Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կյանքի երեկոն իր հետ բերում է իր լամպը

Կյանքի երեկոն իր հետ բերում է իր լամպը
12.03.2019 | 01:12

Կյանքում ավելորդ մարդիկ չկան, աշխարհ եկած յուրաքանչյուր մարդ իր ուղին, իր առաքելությունն ունի: Աշխարհ գալով իր ասելիքն ասում է, իր առաքելությունը կատարում ու հեռանում է: Ժողովրդական խոսքն ասում է՝ մարդու վերջը բարի լինի, այն ժամանակահատվածը, երբ տարիքն առած հասակում սկսում է դանդաղ քայլել ոչ թե այն պատճառով, որ ծնկները ցավում են, այլ որովհետև շտապելու կամ գնալու տեղ չունի: Սա այն ժամանակահատվածն է, որ թվում է, թե մարդը զրկվում է ոչ միայն ուրախությունից, այլև հույսից: Բայց երբեմն դեմքի վրա հայտնված խոր կնճիռները դեռևս ծերության նշան չեն, քանի դեռ հոգու կայտառությունը չի լքել ծերացող մարմինը, քանի դեռ մարդը պահպանում է հույսն ու լավատեսությունը:

ԱԽՐ ՅՈԹ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏՈՂ ԱԶԳ ԷԻՆՔ

Հենց այսպիսի՝ ֆիզիկապես առույգ ու հոգեպես կայտառ մարդկանց հանդիպեցի Երևանի Նորքի թիվ 1 տուն-ինտերնատում, որն իր տանիքի տակ հավաքել է տարբեր ճակատագրի տեր 60-ից մինչև 100 տարեկան կանանց ու տղամարդկանց: Այստեղ ապրում են նաև 18 և ավելի տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք: Այո, տուն-ինտերնատի բնակիչներն ունեցել են և շատերն այսօր էլ ունեն սեփական տուն, ընտանիք, զավակներ ու թոռներ, սակայն մեկի տանը սոցիալական ծանր պայմաններով, մյուսում զավակների գերզբաղվածությամբ, երրորդում ծնողական պարտականությունը մոռացած զավակի ցանկությամբ պայմանավորված շատերը կյանքի մայրամուտին հայտնվել են այստեղ: Բայց մայրամուտն իր հետ բերել է նաև իր լամպը, վկա՝ տուն-ինտերնատի բարի ու հոգատար աշխատակազմն ամբողջացնող երիտասարդ տնօրենի, հոգեբանի, բժշկի ու ատամնաբույժի, գրադարանավարի ու սոցիալական աշխատողների, վարպետ խոհարարների ու տեխնիկական աշխատողների ջերմ ու հոգատար վերաբերմունքը:
Թող չթվա, թե տուն-տեղ, ընտանիք, զավակներ ու հարազատներ դրսում թողած այս մարդիկ ապրում են մեկուսացված: Նրանց կյանքն այստեղ շատ ավելի ուրախ է անցնում, քան սեփական տանը, զավակների հետ ապրող շատ տարեցներինը:

ԿՅԱՆՔԸ ՏՈՒՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
1989-1990 թթ. կառուցված Նորքի տուն-ինտերնատի շենքը բավական թարմ ու բարեկարգ վիճակում է:
Շենքի առաջին հարկում փակցված տուն-ինտերնատի կանոնակարգը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` վաթսունհինգ տարին լրացած (այսուհետ` տարեց) միայնակ չաշխատող կենսաթոշակառուների, կամ տասնութ տարին լրացած, հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող տարեց անձանց, կամ ընտանիքում բռնության, սոցիալական մեկուսացվածության կամ բարոյահոգեբանական անհամատեղելի իրավիճակի առկայության դեպքում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց` բացառությամբ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող, ծերունական փսիխոզով, ծանր արտահայտված սկլերոզով անձանց, շուրջօրյա լրիվ խնամքի, սոցիալական սպասարկման և երկարաժամկետ կացարանով բնակության ապահովումն է:
Երկու քառահարկ մասնաշենքերում ապրում է 230 տարեց, որոնցից 130-ը կանայք են, 100-ը` տղամարդիկ: Տարիների ընթացքում շենքային պայմանները բարելավվել են: Այսօր նորոգ հարկաբաժիններն ու տնօրինության միջոցներով վերանորոգված ճաշարանը, որն ունի միայն հացի պահպանման և մսի մշակման առանձին սենյակներ, բուժկետը, դեղատունը, բաղնիքը, որից, ի դեպ, օգտվում են շաբաթվա մեջ երկու անգամ, երբեմն էլ ավելի, մարզադահլիճը, ժամանցի սրահն առավել բարենպաստ պայմաններ են ստեղծել մեծահասակների բնակության և հանգստի համար: Նորաբաց «Skype»-ի սենյակի շնորհիվ տուն-ինտերնատի բնակիչները հնարավորություն ունեն շփվելու ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գտնվող ընտանիքի անդամների, բարեկամների և ընկերների հետ:
Տիկին Գալյան Սամարայում ապրող երեք թոռնիկների հետ հաճախ է զրուցում, տեղեկանում նրանց առօրյային: Տուն-ինտերնատում հայտնվելու շարժառիթի մասին հարցնելն անտեղի էր, չցանկացա թոռնիկի հետ զրուցելու պահին նրա աչքերում առկայծող խինդն ու ժպիտը փոխել թախծի:
«Իրատես»-ի հետ զրույցում տուն-ինտերնատի տնօրեն ԱՐԹՈՒՐ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ պատմեց, որ հաստատությունում պարբերաբար կազմակերպվում են ժամանցի համար նախատեսված միջոցառումներ, յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են կինոդիտումներ, այցելում են մշակութային կենտրոններ, տուն-ինտերնատում շարունակականորեն բարելավվում են կյանքի և կենցաղի համար նախատեսված պայմանները: Տարեցներին այցելում են պաշտոնատար անձիք, արվեստի գործիչներ, դպրոցականներ:
Շուրջ 8000 կտոր գրականություն ունեցող գրադարանը բնակիչների ամենասիրած վայրն է, հաճախ են հավաքվում այստեղ, թերթերից ծանոթանում օրվա նորություններին, քննարկում քաղաքական անցուդարձը, նշում հայ գրողների ծննդյան տարեդարձը, ասմունքի ժամին սիրով արտասանում են նաև սեփական ստեղծագործությունները: Տարեցները հաճախակի անցնում են բուժզննում, անհրաժեշտության դեպքում իրականացվում է անվճար վիրահատություն: Շենքի առաջին հարկի սրահում բնակիչների ցանկությամբ ստեղծված փոքրիկ աղոթատեղին նրանց թաքուն ցանկությունների ու մաղթանքների վայրն է: Ո՜վ գիտե, թե ինչ են ցանկանում Աստծուց քարը քարի վրա դնելով տուն ու տեղ, ընտանիք ստեղծած այս մարդիկ, որոնց հոգսը հանձն է առել պետությունը:
Այս տանը կանանց տրամադրվում են թելեր, որոնցով նրանք հյուսում են գեղեցիկ սփռոցներ, ժակետ, ձեռնոց ու գլխարկ: Ի դեպ, նրանք սիրով իրենց աշխատանքները նվիրում են մանկատան երեխաներին:


ԶԱՐՄԱՆԱԼԻ ԷԱԿՆԵՐ ԵՆ ԿԱՆԱՅՔ, ՆՐԱՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՆՀՆԱՐԻՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՑՈՒՅՑ ՏԱԼ
Պետք է տեսնել, թե տոնական օրերին ինչպես են զուգվում-զարդարվում տուն-ինտերնատի կին բնակիչները, թեև տղամարդիկ էլ հետ չեն մնում նրանցից: Ես ներկա գտնվեցի գարնանային գեղեցիկ տոնին՝ Մարտի 8-ին նվիրված միջոցառմանը:
Այդպես էլ պետք է լիներ, գարնան առաջին տոնը պետք է նվիրված լիներ կնոջը: Գարնան շունչը, զարթոնք ապրող բնությունը օգնում են, որ բացահայտվի կնոջ սրտի խորունկ ծալքերում ծվարած քնքշանքն ու սերը: Տուն-ինտերնատի կանայք այդ օրը պարզապես շողշողում էին, անհնարինը հնարավոր ցույց տալու ցանկությունն անգամ հաշմանդամություն ունեցող կանանց ստիպել էր թեև դանդաղ, ոչ հաստատուն քայլերով միանալ սրահում հավաքված մարդկանց: Շենքի հետնամասում խորովածի բույրը տարածվել էր ամենուր, իսկ շենքի դիմաց ԱԻՆ-ի երիտասարդ անձնակազմը պատուհաններից զարմանքով նայող կանանց համար «դավադրություն» էր պատրաստում: Քիչ անց փրկարարները տանիքից «ներխուժեցին» տատիկների սենյակները, ծաղիկներ նվիրելով շնորհավորեցին նրանց ու նաև աշխատակազմի կանանց տոնը:
Տուն-ինտերնատի կանանց իր այցով հաճելի անակնկալ մատուցեց նաև Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ իր գրասենյակի մի քանի աշխատակիցների հետ: Նրա նվիրած ծաղիկներն ու մտերմիկ զրույցը հուզեցին բոլորին: «Ես էլ Արման Թաթոյանի նման բոյ-բուսաթով տղա ունեմ, համա էսօր ինձ Արման Թաթոյանն է այցելել ու շնորհավորում...»,- խոնավացած աչքերը գետին հառելով ցածրաձայն մրմնջաց միջանցքում կանգնած տարեցներից մեկը:

ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ԱՆՎՐԵՊ ՀԵՏՆԱՀԱՐՎԱԾԸ
Հայն ավանադապաշտ ընտանիքի ջատագով է, որքան էլ ժամանակն ազդի ապրելակերպի ու մտածողության վրա, այնուհանդերձ ծնողական պարտականությունը չպետք է ընկրկի ժամանակի առաջ: Սա քարոզչություն չէ, պարզապես Նորքի տուն-ինտերնատում իմ տեսածի ու լսածի փոխանցումն է ընթերցողին:
Սեփական մտքերի ու հուշերի հետ մենակ չմնալու համար տարեցները գրեթե միշտ զբաղված են: Այդ առումով նարդին, բիլիարդը, միջոցառումները, շարունակական բուժումները, գիրքն ու հողամասում աշխատելը փրկություն են: Զրուցելիս էլ խոսքերում չարություն չկա, ու վերքի վրա աղ չցանելու պայմանով որոշում եմ զրուցել մի քանիսի հետ: Զոհրաբ Բաղդասարյանը մանկավարժ է, գոհ է թե տուն-ինտերնատում գոյություն ունեցող կարգուկանոնից, թե բուժսպասարկումից, խաթրին կպչողն էլ գործ կունենա տնօրենի հետ. Արթուր Մելքոնյանը բոլոր հարցերը լուծում է խաղաղությամբ:
Ջուլիետա Բոյաջյանը Սպիտակից է, թեև երկար տարիներ աշխատել է սանիտարուհի, սակայն, իր ասելով, պրոֆեսորի խելք ունի: Շնորհակալ է Աստծուն, որ հանդիպել է հոգատար ու սրտացավ տնօրենին ու ջահել աշխատակցուհիներին:
Վիոլետա Ղազարյանն այստեղ ավելի ազատ ու անկաշկանդ է, քան սեփական տանն էր: Օրվա մեծ մասը ծաղիկներ է խնամում, զրուցում է հետները: Ըստ նրա` կյանքի իմաստը արարել, ստեղծելն է՝ հանուն հարազատների, օջախի, երկրի ու մարդկության:
Այնուհանդերձ, այս մարդկանց ժպտացող աչքերի խորքերում ծվարած կարոտ կա, չխոստովանվող թախիծ, հարազատի զանգի ու այցի մասին ավետող լուրի սպասում:
Հայհոյանքը կփշրի՞ այն 8 զավակների կարծրացած սրտերում բնակալած ապառաժը, ովքեր իրենց տան մի անկյունում տեղ չգտան ծնողի համար, ովքեր սառնասրտորեն նրան հանձնեցին պետության խնամքին: Անտեղյա՞կ են բումերանգի կանոնին: Մինչդեռ անծանոթ մարդիկ մատաղից բաժին են հանում ծերանոցի բնակիչներին: Փիլիսոփան ասում է` երեխային դաստիարակելով պետք է մտածել նրան սպասվող ծերության մասին: Վատ թե լավ արարքի համար մի օր ուղտը նրանց դռանն էլ է չոքելու:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ