«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«ԼՂ հակամարտությունը ձեռնտու է միայն Պուտինին»

«ԼՂ հակամարտությունը ձեռնտու է միայն Պուտինին»
04.04.2016 | 13:09

Երրորդ օրն է՝ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրումն է: Հակամարտության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում ձեռնտու է նախևառաջ Կրեմլին՝ «Ապոստրոֆին» ասել է ռուս քաղաքագետ և հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին: Նրա կարծիքով՝ Պուտինի շահերից է բխում հակամարտության հրահրմամբ զորքերը մտցնել սահմանագիծ և հետո հանդես գալ «խաղաղարարի» դերում: Դա նրան նաև հնարավորություն կտա վերահսկել Վրաստանը: Կրեմլի նպատակներից ևս մեկը Արևմուտքին մշտական մտահոգության վիճակում պահելն է և հիշեցնելը, որ առանց իրեն համաշխարհային քաղաքականության ընդհանրապես ոչ մի խնդիր չի կարող լուծվել: «Սրացումը Լեռնային Ղարաբաղում բավական տարօրինակ տեսք ունի: Զուտ ռազմական հանգամանքների առումով ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը շահագրգռված չեն ռազմական գործողությունների սրմամբ»,- ասել է քաղաքագետը:
Նա նշել է, որ Հայաստանն իդեալական պաշտպանական դիրք ունի: Ուստի Ադրբեջանի համար ցանկացած պատրաստություն, վերջերս Ռուսաստանից գնված ամբողջ սպառազինությունների ավելացումով հանդերձ՝ այդ գիծը ճեղքելը շատ դժվար կդարձնի: Հայերի համար էլ դրանից առաջ գնալը բացարձակ անիմաստ է ռազմական տեսանկյունից, քանի որ նրանց ռազմաքաղաքական խնդիրն է ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածքը, և նրանք հետագա ընդլայնման չեն հավակնում: Ռազմական առումով ստեղծվել է փակուղային իրավիճակ:
«Միաժամանակ, հարյուրավոր մարդիկ, տարբեր ԶԼՄ-ների տեղեկություններով, այնտեղ արդեն զոհվել են: Այնպես որ՝ պետք է փնտրել որևէ երրորդ կողմ, ում շահերից է բխում, գուցե, հակամարտության նման բորբոքումը:
Ռուսական ԶԼՄ-ները հուշում են, որ դա Թուրքիան է, որը «Մեծ, ծնկներից բարձրացող Ռուսաստանին» կեղտոտելու համար Ադրբեջանին դրդել է ևս մեկ ճակատ բացել Հայաստանի դեմ: Իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի դաշնակիցն է, նշանակում է՝ ճակատ է բացվել նաև Ռուսաստանի դեմ: Բայց դժվար է հավատալ, որ Ադրբեջանն այդքան հեշտությամբ այդքան ռիսկային արկածների կգնա հանուն Էրդողանի ինչ-որ ամբիցիաների»,- ասել է Պիոնտկովսկին:
Նա կարծիք է հայտնում, որ այս սրացմամբ ավելի շահագրգռված է Մոսկվան: «ՎլադիմիրՊուտինը՝ որպես մեծագույն խաղաղարար, ԱՐԴԵՆ իր ծառայություններն առաջարկել է այդ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Ահա նա խաղաղություն է հաստատում Ուկրաինայում, Սիրիայում է խաղաղություն հաստատում, ուրեմն ինչո՞ւ խաղաղություն չհաստատի նաև Հարավային Կովկասում: Առավել ևս, որ այդ խաղաղարարությունը նրան հնարավորություն կտա լիովին բաց, նույն ականջները թափահարող արևմտյան տերությունների համաձայնությամբ զորքեր մտցնել կողմերի բաժանարար գիծ: Իսկ դա արդեն ոչ թե պարզապես վերահսկողություն է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ, որը մեծապես Մոսկվան վաղուց ունի, այլև Վրաստանի: Անմիջապես խնդիր է ծագում միջանցք հարթել Հայաստանում Գյումրիի ռուսական բազա, իսկ այդ միջանցքն անցնում է Վրաստանի տարածքով»,- նշում է վերլուծաբանը:

Դիտվել է՝ 2740

Մեկնաբանություններ