Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կուզենար խցիկը ձեռքին լիներ

Կուզենար խցիկը ձեռքին լիներ
06.04.2018 | 07:07

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում շարունակվում են վարպետաց դասերը: Այս անգամ այն վարում էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ: Մասնակիցները ֆակուլտետի ուսանողներն էին, ապագա լրագրողները, ռեժիսորները, օպերատորները: Օրվա հյուրը ճանաչված օպերատոր, ավելի քան 30-ից ավելի ֆիլմերի հեղինակ ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑՆ էր՝ արդեն 88 ապրած տարիներ ունեցող մարդ-անհատականությունը:

«Հեղնար աղբյուր», «Քաոս», «Խոշոր շահում», «Մորգանի խնամին», «Զինվորն ու փիղը» և գեղարվեստական այլ ֆիլմեր նկարահանած օպերատորը երանությամբ է հիշում այն մարդկանց, որոնց հետ աշխատել է իր ստեղծագործական գործունեության ավելի քան կես դարի ընթացքում, երբ երբեք չէին մտածում վարձատրության մասին, այլ ստեղծագործության և ֆիլմի ասելիքը ներկայացնելու, որքան էլ դժվար էր նաև այդ տարիներին` գրաքննությունից սկսած և ավարտած փոխհարաբերությունների բարդություններով:


«Հրաշալի ռեժիսորների և դերասանների հետ էինք աշխատում,- ասում է Լևոն Աթոյանցը,- պարզապես նրանք սովոր էին հաղթահարելու ցանկացած խոչընդոտ, եթե կարիք լիներ, ուրեմն պետք էր նավթագործարան ստեղծել Երևանի արվարձանում և «Քաոս» ֆիլմը նկարահանել: Այդպիսի ստեղծագործական խմբերում անհնարինը հնարավոր էր դառնում»:
Այնուհետև վարողը` Սերգո Երիցյանը, առաջարկում է դիտել հատվածներ Լևոն Աթոյանցի նկարահանած ֆիլմերից` ներկայացնելով դրանք: Իսկ դիտումից հետո ուսանողները Լևոն Աթոյանցին իրենց հարցերն են ուղղում:
-Հնարավոր կլինի՞ փրկել հայկական կինոն,- հնչում է հարցը:
-Իհարկե,- լինում է պատասխանը,- դա պարզապես անհրաժեշտություն է:
-Ինչպե՞ս,- երկրորդում է մյուս ուսանողը:
-Մեծ, անսահման նվիրումով, կինոարտադրության հնարավորությունների վերականգնումով: Այսօր մեր կինոստեղծողներն անընդհատ փողի փնտրտուքների մեջ են: Այլ բանի մասին չեն մտածում։


«Լավ ասելիք ունեցող կինոն ինքը փող կբերի»,- շարունակում է վարպետը: Այնուհետև ակամայից անցում է կատարվում օպերատոր Լևոն Աթոյանցի վավերագրական կինոնկարներին:
«Ես տարբերություն չեմ դրել՝ գեղարվեստակա՞ն, թե՞ վավերագրական կինոնկարներ եմ նկարահանել,- ասում է Լևոն Աթոյանցը,- իր արժանիքներով Ֆրունզիկ Մկրտչյանին նվիրված ֆիլմերը երբեք չեն զիջում գեղարվեստականին, որովհետև խոր ասելիք ունեն: Ե՛վ դերասանական խաղ, և՛ անկեղծություն, և՛ խոր բովանդակություն: ՈՒրախ եմ, որ Ֆրունզիկի կյանքի և ստեղծագործության ինչ-ինչ կտորներ կարողացել ենք այսպես փրկել»:
Այնուհետև հարթակը կրկին տրամադրվում է ուսանողներին:


«Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական օպերատորը»,- հարցրեց ուսանողներից մեկը:
«Մինչև վերջ նվիրված, նկարահանման հրապարակում ժամուպատարագ չհարցնող, մտքի մեծ թռիչքով, նպատակին հասնելու անսահման ձգտումով»,- եղավ պատասխանը:
Հետաքրքիր էր, որ հանդիպմանը ներկա էին Լևոն Աթոյանցի նախկին գործընկերները, որոնք օգնականի կարգավիճակով աշխատել էին նրա հետ տարբեր կինոհրապարակներում: «Տղաները արագ մեծացան, իրենք էին սովորում այն ժամանակ, հիմա իրենք են սովորեցնում»,- ասաց նա: Իսկ տղաները ջերմությամբ հետևում են իրենց վարպետին:
Ներկաները կրկին հատվածներ դիտեցին, հարցուպատասխանն էլ շարունակվեց, վարողը ավելացրեց, որ Լևոն Աթոյանցը երկու գիրք է գրում իր գործընկեր-արվեստագետների` ռեժիսորների և օպերատորների և թռչող ափսեների մասին:


Վարողը հարցրեց` հավատու՞մ է թռչող ափսեներին: Նա պատասխանեց, որ ոչ միայն հավատում է, այլև իր աչքերով մի քանի անգամ տեսել, նկարահանել է, այդ թվում՝ Լոռու մարզի Գոգարան գյուղում, ուր իր մանկությունն է անցել։ Իսկ 1988 թվականի դեկտեմբերի երկրաշարժին նախորդող օրերին այնտեղ կինոնկար էր նկարահանում: Դեկտեմբերի 6-ին մեկ օրով Երևան եկավ, իսկ 7-ին երկրաշարժը եղավ և երկու օր չէր կարողանում գյուղ հասնել, լիովին ավերվել էր…
Կարողացավ մի կերպ գնալ այնտեղ, հասնել: ՈՒրիշ բան չէր կարող անել, քան նկարահանել: Այսօր եզակի կադրեր ունի, ինչը նաև մի փոքր ֆիլմ է ավերված գյուղի մասին: Ժամանակին այդ կադրերը ողջ աշխարհը ցնցեցին:


«Գիտեմ, որ մեր գյուղը` Գոգարանը, վերածնվել է, կուզենայի անընդհատ այնտեղ գնալ,- ասում է Լևոն Աթոյանցը,- իմ համագյուղացիների հետ լինել»:
Վարպետաց դասից հետո ուսանողները մոտեցան նրան, լուսանկարվելու, իրենց չտված հարցերն ուղղելու: Երբ նրան մոտեցավ խցիկը ձեռքին օպերատորը, Լևոն Աթոյանցն ասաց, որ ամենից շատ այդ երիտասարդին է նախանձում: Կուզենար, որ հիմա իր ձեռքին էլ խցիկ լիներ, իսկ այստեղ՝ կինոնկարահանման հրապարակ…


Լիանա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ. Վարպետը հանդիպման ավարտին ասաց, որ կուզենար «վարպետաց դասը» շարունակվեր իր որևէ կինոնկարի ամբողջական ցուցադրմամբ և քննարկումով: Դասը վարողը համալսարանի ռեկտորի` Ռուբեն Միրզախանյանի անունից Լևոն Աթոյանցին փոխանցեց «Հայազգի ծովանկարիչներ» պատկերագիրքը: ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանն էլ իր «Արարատ» պատկերագիրքն էր ուղարկել լեգենդար վարպետին: Այսպես ավարտվեց վարպետաց դասը։

Դիտվել է՝ 2033

Մեկնաբանություններ