Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սպարապետի՝ բարեբեր աշունների կարոտով

Սպարապետի՝ բարեբեր աշունների կարոտով
01.03.2019 | 04:17

Ես դեռևս խաղաղության նախարար չեմ եղել: 1991 թվականին դարձա նախարար, այնուհետև պետնախարար էի, հիմա դարձյալ նախարար եմ, բայց ցավոք, այս պատերազմը դեռ չի ավարտվել: Թերևս նրանց համար է ավարտվել, ովքեր իրենց բարեկեցության ճոճաթոռից չեն իջել:
Մենք ամեն օր քնում ենք պատերազմի հետ: Մեր երազները պատերազմական մղձավանջներից դեռ չեն մաքրվել: Ամենօրյա ցնցումների, վտանգի զգացողության, անորոշության այս կծիկը, որը կոչվում է հարաբերական խաղաղություն, ավելի անցանկալի է, քան պատերազմը...
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Իմ զինծառայության տարիներից ամենավառ տպավորվել է, թե ինչ սիրով էր արձագանքում ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը շարքային քաղաքացիների, հասարակ մարդկանց նամակներին, խնդրանքներին: Շուտափույթ լուծում էր տալիս դրանց, եթե դիմողները շիտակ, ազնիվ մարդիկ էին: Իրեն բնորոշ անմիջականությամբ նա կարողանում էր կռահել դիմումի տողատակը: Նրան դիմում էին ոչ միայն կռված տղաները, զոհվածի ընտանիքի անդամները, այլև իրեն տրված դասաժամերից դժգոհ մանկավարժը, գործազուրկ ինժեները, բանակից զորացրված, աշխատանք փնտրող երիտասարդը... Մարդիկ համոզված էին, որ եթե իրենց նամակը հասնի Վազգենին, նա անպայման կզորակցի իրենց: Հետաքրքիր էին այդ դիմումների վրա նրա մակագրությունները՝ կտրուկ հրաման երկու բառից, հաճախ էլ կես, մեկէջանոց ուղերձ- հանձնարարականներ՝ ուղղված տվյալ պաշտոնյային՝ ձևապաշտ, անտարբեր չլինել, հանգամանալից ուսումնասիրել և օրենքին համապատասխան լուծել խնդիրը, անշուշտ, օրենքի տառից զատ չմոռանալով մարդկային ոգին: Վազգեն Սարգսյանին դիմողներն այնքան շատ էին, որ պաշտպանության նախարարությունն ակամա ստանձնել էր սոցապ նախարարության խնդիրներ: Դիմումներն սկսեցին ուղղակի հորդել նախագահական քարոզարշավի ընթացքում: Վազգեն Սարգսյանը շրջաններից վերադառնում էր դիմումների, երկտողերի պարկերով: Դիմում էին ոչ միայն անձնական խնդիրներով, այլև երկրի, ժողովրդի ճակատագիրը, կյանքը բարեփոխելու կարևոր առաջարկներով, մտահղացումներով: Նա բոլորն ընթերցում էր աշխատանքային օրվա ավարտից հետո՝ կեսգիշերին: Սիրով, հետաքրքրված էր ընթերցում: Աշխատանքի բերումով ես էլ էի առնչվում այդ նամակներին: Անգիր հիշում եմ դրանցից մեկը. «Վիրավոր զինվորի առաջարկություն. կկառուցենք, կպաշտպանենք: Հայաստանի մեծ պրոբլեմները լուծելուց հետո խնդրում եմ ընդունել որոշում, որ տեղերում աշխատանքի ընդունեն ոչ միայն իրենց նյութապես ապահով բարեկամներին, այլև բարեկամ չունեցող անապահովներին, որպեսզի չմեռնենք հոգեպես ու ֆիզիկապես ՝ ժամանակից շուտ, քանի որ եռանդ կա և արարելու ցանկություն: Զինվորի մայր»:


...Տարեմուտի կեսգիշեր էր: Երբ սլաքների սահքը համընկավ, ու լույսերի մեջ շողացող մայրաքաղաքը գույնզգույն հրթիռների բույլերով ողջունեց Նոր տարվա գալուստը, Եռաբլուրում քամու սառը շնչից զոհվածների մայրերի ձեռքերում մարմրում էին մոմերը: Այդ պահին նրանք անօգ էին ու միայնակ իրենց վշտի հետ: Տոնական քաղաքը նրանց մոտ էր ու նաև՝ հեռու: Եվ հանկարծ հայտնվեց Վազգեն Սարգսյանը, մոտեցավ, հերթով քնքշանքով գրկեց, հպվեց մայրերին, տաք խոսքեր շշնջաց: Այդ պահին հիշեցի մեկ ուրիշ մոր՝ Վարդենիսի Շատ Ջրեք գյուղից Լարիսա Տեր-Հակոբյանին: Նրա որդուն՝ Տիգրանին, 1998 թ. ամռանը, դաժանորեն ծեծել էր զորամասի զինվոր խոհարարը: Լարիսան, հնարավորություն չունենալով հասնելու Երևան որդուն տեսության, օգնության խնդրանքով դիմել էր նախարարին: Վազգեն Սարգսյանը ոչ միայն հոգացել էր Լարիսայի՝ զինվոր որդուն այցելության ծախսերը, այլև ձմռան համար վառելափայտ, պարկով ալյուր էր ուղարկել Շատ Ջրեք, Շահումյանի շրջանից բերել էր տվել նրանց այծ ու ոչխարը: Երկու անգամ անձամբ այցելել էր Տիգրանին, նվերներ տվել, բժիշկներին հանձնարարել՝ անել հնարավոր ամեն բան զինվորի առողջությունը վերականգնելու համար: Երբ Տիգրանը դուրս գրվեց հոսպիտալից, Վազգենի նախաձեռնությամբ մայր ու որդի մեկնեցին «Լեռնային Հայաստան» առողջարան, որտեղ Տիգրանը շարունակեց բուժումը: Զինվորի ծոցագրպանում վարդագույն գրիչ կար, որ ոչ մեկին չէր տալիս, ասելով՝ Վազգեն Սարգսյանի նվերն է: Որոշ ժամանակ անց ստացվեց Լարիսա Տեր-Հակոբյանի նամակը, որը լի էր երախտագիտության խոսքերով: Մի հատված այդ նամակից. «Մեծ գիտնականն օրը ցերեկով վառվող մոմը ձեռքին շրջում էր քաղաքում: «Ի՞նչ ես փնտրում», -հարցրին մարդիկ: «Մարդ եմ որոնում և դեռ չեմ գտել»,- պատասխանեց գիտնականը...


Իսկ ես՝ գյուղացի մի կին, գտա այդ Մարդուն: Նա իսկական հայր է մեր զինվորներին, հայոց ռազմիկներին: Խիստ է ու նուրբ սրտի տեր: Մեծ ազգասեր է ու ազգանվեր: Թող ոտքդ քարին չառնի, Սպարապետ, կանաչ բուսնի ու արև շողա քո ճամփին, շա՜տ ապրես, ու մանկունքը երջանիկ լինեն»:
Ի՜նչ իմանար զինվորի մայրը, որ իր հոգուց բխած բարեմաղթանքն անկատար է մնալու: Ընկավ Սպարապետը ազգի թշնամու կամակատարի ձեռքով՝ հայրենիքի բարեբեր աշունների կարոտը սրտում:

«ԿԵՑՑԵՍ ԶԻՆՎՈՐ...»
Պատմում է գնդապետ,
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
վարչության պետի տեղակալ (2013 թ.) ՖԵԼԻՔՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Վազգեն Սարգսյանին առաջին անգամ հանդիպեցի «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմավորման ժամանակ՝ 1992 թ. սեպտեմբերին: Մինչ այդ լսել էի իր ելույթները, հարցազրույցները և պատկերացնում էի, թե ինչպիսին է ինքը, բայց իրական հանդիպումն ավելի տպավորիչ էր: Հետաքրքրվեց՝ որտեղ եմ ծառայել, ազատամարտին որքանով եմ կապված: Այդ հանդիպումից ծնվեց փոխադարձ մտերմություն: Իր վերաբերմունքից տպավորված՝ ջանում էի բանակի կազմավորման այդ շրջանում ինձ հանձնարարվածից ավելին կատարել: Շատ տպավորված էի մահապարտների գունդ կազմակերպելու մասին իր ելույթից, Եռաբլուրում մոմերի լույսի տակ մահապարտների երդման արարողությունից, որից հետո դուրս եկանք ռազմերթի: Վազգեն Սարգսյանը մեզ հետ եկավ Մարտակերտ: Առաջին ռազմական խորհուրդը անցկացվեց Վանք գյուղում: Ներկա էին Ֆելիքս Գզողյանը, Անատոլի Զինևիչը, մահապարտների գումարտակի հրամանատար Հովսեփը, տեղակալները, Սեյրան Անթանեսյանը, Ալիկ Պետրոսյանը, բոլոր դասակների հրամանատարներս: Վազգենը նստել էր ամենավերջում: Խոսեցին Գզողյանը, Զինևիչը: Ներկայացվեց իրավիճակը, դասակներին առաջադրանք տրվեց՝ ով որտեղ ինչ պետք է անի: Այդ ամբողջ ընթացքում Վազգենը համեստորեն լռում էր: Երբ բոլոր զինվորականները իրենց դիտարկումները ներկայացրին, նա եզրափակիչ խոսք ասաց, սեղմեց բոլորի ձեռքերը և հումորով, զվարթ տրամադրությամբ հաջողություն մաղթեց: Թշնամին առաջին գրոհն սկսեց 7-րդ դասակի ուղղությամբ, որը ճանապարհի հատվածում էր, հիմնական հարվածը մեզ էր ուղղված: Մեր կողքին փորձառու, վարժված տղաներ կային՝ Մարտակերտի Գիրոն, 26-ի Յուրան, որոնց օգնության շնորհիվ կարողացանք զինտեխնիկայի հակահարված տալ մեր միջոցներից՝ հրետանավորներին կոորդինատներ տալով: Ալեքս Թամանյանի, Գագիկ Գինոսյանի հակատանկային միջոցները լավ գործեցին, ճանապարհի ուղղությամբ թշնամուն կանգնեցրինք, հետ մղեցինք: Իհարկե, լարվածությունը մեծ էր: Երբ առաջին անգամ զգում ես, որ տանկ է գալիս կրակելով, փնչացնելով, երբ հողը դղրդում է ոտքիդ տակ... Բայց մեզ հաջողվեց կազմակերպել պաշտպանությունը, և թուրքերն զգացին, որ այն չէ, ինչ իրենք պատկերացնում էին: Աննկարագրելի էր առաջին հաղթանակի բերկրանքը, ո՜նց էինք ոգևորվել: Ոգևորվել էին արցախցիները, որ իրենց օգնության եկած տղաները հաստատակամ էին, այդ պահին անգամ մանրուքները մեծ դեր էին խաղում:


Մահապարտների գունդն իր խնդիրը պատվով կատարեց, կանոնավորվեց ռազմաճակատի գիծը, Վանք գյուղը, Վաղուհասը ազատագրվեցին, որը դեպի Քարվաճառ ճանապարհին շատ կարևոր բնագիծ էր:
Երևան վերադարձանք երևի 35 օր անց: Հետո Վազգեն Սարգսյանը մեզ հավաքեց պաշտպանության նախարարությունում, արդեն պաշտպանության նախարար չէր, շատ ջերմ ելույթ ունեցավ, շնորհակալական խոսքեր ասաց և խոստացավ մատաղ անել հաջող իրականացված գործի, վիրավորների համար և ի հիշատակ զոհված տղաների: Սակայն իր խոստացած մատաղը եղավ ուղիղ հինգ տարի անց՝ սեպտեմբերին: Նա մահապարտներին հրավիրեց Գառնի-Գեղարդ և ասաց.
-Ես ձեզ հինգ տարի առաջ մատաղ էի խոստացել:
Երկու ցլիկ մատաղ արեց:


1994 թ. մարտին 5-րդ բրիգադը ռազմաճակատի Մարտակերտ-Մատաղիս-Թալիշ հատվածում էր: Անընդհատ պատրաստվում էինք հակագրոհի: Բրիգադում մշակվում էին ծրագրեր, ռազմավարժանքներ էինք անում: Մատակարարմանն առնչվող խնդիրներ կային: Մատաղիս-Թալիշ գործողությունների նախօրեին էր: Բրիգադն անցավ հերթական առաջադրանքի կատարմանը: Այդ ցեխոտ, անձրևոտ, ձյունոտ օրերին երգիչների հետ Մաղավուզ եկավ Վազգեն Սարգսյանը: Ֆուտբոլի դաշտում համերգ եղավ, և նա իրեն բնորոշ անկոտրում ոգով խոսքն ուղղեց մեզ:
-Դուք հերոսներ եք: Կատարեցիք այն, ինչ ոչ ոք չէր կարող կատարել: Դուք եք իսկական հերոսները մեր ժողովրդի: Ֆիդայական շարժումը մեր հպարտությունն է եղել ու նաև մեր դժբախտությունը, իսկ դուք մեծ զորախումբ եք: Այսօր ֆիդայիների մասին երգեր են երգում: Վաղը ձեր մասին են երգելու: Մենք կայացած բանակ ունենք: Հակառակորդը դողում է ձեր ահից: Հզոր բռունցք եք, և բոլորդ հերոս եք:
Դրանք հենց այնպես օդում ասված խոսքեր չէին, դրանք գեղեցիկ հայերենով, տրամաբանված, ոգեղեն խոսքեր էին և մեծ տպավորություն թողեցին բոլորի վրա: Զգում էինք, որ պաշտպանված ենք, որ Վազգեն Սարգսյանը մեր թիկունքին է: Գալիս, բարևում էր բոլորին: Ովքեր քիչ թե շատ աչքի էին ընկել ռազմաճակատում, բոլորին անունով գիտեր: Ստեփանավանցի Հրաչը աչքը կռվում կորցրել էր և բուժվելուց հետո կրկին եկել ռազմադաշտ: Վազգենը գրկեց նրան, գորովանքով սեղմեց կրծքին: Բոլորին ճանաչում էր, բոլորի մասին գիտեր ամեն ինչ:
Հարցրեց.
-Հը, Ֆելիքս, պի՞նդ ես...
-Այո՛, այո՛, -ասացի,- պինդ եմ: Ամեն ինչ բարձր մակարդակով է:
Վազգենը բոլորին բնորոշում էր՝ ով ինչ է արել, ով ինչ կարող է անել, ումից ինչ պահանջել, ում հետ կոշտ կատակ անել, ում հետ հարգալից խոսել: Ինձ միշտ զարմացրել է, թե ոնց կարողացավ բոլորին հասկանալ և, ինչպես ասում են, հավաքել բռի մեջ, ոնց կարողացավ մտավորական ընտանիքի զավակին, քրեական անցյալ ունեցողին, տարբեր ու տարաբնույթ մարդկանց հավաքել մի գաղափարի շուրջ: Մի քանի անգամ ականատես եմ եղել՝ ինչպես ըմբոստ տղեքը նրա խոսքը գետին չեն գցել: Իր վճռական, առնական կերպարն ազդեցիկ էր: Չափահաս մարդ էի, բայց գերբնական բաներ էի տեսնում էության խոսքում: Երևի այդպես էր, որ կարողանում էր մի հայացքով, մի հրամանով այդքան տարբեր տղաների տեղաշարժել: Նրա ամեն մի բջիջը շնչում էր հայկականությամբ: Այդչափ հայեցի ուրիշ մեկին ես չեմ ճանաչում: Հնարավոր է` բնութագրումս ոմանց դուր չգա, բայց այդպես էր: Իմ կարծիքով իր հոգում իշխում էին ազնվականությունն ու թագավորականությունը: Ամեն հանդիպման, երբ զորքը շարվում էր, Վազգենը հարցնում, տեղեկանում էր.
-Անդրանի՛կ, մայրդ բուժվե՞ց...
-Հակո՛բ, բնակարան ստացա՞ր, թե՞ ոչ, ես միջնորդել էի...
Մեծ ցնծություն էր ապրում ամեն հաջողության համար: Երիտասարդ էր, բուռն, հախուռն, մեկ-մեկ պահեր էին լինում, որ ապտակում էր, բայց դրանք տեղին էին և դեռ մի բան էլ պակաս: Ոչ թե ինքնատիրապետությունը կորցնելով էր անում, այլ գիտակցորեն: Ծեծ է տվել, երբ թռիչքից առաջ օդաչուն օղի է խմել, այդպես՝ դիզվառելիքը դատարկողին, զինվորի սնունդը գողացողին...Այդ ամենը համարում էր դավաճանություն գաղափարին. միայն այդպիսի դեպքերում էր պոռթկում Վազգենը: Պոռթկումների մասին խոսելիս ինչու՞ մոռանալ իր քնքշությունները: 1997 թ. Սիսիանի շրջանում Նորավանի տանկային գումարտակն էր կազմավորվում: 50 տանկ էին ստացել, և որպես պաշտպանության նախարար, եկել էր Վազգենը: Գումարտակի հրամանատարը Մելոն էր: Եվ կանգնած էր ժամապահը՝ մի գեղեցիկ պատանի, կանգնած էր առանց աչքը թարթելու: Վազգենը մոտեցավ, ողջունեց.
-Բարև՛, զինվոր:
Զինվորը քարացած էր: Վազգենը կրկնեց.
-Բարև՛, զինվոր...
Քար լռություն...
-Զինվո՛ր, ինչու՞ չես բարևում:
Զարմանք բան, պաշտպանության նախարարը ձեռքը պարզել է, ու ժամապահն աչքն էլ չի թարթում, չի բարևում...
Հնչեց սպայի ձայնը.
-Պարոն նախարար, պահակակետում զինվորն իրավունք չունի բարևելու:
Վազգենը քահ-քահ ծիծաղեց: Լարվածությունն անցավ: Ասաց.
-Կեցցե՛ս, զինվոր:


...1999 թ. հոկտեմբերի 27. ՀՀ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր: 1-ին բանակային կորպուսում տեսչական այց էր կատարվում: Ես հրամանատարի տեղակալ էի: Հավանաբար ժամը հինգն էր: Նախարարն ստուգայց անցկացրեց: Սկսվեց խորհրդակցությունը, հետախույզները զեկույց տվին: Երբ զեկուցում էին ինժեներական ծառայության պետերը, հանկարծ խորհրդակցության դահլիճ ներխուժեց Սմբատը՝ նախարարի անվտանգության ծառայության պետը: Բոլորս վեր թռանք տեղերից: Նախարարությունից մեծ պատվիրակություն էր եկել: Տարակուսած էինք՝ ի՞նչ է պատահել: Ըստ Սմբատի՝ կրակոցներ էին եղել, Վազգենը վիրավորվել էր: Քիչ անց արդեն պարզվեց՝ ի՛նչ ողբերգություն է կատարվել: Վաղարշակ Հարությունյանը և զինվորականների մի մասը ուղղաթիռով վերադարձան Երևան: Ոչ մի կերպ չէի հավատում կատարվածին, հիմա էլ չեմ կարող խոսել այդ մասին...
Ինչ խոսք, ջահելությունից բխող սխալներ եղան, բռնկումներ, փորձի պակաս կար, բայց տարիների հետ եկավ հասունացման պահը, հատկապես քաղաքական թանձրուկներում հստակ ու ճիշտ կողմնորոշվում էր, հատկապես վարչապետ եղած ծանր ժամանակ իր գործելակերպը շատ ճկուն էր: Զգացվում էր վստահությունը, մեր ժողովրդի, երկրի ապագայով մտահոգված՝ անհրաժեշտ օբյեկտիվ քայլեր ձեռնարկելը՝ այդ երկիրը երկիր դարձնելու համար... ՈՒ սլացքի պահին Արծիվը խփվեց՝ ապրելով ընդամենը 40 տարի:
Վազգենը փայլուն գիտակցում էր իր ով լինելը, զգում իշխանության ազդեցության չափը և այդ ամենը գործադրում էր հանուն նպատակի:


Երևի թե կռվող տղաների համար նա արդեն կիսաստված էր, Սպարապետ էր Վազգեն Սարգսյանը: Երևի թե մնացյալ կորցրած հողերի ազատագրողի կերպարն իր մեջ էին տեսնում, զգում նրա խոսքի և գործի ուժը: Ահա քեզ 21-րդ դարի Սպարապետը:

(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 7779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ