Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դավիթ Բաբայան. Հողեր հանձնելն ինքնասպանության նման մի բան է

Դավիթ Բաբայան. Հողեր հանձնելն ինքնասպանության նման մի բան է
07.03.2019 | 22:00

Արցախյան հակամարտության կարգավորման թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ։


- Պարոն Բաբայան, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել ավելի հեշտ, քան նախկին ԽՍՀՄ տարածքում առկա ցանկացած այլ հակամարտություն՝ անկախության ճանաչման դիմաց Ադրբեջանին վերադարձնելով մի քանի շրջաններ։ Ինչպիսի՞ն է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Զատուլինի այս խոսքերի առնչությամբ։
- Երբ խոսում են հեշտ տարբերակների մասին, սա մի քիչ նմանվում է հետևյալ իրավիճակին. միևնույն է, մարդու կյանքը մի օր վերջանում է. ի՞նչ կլինի, եթե վերցնենք և ուղղակի ինքնասպանություն գործենք և վերջացնենք։ Էլ ինչո՞ւ ենք տասնամյակներ տանջվում, տառապում, իմաստը ո՞րն է։ Հիմա նույնը սա է։ Ի՞նչ է նշանակում՝ ամենահեշտ տարբերակն այն է, որ հողերը հետ հանձնվեն։ Ինչի՞ համար է ամենահեշտ տարբերակը՝ հայ ժողովրդի կոտորածի՞։ Սա միանշանակ հայ ժողովրդի կոտորածի ամենահեշտ, արդյունավետ և Ադրբեջանի երազած տարբերակն է։ Երբ Արցախի անվտանգությունը թուլանա, վայրկյանական կարելի է ամեն ինչ լուծել, և սրանով տարածաշրջանում լրիվ նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծել։ Բայց մենք համաձայն չենք սրան։ Հարցը մեր ժողովրդի ապագայի մասին է։ Մեծն Անդրեյ Սախարովն ասել է. «Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ամբիցիայի հարց է. հայերի համար Ղարաբաղը կյանքի և մահվան հարց է»: Մենք չենք կարող թուլացնել մեր անվտանգությունը և սպասել Ադրբեջանի քմահաճույքներին։
- Պարոն Բաբայան, ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի անդամակցությունը եվրասիական ինտեգրացիոն կառույցներին կնպաստի ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։
- Նախ նշեմ, որ շատ լավ է, որ ռուս տարբեր քաղաքական գործիչներ ուզում են, որ հակամարտությունը խաղաղ լուծում ունենա։ Բայց ԵԱՏՄ-ն այնպիսի կենտրոնացված կառույց չէ, որ կարողանա այս հարցը կարգավորել։ Անգամ Խորհրդային Միությունը չկարողացավ։ Այս պահի դրությամբ կարգավորման միակ տարբերակը սառեցումն է, այն ինչ կա, որովհետև թերևս որևէ ելք չկա։
Ադրբեջանցիներն ասում՝ Ղարաբաղն իրենցն է, ասում են՝ Շուշիում պետք է թեյ խմեն։ Մենք էլ ի՞նչ պետք է ասենք. պետք է ասենք՝ եկեք, թեյ խմեք, մեզ էլ ճանաչեք։ Մենք Շուշիում Ադրբեջանի դեսպանատան համար շենք կտրամադրենք, թող գան, ինչքան ուզում են՝ այնտեղ թեյ խմեն՝ որպես երկու անկախ պետությունների փոխհարաբերությունների դրսևորում։
- Իսկ ինչպե՞ս է Ստեփանակերտը գնահատում ՀՀ իշխանությունների՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ Արցախյան հարցի քննարկումների մակարդակը։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի վերջին հանդիպման մասին է։
- Մենք արժևորում ենք ցանկացած նման հանդիպում և ասում, որ ինչքան շատ նմանօրինակ հանդիպումներ տեղի ունենան, այնքան լավ։ Դրանք նպաստում են խաղաղության և կայունության պահպանմանը և բանակցային գործընթացում շարունակականություն ապահովվում։ Այլ բան է, որ համապարփակ կարգավորման համար մի շարք քայլեր են անհրաժեշտ, մինչդեռ միակ խոչընդոտն Ադրբեջանն է՝ իր հայատյաց դիրքորոշմամբ։
- Մոգերինին ասել է, որ «սատարում է Նիկոլ Փաշինյանի՝ առանց նախապայմանների ամբողջական ներգրավվածությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում»։ Ի՞նչ նախապայմանների մասին է ըստ Ձեզ խոսքը։
- Նախապայմանները գալիս են Ադրբեջանից, Իսկ Ադրբեջանի նախապայմանները մի քանիսն են։ Կարծում եմ՝ Մոգերինիի խոսքերը մեսիջ են՝ ուղղված հենց Ադրբեջանին։ Խաղաղ կարգավորման միակ խոչընդոտը հենց Ադրբեջանն է:

Դիտվել է՝ 2611

Մեկնաբանություններ