Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Առաքելության քմայքները

Առաքելության քմայքները
15.02.2019 | 00:43

Շաբաթն առանձնացավ կառավարության ծրագրի «յոթ օր-յոթ գիշեր քննարկմամբ» և Սիրիա ուղարկված առաքելության շուրջ դիսկուրսով:
Հարցնում եք` ինչու՞ այդքան աննախադեպ հարցեր և այդքան շատ ելույթներ ծրագրի ներկայացման ժամանակ: Շատ պարզ` ապահովվում էր երկարատև «լայվ», արձանագրմամբ. կարևոր չէ` ինչ ես ասում, կարևոր է` ինչքան և ինչպես ես ասում:
Այո, կառավարության ծրագրի ներկայացումը մեզանում միտինգային հաղորդակցության «ֆորմատ» էր, ուր «դըմփ-դըմփ-հուն» ձևակերպվում էր մի դեպքում սեփական թիմակիցների` առ վարչապետ դիֆիրամբների` նորագույն փաթեթավորմամբ, մյուս կողմից` նրա արտաբերած ամեն մի բառի, նախադասության նկատմամբ հավատարմության երդումներով:


Սակայն դա արտաքուստ. «փարդի քամակում» տեղի էր ունենում բավականին լուրջ ու սուր պայքար «թիմակիցների» միջև. ակնհայտ էր` թիմն այլևս «չի կիսում» ոչ միայն պաշտոնները, այլև աշխարհաքաղաքական մոտեցումները:
Ծավալված պատերազմը ՔՊ-ՀԱԿ ճակատում բավականին բազմաֆիգուր էր` ոչ միայն Փաշինյանի կողմից օրենքների խախտման, ամերիկյան զգուշացումների ֆոնին, այլև արձանագրման, որ փաշինյանական սիրավեպերը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա կադրերի, Ղարաբաղյան խնդրի փիլիսոփայության առումով, ընդունելի չեն հեղափոխության իրական մոդերատորների համար (զուտ քաղաքավարությունից դրդված` չենք տալիս պարոն Սորոսի անունը):


Ընդ որում, Օվերտոնի այդ նոր պատուհանը, որ բացվել է մի դեպքում` պառլամենտում, ի դեմս ոչ մի թիզ հող չզիջելու պատգամավորուհիներից մեկ բարձրաձայնման, մյուս կողմից` կառավարությունում, ի դեմս Նիկոլ Փաշինյանի խորհրդականուհու, բավականին ձեռնտու է նույն Փաշինյանին: Ասել է` կիրառվում է հետ-առաջ տեխնոլոգիան. մի կողմից` առաքելություն Սիրիա, մյուս կողմից` ոչ մի թիզ հող, երրորդ կողմից` քաղաքական ուժերի (ի դեմս ՀԱԿ-ի) ամբիցիաների զսպում, և այդպես շարունակ, որպեսզի «աղքատ» ուղեղները չհասցնեն օրվա «հացի» ու «տեսարանների» արանքում «վերջնահաշիվ» ներկայացնել, մյուս կողմից` աշխարհաքաղաքական խաղացողների համար ցատկահարթակ ապահովել, հատկապես Իրան այցից առաջ:


Վերջինը գրեթե չստացվեց. ինչպես և սպասվում էր, ամերիկյան կողմն առաջ եկավ ու ասաց. «Ինձ դուր չեկավ Սիրիա առաքելություն ուղարկելու քո քայլը»: Սակայն դեռ ձայն չի հանել Իրան այցելության մասով. հիշենք, որ դա այն Իրանն է, որը հենց այս օրերին արտաբերել է. «Մահ` Ամերիկային, Բոլթոնին, Թրամփին»: Սա հերիք չէր, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ վերցրեց ու թե` անհրաժեշտ լինի ռազմական կոնտինգենտ ուղարկել Սիրիա, ապա դա կարվի օրենքի «տառին» համաձայն: Տոնոյանը ցանկացել էր Փաշինյանի «թասիբին» կանգնել` հարվածը վերցնել իր վրա, ցանկացել էր ապացուցել, որ ուղարկված «կոնտինգենտն» իսկապես մարդասիրական է (գիտենք, սակայն, ռազմական ոստիկաններ կան այնտեղ, զենք կրողներ), ու էլ ավելի էր «խորացրել» հարցականները:


Ընդ որում, ամեն բան այսքան ցավալի չէր լինի, եթե չլիներ նաև այդքան «ողբերգական»: Նման «զոհողությունների» գնով Սիրիա շտապող, Ռուսաստանի նկատմամբ «անձնազոհ» վերաբերմունք դրսևորղ հայոց իշխանություններին մայր-Ռուսիան նույնական սիրով չարձագանքեց, զի խաղում է բոլոր «կոնկուրենտ ֆիրմաների» հետ` Քոչարյանի կողքին «կանգնեցնելով» այնպիսի «կարդինալ», ինչպիսին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է, որը դեռ ակտիվություն հանդես չի բերում, սակայն լռելյայն իր ցանցն է կառուցում: «Մայր-Ռուսիան» հավասարաչափ խաղում է նախագահ Արմեն Սարգսյանի հետ, նույնպես` առայժմ լուռ: Խաղում է «Մեդիա քառյակի» հետ` բավականին գրագետ:


Այս ամենը հերիք չէր, Գագիկ Ծառուկյանին անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչը հրավիրեց ռուսաստանյան ներդրումային ֆորումին: Եվ դա այն պահին, երբ «կալանավորման վտանգի» տակ է ոչ միայն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այլև քրեական «քրոնիկայով» է անցնում Ծառուկյանի որդին` Նվերը:
Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Սիրիա ամեն գնով առաքելություն ուղարկելն այնքան էլ «նվերի» չվերածվեց Նիկոլ Փաշինյանի համար:
Ով` ինչպես:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ