«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Այսօր Հայաստանում ժողովրդին խաբել այլևս հնարավոր չէ»

«Այսօր Հայաստանում ժողովրդին խաբել այլևս հնարավոր չէ»
06.04.2018 | 00:47

Մինչ իշխանությունը սահուն քայլերով մոտենում է իր գծած սցենարի ավարտին, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ «Իմ քայլը» օպերացիան են գործի դնում։ Նիկոլ Փաշինյանը քայլերթ է անում մարզերով, որպեսզի կանխի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրումը։ Ի պատասխան ՀՀԿ-ից հնչում է հետևյալ միտքը. «Թող քայլի, քայլելը օգտակար է առողջությանը»։ Քաղաքագետ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրույցում անդրադառնում ենք այսօրվա քաղաքական խճանկարին։

-Իշխանությունն անվրդով շարունակում է իրագործել իր ծրագիրը, իսկ ընդդիմությունը մասնատված ու անհասկանալի վիճակում է։ Խորհրդարանական ընդդիմության մեծ մասը լուռ հետևում է զարգացումներին, «Ելքում» էլ, պատկերավոր ասած, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Հարաբերությունները սկսել են հոդվածներով ու լրատվամիջոցների օգնությամբ պարզել։ Արտախորհրդարանական ընդդիմության մի փոքր հատվածն էլ մի քանի հոգով որոշել է հրապարակում իշխանական հզոր մեքենայի դեմ դուրս գալ։ Ի վերջո, ի՞նչ սպասել քաղաքական այսպիսի դասավորությունից, պարոն Սարգսյան։
-Ծանր է ընդդիմության վիճակը, և սա մտերմիկ զրույցում փաստում են նաև նրանք, թե ինչու է ժողովուրդը պասիվ, փողոց դուրս չի գալիս։ Բայց մինչ այս պետք է հասկանալ իշխանության դիրքավորումը, թե ինչու այդքան հանգիստ է իրեն պահում։ Իշխանությունը փորձում է իրականացնել էությամբ ոչ պարկեշտ պլաններ` երկրում իրավիճակն անփոփոխ թողնելով։ Բոլորն էլ տեսնում են, թե ինչ օրենսդրական փոփոխություններ են արվում, ապագա վարչապետին ինչ գերլիազորություններով են օժտում։ Այս ամենը ոչ միայն վտանգավոր է, այլև ոչ օրինական ու ոչ բարոյական։
-Եթե իրավիճակը Ձեր նկարագրածի պես վտանգավոր է, ոչ օրինական ու ոչ բարոյական, ինչու՞ ժողովուրդն այդ ամենին համարժեք չի արձագանքում, ինչու՞ չի հետևում ընդդիմադիրների հորդորին ու փողոց դուրս չի գալիս։ Նիկոլ Փաշինյանը կասեր` իր քայլը չի անում։
-Նայած ինչ նկատի ունեք ժողովուրդ ասելով։ Նախ` ինչու է իշխանությունը գնում այդ ճանապարհով։ Նա համոզված է, որ կարող է իրականացնել իր նպատակներն այն մարդկանց միջոցով, որոնք այս տարիների ընթացքում սպասարկել են իշխանության շահերը։ Այդ մարդիկ առկա են բոլոր բնագավառներում` մանկապարտեզից մինչև ակադեմիա և խորհրդարան։ Սա մարդկային մի կատեգորիա է։ Նման անձինք ոչ միայն սեփական կարծիք չունեն, այլև փայլուն գիտեն, որ իրենց տեղը պահելու համար պետք է ծառայություններ մատուցեն բարձր պաշտոններ ունեցողներին։ Կապ չունի` ծառայություն մատուցողը կի՞ն է, տղամա՞րդ, տարե՞ց, թե՞ երիտասարդ։ Ստեղծվել է մի հսկայական կորպուս, մարդկային կատեգորիա, որը շատ երկար տարիների ընթացքում է ձևավորվել։ Մեր երկրի իրական չարիքը հենց սա է։ Նման կորպուս ունենալով, ցանկացած պաշտոնյա կարող է անել այնպիսի գործողություններ, որոնք այլ իրողությունների պարագայում երբեք իրեն թույլ չէր տա։ Մեծ ջանքեր են պահանջվել մարդկանց նման խումբ ստեղծելու համար։ Հիշում եք, չէ՞, որ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հերթով կանչում էին նախագահական, որպեսզի ձեռք սեղմեն, գլուխ խոնարհեն ու վերջում էլ ֆոտոսեսիայի «ենթարկեն»։ Սա այն մեխանիզմն է, որով ամեն մեկին կոտրում են, ժողովրդի առաջ ցույց են տալիս նրա ստորությունը։ Նրանք գնում են մի բան ստանալու համար, եղածը չկորցնելու նպատակով, որովհետև բոլորն էլ գիտեն, որ այդ ունեցածն անօրինական է։
-Իսկ ի՞նչ է անում այդ ընթացքում իրական ընդդիմությունը։
-Մեկ օրում չէ, որ ընդդիմությունը հայտնվեց այս վիճակում։ 96-ից Հայաստանի առաջին ընդդիմությունը մշակեց մի թեզ, որ գոյություն ունեցող հանցավոր ռեժիմը երկիրը հասցրել է կործանման եզրին և բոլորս ունենք մի խնդիր` իշխանափոխության հասնել։ Եվ երբ ինչ-որ մեկը փորձում էր բան պարզել, ասում էին` հարցեր մի տվեք, մենք ժամանակ չունենք, չե՞ք տեսնում վիճակը։ Այսինքն, դեռ այն ժամանակվանից ընդդիմադիր ուժերի մի կատեգորիա է ստեղծվել, որը թույլ չի տալիս իրենց հարցեր տալ։ Հետագա տարիներին ընդդիմադիրներն ավելի առաջ անցան. երբ փորձում էիր հարցեր տալ, ասում էին, թե իշխանության ներկայացուցիչն ես։ Հանրության մուտքը քաղաքական գործընթացներին փակել են։ Ասում են. «Մենք ենք հավաքվել, դուրներդ չի գալիս, գնացեք, ինչ ասում ենք, առանց հարցի լսեք, մենք ենք որոշողը»։ Այս կատեգորիան էլ տասնամյակների ընթացքում է ստեղծվել։ Կա ընդդիմադիրների մի խումբ ևս, որոնք իրենց փրկիչ են համարում, նրանց ոչինչ չի կարելի ասել։ Ով համարձակվում է որևէ բան ասել, դառնում է պետության, ժողովրդի թշնամի։ Եթե դիտարկենք անկախության շրջանի բոլոր ընդդիմադիր ուժերին, կտեսնենք, որ միմյանց մոդելներն են կրկնում։ Այսպես է մինչև այսօր։ Քաղաքական միտքն այս երկրում ոչնչացվել է։ Այս տարիներին ընդդիմությունը ոչ մի արդյունքի չի հասել։ Ժողովուրդն անընդհատ հավատում էր, որ այս մեկը չէ, բայց մյուս ընդդիմությունն իրեն հաղթանակ կբերի։ Հետո ականատես էին լինում, թե այդ ընդդիմադիրները ինչպես էին իրենց պահում, ինչպես էին օգտագործում ժողովրդին։ Հիշենք հայտնի դեմքերին` Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան։ Ինչպես էին բոցաշունչ ելույթներից հետո գնում գործող իշխանության հետ պայմանավորվածությունների` իրենց անձնական խնդիրները լուծելու համար։ Այդ ամենից հետո սկսում էին նաև այլ ընդդիմադիրների հայհոյել։ Իսկ վերջին 10 տարիներին այդ ընդդիմադիրներն ավելի առաջ գնացին, մտան իշխանության ցուցակ` տարիներով ապահովելով իրենց տեղը խորհրդարանում, իմա` ծառայելով օրվա իշխանությանը։ Էությամբ անբարոյական ու անօրինական ծառայություններ մատուցելու ապրելակերպն անընդհատ խորանում է։
-Եվ խրախուսվում։
-Իհարկե, ասում են, չէ՞, մենք մեր հաճախորդներին գիտենք։ Ամեն ինչ շատ բաց է արվում։ Վերջին տարիներին կատարվել է մի շատ էական բան։ Ժողովուրդն ինչ-որ պահի ասաց. «Հերիք է, պարզ է ամեն ինչ, մենք ձեզ հետ խոսելու բան չունենք, բոլորի իրական դեմքը մեզ հայտնի է»։ Ըստ այդմ, ժողովուրդը սկսել է զարգացումներին իր վերաբերմունքը ցույց տալ։ Այսօր Հայաստանում ժողովրդին խաբել այլևս հնարավոր չէ։ Վերջին ընտրություններին, երբ ասում էին, թե ժողովուրդը հիասթափվելու է, պարզվեց` ոչ մի հիասթափություն էլ չեղավ։ Հակառակը, սկսեցին ամեն տեղից հասարակությանը մեղադրել, թե փող են վերցրել, ընտրություններն առևտրի են վերածել։ Բայց ժողովուրդը հակադարձեց նման հայտարարություններ անողներին, թե ովքեր են ընդհանրապես նրանք, որ գնային ու նրանց ընտրեին, նույն ռեժիմի մարդիկ են, իրենց միջոցով հարցեր են ուզում լուծել։ Այսինքն, մարդիկ ոչ թե հիասթափվել են, այլ հասկացել են` ում և ինչի հետ գործ ունեն։ Որևէ մեկը ցանկություն չունի ինչ-որ մեկին աջակցելու, որ նա իր անձնական հարցերը լուծի։
-Այս տրամաբանությու՞նն է աշխատում, որ այն ուժերի կողքին, որոնք հրապարակ ու քայլելու են կանչում, քիչ մարդ է հավաքվում։
-22 տարվա քաղաքականությունը բերել հասցրել է այն բանին, որ մարդկանց աչքերը բացվել են։ Մարդիկ գիտեն, որ գործ ունեն մի խավի հետ, որն այս իրավիճակն է սարքել իրենց գլխին։
-Փաստորեն, իշխանությունն ու ընդդիմությունը չե՞ն տարբերվում։
-Տարբերվում են իրենց դերերով, դերերն են փոխվել։ Այս վիճակում ցանկացած նոր մարդ, որ իսկապես չի ընդունում այս իրականությունը, հայտնվելու է շատ ծանր պայմաններում։ Պետք է ժողովրդին համոզի, որ ինքն այս համակարգի մարդկանց նման չէ։
-Կա՞ հստակ մի մեթոդ, որ կարող է հասարակության համար ուղղորդիչ լինել, որ ահա այս մարդը նոր է, համակարգից դուրս է։
-Այո, նախ պետք է նա լավ հասկանա արդեն ստեղծված վիճակը, հետո տեսնի, թե ժողովուրդն ինչ չափորոշիչներով է իրական ու կեղծ ընդդիմադիրներին չափում։ Չափանիշը հենց 96-ի բանաձևն է։ Այսինքն, հերիք է ժողովրդին մոտենաք ու ասեք, թե հանցավոր ռեժիմը երկիրը հասցրել է այս օրին։ Հենց սա ասում են, ժողովուրդն արդեն գիտի, թե ում հետ գործ ունի։ Հիմա իսկապես պայքարող մարդը նա է լինելու, ով ժողովրդի հետ ազնիվ խոսելու ձևը գտել և հանրային համոզիչ օրակարգ է ձևավորել։ Չունենք այդպիսի մարդ։
-Ինչու՞ չկա, որտեղից պետք է «ծնվի» այդ նոր մարդը։
-Այս վիճակը 22 տարի շարունակվել է, քանի որ չի եղել նոր մարդ։
-Որքա՞ն կշարունակվի այս լճացումը։
-Աշխարհում քաղաքականությունը կամ-կամով է առաջ շարժվում։ Պետք է հայտնվեն մարդիկ, որոնք խնդիրը հստակ կձևակերպեն, կհամոզեն, կամ էլ այս վիճակով շարունակելու ենք ապրել։ Այս ամենը տևում է ոչ թե 5, 10 տարի, այլ արդեն սերունդ է փոխվում։ Երբ շատերը կանչում են հանրահավաքների, մարդիկ արդարացիորեն հարցնում են` լավ, գնացինք, ի՞նչ ենք անելու։ Ոչ ոք չի կարող պատասխանել, որովհետև չեն կարող ասել, թե ժողովուրդը պիտի գա հրապարակ, որպեսզի իրենք իշխանության հետ առևտուր անեն։ Իսկ ժողովուրդը սա շատ լավ գիտի։
-Խոսենք կոնկրետ քաղաքական ուժերից. խորհրդարանում երկու ընդդիմադիր ուժերից մեկի` «Ծառուկյանի» կողքով են անցնում կարծես բոլոր զարգացումները, իսկ «Ելքը» մասնատվել է, որի միայն փոքր հատվածն է դուրս եկել փողոց։ Ստացվում է` այստե՞ղ էլ «նոր մարդ» սպասելն անօգուտ է, նրա՞նք էլ համակարգի շարունակությունն են ապահովում։
-Վաղուց ժամանակն է, որ ձևակերպումներին լուրջ վերաբերվենք։ Ծառուկյանը հոգնել է ասելուց, որ ինքը ընդդիմադիր չէ։ Կա մի ակումբ, ինքն էլ երկրորդ ակումբն է։ Շատ կուզենար, որ այս իշխանությունը գնար, ու ինքը նրանց տեղը նստեր, բայց նման բան իրեն չեն տալիս։ ՈՒստի շատ հարմար նստել է իր երկրորդ ակումբում։ Ի՞նչ գործ ունի ընդդիմության հետ։ Չնայած մարդիկ շարունակում են նրանց ընդդիմություն համարել։
-Նրանց ձևակերպումն է` եթե իշխանություն չենք, ուրեմն ընդդիմություն ենք։
-Այդ հեքիաթը վաղուց հնացել է, ժողովուրդն ամեն ինչ լավ հասկացել է։ Գիտի, որ այդ մարդը ժողովրդին հրապարակ է բերել, մյուս օրը գնացել է իշխանության մոտ ու իրեն ասել են` գնա տուն, բայց նույնիսկ չի վերադարձել հրապարակ, որ հավաքված մարդկանց ցտեսություն ասի։
-«Ելքում» ի՞նչ է կատարվում։
-Երիտասարդ խումբ է։ Երբ ընտրությունները եղան, նրանք առաջինը ճաշակեցին քաղաքական վրեժը։ «Ելքը» ստացավ ձայներ, վերցրեց մանդատներ, չհասցրին բերանը բացել, և ողջ ազգով նրանց ծախված համարեցին։ Սա քաղաքական վրեժ է, որից հետո պարզ էր, որ այդ քաղաքական ուժը փլուզվելու է։ Ժողովուրդը ժխտել է նրանց, նրանք կրում են 22 տարվա անեծքը։ Հիմա ամեն մեկը փորձում է արդարացնել սեփական գործողությունները։
-Արտախորհրդարանական ուժերից ի՞նչ սպասել։
-Նորից խնդիր են դրել ժողովրդին մոբիլիզացնել։ Չգիտեմ ինչ կստացվի։
-Բոլոր ընդդիմադիրների համար թիվ 1 խնդիրը ծրագրի, քայլերի հաջորդականության բացակայությունն է։ Եթե հստակ քայլեր մշակվեն, հաջողություն կլինի՞։
-Ընդհանրապես պարզ չէ, թե մարդիկ ինչ են ուզում։ Հենց այնպես խոսում են։ Մեկն ասում է, թե Սերժ Սարգսյանը վատն է, վերջերս էլ ոմանք հայտարարում են, թե ղարաբաղցիներն են վատը։ Իսկ ես մարդ գիտեմ, որ իր հարցերը հենց դրանով է լուծում։ Իր անձնական խնդիրների լուծման համար չորս-հինգ մարդ է հավաքում, սկսում է սրան-նրան հայհոյելով առաջ գնալ։ Հայհոյանքի շղթան շարունակվում է ու հասնում մինչև երևանցի, ապարանցի, ղարաբաղցի թեմային։ Սա շատ կեղտոտ տեխնոլոգիա է, որով հարցեր են լուծում։ Սա փաստում է նաև, որ մարդն ասելիք չունի և իր քայլերն է արդարացնում։ Շահեր պաշտպանող կեղտոտ թեզեր են, որոնց միջոցով բազմաթիվ մարդիկ 91-ից մինչև այսօր ծածկում են հանցագործություններ, արդարացնում են իրենց անկարողությունը։ Սա էլի օգտագործելու են, քանի որ ասելիք չունեն, իսկ անելիքն էլ ազնիվ չէ։
-Եթե ամփոփենք, հասարակության հետ ազնիվ չեն և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։
-Անշուշտ։ Եթե ազնիվ լինեին, հասարակությունը նրանց միմյանցից կտարբերեր։ Բայց նաև հասարակությունն է անազնիվ դարձել։ Իհարկե ոչ այնքան, որքան այդ երկու կատեգորիայի մարդիկ։ Շատ դժվար է մարդկանց խաբել։ Եթե մարդը չի խաբվում, ինքն էլ քեզ է խաբելու։ Քեզ թվում է, թե դու ես խաբել, իրականում ինքն է քեզ խաբել։ Ճիշտ այնպես, ինչպես այս ընտրությունների ժամանակ եղավ։ Մեր քաղաքական կյանքում մի շրջափուլ է, երբ հասարակությունը պարզություններ է մտցնում։
-Ե՞րբ կավարտվի այդ փուլը։
-Փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ ձևավորվի փոփոխություններ բերող մարդկանց կորպուս, որը կասի` հերիք է, այսպես չի կարելի շարունակել։

Զրույցը՝

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ