Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչո՞ւ է Ալիևը կրակում

Ինչո՞ւ է Ալիևը կրակում
05.04.2016 | 00:39

Գերմանական «Suddeutsche Zeitung» պարբերականը «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում» (ICIJ) կազմակերպության հետ համատեղ հրապարակել է Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների փաստաթղթերի հսկայածավալ ցանկ: «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» տեղեկացնում է, որ խոսքը պանամական «Mossack Fonseca» իրավաբանական ընկերության 40 տարվա ամենօրյա փաստաթղթային շրջանառությանն է վերաբերում, որը 11,5 միլիոն առանձին փաստաթղթերի տեսքով հայտնվել է հետաքննող լրագրողների ձեռքում։ Գաղտնազերծված փաստաթղթերը պատմում են աշխարհի գործող ու նախկին նախագահների, հայտնի քաղաքական գործիչների, գումարների լվացման, հարկերից և պատժամիջոցներից խուսափելու մեխանիզմների մասին, որ իրագործել է իրավաբանական ընկերությունը օֆշորային ընկերություններ գրանցելու ճանապարհով։
Մեկ տարի լրագրողները մշակել, դասակարգել և սկանավորել են փաստաթղթերը, ինտերակտիվ քարտեզի տեսք տվել և մի քանի լեզուներով զետեղել պարբերականների կայքէջերում։ Տվյալների ամբողջական հրապարակումը սպասվում է մայիսին։
Փաստաթղթերում խոսքը տասնյակ նախկին և ներկայիս պետությունների ղեկավարների մասին է, միջազգային մասշտաբի այլ կոռուպցիոն սկանդալներում, այստեղ ևս իր ուրույն տեղն է զբաղեցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ընտանիքի անդամների և հարազատների ողջ կազմով։
Կոնսորցիումն Ադրբեջանի նախագահի մասին գրում է. «Իլհամ Ալիևը վարում է ճոխ ու շվայտ կյանք` երկրի տնտեսության համարյա բոլոր բնագավառներում ունեցած ֆինանսական մասնաբաժինների հաշվին։ Նրա կինը` Մեհրիբան Ալիևան սերում է ազդեցիկ և արտոնյալ Փաշաևների ընտանիքից, որի տնօրինության տակ են բանկեր, ապահովագրական և շինարարական ընկերություններ, հեռուստաընկերություն, կոսմետիկայի խանութների ցանց։ Նա նաև ղեկավարում է «Հեյդար Ալիև» հիմնադրամը, Ադրբեջանում գերիշխող դիրք զբաղեցնող բարեգործական ընկերություն, որը կանգնած է կառուցապատվող դպրոցների, հիվանդանոցների ու խոշոր մարզական համալիրների հետևում։ Ալիևների ավագ դուստրը` Լեյլան, «Բաքու» ամսագրի խմբագիրն է, և քրոջ` Արզուի հետ ֆինանսական մասնաբաժիններ ունի երկրի արևմտյան Չովդար գյուղում գործող ոսկու հանքավայրում, Ադրբեջանի առաջատար բջջային օպերատոր «Ազերֆոն» (Azerfon) ընկերությունում։ Արզուն նաև ծանրակշիռ փայատեր է «SH Հոլդինգում» (SW Holding), որը տնօրինում է ադրբեջանական «Ազալ» ավիաընկերությանն առնչվող բոլոր բիզնես ոլորտները, օդանավերում սննդի մատակարարումից ընդհուպ մինչև օդանավակայանի հարկերը։ Երկու քույրներն ու նրանց եղբայրը Դուբայում ձեռք են բերել ունեցվածք, որը 2010-ին գնահատվել էր 75 միլիոն դոլար։ Հեյդարը Դուբայում գնված 44 միլիոն դոլար արժողությամբ ինը շքեղ դղյակների սեփականատեր է։ Նախագահ Ալիևի քույրը` Սևիլ Ալիևան, որ ապրում է Լոնդոնում, Ադրբեջանում հիմնադրել է «Space TV» հեռուստաընկերությունը, որը հիմնականում լուրեր և զվարճանքի թողարկումներ է հեռարձակում։ «Mossack Fonseca» ֆիրմայի փաստաթղթերի ուսումնասիրությունը ի հայտ է բերել Ալիևների անվան հետ կապված ընկերություններ՝ ոսկու հանքերի շահագործում, անշարժ գույք և բիզնես գործունեություն։
2005-ին նախագահ Ալիևի կինը` Մեհրիբան Ալիևան, նշվել էր, որպես պանամական «UF Universe Foundation» ընկերության երկու տնօրեններից մեկը։ Ընկերությունը ձևավորվել էր 2003-ին։ 2005-ին «Mossack Fonseca» ֆիրմային Ալիևների անունից ուղարկված ծավալուն հայտով նախատեսվում էր, որ «UF Universe Foundation» պետք է վերահսկողություն սահմանի «AtaHolding» ընկերության նկատմամբ, որն ադրբեջանական խոշոր կոնգլոմերատ է։
2005-ին մեկ այլ հայտով նախագահ Իլհամ Ալիևի երեք երեխաներն ու ադրբեջանական հարկային ծառայության բարձրաստիճան մեկ պաշտոնյա գրանցվել են որպես նշյալ ընկերության շահառուներ։ Իրականացված գործարքով ևս երկու գաղտնի ընկերություններ են հիմնադրվել նույն «Mossack Fonseca»-ի միջոցով, սակայն պարզ չէ, արդյոք հայտի գրանցումը երբևէ ընդունվել է։
«UF Universe Foundation» ընկերության գործունեությունը դադարեցվել է 2007-ին, 2014-ի հունվարին կոնգլոմերատի ներկայացուցիչը կրկին դիմել է «Mossack Fonseca»-ին կրկին ակտիվացնելու հայտով։ Բացի վերոնշյալից, Ալիևի դուստրերը տնօրինում են Պանամայում գրանցված օֆշորային ևս մեկ և Վիրջինյան կղզիներում գրանցված երկու ընկերություններ։ Պանամական ընկերությունը զգալի մասնաբաժին ունի Ադրբեջանում ոսկու հանքավայրերի շահագործմամբ զբաղվող ընկերությունների կոնսորցիումում։ Իլհամ Ալիևի քույրը «BVI» ընկերության միակ շահառուն և սեփականատերն է, որը գրանցվել է 2005-ին։
Որպես սեփականատիրոջ գրանցման հասցե նշվել էր Լոնդոնի արևմտյան արվարձանը, որտեղ բնակարանների միջին արժեքը կազմում է 9 միլիոն դոլար»։ Գաղտնազերծված փաստաթղթերի կապակցությամբ լրագրողների՝ Ալիևի ընտանիքին ուղղված բազմաթիվ հարցումներն անպատասխան են մնացել։ Ալիևների գործարքների մասին պատմող էջին կցված են գաղտնազերծված նամակագրության նմուշներ, որոնք վերաբերում են ընկերությունների հայտերի գրանցմանն ու վերաձևակերպմանը։
Հրապարակման մեջ ինտերակտիվ քարտեզի տեսքով պատկերված են Իլհամ Ալիևի ընտանիքի ամեն մի անդամին առնչվող օֆշորային ընկերություններն ու միջնորդ կազմակերպությունների փոխհարաբերությունները։
Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցելու դատարանների հետ այն գործերի շրջանակում, որոնք կարող են հարուցվել Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի հրապարակման «հետքերով», որոնք օֆշորային ընկերությունների միջոցով իրականացված գործարքների մասին են, գրում է Associated Press-ը: Նրա խոսքով՝ Պանամայի ղեկավարությունը չի հրաժարվի տնտեսական ոլորտում ցանկացած անօրինական գործունեության հանդեպ «զրոյական համբերատարության» քաղաքականությունից։


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Հ. Գ. Ադրբեջանը տիպիկ Արևելք է իր մենթալիտետով, իսկ Արևելքում տիրակալի փողերը չեն հաշվում, ավելին՝ որքան տերը հարուստ է, այնքան լավ են ապրում ծառաները: Բայց նավթի գնանկումից հետո Ադրբեջանում ավելի ու ավելի շատերին է հետաքրքրում, թե ուր են գնում նավթադոլարները և ինչու են իրենք աղքատ: Բոլորի համար կա ընդհանրական պատասխան՝ մեղավոր են Հայաստանն ու հայերը, որ ստիպում են Ադրբեջանին արդար վաստակով աշխատած փողերը ռազմական բյուջեի վրա դնել՝ «օկուպացիոն զորքերից» «հայրենիքն» ազատելու համար: Իրականում Ալիևին պարզապես սեփական կողոպուտը թաքցնելու տեղ է պետք և ղարաբաղյան պատերազմը լավ բացատրություն է, թե ուր են գնացել ու գնում փողերը, մինչդեռ նրանք ազատ նավարկում են օֆշորներում ու եկամուտներ են բերում ոչ թե պետությանը, այլ նախագահին, որ բռնազավթել է իշխանությունը և պատրաստվում է նախագահել ինչպես հայրը՝ մինչև մահ: Երբ փող կա, ոչինչ, բայց երբ փող չկա, իսկ ապրել պետք է, Ալիևի իշխանությունը վիճարկելու է ոչ թե ընդդիմությունը, այլ սոված և անգործ ժողովուրդը, որին Ղարաբաղը հետաքրքրում է միայն կուշտ, հարուստ ու երջանիկ ժամանակ:

Դիտվել է՝ 3105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ