Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Հյուսիսային Սիրիայի Դաշնության» թիկունքում թաքնված են նաև այլ փաստեր ու երևույթներ

«Հյուսիսային Սիրիայի Դաշնության» թիկունքում թաքնված են նաև այլ փաստեր ու երևույթներ
05.04.2016 | 00:43

Սիրիայի շուրջ Ժնևի հաշտության բանակցությունների վերսկսումից երեք օր անց` մարտի 17-ին, սիրիական Ռումեյլան փոքր քաղաքում (Հասեկեի նահանգ), այսպես կոչված, Նախապատրաստական կոմիտեի քրդական բյուրոյի անդամները «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) առաջնորդությամբ արտակարգ որոշում ընդունեցին «Հյուսիսային Սիրիայի Դաշնություն» հռչակելու մասին` այն երեք տարածքներում, որոնք վերահսկվում են նշված կուսակցության և նրա զինված թևի կողմից` ի դեմս «Ժողովրդական ինքնապաշտպանության» «փեշմերգայի» ջոկատների։ Ինքնըստինքյան հետաքրքիր քայլ է, և հենց ամբողջ Սիրիայի ապագայի որոշմանը սիրիացի քրդերի մասնակցության տեսակետից, այդ թվում` ժնևի բանակցություններին առանձին պատվիրակությամբ մասնակցելու միջոցով։ Դժվար է բացառել, որ հենց այդ նպատակով էլ, նկատի ունենալով, որ այդ գաղափարի միակ հակառակորդը մնացել է Թուրքիան, սիրիացի քրդերը դիմեցին արագորեն «Հյուսիսային Սիրիայի Դաշնության» հռչակման քայլին, թեև Ժնևում նրանց առանձին մասնակցությանը համաձայն են նաև սիրիական հրադադարի հովանավորները` Ռուսաստանն ու ԱՄՆ-ը։ Եվ Սիրիայի քրդերը շատ հանգիստ կարող էին սպասել, մինչ Մոսկվան ու Վաշինգտոնը «պատին կսեղմեին» Թուրքիային։

Սակայն քիչ հիմքեր չկան ենթադրելու, որ մենք գործ ունենք այլ գործընթացի հետ, որը սկսելու համար Ռումեյլանում, ըստ էության, ինչ-որ քրդական պետականության (անկախ կամ ինքնավար) նախատիպի հռչակումը յուրօրինակ «փորձաքայլ» է։ Հասկանալի էր Թուրքիայի կոշտ արձագանքը. Անկարան երազում էր, որ Սիրիայից «պոկված» հյուսիսային տարածքները լինեին իր կողմից հովանավորվող «թուրքմենների ղեկավարության ներքո», այսինքն, ըստ էության թուրքական զորքերի կողմից օկուպացված, և ոչ թե քրդական պետականության սաղմեր պարունակող տարածքներ։ Պարզ էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, որպես Ժնևի հաշտության բանակցությունների գլխավոր երաշխավորներ, կտրականապես չեն համաձայնի քրդերի միակողմանի գործողություններին, թեև հասկանալի է, որ Մոսկվան ու Վաշինգտոնն ունեն և՛ իրենց առանձին նկատառումները, և՛ իրենց առանձին վերապահումները։ Այսպես, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները սիրիացի քրդերի հայտարարության նախօրեին կայացած բրիֆինգում հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի ճանաչում Սիրիայում որևէ ինքնահռչակված կամ կիսաինքնավար գոտի. «Մենք շատ հստակ պատկերացում ունենք Սիրիայի տարածքային ամբողջականության ու միասնության հարցում մեր հավատի մասին, և համարում ենք, որ այդ կարգի կիսաինքնավար գոտիների ստեղծումը այժմ... բացահայտ սպառնալիք կլիներ դրանց համար»։ Սակայն, նրա խոսքով, Վաշինգտոնը կընդունի դաշնային կառուցվածքը Սիրիայի համար, եթե սիրիացիները, վերջին հաշվով, համաձայնություն տան դրան։

Նույն օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան կպաշտպանի Սիրիայի դաշնայնացումը, եթե դրա օգտին արտահայտվի արաբական հանրապետության ժողովուրդը։ Ավելին, մարտի 11-ին հաղորդվել էր, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցություններին մոտ կանգնած ուժերը քննարկում են Սիրիայի դաշնայնացման հնարավորությունը։ Ընդ որում, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ապագայում Սիրիայի քաղաքական կառուցվածքի կոնկրետ մոդելները, որոնք կբխեն նրա ամբողջականության պահպանման սկզբունքից, այդ թվում` դաշնայնացման հնարավորությունը, պետք է մշակվեն միջսիրիական բանակցությունների ընթացքում։ Բայց քրդական հայտարարությունից հետո ՌԴ-ի տոնը մի փոքր կոշտացավ։ Մոսկվայում հայտարարեցին, որ հնարավոր չեն համարում միակողմանի կարգով Սիրիայի պետական կառուցվածքի ձևի հարցը լուծելը։ «Պարզապես ոչ մի իմաստ չկա ինչ-որ բան հայտարարելու բանակցային գործընթացի և միջսիրիական երկխոսության շրջանակներից դուրս»,- հայտարարեց Ռուսաստանի նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, միաժամանակ խոստովանելով, թե «դա մեր գործը չէ»։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարեց, թե Սիրիայի ներքին կառուցվածքը ներսիրիական հարց է և պետք է լուծվի սահմանադրության վրա աշխատելու ընթացքում, պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունների սեղանի շուրջ։

Բայց, ընդհանուր առմամբ, դժվար չէ նկատել, որ սիրիացի քրդերի ապագայի առնչությամբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները լիովին համահունչ են. եթե իրենք` սիրիացիները, «կողմ» կլինեն, ապա` խնդրեմ։ Մինչդեռ սիրիացիներն իրենք, ախր, դեմ են։ Ընդ որում, ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը։ Պաշտոնական Դամասկոսը դաշնային տարածաշրջանի ստեղծումն անվանել է անօրինական։ Կառավարությունը զգուշացնում է «Սիրիայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը խարխլելու ամեն փորձից, ինչ անվամբ էլ որ դրանք հանդես գան,- հայտարարել է Սիրիայի արտգործնախարարությունը,- Ցանկացած նման հայտարարություն չունի և չի կարող ունենալ իրավաբանական և քաղաքական ուժ ու ազդեցություն»։ Քրդական տարածաշրջանի ստեղծումը չի պաշտպանել նաև սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան։ «Ինչ-որ կազմավորումներ կամ առանձին տարածաշրջաններ ստեղծելու փորձերը սիրիական ժողովրդից խլում են նրա կամքը»,- ասվում է ազգային կոալիցիայի հայտարարության մեջ։ «Հմեյմիմ» ընդդիմադիր խմբի ներկայացուցիչ Իլյան Մոսադը դաշնայնության վերաբերյալ հայտարարությունն անվանել է խորհրդանշական ու վաղաժամ քայլ, որն ընդհանուր ոչինչ չունի իրողության հետ։ Նրա խոսքերով, պետք էր սպասել մինչև բոլոր սիրիացիները համաձայնեին այդ խնդրին։ Բնականաբար, ծայրաստիճան բացասաբար է արտահայտվել նաև Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի հովանավորությունը վայելող «ընդդիմությունը», այդ թվում` սիրիական ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ) համակարգող (Էր Ռիադից) Ռիադ Հիջաբը։ Դեմ են բոլոր արաբական երկրները` և՛ Եգիպտոսը, և՛ Պարսից ծոցի միապետությունները, և՛ մյուսները։

Հետաքրքիր է Իրանի արձագանքը։ Հրապարակավ` զրո գնահատական և քար լռություն։ Իսկ գործողություններով` Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շտապ այցելում է... Թուրքիա, բանակցում իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Պաշտոնական հաղորդագրություններից հայտնի է, որ, բացի երկկողմ հարաբերություններից, կողմերն անդրադարձել են «տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորմանն» ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Անկարա կատարելիք այցի հարցերին։ Փոխարենը համատեղ մամուլի ասուլիսում որոշ բան հնչեց սիրիացի քրդերի որոշման վերաբերյալ, ճիշտ է, Չավուշօղլուի շուրթերից։ Նա հիշեցրեց, որ Անկարան սիրիական PYD կուսակցությունը համարում է «ահաբեկչական» Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) շարունակությունը, և որ քրդերը, «ցույց տալով իրենց իսկական դեմքը», ուզում են մասնատել Սիրիան։ «Մենք Իրանի հետ պաշտպանում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,- մամուլի ասուլիսում հավաստիացրեց նախարարը։ Բայց Զարիֆը դարձյալ լռություն պահպանեց։ Դե, իսկ իրանցու լռությունը և՛ բազմանշանակ է, և՛ թանկ արժե։

Տարածաշրջանային բոլոր «հանդիսականներից» սիրիացի քրդերի որոշումը պաշտպանեցին, բնականաբար, միայն իրաքցի քրդերը։ Իրաքի, այսպես կոչված, քրդական ալյանսի (այսինքն` Աթ-Թալաբանիի և Բարզանիի մրցակցող կլաններին հաշտեցնող միավորման) ներկայացուցիչ Սաադի Փիրան հայտարարեց, որ «Սիրիայի քրդերը շատ փորձանքների միջով են անցել, և նրանք ավելի լավ ապագա են ակնկալում», կոչ անելով հարգել ու պաշտպանել այդ որոշումը։ Ավելին, իրաքցի քրդերն անմիջապես հերթական անգամ հայտարարեցին, որ սկսում են նախապատրաստվել անկախության հանրաքվեին։ Եվ դա առաջին ազդանշանն է այն բանի, որ, բացառված չէ, խոսքը ոչ թե պարզապես «Հյուսիսային Սիրիայի Դաշնության» մասին է, այլ ինչ-որ ավելի խոշոր բանի։ Որովհետև հանրաքվեի մասին իրաքցի քրդերի հայտարարությունից հետո էլ արդեն սկսել են նման իրադարձություններ ծայր առնել։ Մինչդեռ և՛ Հյուսիսային Սիրիայի ոմն պաշտոնյա Իդրիս Հասանը, և՛ Մոսկվայում Սիրիական Քրդստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը դաշնայնացման շարժառիթները բացատրում են նրանով, որ քրդերին չեն հրավիրել Ժնևի բանակցություններին, և հերքեցին, թե Սիրիայի մասնատման գործընթաց է սկսվել («Խոսքը Սիրիայից բաժանվելու մասին չէ։ Մենք մնում ենք նրա կազմում, բայց դաշնություն ենք հռչակում»)։ Հանկարծ սկսեց խոսել PYD կուսակցության` երկար ժամանակ «բերանը ջուր առած» ղեկավար Սալեհ ալ-Մուսլիմը, որի Ժնևում հայտնվելուն դեմ է հանդես գալիս Անկարան։ «BasNews» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ալ-Մուսլիմը այնպիսի բաներ հայտարարեց, որոնք արմատապես փոխում են մոտեցումները թե՛ տարածաշրջանում Քրդական հարցի զարգացման իրավիճակի, թե՛ Սիրիայի ներքին իրավիճակի գնահատման առնչությամբ։ Նրա ասելով, «սիրիացի քրդերը վատ հարաբերություններ ունեն Բաշար Ասադի վարչակազմի հետ», և նրանք պետք է ընկալվեն իբրև Դամասկոսի նկատմամբ միակ իրական ընդդիմություն։ Ալ-Մուսլիմը հերքել է Սիրիական Քրդստանում ԱՄՆ-ի ռազմաբազա հիմնելու մասին լուրերը. «Սիրիական քրդական իշխանությունները կիմանային, եթե նման ծրագրեր լինեին»։ Եվ սա արդեն այնքան էլ հասկանալի չէ, քանի որ ապագա ամերիկյան բազաների մասին գրել են ամերիկյան ու բրիտանական լրատվամիջոցները, սակայն հասկանալի է, որ Ալ-Մուսլիմը պատահականորեն չի հրապարակավ հերքում այդ լուրերը։ Ինչ վերաբերում է Հյուսիսային Սիրիայում համադաշնային տարածաշրջանի ստեղծմանը, ապա PYD-ի ղեկավարն ասել է, որ իրենք առաջվա նման տարբերակներ են քննարկում, ջանալով խույս տալ այլ կողմերի հետ հարաբերություններում հնարավոր լարվածությունից։ Իսկ վերջում Ալ-Մուսլիմը լիակատար պաշտպանություն է հայտնել անկախ քրդական պետության ստեղծմանը, «եթե նրա հռչակագիրը դրական միտում ունի»։

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ