Նախ ասենք, որ եվրոպական ֆուտբոլային գերտերությունների հինգ առաջնություններից չորսն ավարտված է, փաստացի մնացել ենք սկուդետեի սպասումով, իսկ այն, ինչ կատարվում է այստեղ, խոշոր հաշվով արդեն իսկ մեկ անգամ անցած բան է։ Նկատի ունենք անգլիական պրեմիեր լիգայի ավարտական տուրերը, դրանցում եղած լարվածությունը, հարցականների գերազանց մասի միայն ավարտական տուրում պատասխան ստանալը։ Այնպես որ, իտալականի նախավերջինն էլ շատ հարցերի պատասխաններ թողեց վերջինին։
Նախավերջին՝ 37-րդ տուրը մեկնարկեց «Պարմա»-«Ատալանտա» դիմակայությամբ, որտեղ տանտերերի համար հաղթելն ինքնասիրություն շոյող, պարտվելը՝ առանձնապես չվշտանալու բան էր լինելու, քանզի ընթացիկում թիմն սկզբունքորեն ինչ ուներ անելու, արել էր։ Ըստ այդմ, ոչ առանձնապես վերև ելնելու տեղ ուներ (նկատի ունենք մրցաշարային աղյուսակը), ոչ էլ ներքև իջնելու։
«Պարմայի» անելիքն այս խաղում այն էր լինելու, որ եթե մրցակցի հետ նախկինից, հնուց մնացած հարցեր ուներ, կարող էր սրբած սրի պես մեջտեղ բերել ու խնդիրներ ստեղծել նրա համար։ Նկատենք, որ «Ատալանտան» թեև «Ինտերի» ու «Լացիոյի» հետ մեկտեղ Չեմպիոնների լիգայում հանդես գալու խնդիրը լուծել է, ինչն ահռելի հաջողություն է, կարող էր այդ նույն երկու թիմերի հետ մրցակցությունում շատ լուրջ գործոն դառնալ նաև ներքին առաջնության մեդալների պայքարում՝ առավելագույնի դեպքում հավակնելով արծաթե, նվազագույնի դեպքում՝ բրոնզե պարգևների։
Ի՞նչ կատարվեց։ Կատարվեց այն, որ «Պարման» 75 միավորով երրորդ հորիզոնականում գտնվող «Ատալանտայի» նյարդերը հիմնավորապես քայքայեց այնքան ժամանակ, մինչև որ Մալինովսկին 70-րդ րոպեին հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 1։1։ Մրցակցի դարպասի այս գրավումով Գասպերինիի սաները վատթարից խուսափել էին, մնում էր առավելագույնին ձգտել։ Ընթացիկ առաջնությունում դարպասի ամենաշատ գրավում արձանագրած «Ատալանտան» խաղավարտին մոտ խփեց և հաղթականը ու վերջին տուրում մեզ այնպիսի մի դիմակայության փաստի առաջ է կանգնեցնելու, որից մարդու շունչը կարող է պարզապես կտրվել։
Եվ այսպես, «Ատալանտան» հաջողել էր օրվա իր բաժին խնդրում, մնում էր համբերել ու տեսնել, թե մրցակիցներն իրենց ինչպես էին դրսևորելու։ Հարկավ ամենաբարդն «Ինտերի» վիճակն էր, որի մրցակիցը յոթնյակի հավակնություններ ունեցող «Նապոլին» էր։
Միլանցիները, որ առաջին տուրում զիջել էին մրցակցին, խաղը վստահ սկսեցին ու արդեն 11-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Հետևեց տանտերերի դարպասի տևական պաշարումը, սակայն Կոնտեի սաները պատվով բռնեցին քննությունը։ Երկրորդ խաղակեսում «Ինտերը» ևս մեկ անգամ գտավ մրցակցի դարպասը տանող ճանապարհը, ու Ջենարե Գատուզոյի թիմը ստիպված էր ընդունելու պարտությունը։ Այս հաղթանակը տանտերերին 79 միավորով, ինչը մեկ նիշով ավելի է «Ատալանտայի» ունեցածից, նորից տեղ ապահովեց երկրորդ հորիզոնականում։
Մրցաշարային առումով առանցքային նշանակության հաջորդ դիմակայությունը «Լացիո»-«Բրեշիա» մրցակցությունն էր՝ վերջինիս համար բացարձակապես նշանակություն չունեցող, քանի որ վաղօրոք է «լուծել» Ա սերիան լքելու խնդիրը։ Մինչդեռ հաղթանակը տանտերերին օդի պես էր պետք, որովհետև միայն այս դեպքում էր միավորներով հավասարվելու «Ատալանտային», ինչը վերջին տուրից առաջ հրաշալի մեկնակետ կդառնար մեդալների համար մղվող պայքարից անմասն չմնալու հարցում, քանզի վերջին տուրում «Ատալանտան» ու «Ինտերը» մրցելու էին իրար հետ, որտեղ անգամ ոչ-ոքին «Լացիոյին» առաջին եռյակում հայտնվելու հնարավորություն էր տալու։ Բնականաբար՝ հաղթելու դեպքում։
Նաև շնորհիվ թիմի ու առհասարակ առաջնության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեի գոլի (35-րդն էր մրցաշրջանում), հռոմեացիներն էլ հաջողությամբ անցան նախավերջին տուրի արգելքը (2:0) և 78 միավորով չորրորդ հորիզոնականում են, «Ատալանտային» առաջ են թողել լրացուցիչ գործակիցների հաշվարկով միայն։ Հիշեցնենք, որ հռոմեացիների վերջին տուրի հանդիպումը «Նապոլիի» հետ է, նրա իսկ դաշտում։
Եթե համառոտ լինենք, վերջին տուրի «Ատալանտա»-«Ինտեր», «Նապոլի»-«Լացիո» խաղերով սկուդետեն ստացել է գլուխգործոցային արժեքի երկու մրցակցություն, որի մասին կարելի է միայն երազել։ Հարկավ մրցաշարային ցանցը կազմածները չէին կարող իմանալ, որ նման ֆանտաստիկ հանգուցալուծման երկու հանդիպում էին վերապահել առաջնության դեսերտին, բայց եղել է այն, ինչ եղել է ու հետին թվով էլ անգամ կարող են գլուխ գովել ինտուիտիվ մակարդակով նման խաղացանկ կազմելու համար։
Հաղթելով «Սամպդորիային», ընդ որում, նրա իսկ դաշտում (4։1), «Միլանն» ապահովեց վեցերորդ տեղը՝ միաժամանակ փաստելով, որ այս մրցաշրջանում այնտեղ որևէ այլ թիմի մուտքն արդեն անհնարին է։ Իհարկե, միլանցիները թերևս շատ ավելիի ակնկալիք ունենային «Տորինոյի» հետ մրցակցությունում «Ռոմայի» ձախողվելու դեպքում, սակայն իտալական «գայլերը» օրվա խնդիրը չհետաձգեցին վաղվան։ Արտագնայում տոնած 3։2 հաշվով հաղթանակն անխախտելի դարձրեց նրա ունեցած հինգերորդ հորիզոնականը՝ անվիճարկելի դարձնելով նաև Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցությունը խմբային փուլից։ Նկատենք, որ գրեթե նույնը «Միլանն» էլ է անելու, միայն թե այս «գրեթե»-ն նշանակում է մասնակցությունը որակավորման փուլի մաղով անցնելուց հետո։ «Ռոման» ունի 67, «Միլանը»՝ 63 միավոր:
Ինչ վերաբերում է «Կալիարի»-«Յուվենտուս» դիմակայությանը, հյուրերն իրենց համար բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեցող այս խաղում սկզբունքորեն բան էլ չարեցին, որ նշենք առանձնացնելու կարգով։ Փոխարենը շատ ավելի սկզբունքային եղան տանտերերը, որոնք մրցաշարային աղյուսակի առումով ոչինչ չշահեցին, բայց այդ չշահելով հանդերձ չեմպիոնի քիթը տրորեցին՝ 2։0։
Նախավերջին տուրն ինտրիգը պահեց նաև մրցաշարային աղյուսակը եզրափակողներից առնվազն երկուսի հարցում։ Այսպես՝ արտագնայում «Ջենովան» ծանր, ծանրի հետ նաև գերտհաճ պարտություն կրեց «Սասուոլոյից»՝ 0։5, ու մնաց ունեցած 36 միավորով։ Փոխարենն արտագնայում, «ՈՒդինեզեի» հետ մրցակցությունում, կարևորագույն երեք միավոր վաստակեց «Լեչեն» (2:1)՝ միավորների թիվը հասցնելով 35-ի, ինչը նշանակում է, որ առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում ավարտական տուրի «Ջենովա»-«Վերոնա», «Լեչե»-«Պարմա» դիմակայությունները։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ