Իսրայելցի հնագետները 1500-ամյա տաճարի ավերակներ են հայտնաբերել, որը նվիրված է եղել անհայտ նահատակի: Մատուռով տաճարը հայտնաբերվել է Բեյթ-Շեմեշ քաղաքի մերձակայքում, 1500 քառակուսի մետր տարածք ունի: Ենթադրաբար, տաճարի շինարարությունը սկսվել է 6-րդ դարում՝ Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր օրոք: Եկեղեցու ներսի հատվածը զարդարված է որմնանկարներով և խճանկարներով՝ տերևների, մրգերի, թռչունների, երկրաչափական մարմինների պատկերներով: Ավելի ուշ՝ Տիբերիոս Կոնստանտին II-ի կառավարման ժամանակահատվածում, եկեղեցուն կից մատուռ է կառուցվել, որի վրա գրված է «փառավոր նահատակին»: «Նահատակի անձն անհայտ է, սակայն կառույցի հարստությունը հուշում է, որ նահատակը կարևոր անձ է եղել»,- ասել է պեղումները համակարգող Բենիամին Ստորչանը: Հնագետները կարծում են՝ նահատակի մասունքները կարող են թաղված լինել մատուռում: