Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Գրեմմիի» կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը

«Գրեմմիի» կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը
05.12.2019 | 18:10

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ՝ դեկտեմբերի 14-21-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնն ընդգրկում է 5 համերգ. 3-ը՝ սիմֆոնիկ‚ 2-ը՝ կամերային։ Փառատոնը կբացվի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ ելույթով։ Վենգերովը կներկայացնի Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար։ Նվագախումբը կկատարի նաև Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։


Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա դաշնակահար‚ միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը. դաշնակահարուհին կկատարի Խաչատրյանի‚ Շոպենի‚ Ռախմանինովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Խաչատրյանը և ջազը» սիրված նախագիծը. կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ (Վարդագույն աղջիկները պարը «Գայանե» բալետից‚ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջիոն «Սպարտակ» բալետից‚ Սուսերով պարը «Գայանե» բալետից‚ Խորհրդային Հայաստանի հիմնը և այլն)։ Խաչատրյանի գործերի ջազային մշակումները նվագախմբի հետ կներկայացնեն մենակատարներ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր)‚ Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)‚ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը (տերեմին)։


Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ կունենան Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող‚ թավջութակահար Ջոնաթան Սվենսենը և Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի հաղթող‚ դաշնակահար Հռիփսիմե Աղաքարյանը։
Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակին նվիրված երեկոյով‚ որի շրջանակում հանդես կգան չին մենակատարներ՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի և չին կոմպոզիտորների ստեղծագործություններից։


7-րդ անգամ Երևանում անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը‚ ինչպես ամեն տարի‚ այս անգամ ևս երաժշտասերներին կներկայանա պրեմիերաներով‚ հետաքրքիր ծրագրերով և անվանի մենակատարներով։
Անցած տարիների ընթացքում խաչատրյանական փառատոնը հյուրընկալել է համաշխարհային աստղերի‚ ներկայացրել է համաշխարհային ու հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ‚ համերգային նոր ձևաչափեր‚ նոր ծրագրեր‚ համագործակցել է հայաստանյան բազմաթիվ կոլեկտիվների հետ։

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ