Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Խտրական վերաբերմունք

Խտրական վերաբերմունք
11.01.2019 | 04:06

Կոտայքի մարզի Զովունի համայնքի Ամո եզդիական թաղամասը մոտ 100 տարվա պատմություն ունի։ Թաղամասի եզդիները բազմաթիվ նամակներ են գրել ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանություններին։ Սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան։
Եզդիական համայնքը նշում է, որ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում։
Երկու ամիս առաջ եզդիները հրավիրվել էին գյուղապետարան քննարկման, որին մասնակցում էին Կոտայքի մարզպետը, ՀՀ եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, սակայն անարդյունք։ 2018 թ. դեկտեմբերի 20-ին Կոտայքի մարզպետի օգնականը զանգել է Ազիզ Թամոյանին և հրավիրել մարզպետի հետ հանդիպման՝ քննարկելու եզդիների խնդիրները։ Ազիզ Թամոյանը ներկայացել է մարզպետարան, 3 ժամ սպասելուց հետո, սակայն, մարզպետը չի ընդունել նրան. թե ինչու՝ չի պարզաբանվել։ Եզդի համայնքի ներկայացուցիչները սա ևս խտրական վերաբերմունք են համարում։


Այժմ Ամո թաղամասի եզդի համայնքն իր բողոքի ձայնն է հղում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով մի քանի կետից բաղկացած իրենց խնդիրները։


ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակում նշվում է, որ 1991 թ. Զովունի համայնքի Ամո եզդիական թաղամասի բնակիչները չօգտվեցին հողի սեփականաշնորհումից։ Եզդիական թաղամասի վրայով անցնում են բարձր լարման 4 էլեկտրալարեր։ Այդ լարերի տակ ապրող 10-ից ավելի եզդիներ մահացան բարձր լարման պատճառով։ Այս խնդրի պատճառով շատերն այժմ տառապում են սրտանոթային հիվանդություններով։ Ամո եզդիական համայնքը, պարզվում է, չունի կոյուղի, ճանապահներն անբարեկարգ են, չկան մայթեր։ Թաղամասի հյուսիսային մասում գործում է ասֆալտի գործարան։ Հատկապես քամիների ժամանակ գործարանի ծուխը վնասակար է բնակչությանը։ Զովունիի եզդի համայնքը պահանջում է փակել ասֆալտի գործարանը։ Ամո թաղամասի հարավային մասում հարյուրավոր մեքենաներ աղբ և հող են թափում ձորը։ Քամու ժամանակ այդ աղբն ու հողի փոշին լցվում են բնակիչների տները։ Եզդիները խնդրում են արգելել աղբի և հողի արտանետումը նշված տարածքում։ Զովունի գյուղի 1-ին փողոցի 2-րդ տան մոտ կա խաչմերուկ, որտեղով երեխաները գնում են դպրոց։ Այդ հատվածում վերջին տարիներին երեք մարդ է ավտովթարից զոհվել։ Այդ մասին Եզդիների ազգային միությունը, ինչպես նաև Ամո համայնքի բնակիչները բազմիցս ահազանգել են, խնդրել միջոցներ ձեռնարկել երթևեկն անվտանգ դարձնելու համար, սակայն խնդիրը չի կարգավորվել։ Բացի Ազիզ Թամոյանից, Ամո թաղամասի եզդիները չունեն ոռոգման ջուր։ Հայ բնակիչները Զովունի են եկել 1965 թվականին, այդ ժամանակ գյուղը կոչվում էր Ամո, սակայն առանց եզդիների կարծիքը հաշվի առնելու գյուղը անվանափոխվեց։ Մինչև 1972 թվականը Ամո (Ամար) գյուղը գտնվում էր Երևանի վարչական տարածքում, այժմ եզդիները խնդրում են վերականգնել գյուղի նախկին կարգավիճակը և դարձյալ ընդգրկել Երևանի վարչական տարածքում։ Թավշյա հեղափոխությունից հետո ոչ մի եզդի պաշտոն չստացավ, մինչդեռ կան բարձրագույն կրթությամբ բազմաթիվ երիտասարդներ, որոնք, սակայն, աշխատանքի չեն ընդունվում։ Եզդիները նշում են, որ կան ազգամիջյան տարաձայնություններ, սակայն իրենք դրանց չեն արձագանքում։ Արագածոտնի մարզի 5 գյուղերում (Ալագյազ, Ճարճակիս, Ջամշլու, Ավշեն, Սիփան) կա եզդիների քրդացման վտանգ։ Այդ գյուղերում եզդի երեխաներին դասավանդում են քրդերեն, այն դեպքում, երբ նրանց ծննդյան վկայականներում ազգության դիմաց գրված է եզդի։ Քրդական բանվորական կուսակցության անդամները շրջում են եզդիական գյուղերում և իրենց քարոզչությունն են իրականացնում եզդիներին քրդացնելու նպատակով։ Վերջերս Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի գրասենյակ են ներխուժել Քրդական բանվորական կուսակցության երկու անդամներ, որոնք Թուրքիայի քաղաքացի են, վիճաբանել՝ ասելով, թե եզդի ազգ գոյություն չունի, նրանք քրդեր են, վիճաբանելուց, սպառնալուց հետո, թողնելով իրենց հեռախոսահամարը՝ հեռացել են։ Եզդիները կարծում են, որ մարդահամարի ժամանակ կեղծվում են տվյալները. քրդեր չկան, սակայն արհեստականորեն գրանցում են նաև քրդերի։ Ըստ եզդիների՝ Հայաստանում գոյություն ունի միայն մեկ քուրդ ընտանիք, դա էլ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովի ընտանիքն է։ Եզդիները սա էլ են խտրականություն համարում, քանի որ 40-հազարանոց եզդի համայնքն ԱԺ-ում ունի միայն մեկ պատգամավոր։ Մեկ պատգամավորով է ներկայացած նաև մեկ ընտանիքից կազմված քրդական համայնքը։ Եզդիները ներկայացված չեն նաև Երևանի ավագանու կազմում։


Եզդիական համայնքը շարունակում է խնդիրների շղթան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարից խնդրելով, որ իրենց նամակները չհասցեագրվեն Կոտայքի մարզպետին կամ Զովունու գյուղապետին։ Իրենց հարցերին լուծում չտալու դեպքում եզդիները պատրաստվում են դիմելու միջազգային կազմակերպություններին։ Նրանք նաև խնդրում են Նիկոլ Փաշինյանից` ընդունել Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին և լսել նրանց խնդիրներն ու առաջարկները։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ