Այնպես չէ, որ քաղաքականությունը բացառապես քաղաքագետների մենաշնորհն է, բայց դիլետանտիզմն էլ մի բան չէ, մանավանդ, երբ «մաղդ» ծակ է, լավագույն դեպքում էլ կարող է որպես դատարկ դհոլ ծառայել։ Ճիշտ և ճիշտ հայտնի դասականի ասածի պես ոչ պակաս հայտնի դասականին, ով հանուն փողի, կարիերայի ամեն ինչ ծախելու էր պատրաստ։
Սակայն հայկական իրականությունը թողնենք մի կողմ, գանք հակական իրականության հետ մասնակի աղերսվող բանի հիշատակման, որտեղ բանի դերում բանն է, ազերի Շեյդաևը՝ գլխից մեծ բռնած գործերով, երբ իր բուն գործը՝ գնդակ տշելն անգամ նորմալ չի կարողանում անել։
Իր երկրի չեղածի հաշիվ ունեցած հավաքականից զատ ֆուտբոլային որ թիմը, ակումբն է ներկայացնում Շեյդաև՞ը։
Է, շատ էլ թե սպորտի մասին քչից-շատից գրում ենք, դա, ի՞նչ է, նշանակում է, թե ամեն մեկին պարտավոր ենք իմանա՞լ։ Այն էլ՝ տվյալ պարագայում մեկին, ում որ թիմից խաղալն իրենց տնեցիներն անգամ չգիտեն։
Ահա, ուրեմն, այս Շեյդաևը, ում, աննշանության պատճառով, որ թիմից խաղալն անգամ իր տնեցիները ստույգ չգիտեն, անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառմանն ու ձեռքի հետ էլ ասել, թե Մխիթարյանն իրենից մի փոքր ավելի լավ է ֆուտբոլ խաղում:
Ռուսները նման դեպքերի համար մի շատ լավ համեմատություն ունեն, ափսոս որ իր չափազանց առարկայական, առարկայականի կողքին էլ չափազանց տիպական լինելու պատճառով այն բառացի մեջբերելու բան չէ։ Խոսքը մատի ու... չէ, մատի ու մատանու մասին չէ, բայց ոնց որ թե հասկացաք՝ մատի ու ինչի համեմատության մասին է։
Շեյդաևի ֆեյսբուքյան գրառմանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը, որի նյարդերը մի փոքր սղոցել է նրա խոսքը, ինչի պատճառով մեր տղայի խոսքը ստացվել է փոքր-ինչ խառնիխուռն, բայց դե հոգ չէ. «Ինչո՞ւ եմ ես արձագանքում Շեյդաևի խոսքերին: Քանի որ այս ադեկվատ աշխարհում դա բացարձակ անհեթեթություն է: Մենք մարդիկ ենք, ովքեր քիչ թե շատ հասկանում են՝ ինչ է ֆուտբոլը, բայց մենք քաղաքական գործիչներ չենք, մենք ֆուտբոլիստներ ենք և մամուլում միշտ արտահայտում ենք մեր ընտրած բառերը: Շեյդաևի խոսքերը աբսուրդ են այս պահին: Նրա խոսքերը մոտավորապես երազի ու իրականության խառնուրդ են: Դու ի՞նչ աշխարհում ես ապրում, Շեյդաև: Լավ, կա այդ նույն Շեյդաևը, որն ապրում է իր աշխարհում՝ իշխանությունների քարոզչությամբ, բայց ուզում եմ նրան ասել անձամբ իմ կողմից: Խաղաղության, արյունահեղությունը դադարեցնելու կոչերը երբվանի՞ց են դարձել բողոքական: Մի՞թե դրանք առողջ մտքեր չեն: ՈՒ հենց այդ դեպքերի մասին ասել. «Մենք արդար ճանապարհի վրա ենք, մեր գործը ճիշտ է», ես դատապարտում եմ, քանի որ մարդիկ են մահանում: Հեշտ է հերոս լինելը սոցցանցերում: Ես ոչ մի կոչ չեմ անում, բացի խաղաղությունից: Խաղաղություն ամբողջ աշխարհին: Իսկ փափուկ բազմոցին նստած՝ ընտանիքի ջերմության մեջ, հեշտ է հարցազրույց տալ, աջակցել պատերազմին և համեմատել քեզ ֆուտբոլիստի հետ, ով հասել է նրան, ինչին դու երբեք չես հասնի, նույնիսկ եթե յոթ կյանք ունենաս»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ