է թույլ տալ, որ քո թիկունքում կամ գլխի վրայով գեոխաղացողները պայմանավորվեն` քո ինֆանտիլ պահվածքի, պոպուլիստական զրոյականության, պատերազմի ժամանակ անհարկի խաղաղության կոչեր անելու, խաղի ոչ մի կանոնին չտիրապետելու պատճառով:
ՈՒ թե լրիվ անկեղծ լինենք, եթե չլինի հայոց բանակի ներքին, ինքնաբավ, ժամանակի փորձությանը դիմակայած, պատերազմական դիսցիպլինով առաջնորդվելու` գեներալիտետական փորձառությունն ու պատասխանատվության ցայս ունեցած վերին սանդղակը, կարող էինք արձանագրել՝ «Մեր հայրենիք` թշվառ, անտեր…» բառի ամենաիսկական իմաստով, որովհետև անհայտ է, ո՞վ է, ի վերջո, այս երկրի տերը, ո՞վ է մտածում այս երկրի մասին, ի՞նչ քայլեր են նախանշվում, ինչու՞ գլուխ գլխի չեն տալիս գոնե երկրի խորքային տերերը (թե՞ տալիս են, մենք չենք տեսնում. ու տա Աստված այդպես լինի):
Իսկ իրական տերերը շատ ավելի վտանգավոր են, քան… Ի դեպ, Թուրքիայի ԱԽ նիստից հետո բարձրաձայնումին հայոց բարձրագույն իսթեբլիշմենտը դեռ որևէ կերպ չի արձագանքել: Տա Աստված` չարձագանքի: Որովհետև այն կարող է շատ նման լինել «Ֆրանս-24-ին» տված ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի խաղաղության մասին «վա՜շ-վի՜շ»-ին: Ընդ որում, դա Զորիկ Մնացականյանի երկրորդ «պալյոտն էր նա լունու»` միջազգային ասպարեզում. առաջին անգամ «Հարդ թոքում» էր, երբ մեր ԱԳՆ կորիֆեյն այդպես էլ չխոսեց Արցախի ինքնորոշման մասին, իսկ հիմա, խաղաղասիրական աննայաբարո «ֆիլոսից» հետո, նա բարբառեց` ողջամտության պակասից էր, որ Ադրբեջանը սպառնաց Մեծամորի ատոմակայանը պայթեցնել:
ՈՒ քանի որ «ողջամտության պակասից» էլ թերևս ժամանակին տեղի էր ունեցել 2 մլն հայի կոտորած, Զորիկը խաղաղություն ու ողջախոհություն քարոզեց:
Նույնը քարոզեց ֆուլ կոմեդիանտը` ՀՀ ԱԽ-ից: Այս մասին քիչ անց, այնուհանդերձ, ինչու՞ նման պահվածք ԱԳՆ ղեկավարի դեպքում (ԱԽ քարտուղարի «պահվածքը» քննարկելի չէ այն տրիվիալ պատճառով, որ «սորոսյանները» հայրենիք չունեն` գլոբալիստներ են, Թուրքիան էլ Սորոսի ամենահարազատ երկիրն է):
Եվ ուրեմն` ինչու՞ է այնուամենայնիվ փորձառու դիվանագետի իմիջ ունեցող Զոհրապ Մնացականյանն իրեն այդպես դրսևորում. դա իր ներքին բնույթն ու նախընտրությու՞նն է, թե՞ պարտադրանք` Փաշինյան Նիկոլի ՈՒԱԶ-ասիրության, հակառակորդի կիրթ վիճակի, խաղաղություն մուրալու:
Կարծում ենք` բոլորը մեկում. այլապես Մնացականյանը պետք է շրխկացներ դուռը, ասեր` «դու կործանել այս հայրենիք, Նիկոլ Փաշինյան», ու հեռանար:
Ինչ վերաբերում է ԱԽՔ-իկի «հայտնությանը», Տավուշի դեպքերին նրա գրավոր գնահատանքին (ի՜նչ բարձր է հնչում), ապա` առաջին դասարանցու մտաինդուկցիոն նրա հորինվածքում ծիծաղելի ինչ ասես կար, բացի գեոքաղաքականից ու անվտանգության տեսլականից, իսկ որ էլ ավելի կարևոր ու ցավալի էր` հայրենիքի զգացողությունից:
Թու՛րքիա. անվտանգության ամենամեծ սպառնալի՞ք… չէ՛, չի՛ լսել, չգիտի:
Որ իրենք, ի վերջո, հաջողացրին հայ-ռուսական հարաբերությունները իջեցնել երբևէ չեղած ամենացածր, ոչ բարեկամական մակարդակի… չէ՛, չի՛ լսել, չի՛ տեսել:
Սորոսականները սովորաբար «քյառ ու քոռ» են. նրանց փոխարեն լսում-տեսնում է Սորոս հայրիկը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ