Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պետբյուջեն տնտեսական կայուն աճ է նախատեսում

Պետբյուջեն տնտեսական կայուն աճ է նախատեսում
26.09.2008 | 00:00

2009-ԻՆ ԷԼ ԱՊՐԵՑԻՆՔ
«Միջազգային ֆինանսական շուկայում վերջերս տեղի ունեցող գործընթացը հայաստանյան ֆինանսական շուկայի վրա էական ազդեցություն չի թողել։ Եվ կարծում եմ, որ եթե անգամ այդպիսի բան լինի, ապա այն չնչին կլինի»,- «Իրավունքը de facto»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ֆինանսների նախարար ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ։
Ի՞նչ է նշանակում այն. որ Հայաստանը երկրագնդից դո՞ւրս է, թե՞ դա պայմանավորված է միջազգային բորսայում արտաքին ակտիվների և արժեթղթերի բացակայությամբ։ «Մեր ներգրավվածությունը համաշխարհային միջազգային շուկաներում դեռևս փոքր է, որպեսզի այդ փոփոխությունները որոշակի ազդեցություն թողնեն։ Սակայն, իհարկե, եթե միջազգային շուկայում այդ գործընթացները երկարաժամկետ բնույթ ունենան, ապա որոշակի ազդեցություն հնարավոր է»։ Գուցեև ֆինանսական շուկայի վրա ազդեցությունը մեծ չլինի, սակայն տնտեսության վրա ընդհանուր առմամբ ազդեցություն պետք է որ լինի։ «Մեր տնտեսության վրա ավելի շատ ազդեցություն կարող է թողնել ճանապարհային կոմունիկացիաների խնդիրը, քան ամերիկյան դոլարի փոխարժեքն իրենց բորսաներում»։ Ի դեպ, Հայաստանի բանկային համակարգի ղեկավարների գնահատմամբ, միջազգային ֆինանսական շուկայի դրությունը շատ «տխուր» ազդեցություն կարող է թողնել Հայաստանի շուկայի վրա։ Չնայած այս գնահատականին, Հայաստանի գլխավոր ֆինանսիստը մնաց այն տեսակետին, որ ազդեցությունը չնչին կլինի։
Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ ֆինանսների նախարարը նշեց, որ կառավարությունը հավանության է արժանացրել 2009-ի պետբյուջեի նախագիծը, ըստ որի եկամտային մասը կազմում է 905 մլրդ դրամ (2008-ի 745 մլրդ դրամի դիմաց), իսկ ծախսային մասը՝ 945 մլրդ դրամ (2008-ի 822 մլրդ դրամի դիմաց), դեֆիցիտը՝ 40 մլրդ դրամ։ Զուտ հարկային մուտքերը (տուրքերը) կազմում են 726 մլրդ դրամ, պարտադիր սոցիալական վճարները՝ 128 մլրդ դրամ, պաշտոնական դրամաշնորհները՝ 36 մլրդ, այլ եկամուտները՝ 14,8 մլրդ։ Բանախոսը նշեց. «Եթե պետբյուջեի եկամտային մասը՝ 905 մլրդ դրամը, հարաբերակցենք ՀՆԱ-ի հետ, ապա այն կկազմի 21,7%, ինչը լուրջ մաս է կազմում։ Ծախսային հատվածը կկազմի 22,7%, հարկեր-տուրքերը՝ 17,1%, իսկ դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ՝ 0,9%»։ Սղաճը, որը կկազմի 4 +_ 1,5%, ըստ նախարարի, էական ազդեցություն չի թողնի։ Նշված ցուցանիշներին հասնելու համար բոլոր նախապայմանները կան, և բյուջեի 1%-ից ցածր դեֆիցիտը հնարավորություն կտա պետբյուջեի կատարման հարցում ճնշելու գնաճը։ Բոլոր դեպքերում հուսադրողն այն է, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ավելացում է նախատեսվում տարեկան 0,4%-ով։ Գուցե այս դեպքում, իսկապես, բյուջեով նախատեսված սոցիալական ոլորտի ծախսերի ավելացումը գործնականում շոշափելի լինի։ Համենայն դեպս, նախարարը, առանց բյուջեին անվանում տալու, ընդգծեց, որ լուրջ ավելացում է կատարվել սոցիալական ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության։ «Սոցիալական ոլորտներում ֆինանական ծավալների մեծացումը կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է, որը հնարավորություն կընձեռի 2010-ին իրականություն դարձնել կառավարության ծրագրով որդեգրած համամասնությունները»։ Նկատենք, որ կրթության ոլորտում, ըստ նախագծի, ֆինանսավորումը կազմում է 127 մլրդ, առողջապահության ոլորտում՝ 66 մլրդ, սոցիալական ոլորտում (նպաստներ և թոշակներ)՝ 243 մլրդ, գիտության՝ 8,3 մլրդ դրամ։ Պաշտպանության ոլորտի հատկացումները կազմում են 149,9 մլրդ։
Ի դեպ, լրագրողներին հետաքրքրող թիվ մեկ հարցն աշխատավարձերի և կենսաթոշակների նախատեսվող բարձրացումն էր։ Ըստ ներկայացվածի, միջին կենսաթոշակը կկազմի 25 հազար 670 դրամ՝ ներկայիս 21 հազար 842-ի դիմաց, իսկ նվազագույն աշխատավարձը` 30 հազար դրամ՝ ներկա 25 հազարի դիմաց։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 8060

Մեկնաբանություններ