Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Վստահ եմ, որ քաղաքապետարանի ստուգումներից հետո բոլոր զրպարտիչներն իրենց պատիժը կկրեն օրենքով սահմանված կարգով»

«Վստահ եմ, որ քաղաքապետարանի ստուգումներից հետո բոլոր զրպարտիչներն իրենց պատիժը կկրեն օրենքով սահմանված կարգով»
14.12.2018 | 01:42

Երևանի կենդանաբանական այգու և նրա տնօրենի անձի շուրջ ծավալված աղմկոտ իրադարձություններին անդրադարձը դժվար եղավ ամփոփել մեկ հրապարակման շրջանակներում:
«Իրատեսը» շարունակում է զրուցել ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
Հիշեցնենք, որ թեմայի շուրջ զրուցել ենք նաև «Կենդանիների փրկարար» միջազգային կազմակերպության հիմնադիր տնօրեն Ալըն Նայթի հետ: Այդ զրույցը հրապարակվել է մեր թերթում:
Մեկ անգամ ևս հավաստիացնում ենք Ռուբեն Խաչատրյանի ընդդիմախոսներին, որ պատրաստ ենք լսելու նաև նրանց և անաչառ լինելու հրապարակումներում:

(Նախորդ մասը)


-Պարոն Խաչատրյան, ասում եք, որ Երևանի կենդանաբանական այգու և Ձեր անձի շուրջ բարձրացված աղմուկի հիմքում Մանուկ Մանուկյանի անձնական շահն է: Բայց բողոքողների թիվը, այնուամենայնիվ, ենթադրում է ոչ միայն անձնական տիրույթ:
-Այո՛, կա նաև մի կարևոր բան. այսօր համընկել են Մանուկի անձնական շահերն ու խնդիրներն այն մարդկանց շահերի ու խնդիրների հետ, որոնք շատ երկար ժամանակ սպասել են երկրում կատարված քաղաքական փոփոխություններին: Դրանք թե՛ այգու նախկին աշխատակիցներն են, որոնք հիմնականում առաջնորդվում են անձնական հավակնություններով, թե՛ այն մարդիկ, ովքեր զբաղվում են կենդանիների առևտրով: Վերջիններս այդ առքուվաճառքը կատարում են ոչ օրինական ճանապարհներով, նրանք կապված են «սև» շուկայի հետ: Նրանց անունները շրջանառվում են կապիկի «բոնաբո» տեսակի վաճառքի հայտնի դեպքերի առնչությամբ: Այդ կապիկները ապօրինի ճանապարհով բերվել էին Հայաստան:
-Ինչու՞ էին բերվել, որպեսզի այստեղից վաճառվեին այլ երկրների՞:
-Բերելն արդեն իսկ հանցագործություն էր, որովհետև այդ տեսակն իր միջավայրից չէր կարելի կտրել և տեղափոխել, դրանով կենդանին արդեն վտանգվում է: Եվ որքան գիտեմ, դրանցից մեկը սատկել է, մյուսի ճակատագիրն անհայտ է: Այսինքն՝ նման գործով զբաղվող մարդկանց նպատակը կենդանիների բիզնեսն է: Կենդանաբանական այգին այս նպատակի համար խաչմերուկ է ծառայել անցյալում, այստեղ են իրականացվել բոլոր գործառույթներն ու դրանց փաստաթղթավորումները: Եվ քանի որ ես այս հարցում շատ կոշտ դիրքորոշում ունեմ, իմ թշնամիների շրջանակը ավելի է մեծացել դրա հետևանքով: Այսինքն՝ տարբեր շահեր հետապնդող մարդիկ համախմբվել են մեկ նպատակի շուրջ և ցանկանում են ազատվել իրենց խանգարող անձից: Եվ անգամ ինձ են մեղադրում կենդանիների թրաֆիքինգով զբաղվելու մեջ, հայտարարում են, որ ես անգղեր եմ վաճառել Իսրայելին: Մի բան, որը բացարձակապես սուտ է: Ես խնդրել եմ, որ Իսրայելի կառավարությունը և կենդանաբանական այգու տնօրենությունը պաշտոնական նամակով հերքեն այդ զրպարտող հայտարարությունները և պարզաբանեն, թե ինչ հիմքով են իրենց տրվել անգղերը: Դրա համար հիմք է ծառայել Իսրայելի բնապահպանության նախարարության դիմում-նամակն այն մասին, որ իրենք նպատակ ունեն վերականգնելու վայրի բնության պայմաններում այդ տեսակի վերարատադրությունը, ինչպես և ցուցադրելու դրանք իրենց կենդանաբանական այգում: Դա եղել է խնդրանք, և մենք ընդառաջել ենք: ՈՒ ոչ թե վաճառել, այլ անհատույց տվել ենք Իսրայելին՝ բոլոր հիմնավորումներով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան որոշմամբ:

-Բողոքների մեջ շեշտադրված է կենդանիների անկման պարագան: Հասկանալի է, որ որևէ կենդանի անմահ չէ, և դրանց անկումը բացառելու մասին խոսք չի կարող լինել: Բայց գոյություն ունի, անշուշտ, անկման մասով ընդունված նորմ, սահման: Կենդանաբանական այգում գրանցված անկման դեպքերը այդ նորմերի մե՞ջ են, թե՞ գերազանցում են թույլատրելի սահմանը:
-Միանշանակ նորմայի մեջ են: Այս առիթով մեզ այցելում է նաև մեր մենտորը՝ Եվրոպական կենդանաբանական այգիների ասոցիացիայի ներկայացուցիչ Յանուշ Շանտոն, որը մեզ ուղղորդում է դեպի այդ ասոցիացիայի լիակատար անդամակցություն: Նա լավագույնս կարող է փաստել, թե որոնք են կենդանիների անկման ստանդարտները: Բայց եթե կենդանի է թունավորվում, դա արդեն արտառոց դեպք է:
-Նկատի ունեք զեբրի թունավորման դե՞պքը:
-Այո՛:
-Իսկ այս դեպքում մարդկային գործոն եղե՞լ է, կարելի՞ է ասել, որ զեբրի անկման մեջ դիտավորություն է եղել ինչ-որ մարդկանց կողմից: Խոսվում էր մկնդեղով թունավորված լինելու մասին: Մկնդեղն ինչպե՞ս է հայտնվել զեբրի վանդակում։
-Միանշանակ եղել է դիտավորություն: Կենդանաբանական այգում մկնդեղ ընդհանրապես չի օգտագործվում, նույնիսկ առնետների դեմ: Եվ զեբրի անկման ժամանակն էլ բնավ պատահական չէր ընտրված: Այդ օրերին Երևանում անցկացվում էր Եվրասիական կենդանաբանական այգիների գագաթնաժողովը, որին մասնակցում էին 120-ից ավելի հյուրեր՝ նախկին սոցիալիստական երկրների կենդանաբանական այգիներից, Բրազիլիայից, Ճապոնիայից: Գագաթնաժողովն անցավ շատ բարձր մակարդակով, և, ըստ իս, միտում կար ստվեր գցելու մեր գործունեության վրա: Բայց, այնուամենայնիվ, կատարվածը շատ դատապարտելի է և պետք է քրեորեն պատժվի. չի կարելի անձնական խնդիրներ լուծելու համար գնալ նման ստոր քայլի:
-Հասկանալի է, որ Դուք պատասխանատու եք Ձեր անմիջական ղեկավարության առաջ: Ի՞նչ կարծիքի են Ձեր գործունեության և բարձրաձայնվող այս քննադատությունների առնչությամբ Երևանի քաղաքապետարանում:
-Քաղաքապետարանում նոր է ամեն բան, նոր մարդիկ են, որոնք դեռ պետք է ուսումնասիրություններ անեն, որպեսզի ծանոթանան խնդրին խորությամբ: Բայց շատ ուրախ եմ, որ իմ անձնական հորդորը՝ սկսել ստուգումներ՝ կապված այս բոլոր խնդիրների և իմ ամբողջ գործունեության հետ, քաղաքապետարանում լսել են և ընդունել: Ասեմ, որ ամեն անգամ՝ քաղաքապետ փոխվելիս, այսպիսի բողոքներ բարձրանում են՝ տարբեր ձևաչափերով: Բայց բողոքողները չեն գիտակցում, որ երկրում այսօր, իրոք, իրավիճակ է փոխվել, և սուտը, շանտաժը չեն կարող տեղ ունենալ: Վստահ եմ, որ քաղաքապետարանի ստուգումներից հետո բոլոր զրպարտիչներն իրենց պատիժը կկրեն օրենքով սահմանված կարգով:

-Եթե կատարվեն ստուգումներ, ապացուցվի, որ Դուք իսկապես զրպարտության զոհ եք, և ոչինչ չի խանգարում Ձեր պաշտոնավարմանը, հնարավո՞ր է, որ այս ամենը Ձեր մեջ տհաճ նստվածք թողնի, և ինքներդ չցանկանաք այլևս մնալ նախկին տեղում:
-Ես իմ տեսլականը ներկայացրել եմ մեր կառավարությանը, փոխվարչապետին, քաղաքապետին: Եթե այդ տեսլականով առաջնորդվենք, գուցե ես կարողանամ հետագայում էլ օգտակար լինել Կենդանաբանական այգում և ոչ միայն այգում (փակագծեր չեմ ուզում բացել): Բայց եթե այլ կերպ դասավորվեն հանգամանքները, ես այգում մի փուլ ևս կիրականացնեմ՝ կապված կենդանիների ազատավանդակների հետ, և դրանով կավարտեմ իմ գործունեությունն այնտեղ: Բայց թե՛ կառավարությունը, թե՛ քաղաքապետարանը շատ դրական են տրամադրված, այնպես որ, ստուգումների դրական ավարտից հետո, կարծում եմ, կշարունակեմ իմ գործունեությունը: Այդ առիթով է հենց, որ Ալըն Նայթը գտնվում է Երևանում: Նա մեր հիմնադրամի կարևոր գործընկերն է, մենք միասին իրականացնում ենք Հայաստանում արջերի փրկության ծրագիրը: Նրանց օգնությամբ մենք ՈՒրծաձորում ստեղծել ենք արջերի փրկարար կենտրոններ: Այսօր ընդլայնում ենք տարածքը, իրականացվում է արջերի ատամների բուժման գործընթաց, կատարվում են վիրահատություններ Անգլիայից և Պարսկաստանից ժամանած կենդանաբույժ-մասնագետների օգնությամբ: Նաև առաջարկել ենք մեր պետությանը, որ վայրի կենդանիների խնդիրների հետ կապված բացերը լրացնելու համար ներդրումներ արվեն:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ