Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կան ծաղիկներ, որոնց կողքին պետք է գեղեցիկ բառեր ասել. նրանք լսում են»

«Կան ծաղիկներ, որոնց կողքին պետք է գեղեցիկ բառեր ասել. նրանք լսում են»
21.12.2018 | 02:48

Ես չեմ կարող չներշնչվել
Քաղաքների եռուզեռով
Եվ լեռների լանջերն ի վեր
Ավանդապահ անտառների
Կանաչ-կարմիր, լուրթ ու դեղին
Երազներով։
Համո ՍԱՀՅԱՆ

Երբ հայտնվում ես մի միջավայրում, որտեղ գույների ու դրանց երանգների ողջ բազմազանությունը լուսավորում ու ջերմացնում է հոգիդ, ուրեմն հաստատ դրախտում ես: Այդ պահին միակ ցանկությունդ ժամանակը ձգելն է, որպեսզի խաղաղված հոգիդ երկար վայելի պահը: Նման զգացում ապրեցի, երբ շեմեցի ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ՝ հանրահայտ Թաթոսի օջախ-արվեստանոցը, որտեղ մի քանի տասնյակ մեծածավալ կտավներ համբերատար սպասում են Վարպետի ձեռքի հպումին՝ հերթական անգամ հերթական հյուրին ցուցադրելու իրենց մեջ պարփակված աշխարհը: Գույների պայծառությունը քեզ մի պահ գամում է տեղում, յուրաքանչյուր կտավ ասես մի-մի ջահ լինի, որով ողողված է ողջ սրահը:


Մեր զրույցը կյանքի, բնության, հողի զորության շուրջ է: Վարպետը հիշողությունների արխիվից մեկ-մեկ հանում է Մարտիրոս Սարյանի, Համո Սահյանի, Վլադիմիր Մսրյանի, Լևոն Թուխիկյանի հետ զրույցների փաթեթը, անցնում Ավետիք Իսահակյանի ու այլոց պարզ ու հանճարեղ խոսքերին։ Աննկատ ձգվող ժամանակը մոռանալ է տալիս հոգսաշատ օրվա ծանրությունը:
Վարպետի հետ մեր զրույցն ընթանում էր կյանքի ուրախ ու տխուր դրվագները, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումները վերհիշելով, պատմություններ, որոնք Վարպետի թույլտվությամբ ներկայացնում եմ ընթերցողին:
Հրանտ Թադևոսյանի կտավների գլխավոր հերոսը ծաղիկներն են, ընդհանուր առմամբ` բնությունը, նկարիչն իր պարտքն է համարում յուրաքանչյուրի հոգում բնության հանդեպ սերմանել սեր:


«Հիմա Հայաստանում քիչ մարդ կա, որ գերադասում է նկարել բնության մեջ, ինչպես ես: Վերցնում եմ միսը, խորովածի շշերը, որոնք օղու շշի հետ մշտապես մեքենայիս մեջ են, ու կնոջս հետ գնում եմ բնության մեջ: Մի կտոր հաց ուտելուց ու երկու բաժակ ծիրանի օղի խմելուց հետո գնում եմ հեռու, նստում ու սկսում աշխատել: Երբ աշխատանքս համարում եմ ավարտված, անցնում եմ խորովածի պատրաստմանը»,- պատմում է նկարիչը:
Տարիներ առաջ Վանաձորում բացվել էր Վարպետի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էր նաև Ահնիձորի տեսարանը պատկերող մի կտավ: Ներկաներից մեկը Վարպետին ասել էր, թե չգիտեր, որ Ահնիձորն այսքան գեղեցիկ է, հետո ավելացրել, թե կտավում մի թերություն կա. «Այ, այնտեղ մի ծառ կար ընկած, նկարում ինչի՞ չի երևում»: Վարպետը նրան մի պատմություն է պատմել ռուս նկարիչ Շիշկինի մասին, թե ինչպես վերջինս բնության տեսարան, անտառ կամ ծառ նկարելու համար մոտը միշտ կացին է ունեցել, որով իրեն խանգարող ծառերը կտրում- թափում էր ու նոր բացված տեսարանն էր նկարում, թեև տեսարանն արդեն տարբերվում էր իրականից:


Հրանտ Թադևոսյանը՝ Թաթոսը, բնությունը սիրում է իր բոլոր դրսևորումներով, թեև տարվա եղանակներից գերադասում է վերածնվող, փթթող ու գունագեղ գարունն ու աշունը, երբ բնության, հողի զարթոնքն ու բույրը խենթացնող են:
«Մի առիթով ՀԽՍՀ պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանն ինձ պատմեց հետևյալը: Գարունը նոր էր բացվել, հողի մակերեսը ծածկված էր բարակ սառցաշերտով, այնքան բարակ, որ մատի թեթևակի հարվածով հնարավոր էր կոտրել: Երբ բանաստեղծի հետ գտնվում էին Մանթաշի հովտում, Ալեքսան Կիրակոսյանը դիմում է գրողին, թե` Վարպետ, կյանքում ամեն բան տեսել եք, հիմա ի՞նչ կուզեիք, որ լիներ: Բանաստեղծը պատասխանում է. «Ալեքսան ջան, կուզեի հիմա ոտքս քեփլթար, ընգնեի ու քիթս մտներ էս հողի մեջ, մի հատ հողի էդ անուշ հոտը քաշեի, այ, էդ եմ ուզում»:
Լեոնարդո դա Վինչիի համոզմամբ, բնությունն ամեն ինչի մասին հոգ է տարել, մարդկանց միայն մնում է սովորել բնությունից:


«Բնությունից սովորել եմ խոհեմություն: Պատկերացրու, ծիրանի ծառը բնության մեջ ոչ քնել, ոչ արթնանալ ունի, ինքն իր համար համբերատար կարող է երկար ապրել: Նա կենդանի օրգանիզմ է, ամեն տարի պտուղ է տալիս, իր պարտքն է կատարում, էդպես է: Կան ծաղիկներ, որոնց կողքին պետք է գեղեցիկ բառեր ասել, նրանք լսում են: Աղբյուրի մոտ չի կարելի ավել-պակաս բաներ խոսել, նա գնում-տարածվում է, ուստի պետք է բարի բաների մասին զրուցել: Երբ բնության մեջ ես, ֆիզիկապես զգում ես խաղաղությունը, լռությունը: Դրա բացատրության համար բառեր չկան: Կարո՞ղ ես դիմացինին բացատրել, թե կերածդ պատառն ինչքան համեղ է, չես կարող բացատրել նաև ցավիդ խորությունը: Այն, ինչ կա բնության մեջ ճշմարտացի ձևով դրված է մարդու մեջ, ու ծնվում է նրա մեջ, երբ պահը գալիս է»,- ասում է Թաթոսը:


Նրա համոզմամբ` բնության մեջ առկա հավասարակշռությունը պետք է պահպանվի նաև մարդու մեջ ու նրա ստեղծած արվեստում: «Նկարչության մեջ դա մի զորեղ բան է, նկար կա, որ նկարիչն ասելիքը ներկայացնելու համար էնքան զավզակություն է արել, էնքան էլեմենտներ է լցրել մեջը: Երվանդ Քոչարը մի լավ խոսք ուներ՝ ճանճ սատկացնելու համար թնդանոթ պետք չէ: Իսկ ոմանք գաղափարն արտահայտելու համար կտավը ծանրաբեռնում են ավելորդություններով: Մաքուր թուղթը որ վերցնում ես, մտածում ես, թե ոնց ես լցնելու ողջ տարածությունը, ցանկացած վրձնահարված ինձ հուշում է , թե հաջորդը ինչ եմ անելու, այն, ինչ ուզում ես դնել հաջորդ վրձնահարվածով, դրան համահունչ միտքն արդեն կա գլխումդ, ընկալման կարողություն գոյություն ունի, ու շարունակությունը գնում է: Ի տարբերություն փոքր չափի կտավի, մեծ կտավ ստեղծելու դժվարությունն այն է, որ այդ մեծ տարածքը նախ պետք է ծածկվի, լցվի, և այնպես չլինի, որ մի երկու քառակուսի մետր հենց էնպես ռեմոնտ ես արել»:


Վարպետի առավել նախընտրելի գույնը կարմիրն է, սակայն «կարմիրն էլ պետք է օգտագործել ըստ անհրաժեշտության. եթե երկու-երեք վրձնահարված ավել արեցիր, զավզակություն ա դառնում: Գեղանկարչության մեջ ամեն ինչ պետք է վարպետորեն ստեղծել: Նկարիչ կա, որ մազոկը ՝ վրձնահետքը, էնպես ա տարել, որ զգում ես, թե էդ պահին ոնց ա դողացել ձեռքը, սա է ճշմարիտ արվեստը: Ասելիքդ ոչ թե բառերով, այլ գույներով ու վրձնով պիտի արտահայտես»:
Հրանտ Թադևոսյանը համոզված է, որ բնության մեջ մարդը պետք է միտքը չմսխի, որ պետք է ունենալ սուր աչք, արագ ընկալում և այդ ամենը կտավին հանձնելու ունակություն: Նրա համար բնության ամենացանկալի վայրը Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, Տառերի պուրակին հարակից կակաչների դաշտն է, որի գեղեցկությունն առավել ընդգծվում է ամռանը: Տարածության մեջ բնությունն ինքն է հուշում գույները, երանգներն ու ստվերը: Լինի լուսադեմ, մթնշաղ, ամպամած թե արևոտ օր, պահն ազդում է գույնի ու տարածության վրա: Միայն զգոն նկարիչը կնկատի գույների երանգները, տերևի միջով թափանցող լույսի խաղը, բնությունն ինքն է հուշում, թե որ գույնը որտեղ պետք է լինի:


Բնության մեջ աշխատելու առավելությունը, ըստ նկարչի, լռությունն է, երբ կողմնակի ոչ մի ձայն լսելի չէ, երբ հայտնվում ես յուրօրինակ մեդիտացիայի մեջ, եթե պահն ընդհատվում է, ամեն ինչ պետք է սկսել նորից: «Բնության մեջ ստեղծագործելն այլ վայելք է: Երբ զեփյուռն ու ոտքերիդ տակ փռված թավշյա կանաչի բույրը գալիս մտնում են քիթդ, մյուս կողմից էլ առվի ջրի ձայնը, վերևից թռչունների ճռվողյունն ու այս ու այն կողմ ցրված նախրի բառաչը հասնում են ականջիդ, բայց չեն խանգարում, այլ հակառակը: ՈՒ միակ բանը, որ այդ պահին քեզ կարող է նյարդայնացնել, հեռախոսի ձայնն է»:
Բնությունը միշտ ճիշտ է, միշտ լուրջ է ու խիստ, իսկ նրա նկատմամբ կատարվող սխալներն ու թյուրիմացությունները գալիս են մարդուց: Վարպետի համար բնության պահպանումը համազոր է հայրենիքի պաշտպանությանը: Բնություն սիրողն ու բնաշխարհը պատկերողը նույնպես բնապահպան է, որը համառորեն պետք է կանխի բնաշխարհի աղտոտումը, բնության ոչնչացման դեմ իրականացվող ցանկացած քայլը:


«Երբ տեսնում եմ այլ հնար չկա, բնությունն աղտոտողների դեմ իմ միջոցներով եմ պայքարում: Երբ թոռնիկներս ինձ հյուր են գալիս Ռուսաստանից, ինձ հետ տանում եմ բնության գիրկը, որտեղ միասին ողջ շրջապատը մաքրում ենք, աղբն էլ հավաքում ենք տոպրակների մեջ: Երբ բնության մեջ նկարում-ավարտում եմ, հետո վրձինները մաքրող կտորները հավաքում-բերում եմ տուն ու այրում: Ինչպես մտածում ես, այնպես էլ աշխատում ես, քո էությունից չես փախչի: Անփույթ չեմ, ախր չէ՞ որ մինչև իմ գալը մաքուր էր, ես ո՞նց աղտոտեմ, բա իմ մարդկային արժանապատվությու՞նը, ու՞ր մնաց իմ խիղճը, գեղեցիկի հանդեպ ընկալումները հո մենակ կտավներում չե՞ն: Բնության առումով մտահոգիչ շատ բան կա: Ի վերջո, իմ քարոզը հիմնականում բնապատկերներն են, և աշխատում եմ դրանցով մարդկանց ավելի զգոն դարձնել: Բնությունն ինքը հավատքն է, բնությունն ինքը Աստվածն է, ես այդպես եմ մտածում»,- համոզված է նկարիչը: Հետո անդրադառնում է բնության մեջ գործող անխափան օրենքներին: Բնության մեջ կա եղևնու մի տեսակ, երբ այն հրդեհվում է, նրա պտուղները՝ կոները, 300 մետր հեռավորության վրա «կրակում» են, թռչում են հեռու, որպեսզի հետո արմատակալեն, նպատակը ծառի տեսակի պահպանումն է:


«Ֆրանսիայում մի քանի հարյուր տարեկան ծառ կա, որը հինգ հարյուր մետր տեղաշարժվել է իր տեղից: Տեսեք ինչ է լինում. հենց որ տեսնում է հասել է ծերության տարիքին, ճյուղերն իջնում հասնում են գետնին, սկսում են արմատներ գցել ու սնուցում ստանալ հողից, և այսպես տեղաշարժվելով ծառն ավելի ապահով ու հուսալի վայր է տեղափոխվում` պահպանելու իր տեսակն ու գոյությունը: Սա մի՞թե հրաշք չէ. բնության օրենքները մի այլ ճշգրտությամբ են գործում: Կենդանական և բուսական աշխարհները բնազդով ու չգրված կանոններով են ապրում: Վնասն էլ կանոնակարգված է: Բնության մեջ պատահական բան չկա»,- եզրակացնում է Վարպետը:
Եվ մի՞թե պատահական էր տարիներ առաջ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի ոլորաններում Վարպետի գտած կլորավուն քարը, որի վրա արված մուրճի մի քանի թեթևակի հարվածներից հստակեցվեց Կոմիտասի դեմքը, որն այսօր իր պատվավոր տեղն ունի Վարպետի օջախ-արվեստանոցում: ՈՒրեմն այդ քարը մի օր պետք է գտներ նա, ում խորաթափանց աչքը թափանցում է անգամ փոշեթաթախ պատմության փակ էջերի խորքերը:


«Երևում էր, որ քարը դարերով մնացել է այդտեղ ու ոչ ոք չի նկատել: Վերցրի, բերեցի, երկար ուսումասիրեցի, հետո ինչ-որ բան ինձ հուշեց, որ գլխի շրջանում եղած լուսապսակով դեմքը նման է Կոմիտասին: Քարե քանդակը երկու անգամ ներկայացվել է ցուցահանդեսում: Ցանկանում եմ այն նվիրել Կոմիտասի թանգարան-ինստիտուտին»,- ասաց Հրանտ Թադևոսյանը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հ.Գ. Դեկտեմբերի 22-23-ին և 25-ին Մոսկվայի «Տապան» հայկական թանգարանում կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ