Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Շնորհակալ եմ Աստծուն, որ աշխարհը՝ իմ, ես` աշխարհի հանդեպ բարեհաճ ենք եղել»

«Շնորհակալ եմ Աստծուն, որ աշխարհը՝ իմ, ես` աշխարհի հանդեպ բարեհաճ ենք եղել»
18.12.2018 | 02:17

Երևանի Աջափնյակ թաղամասի խրուշչովյան շենքերից մեկի փոքրիկ բնակարանում ապրում է 93-ամյա կենսուրախ և առույգ արվեստագետ ՅԱԿՈՎ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ: Նա առողջությունից չի դժգոհում, թեև խոստովանում է, որ կյանքի մեծ մասը «տառապել» է կոլեկցիոների քրոնիկ հիվանդությամբ: «Աշխարհի ամենաանկուշտ մարդը կոլեկցիոներն է, 100-ը, 1000-ը, 10000-ն ունենա, կուզենա մեկն էլ ավելացնել: Իմ ունեցած ցուցանմուշները մեկական օրինակ են: Այսօր էլ շարունակում եմ հավաքել: Կոլեկցիոների համար վերջակետ ասածը գոյություն չունի»,- ասում է հայտնի կոլեկցիոները:


Մարդու մասին ամենախոսուն փաստն իր կենսագրությունն ու անցած ճանապարհն են: Եվ այսպես:
Դաշնակահար, մանկավարժ, պրոֆեսոր Յակով Սերգեյի Զարգարյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 5-ին, Երևանում: Սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 1954 թվականին ավարտել է Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիան: Աշխատել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Հանդես է եկել որպես մենակատար, նվագախմբերի հետ ելույթներ է ունեցել Գորկիում, Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Դոնեցկում, Բաքվում, Թբիլիսիում, Իտալիայում: 1960-1970-ականներին Երևանի օպերայի և բալետի թատրոնում կատարել է Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա» (բլյուզի ոճով) գործերը` բալետային ներկայացումներում: 1988 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1989-2004 թվականներին եղել է արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի դեկանը։ Դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ գրքերի, հուշերի և էսսեների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:


Յակով Զարգարյանի ստեղծագործական ուղին ու նախասիրած զբաղմունքը լրացնում են միմյանց՝ էլ ավելի հարստացնելով ու գունազարդելով նրա կերպարը: Իսկ պարոն Զարգարյանի նախասիրած զբաղմունքը կերպարվեստի ստեղծագործությունների հարուստ ու արժեքավոր հավաքածուներն են, պատկերազարդ փայտե, կավե և մետաղե ձվերի հավաքածուն, որտեղ մեկտեղված են միայն հեղինակային գործեր՝ Մարտիրոս Սարյան, Հենրիկ Սիրավյան, Մինաս Ավետիսյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Հարություն Կալենց, Վալենտին Պոդպոմոգով, Հարություն Մինասյան, Յուրի Սիմոնյան, Էդուարդ Ղազարյան, Սուրեն Ստեփանյան, Հենրի Էլիբեկյան, Էդուարդ Արևշատյան, Ռաֆայել Ադալյան… Այս ողջ «գանձը» գրագետ հաջորդականությամբ տեղավորված ու ցուցադրված է նրա բնակարանում:
Երկսենյականոց բնակարանի բոլոր պատերը ծանրաբեռնված են իրենց հնությամբ ու յուրահատկությամբ միմյանց չզիջող իրերով: Պատերի մեջ իր ձեռքով պատրաստած պահարաններում շարված են հազարամյա հնության սափորներ, թասեր, արձանիկներ, սենյակում աչքի է զարնում հնամաշ գերմանական «Ռեգեն» դաշնամուրը: «Շատ հին է ու ծանր, օգտագործման պիտանի չէր, ուզում էի դեն գցել, բայց հետո որոշեցի վերափոխել ու դարձնել գաղտնապահարան գրքերի, կարևոր թղթերի, գրիչների ու մատիտների համար: Տան մեջ իմ ձեռքով շատ այլ բաներ էլ եմ սարքել»:


Կոլեկցիոներ Յակով Զարգարյանի առաջին հավաքածուն գեղարվեստական գրականությունն էր: Տանը գրքերի առատությունից տեղ ու դադար չկար, սակայն աչքը դարձյալ որևէ հայտնի նկարչի ալբոմի վրա էր, ձեռք չբերեր, ուրեմն այդ օրն օր չէր իր համար: «Սկզբում գրքերի հավաքածու, հարուստ գրադարան ունեի, իսկ երբ սկսեցի նկարներ հավաքել, արդեն տեղ չկար բնակարանում, ստիպված գրքերի մեծ մասը վաճառեցի, որ պատերին կարողանամ փակցնել կտավները, դարակներ պատրաստեցի արձանների ու այլ հավաքածուների համար: Այսպես իմ ձեռքով փոխեցի բնակարանիս տեսքը: Իհարկե, արվեստի հիանալի գրքեր ու ալբոմները պահել եմ: Տան պատերի մեջ անգամ դարակներ եմ ստեղծել, գաղտնադարակների նման մի բան են, ոչ ոք գլխի չի ընկնի առաջին հայացքից, եթե ես չբացահայտեմ դրանք իրենց համար»:


1954 թվականին Գորկի քաղաքի կոնսերվատորիայի գերազանց ուսանող Յակովը Ստալինյան կենսաթոշակով գնեց իր արձանիկների հավաքածուի առաջնեկը՝ հռոմեական դիցաբանության մեջ բնության աստվածուհու՝ Ֆլորայի արձանիկը: Այսօր աշխարհի տարբեր վայրերից կոլեկցիոներին հանդիպած արձանիկները գունավորում են նրա բնակարանի համեստ ու փոքր-ինչ մռայլ միջավայրը:
Իսկ ահա ձվերի հավաքածու ունենալու գաղափարը Յակով Զարգարյանին «հուշեց» հարևանի տղան՝ փոքրիկ Նիկոն, որը ձեռքում պահած գունազարդ ձվով «կռվում» էր ընկերների հետ: Ամիսներ անց Զարգարյանն այս մասին հիշեց հոլ պատրաստող վարպետի մոտ, երբ տաշած հոլերի կողքին նկատեց նաև փայտե ձվեր: Գնելով երեք փայտե ձու՝ նա ուղևորվեց իր լավագույն ընկերներից մեկի՝ Մարտիրոս Սարյանի մոտ, խնդրելով ձուն պատկերազարդել: Վարպետը ձվի մի կողմի վրա նկարեց Արարատն ու բարդիներ, իսկ մյուս կողմի վրա յուղաներկով իր դիմանկարը պատկերեց նկարիչ Հենրիկ Սիրավյանը: Եվ այսպես, մեկնարկեց ձվերի հավաքածուների «մարաթոնը»:


Արվեստագետ Հենրիկ Իգիթյանի, հանճարեղ Մինաս Ավետիսյանի հետ մտերմությունը նրա առջև բացեց գեղանկարիչների հարուստ ու բազմաշերտ աշխարհը: Աստիճանաբար հարստացավ նաև անվանի նկարիչների կտավների ու քանդակների հազվագյուտ հավաքածուն: «Միայն Մինասից 27 կտավ ունեի, Պետրով-Վոդկին Երևանում միայն ես ունեի, Բաժբեուկ-Մելիքյանից, Երվանդ Քոչարից երկուական գործ ունեի: Սակայն 90-ականներին հարկադրված էի լավագույն կտավները վաճառել փողատեր, արվեստից չհասկացող ունևորներին»,- ցավով հիշում է Յակով Զարգարյանը:
Նրա հարուստ հավաքածուն բարեխղճորեն գրառված ու հաշվառված է բլոկնոտում, որում նշված վերջին համարը ինչ-որ ժամանակ դառնում է նախավերջինը: «Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա աշխարհամասերի 48 երկրների 100-ից ավելի քաղաքների 833 հեղինակի 940 աշխատանք՝ ահա հավաքածուի ամբողջական ցանկը, որը հավակնում է ավելանալու:


Սա է Յակով Զարգարյանի հարստությունը, ու նաև 2 զավակները, 5 թոռներն ու 3 ծոռները, որոնք ամբողջացնում են նրա ուրախ ու տխուր դիպվածներով լի կյանքը:
«Շնորհակալ եմ Աստծուն, իմ բախտին, որ ծնվել եմ լավ ընտանիքում, հասունացել եմ լավ շրջապատում, որ աշխարհը՝ իմ, ես` աշխարհի հանդեպ բարեհաճ ենք եղել: Հպարտ եմ, որ 1942-ին 17 տարեկան հասակում կամավոր, մանկությանս 3 ընկերների հետ մեկնեցի ռազմաճակատ: Հպարտ եմ, որ Երևանի կոնսերվատորիայում 3 անգամ մասնակցել եմ միջբուհական մրցույթներին և միշտ հաղթող եմ ճանաչվել: Հպարտանում եմ իմ եզակի հավաքածուով, որն իմ ներաշխարհի արտացոլանքն է»,- ասում է կոլեկցիոները:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ