«Փորձառու քաղաքական գործիչ լինելը Հայաստանում առանձնապես դրական հատկանիշ չի դիտարկվում»
24.12.2019 | 00:46
Հայաստանում արդեն 100-ից ավելի կուսակցություններ կան, բայց շարունակում են նորերը ստեղծվել։ Վերջերս նոր կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեց քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ։ Քաղաքական այս գունապնակին պե՞տք են նոր կուսակցություններ, երբ քաղաքական դաշտը բաժանված է «սևերի» ու «սպիտակների»։ Նոր կուսակցության և հայաստանյան այսօրվա ներքաղաքական իրավիճակի շուրջ ենք զրուցել քաղաքագետի հետ։
-Այսքան շատ կուսակցություններ ունեցող երկրում ինչու՞ Դուք Ձեզ չտեսաք դրանցից մեկում և որոշեցիք նոր քաղաքական միավոր ստեղծել։
-Այո, ունենք շատ կուսակցություններ, բայց դրանցից շատ քչերն են նոր իրողություններին ադապտացված։ Այսօր աբսուրդային վիճակում ենք, քանի որ խորհրդարանական երկրում պետք է կուսակցությունների դերակատարությունը, ակտիվությունը մեծ լիներ, բայց կուսակցությունների թիվն ու դրանց ակտիվությունը բացարձակ համարժեք չեն։ ՈՒնենք քաղաքական, կուսակցական կյանքի վակուում, չեն կայացել կուսակցական ինստիտուտները։
-Նման պայմաններում ինչպե՞ս եք Ձեր կուսակցությունը կայացնելու։
-Պետք է օբյեկտիվ լինել` քաղաքական հին բրենդներն այսօր մերժելի են։ Որպեսզի կարողանանք քաղաքականություն ներգրավել նոր անհատների, հասարակական խմբերի, պետք է նրանց ինքնաճանաչման նոր հարթակ ստեղծենք, պետք է բանավեճ ծավալվի էական խնդիրների շուրջ, ոչ թե այս կուսակցությունը նախկինում ինչեր է արել, ինչքան է մեղավոր։ Պետք է ապագայի տեսլականի շուրջ քննարկումներ ընթանան։ Այս առումով նոր ուժի խնդիր առաջացավ, սակայն մենք ի սկզբանե խոշորացման հնարավորությունները չենք էլ բացառել։ Մենք բաց ենք և համագործակցության, և դաշինքների, և խոշորացման համար։
-Այսինքն, Ձեր կուսակցության անդամները լինելու են ոչ նախկիններից, ոչ էլ նորերի՞ց։
- Այդպիսի խնդիր չեմ դնում։ ՈՒզում եմ գտնել այն քաղաքացուն, որը մեզ հենարան կլինի, որը երրորդ հանրապետության արժեքների կրողն է։ Մեր հանրային վերջին հավաքին մասնակցում էր 7 տասնյակ մարդ։ Լիահույս եմ, որ նրանց թիվը մինչ մեր հիմնադիր համագումարը կմեծանա։ Այս մարդիկ քաղաքականության մեջ նոր են, բայց ոչ թե նախկինում հստակ քաղաքական դիրքորոշում չեն ունեցել, այլ հրապարակային չեն եղել։
-Անփորձությունը Ձեզ չի՞ վախեցնում։
-Ոչ, փորձառու քաղաքական գործիչ լինելը Հայաստանում առանձնապես դրական հատկանիշ չի դիտարկվում։ Սա նաև ինքնաքննադատաբար եմ ասում։ Քաղաքական համակարգի ՕԳԳ-ն շատ ցածր է։ Այս իմաստով գուցե նոր մարդիկ գան, նոր գաղափարներ բերեն և արդյունավետ գործունեություն ծավալեն։
-Այսօր ունենք անփորձների տիպիկ օրինակ։ Այս իշխանությունը օրենսդիր ու գործադիր օղակներ բերեց լիովին նոր, անփորձ մարդկանց, ու հիմա ի՞նչ ունենք։ Գաղափարազուրկ խորհրդարան և անարդյունավետ կառավարում։
-Սա այլ բան է։ Փորձառու և անփորձ բանավեճից պիտի դուրս գալ, երբ խոսքն իշխանության մասին է։ Ակնհայտ է, որ իշխանությունը համալրված է կադրերով, որոնք արդյունավետ կառավարում չեն իրականացնում։ Բացի Նիկոլ Փաշինյանից ու մի քանի հոգուց, նրանք ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն։ Սա իշխանության ամենամեծ բացերից մեկն է։ Քաղաքական դպրոց նրանք չեն անցել։ Մարդիկ են, որոնք պատահականորեն հայտնվել են քաղաքականությունում և իշխանության տարբեր օղակներում։ Եթե Ձեզ թվում է, թե ես կարծում եմ, որ իշխանությունում քաղաքական թիմ կա, սխալվում եք։
-Այդ դեպքում ի՞նչ որակում կտաք 88-հոգանոց խմբակցությանը։
-88-հոգանոց խմբակցությունն ամորֆ զանգված է։ Այսպիսի թույլ խորհրդարանական մեծամասնություն երրորդ հանրապետության պատմության մեջ չեմ տեսել։ Նրանց միավորում է միայն Փաշինյանի առկայությունը և ոչ թե հեղափոխական օրակարգը։ Ավելին, համոզված եմ, որ այդ 88-ից շատերը չեն էլ կարող նշել հեղափոխության օրակարգը։ Նրանց բոլորին ընտրել է Փաշինյանը, և հենց դա է նրանց միավորում։ Ոչ միայն թույլ խորհրդարանական մեծամասնություն ունենք, այլև ընդհանրապես խորհրդարան։ Սա շատ ռիսկային է, քանի որ ապրում ենք խորհրդարանական հանրապետությունում, ու ԱԺ-ն առաջնային մանդատ ունեցող իշխանության միակ մարմինն է։ Սա, ըստ էության, պիտի լիներ իշխանության կենտրոնը։ Բայց մեր իրականությունն այլ է։ Խորհրդարանը դարձել է կառավարության ոչ թե կցորդը, այլ ստվերը։ Այսօրվա իշխանությունը կհայտնվի ճգնաժամի մեջ ճիշտ այն օրը, երբ Փաշինյանի վարկանիշն անկում ապրի։ Հայաստանում կա անձնիշխանության վտանգ։ Ցավոք, հեղափոխությունից հետո սուպերվարչապետական համակարգը չչեղարկվեց։ Այն կոստյումը, որը կարվել էր Սերժ Սարգսյանի անձնական և քաղաքական կոմֆորտն ապահովելու համար, հիմա շատ հարմար ձևով կրում է Նիկոլ Փաշինյանը։
-Ինչու՞ Փաշինյանը չհրաժարվեց այդ համակարգից ու կոստյումից։
-Շատ պարզ. մենք չենք ունեցել հեղափոխական հարթակ։ Ըստ էության, մեկ մարդ է հեղափոխություն արել կամ հարթակում մեկ մարդու ենք տեսել։ Իշխանությունը կառուցվել է այդ մեկ մարդու հեղինակության և խարիզմայի վրա։ Սուպերվարչապետական համակարգը, փաստորեն, Փաշինյանն ամենահարմարն է համարում իր կառավարման համակարգի համար։ Սա գուցե կարճաժամկետ արդյունք տա, քանի որ միակ աշխատողը նա է, բայց երկարաժամկետ առումով այդ համակարգը չի կարող նպաստել երկրի զարգացմանը։ Սա հանգեցնելու է ավտորիտար ռեժիմի զարգացմանը կամ քաղաքական կոլապսի։
-Բայց անգամ այդ մեկ անձի հեղափոխական օրակարգը Դուք տեսնու՞մ եք։ Այս իշխանությունն ի՞նչ օրակարգով է առաջ գնում։
-Դուք խոսում եք անկանխատեսելիության մասին։ Դրա պատճառն այն է, որ հին համակարգը քանդված է, բայց նորը ստեղծված չէ։ Հինը կազմաքանդված է, ու դա դրական փաստ է, բայց ունենք վակուում, քանի որ նորը չկա։ Արտաքին գործընկերների, մեր հանրության համար կա անկանխատեսելիության մեծ տարածք։ Սա և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ ունի։ Մի կողմից հեղափոխական օրակարգը մինչև վերջ ձևավորված չէ, մյուս կողմից՝ իշխանական թիմը ունի պատկերացումներ, որոնք ժամանակակից աշխարհի հետ համահունչ չեն։
-Մենք ոչ միայն նոր օրակարգ չունենք, այլև նախկինների օրակարգը ամբողջովին չենք քանդել, քանի որ հաճախ հաճույքով յուրացվում են նախորդների արատավոր բարքերը, որոնք 1,5 տարի առաջ մերժեցին։
-Եթե նոր համակարգը ձևավորված չէ, հնի իներցիան ինքնըստինքյան գործելու է։
-Ստացվում է՝ հասարակությանը խաբու՞մ են։
-Հնարավոր է` անկարողության հետ գործ ունենք։ Շատ են ուզում կառուցել նոր համակարգ, բայց տարբեր պատճառներով չեն կարող։ Քաղաքական թիմի ներուժը չի բավարարում քաղաքականությանը նոր բովանդակություն հաղորդելու համար։ Դրա համար տեսնում ենք սևի ու սպիտակի բաժանումները։ Իշխանությունը, օրինակ, ցանկություն ունի պայքարելու կոռուպցիայի դեմ, կատարվել են բացահայտումներ, ինչը ողջունելի է, բայց ավելի արդյունավետ համակարգ չի ստեղծվել, դրա համար հին սխեմաները վերականգնվում են։ Հեղափոխական թիմի երկու բարձրաստիճան պաշտոնյան կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորված են։ Բավարար չէ հինը, վատը կազմաքանդելը, եթե չի ստեղծվում նորը, շատ մեծ է վտանգը, որ հոռի երևույթները վերականգնվելու են։ Պետական գնումների համակարգում խնդիրներն էլի կան, էլիտան արտոնությունների համակարգից չի հրաժարվում։ Ժամանակն է, որ սևերի ու սպիտակների դիլեմայից դուրս գանք և ստեղծենք ավելի արդյունավետ համակարգ։
-Երկրի զարգացմանը, ըստ Փաշինյանի, սկզբում խանգարում էին ՀՀԿ մեծամասնությունը, հետո ընտրությունները ու էլի շատ բաներ։ Հիմա էլ ասում է, թե ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Սա ինչպե՞ս հասկանալ։
-Նրա ասածը բազմաշերտ է։ Պետական համակարգի խնդիրը որևէ հեղափոխական օրակարգ սպասարկելը չէ։ Առավել ևս, որ այնքան էլ լավ ձևակերպված չէ, թե որն է այդ հեղափոխական օրակարգը։ Պետական համակարգի առաքելությունն արդյունավետ ու որակյալ կառավարման մեջ է։ Այս իմաստով վարչապետը ճիշտ է։ Պետական համակարգն արդյունավետ չի աշխատում։
-Բայց ձուկը գլխից է հոտում։
-Բայց զարմանում եմ նաև, թե ում է ուղղված նրա քննադատությունը։ 1,5 տարին բավարար ժամանակահատված էր, որ արդյունավետ համակարգ ձևավորվեր։ Իշխանության առաջին դեմքի խնդիրը հենց այդ համակարգի ձևավորումն է, ոչ թե դրան ախտորոշում տալը։ Տպավորություն ունեմ, որ 1,5 տարի հետո նոր է Փաշինյանը խնդիրը գիտակցել։ ՈՒրախ կլինեմ, որ գոնե հիմա հասկացած լինի, առաջիկա քայլերից կերևա։
-Չե՞ք կարծում, որ ավելի շատ չարված աշխատանքներ արդարացնելուն են միտված նման որակումները։
-Գուցե։ Վարչապետը դեֆակտո տնօրինում է օրենսդիր և գործադիր իշխանությունները։ Երբ նա խոսում է համակարգի արդյունավետության մասին, ինձ մոտ հարցեր են առաջանում, օրինակ, ո՞վ հեղափոխության առաջին օրերին ստեղծեց ռոբինհուդներ, ի դեմս Վանեցյանի և Օսիպյանի։ Արդյունքում ստացանք ռոբինհուդներ, որոնք պայքարում էին նախկին «հրեշների» դեմ, բայց չունեցանք ոստիկանության և ԱԱԾ-ի բարեփոխումներ, իսկ նրանց պաշտոնանկությունից հետո կրկին կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ։ Փաշինյանի այս գնահատականն ուշացած է, սա պետք է ասեր 1,5 տարի առաջ ու գործուն քայլեր աներ։ Մյուս կողմից էլ համակարգը չի կարող արդյունավետ լինել, եթե նախկին համակարգի ձախողված կադրերը շարունակում են մնալ այս իշխանությունում։ Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների մասին է։ Բայց միայն նրանք չեն, կան նաև նոր կադրեր, որոնք արդեն ձախողել են աշխատանքները, կան մարզպետներ, որոնք ամեն օր սկանդալների մեջ են, ո՞վ ասաց նաև, որ նոր նախարարներն իդեալական են աշխատում։
-Սրան զուգահեռ իշխանությունում կան թևեր։
-Եթե գործ ունենայինք դասական խմբակցության հետ, հնարավոր էր թիմում տակտիկական հարցերի հետ կապված խնդիրներ առաջանային, սա նորմալ է բոլոր երկրներում։ Բայց այսօրվա խորհրդարանական մեծամասնության հակասությունները քաղաքական և գաղափարական հատկանիշներ չունեն, ավելի շատ տարբեր խմբավորումների առկայության հետևանք է։ Տեսնում եմ որոշակի գզվռտոց խորհրդարանական մի թևի և առողջապահության նախարարի միջև։ Ներթիմային ինտրիգների դրսևորումներ կան։
-Խոսելով իշխանության խնդիրներից, չմոռանանք նաև խորհրդարանական ընդդիմության մասին։ Անմխիթար վիճակում է նաև խորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ուժերն էլ համախումբ չեն ստեղծում։ Ինչու՞ իրական հակակշիռ չի ստեղծվում այս իշխանությանը։
-Համամիտ չեմ, որ խորհրդարանական ընդդիմության վիճակն անմխիթար է։ Խորհրդարանական ընդդիմությունն ավելի կայացած է, քան խորհրդարանական իշխանությունը։ Եթե չկա կայացած մեծամասնություն, անտեղի է քննադատել ընդդիմությանը։ Առավել ևս, որ նրանց մանդատները քիչ են ու չեն կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ։ Ընդդիմությունն ավելի շատ ինքնուրույն օրակարգ է բերում, քան մեծամասնությունը։ Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, հին համակարգը ռեբրենդինգի չի ենթարկվել։
-Իրենց սխալները չե՞ն հասկացել։
-Ոչ միայն չեն հասկացել, այլև համապատասխան քայլեր էլ չեն արել մերժվածության հետևանքները վերացնելու համար։ Այս պարագայում նրանք շատ հարմար ընդդիմություն են իշխանության համար։ Կարելի է դեմոնիզացնել Քոչարյանին և ՀՀԿ-ին՝ արդարացնելով այսօրվա շատ ձախողումներ։ Սևերի ու սպիտակների բանաձևը ձեռնտու է նաև հին համակարգին, որովհետև միակ միջոցն է իրենց քաղաքական սուբյեկտայնությունը ֆիքսելու համար։ Այս ամենը երկու կողմին ձեռնտու է, բայց ոչ երկրին, քանի որ դա թույլ չի տալիս իրական օրակարգեր ձևավորել։
-Այդ մերժված ուժի ներկայացուցիչներն այսօր կարևորում են արտահերթ ընտրությունների անցկացումը և շատ խնդիրների լուծումն այդպես են տեսնում։ Ի՞նչ եք կարծում, նման հավանականություն կա՞։
-Հաջորդ տարի, գրեթե համոզված եմ, արտահերթ ընտրություններ չեն լինի։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ