Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նիկոլ Փաշինյանին պետք է անհապաղ հեռացնել իշխանությունից»

«Նիկոլ Փաշինյանին պետք է անհապաղ հեռացնել իշխանությունից»
24.05.2019 | 01:26

ՀԺԱՄ վարչության անդամ ԳԵՎՈՐԳ ՍԱՆԴԱԼՅԱՆԸ Նիկոլ Փաշինյանի մեկ տարվա գործունեությունը համարում է ձախողված, քանի որ քայքայման գործընթաց է գնում բոլոր ոլորտներում՝ ընտանիքից սկսած մինչև բանակ։ Իսկ Արցախի հարցում, ըստ մեր զրուցակցի, վարչապետն ապաշնորհ քաղաքականություն է վարում։

-Պարոն Սանդալյան, ինչու՞ մեկ տարի առաջ ձեռք բերված համաժողովրդական մեծ վստահությունը չկապիտալացվեց, արագ մսխվեց, ու այսօր ունենք արդեն աղճատված հասարակություն, չզարգացող տնտեսություն։
-Փաշինյանը ցանկացավ շեֆ լինել, իր կողքին հավաքեց սեփական մարդկանց, որոնք պրոֆեսիոնալներ չեն։ Ընդհանրապես կողմ չեմ, որ այս ամենը որակվի որպես հեղափոխություն, որովհետև սա անգամ իշխանափոխություն էլ չէ, այլ իշխանանվիրատվություն։
-Ի՞նչ ասել է իշխանանվիրատվություն։
-Չեմ կարող հասկանալ այն ժամանակվա երկրի նախագահին ու վարչապետին, որոնք պետական պահպանման օբյեկտ գրոհող քաղաքացուն չձերբակալեցին։ Իսկ Հանրային ռադիոն, կարծում եմ, պետական պահպանման կառույց է, ինչպես օդանավակայանը։ Եթե այսօր ես 4 հոգու հետ մտնեմ ռադիո և այն ցանկանամ գրավել, ինձ կձերբակալեն։ Ինձ համար մինչև հիմա մեծ հարցական է, թե ինչու նրանց չձերբակալեցին այն ժամանակ։
-Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ նախորդ իշխանության հանդուրժողականության պատճառով Փաշինյանին հնարավոր եղավ հասնել իշխանության։
-Միանշանակ։ Նախկին իշխանությունը չգնաց բիրտ ուժի կիրառման, բայց եթե ես լինեի նրանց փոխարեն, կգնայի այդ ճանապարհով։ Անգործությունը պետություն է քանդում, ինչն այսօր արդեն տեսանելի է։ Գորբաչովի անգործությունը քանդեց մի այնպիսի պետություն, որի քանդման հավանականությանն անգամ ոչ մեկը չէր կարող հավատալ։
-Ո՞ր քայլերն են այսօր Ձեր մեջ տպավորություն ստեղծում, որ այս իշխանությունը պետության քանդման ճանապարհով է քայլում։
-Պետականության կառուցման ընթացքում մենք պետք է հասկանանք, որ բազմազգ երկիր չենք։ Այսպիսի երկրում անթույլատրելի է խարխլել ընտանիքի հիմքերը, որովհետև հենց ընտանիքն է պահում մեր պետականությունը։ Արժեքների համատարած այլասերում է իրականացվում։ Եթե ես հրապարակում այսօր կանգնեմ ու գոռամ, որ Նապալեոնն եմ կամ Յուրի Գագարինը, ինձ կտանեն հոգեբուժարան, իսկ երբ տղամարդը բարձր ամբիոնից գոռում է, թե կին է, նրան, պարզվում է, պետք է պաշտպանել։ Եթե այս աքսիոմն ինձ բացատրեն, գուցե հասկանամ։
-Նկատի ունեք ԱԺ-ում տրանսգենդերի հայտնի ելու՞յթը։
-Այո, մեր հասարակության մեջ տեղ չունեն ԼԳՏԲ-ները, թող գնան իրենց ակումբներում ծվարեն։ Խնդիրն այն է, որ նրանք այդ երևույթը քարոզչության նյութ են դարձրել։
-Ընդհանրապես հնարավո՞ր է այդ ամենի դեմն առնել և ինչպե՞ս։
-Տեխնիկայի թռիչքաձև զարգացման այս դարում շատ դժվար է ասել, թե ինչպես կարող ենք այդ ամենի դեմն առնել։ Այսօրվա իշխանությունը չպետք է մտածի, թե այդ հարցում ինչ կմտածեն եվոպաներում, պետք է ոչ ֆորմալ մակարդակով, առանց հատուկ օրենքների արգելի այդ երևույթի տարածումը։ Ենթադրենք, ինչ-որ անհասկանալի գիրք է տպվել, պետք է բացարձակ այն չլուսաբանվի, ոչ թե անձամբ նախարարը գնա դրա շնորհանդեսին, դեմ խոսողներին սաստի, մի հատ էլ սեփական սեռական կյանքի մասին խոսի։ Հետո էլ, թե 3 տարեկան երեխան ինչ ուզի, իր մարմնի հետ կարող է անել։ Նախկինում այսպիսի հարցերում շատ մեծ զգուշավորություն կար, իսկ Եվրոպային էլ հասկացնում էին, որ մեր ազգային բնույթին այդպիսի բաները խորթ են։ Հիմա ընկել են փողի հետևից, գումար տան, ինչ ուզեն, այն էլ կանեն։ Քաղաքական իշխանությունը պետք է տուրք չտա այս ամենին։ Եթե կրթության նախարարը՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյան, ասում է, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, երբ ասում են, թե աթեիստ ենք, հետո էլ հայտարարում են, թե ԼԳԲՏ-ներին տանենք, վառե՞նք, տպավորություն է ստեղծվում, որ հանդուրժողականությունն այդ երևույթների հանդեպ այնքան է մեծացել, որ ոչ միայն չեն կանխվում նման բաները, այլև բացահայտ քարոզչություն են անում։
-Իշխանափոխության «պտուղները» դիտարկենք նաև այլ ոլորտներում։ Հայտարարում են, թե համակարգային կոռուպցիա չկա, իսկ ներդրումային բումին էլ դեռ սպասում ենք։ Ի՞նչ է կատարվում տնտեսությունում։
-Տնտեսությունում լրիվ հակառակ գործընթացների մեջ ենք։ Անզեն աչքով էլ երևում է, որ հետքայլ ենք անում։ Համակարգային կոռուպցիայի վերացումն ընդամենը խոսքեր են, որովհետև դեռ մեկ տարի է այս իշխանությունը կառավարում, բայց արդեն բարձրաստիճան երկու պաշտոնյաների դեմ նման մեղադրանք է առաջադրվել։ Ներդրում չի կարող լինել այնպիսի երկրում, որտեղ կայացած բիզնեսների ողնաշարը կոտրում ես։ Այսօր բիզնեսմենը մի բառ չի կարող իշխանության դեմ ասել, քանի որ հաջորդ օրն ԱԱԾ-ն զբաղվելու է այդ բիզնեսմենով։ Հիմա օտարերկրյա ներդրողը, այս ամենը տեսնելով, ի՞նչ եք կարծում, կցանկանա՞ Հայաստանում բիզնես անել։ Իսկ ներդրումը, բիզնեսը սիրում են կայունություն, ապահովություն և քիչ ռիսկեր։ Եթե այսօր Հայաստանում կայացած բիզնեսներն են ոչնչացվում, այսինքն մեծ խնդիր կա այդ առումով, ինչու՞ ներդրողը պիտի ցանկանա այդպիսի խնդիրների մեջ թաթախվել։ Այս իրավիճակից ելնելով, համոզված եմ, որ ներդրումներ Հայաստանում չեն լինելու։
-Ներդրումների համար էական է նաև դատական ոլորտում տիրող իրավիճակը։ Օրերս ականատես եղանք, թե ինչ մեթոդներով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արդեն քանիերորդ «հեղափոխության» մասին։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այս փոփոխությանը։
-Արդեն լուրջ իրավաբաններ այդ ամենը որակում են սահմանադրական կարգի տապալում։ Ի դեպ, ՀԺԱՄ-ը ևս հայտարարությամբ հանդես եկավ, մենք դատապարտեցինք Փաշինյանի այդ գործողությունները։ Վերջին մեկ տարվա ընթացքում գործադիր իշխանության կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երկու անգամ կոպտորեն խախտվել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման նորմը: Առաջինը կատարվեց 2018 թ. հոկտեմբերին, երբ շրջափակվեց Ազգային Ժողովը և սպառնալիքի ազդեցության տակ ԱԺ խմբակցություններից կորզվեց վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու որոշում, երկրորդը դատարանների շրջափակումն էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգտվելով նախկին իշխանությունների նկատմամբ ժողովրդի ունեցած դժգոհություններից, չարաշահելով նրանց վստահությունը, միտումնավոր կազմալուծում է դատական իշխանությունը՝ անցումային արդարադատության համար հիմքեր նախապատրաստելու և միանձնյա իշխանություն հաստատելու նպատակով: Իսկ վարչապետի անձամբ այցելությունը դատարաններ և հորդորները «դուխով» շրջափակված պահելու դրանք, որակում ենք որպես սահմանադրական կարգի տապալման փորձ և զգուշացնում, որ այն լի է վտանգավոր հետևանքներով, որոնց պատասխանատվությունն ընկնում է անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա: Կարելի էր այդ փոփոխությունն անաղմուկ անել, իմաստ չկար դատարանների մուտքը փակելու։ Բայց նաև մեկ այլ ուշագրավ բան հայտնի դարձավ այդ ակցիաների ժամանակ։ Փաշինյանը տապալվեց այդ օրը։
-Ինչու՞։
-Դատարանների մուտքերը փակում էին 4-5 մարդ, որտեղ 50 հոգի էին հավաքվել, Փաշինյանն անձամբ գնաց այնտեղ ու ասաց՝ մրսու՞մ եք, թեյ կխմեք։ Դատարաններ արգելափակելու նրա կոչին չարձագանքեցին քաղաքացիները, այսինքն՝ մարդիկ այլևս չեն հավատում նրա խոսքին։ Շատերն էյֆորիայից կամաց-կամաց դուրս են գալիս, մարդիկ հասկանում են, որ այսպիսի կառավարումը ոչ մի տեղ չի տանում, ավելին, քանդման ճանապարհն ենք բռնել։
-Այդ օրը Փաշինյանն ավելի մեծ փոթորիկ ստեղծող հարցի էլ անդրադարձավ։ Ըստ նրա, կան մարդիկ, որոնք փորձում են տարածքներ զիջել և դա «գցել» Հայաստանի իշխանությունների վրա։ Սա՞ ինչ է նշանակում, ինչու՞ անվանական չխոսեց, չէ՞ որ դավաճանության մասին է խոսքը։
-Փաշինյանը, լինելով վարչապետ, դեռ չի հրաժարվել ընդդիմադիր լիդերին բնորոշ հատկություններից, այսինքն անպայման ինչ-որ մի թիրախ գտնել և խնդիրները բարդել նրա վրա։ Այս տեսակ ղեկավարին պետք է անհապաղ իշխանությունից հեռացնել։ Այս մեկ տարվա ընթացքում ոչ մի բան «հանունի» համար չի արել։ Պատասխանատվությունը միշտ իր վրայից գցում է։ Ինչ վերաբերում է Արցախին, նախ արցախցի-հայաստանցի հակասության մասին անգամ խոսելն է վտանգավոր, իսկ գործողություններն արդեն կործանարար կլինեն։ Եթե նման հայտարարություններ է անում, երեկոյան էլ Բակո Սահակյանին կանչում են իրենց խմբակցության նիստին, հասկանալի է, թե ում են ուզում թիրախ դարձնել։ Այս դեպքում պետք է անհապաղ իրավական համակարգը հստակ գործողությունների դիմի։ Եթե նրա հայտարարությունները ոչ մի հիմք չունեն, ուրեմն Փաշինյանն ընդամենը հերթական բլեֆն է անում։ Հայաստանցի-արցախցի հակադրությունը սրելով, հիմա էլ փորձում է արցախցի-արցախցի արհեստական հակադրություն ստեղծել, քանի որ այնտեղ հիմա ընտրություններ են, փորձում է խժդժություններ մտցնել մինչև իր լակեյին գտնի։ Այս կարգի հայտարարություն անելու համար հնարավոր է կա առավել վտանգավոր սցենար։ Հենց Փաշինյանն է հավանաբար գնում տարածք հանձնելու ճանապարհով և հիմա դրա համար մեղավոր է փնտրում, որ ջրից չոր դուրս գա։ Փաշինյանի մեկ տարվա քաղաքականությունը շատ բան է ասում Արցախի հարցում նրա մտադրությունների մասին։ Կալանավորեց Հայաստանի երկրորդ, Արցախի առաջին, պատերազմում հաղթած նախագահին, ոչնչացնում է մարտական գեներալներին, իսկ սա հակառակորդին հստակ ուղերձ է, որ գլխատում է նրանց, դրանից ավելի էլ ի՞նչ է ուզում։ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի արբանյակն է և նրա չիրականացած ցանկությունն է իրագործում։ Ժամանակին Տեր-Պետրոսյանն էր ցանկանում իրագործել այս սցենարը, չկարողացավ, նրան հեռացրին իշխանությունից, հիմա եկել է նրա արբանյակը և այդ քաղաքականությունն է առաջ տանում։
-Ըստ Ձեզ, ո՞րն է այս վիճակի ելքը։
-Ես հեղափոխությունների կողմնակից չեմ, փոփոխությունները պետք է լինեն սահմանադրական, ընտրությունների ճանապարհով։ Այսօր ընդդիմադիր դաշտը դեռ համախմբված չէ, ճիշտ կլիներ համատեղ որևէ կառույց ստեղծել ու գնալ ընտրությունների։ Այսօր պետականաքանդ գործընթաց է սկսվել, որն օր առաջ պետք է կասեցնել։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 8900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ