Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱԺ խոսնակի փոփոխությունը երկրի քաղաքացիների համար ոչինչ չնշանակող գործընթաց է»

ԱԺ խոսնակի փոփոխությունը երկրի քաղաքացիների համար ոչինչ չնշանակող գործընթաց է»
12.09.2008 | 00:00

«ԲԱՑԻ ՊՈՊՈՒԼԻԶՄԻՑ՝ ԻՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԿԱ»
Քաղաքական դաշտում ընթացող զարգացումների, ընդդիմության առաջիկա անելիքների մասին պարզաբանումներ է տալիս Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
-Պարոն Խաչատրյան, վերջին շրջանում ընդդիմության որոշակի պասիվացումը հանգեցրեց ենթադրությունների և նույնիսկ մեղադրանքների, թե արտաքին ճնշման կամ իշխանության հետ ստվերային պայմանավորվածությունների արդյունքում ընդդիմությունը լռության է մատնվել և ձեռնպահ է մնում ակտիվ գործողություններից։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։
-Իհարկե, իրականության հետ դա որևէ կապ չունի։ Այդ տպավորությունն առաջացավ սեպտեմբերի 5-ի հանրահավաքը հետաձգելու հետևանքով։ Բայց դրա պատճառները հայտնի են՝ ֆուտբոլային խաղը, որի համատեքստում անվտանգության ռեժիմի խստացում մտցվեց, ինչպես նաև տարածաշրջանի որոշ զարգացումները։ Ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի ընդդիմությունը կողմնորոշվեր և դիրքորոշումներ մշակեր։
Բայց մեր վերաբերմունքն իշխանության նկատմամբ չի փոխվել, առաջադրված խնդիրներն ու պահանջները նույնն են։ Առաջին հերթին քաղբանտարկյալների ազատ արձակում, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել ինչ-որ հարաբերությունների մասին իշխանության հետ։
-Ի՞նչ վերաբերմունք ունեք ԱԺ նախագահի փոփոխության գործընթացի առնչությամբ։ Ինչի՞ հետևանք է դա։
-Հետևանք է այն իրողության, որ, իմ կարծիքով, ոչ լեգիտիմ ընտրությունների միջոցով է ձևավորված խորհրդարանը, և, հետևապես, ՀՀԿ-ից յուրաքանչյուր պատգամավոր իր մանդատով պարտական է ոչ թե ժողովրդին, այլ այդ կուսակցության ղեկավարին։ Տվյալ պարագայում ավելի կարևոր էր հասկանալ, թե ինչ նպատակով էր այս փոփոխությունը նախաձեռնվում, թեպետ, որպես ընդդիմադիրի, ինձ համար մեծ տարբերություն չկա։ Իբրև Տիգրան Թորոսյանին փոխարինող կարող է առաջադրվել այդ խմբակցությունից ցանկացած այլ պատգամավոր։
-Իսկ գուցե իշխանությունը բաժանված է թևերի, և այս գործընթացը դրա՞ հետևանքն է։
-Ոչ մի հիմնավորում չեմ տեսնում նման ենթադրության համար։ Այլ բան, որ հարկայինում և մաքսայինում տեղի ունեցած փոփոխությունները, հնարավոր է, որոշակի դժգոհություն են առաջացրել իշխանության համակարգում։ Կարելի է ենթադրել, որ Տիգրան Սարգսյանի մոտ մտնելը և նախկին ձևով հարցեր լուծելն այլևս այդքան հեշտ չէ։ Բայց այդ ամենն ընդդիմության համար սկզբունքորեն միևնույնն է։ Մենք խնդիր ունենք իշխանության հետ և այդ հարցը պետք է լուծենք ՀՀԿ-ն ղեկավարող միակ մարդու՝ Սերժ Սարգսյանի հետ։
-Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցն իրարամերժ արձագանքներ առաջացրեց ռուսամետության և այլ առումներով։ Նա տվել է պարզաբանումներ, բայց, այնուհանդերձ, ընդդիմությունը ձգտո՞ւմ է արտաքին շփումների ակտիվացման։
-Առաջին նախագահի գնահատականները լրիվ օբյեկտիվ էին՝ Վրաստանի այս ամբողջ իրադրության հետ կապված։ Անձամբ ես վերապահություններ ունեմ միայն հետագա զարգացումների առումով։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես ստեղծվեց այն իրավիճակը, երբ Ռուսաստանը հայտնվեց արևմտյան աշխարհի հետ այսպիսի հակադրության մեջ և աջակցություն չստացավ անգամ Չինաստանից։ Ինչ վերաբերում է ընդդիմության արտաքին շփումներին, ապա Հայաստանի պես փոքր երկրի պայմաններում դրանք, իհարկե, կարևոր են, բայց ոչ որոշիչ։ Ավելի կարևոր է, թե ներսում մենք որքանով ենք մեզնից իրական ուժ ներկայացնում, տիրապետում իրավիճակին, գիտենք մեր անելիքը, որքանով ենք վայելում հասարակության վստահությունը։
-Այդ իմաստով ընդդիմության դիրքերը մարտի իրադարձություններից հետո թուլացե՞լ են, թե՞ ամրացել։
-Վստահությամբ կարող եմ ասել, որ հանրային աջակցության առումով ընդդիմությունը ոչինչ չի կորցրել։ Պարզապես նախընտրական շրջանում և մինչև մարտի 1-ի իրադարձությունները դա ակնհայտ էր, ժողովուրդը շարունակ հրապարակում էր և մասնակցում էր ընդդիմության բոլոր քաղաքական միջոցառումներին։ Հիմա իրավիճակը փոխվել է, որովհետև եղավ մարտի 1-ը, առաջացան քաղբանտարկյալներ, տեղի ունեցան հայտնի դատավարությունները։ Բայց, իմ կարծիքով, ընդդիմությունը դրանից քաղաքական առումով միայն ավելի կոփվեց։ Քաղաքականացվել են անգամ այն մարդիկ, ովքեր շարժմանը միացել էին զուտ կենցաղային դժգոհությունից ելնելով։ Պարզապես այն պատճառով, որ վատ են ապրում և այդ ձևով որոշել էին իրենց բողոքն արտահայտել։ Ես համոզված եմ, որ հիմա մեր համախոհների բանակն ավելի մեծ է, ու մեզանից է կախված, թե ինչպես կպլանավորենք մեր հետագա ծրագրերը։ Նոր կառավարության ձևավորումից հետո ինչ-որ պահի հանրային տրամադրություններում տատանում եղավ, թե Տիգրան Սարգսյանի այս նոր կառավարությունը դրական ձեռքբերումներ կարձանագրի։ Դա էլ հասկանալի էր. մարդիկ, իշխանության կողմից հավաստիացումներ լսելով, հակված են հավատալու լավին, դրական փոփոխություններ սպասելու։ Բայց անցել է գրեթե 6 ամիս, և պարզ է, որ, բացի պոպուլիզմից, ոչ մի իրական տեղաշարժ չկա։ Համակարգը մնացել է նույնը, գործելաոճը՝ նույնը, կադրերը՝ նույնը։
-Վերադառնանք խորհրդարանում հասունացող ճգնաժամին։ Եթե դրա արդյունքում ԱԺ-ն լուծարվի, և արտահերթ ընտրություններ հայտարարվեն, ինչպե՞ս կվերաբերվեք։
-Եթե իշխանությունը լուրջ է վերաբերվում պետության խնդիրներին, վաղուց պետք է գիտակցեր, որ երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ է։ Այսինքն՝ ճգնաժամի մեջ է ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը, որովհետև, ֆիզիկայի օրենքներով միմյանց կապված լինելով, չենք կարող գործել առանձին-առանձին, մեկս մյուսից անկախ։ Պարզ է, որ այսպիսի իրավիճակում լավագույն ելքը կամ հանգուցալուծումը համապետական ընտրություններն են։ Հասկանալի է, որ որոշակի իրավիճակում Սերժ Սարգսյանի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամենաընդունելի ելքն է։ Իշխանությունն ունի ռեսուրսներ և դրանք գործադրելով կարող է փորձել շարժվել հետևյալ սխեմայով. ընդդիմությանը որոշակի տեղ տալ, բայց հասնել նրան, որ Ազգային ժողովի մեծամասնությունը մնա իր ձեռքում։ Միաժամանակ հասարակությանը և արտաքին աշխարհին ցույց տալ, թե իրավիճակի կարգավորման հիմնական քայլերը կատարված են։
Ամբողջ խնդիրն այն է, որ եթե անգամ արտահերթ ԱԺ ընտրություններ լինեն, ես չեմ կարծում, թե դրանք անցկացնելու իշխանական «տեխնոլոգիաները» կփոխվեն։ Արաբկիրի տեղական ընտրությունները լավագույն օրինակ էին, երբ տեղական մասշտաբով «փորձարկվեց», թե ինչպես վերահսկելի ընտրություններ անցկացնել։ Այլ բան է, որ ընդդիմությունն այսօր ավելի կազմակերպված է, պատրաստ օրենքի շրջանակում մինչև վերջ պայքարելու իր ձայներին տեր կանգնելու համար։ Բայց փաստ է, որ իշխանություններն էլ ամեն ինչ կանեն՝ հիմնական լծակներն իրենց ձեռքում պահելու առումով։
-Այնուհանդերձ, խորհրդարանի լուծարման դեպքում ընդդիմությունը պատրա՞ստ է մտնելու ընտրապայքարի մեջ։
-Մարտի 1-ից հետո մենք այնքան համախմբված վիճակում ենք, որ սկզբունքորեն միշտ պատրաստ ենք։ Իմ ընկերներն ավելի շատ, քան ես, կարող են խոսել այդ մասին։ Մենք չենք մոռացել, որ եղել է փետրվարի 19, մարտի 1։ Ցանկացած քաղաքական գործընթացի մասնակցելու խնդիր չունենք։ Անցած ընտրությունները ցույց տվեցին, որ ֆինանսական և այլ լծակների կիրառումն անգամ որոշիչ չէ, եթե քաղաքացին տրամադրված է ընտրելու իր թեկնածուին։ Եվ այդ դեպքում իշխանությունը գնում է բացահայտ կեղծիքի, որովհետև այլ կերպ հաղթել չի կարող։ Անցած ժամանակահատվածում մեր ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ հասարակությունը մեծամասնության մեջ թմբիրից դուրս եկավ, և արտահերթ ընտրությունների դեպքում նրան այդքան էլ հեշտ չի լինելու ինչ-որ բան թելադրել։
-ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում, մանավանդ եթե ընդդիմությունը որոշակի հաջողություն ունենա, հնարավո՞ր է, որ Ձեր օրակարգից դուրս գա արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը։
-Ո՛չ, որովհետև դա իրավական հարց է։ Մեր գնահատմամբ, ընտրությունները կեղծվել են, մարդիկ են զոհվել ու ձերբակալվել, մի մասը մինչև հիմա կալանքի տակ է, եղել են զանգվածային օրինախախտումներ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները լավագույն դեպքում կարող են նախապայման հանդիսանալ օրինականության վերականգնման համար, եթե ամեն ինչ նորմալ անցնի։ Եթե տեղի ունենա նույնը, ինչ նախորդ ժամանակներում, ամեն ինչ ուղղակի անիմաստ է դառնում, որովհետև այդ պարագայում էլ կարելի է պահանջել արտահերթ ընտրություններ, բայց միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ ընտրությունների փոխարեն լինելու է շարունակական հակադրություն` ճակատամարտի նման։ Իսկ դա ճանապարհ չէ և հանգուցալուծում չէ։
Բայց ես հակված չեմ իշխող կուսակցության ներսում տեղի ունեցող ներկա զարգացումներն այդ տեսանկյունից դիտարկելու։ Միանգամայն հավանական է, որ խոսնակի փոփոխությունը հենց փոփոխություն է և ուրիշ ոչինչ։ Այսինքն՝ երկրի քաղաքացիների համար ոչինչ չնշանակող գործընթաց։
-Այս աշնանը սպասվում է նաև մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ զեկույցը։ Ի՞նչ սպասելիքներ ունեք կամ ինչպե՞ս է դիրքորոշվելու ընդդիմությունն այդ կապակցությամբ։
-Անձամբ ես ոչ մի սպասելիք էլ չունեմ։ Այդ հանձնաժողովի ուսումնասիրությունը վստահություն ներշնչել չի կարող պարզ պատճառով. փոխանակ տեղի ունեցածը պարզաբանելու, որքան հետևել եմ, նրանք այսօր զբաղված են Ազատության հրապարակում ընդդիմության վրա կատարած ոստիկանության հարձակման ժամը պարզելով։ ՈՒ շատ «սուր» բանավեճ է գնում հեռուստատեսությամբ, թե ժամը քանիսին եղավ հարձակումը՝ 6-ն անց 15, անց 20, թե՞ անց 30։ Բոլորն էլ գիտեն, որ եղել է մինչև ժամը 7-ը, ուստի ժամը չէ կարևոր, այլ ոստիկանության գործողությունների օրինականությունը։
Մինչև այսօր հնարավոր չեղավ պարզել, թե ով է տվել առավոտյան հարձակման այդ հրամանը։ Ոստիկանությունը պետական ռազմականացված կառույց է և առանց գրավոր կամ բանավոր հստակ հրամանի նման գործողություն չի կարող իրականացնել։ Թեպետ անօրինական հրամանի դեպքում ոստիկանն իրավունք չունի այն իրագործել, բայց մենք այսօր չենք կարողանում պարզել՝ հրաման եղե՞լ է, թե՞ ոչ կամ գուցե այդ ամենն ինքնագործունեությո՞ւն էր։ Այս հանգամանքները պետք է պարզի այդ հանձնաժողովը, նաև, թե ինչպես եղան զոհերը։ Կարևորը հասարակությանն արժանահավատ եզրակացություն տալն է։ Եվ եթե նրանց ներկայացրած զեկույցն արժանանա հասարակության վստահությանը, իմ անձնական կարծիքը, որպես ընդդիմադիրի, արդեն նշանակություն չի ունենա։
-Մինչև տարեվերջ իրադարձությունների Ձեր կանխատեսումը։
-Հայաստանը ծանր արտաքին մարտահրավերների առջև է, որոնց կարող է դիմակայել միայն լեգիտիմ իշխանությունը։ Վրաստանում վերջին իրադարձություններն ապացուցեցին, թե ոչ լեգիտիմությունն ինչ հետևանքների է բերում։ Անցյալ տարվա նոյեմբերի 7-ին Սաակաշվիլու նախաձեռնությամբ Թբիլիսիի կենտրոնում բնակչության ջարդը, հունվարին՝ նախագահական, իսկ գարնանը՝ խորհրդարանական ընտրությունների կեղծումը հանգեցրին այսօրվա վիճակին։ Ավտորիտար ռեժիմը կամ ներքին թշնամի է որոնում, կամ արտաքին, հետևանքն ինչ եղավ՝ հայտնի է։ Հայաստանում էլ այսօր բարդ իրավիճակ է, և քաղաքական համակարգի առողջացման հրամայականը մեզ համար մնում է օրակարգում։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2709

Մեկնաբանություններ