«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Թերեզա Մեյի երկրորդ ֆիասկոն

Թերեզա Մեյի երկրորդ ֆիասկոն
13.03.2019 | 13:04

«Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կայանալու է ԵՄ-ի հետ համաձայնագրի երկրորդ քվեարկությունը: Համաձայնագրում կատարվել են փոփոխություններ, որոնք վերաբերում են «իռլանդական բեկստոպին»` ասաց վարչապետ Թերեզա Մեյը: Ապահովագրական տարբերակը կամ բեկստոպը նախատեսում է, որ եթե մինչև անցումային շրջանի ավարտը կողմերը չգտնեն փոխընդունելի լուծում, Հյուսիսային Իռլանդիան կարող է մնալ ԵՄ մաքսային միության մաս: Թերեզա Մեյը ճշտեց, որ համաձայնագրում կատարված փոփոխությամբ «իռլանդական բեկստոպը» չի կարող մշտական լինել: Համաձայնագի նախագծում փոփոխությունները կատարվել են Թերեզա Մեյի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հանդիպումից հետո, որ կայացավ երկուշաբթի օրը Ստրասբուրգում: Եվրահանձնաժողովի նախագահի հետ ասուլիսում Թերեզա Մեյը հայտարարեց, որ համաձայնագրի նոր տարբերակում հաշվի են առնվել պատգամավորներին հիմնական ցանկությունները: Ժան-Կլոդ Յունկերն ընդգծեց, որ եթե Բրիտանիայի խորհրդարանը դեմ քվեարկի համաձայնագրի նոր տարբերակին, «երրորդ շանս արդեն չի լինի»: Թերեզա Մեյի Ստրասբուրգ այցի ընթացքում համաձայնեցվել են երկու փաստաթղթեր: Առաջինը բրեկզիտի համատեղ պարտադիր համաձայնագիրն է, որ Լոնդոնը կարող է օգտագործել, եթե Բրյուսելը փորձի պահպանել բեկստոպը Հյուսիսային Իռլանդիայի համար անորորշ ժամանակով: Երկրորդ փաստաթուղթը համատեղ հայտարարությունն է Մեծ Բրիտանիայի ու ԵՄ-ի ապագա հարաբերությունների մասին, որտեղ նշվում է Հյուսիսային Իռլանդիայի համար հատուկ կարգերը 2020-ի դեկտեմբերին վերացնելու մտադրության մասին: Բրիտանացի քաղաքական որոշ գործիչներ զգուշանում են, որ այդ ժամկետը անորոշ երկար կտևի: «Խորհրդարանի անդամները հայտարարում են, որ անհրաժեշտ են բեկստոպի ռեժիմի իրավաբանական փոփոխություններ: Հիմա մենք ունենք հաստատված համապատասխան փոփոխություններ: Եկել է ժամանակը աջակցելու բրեկզիտի այս բարեփոխված տարբերակին»` ասաց Թերեզա Մեյը: Հունվարի 15-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց բրեկզիտի համաձայնագրի նախորդ տարբերակը, որ կազմել էին Լոնդոնի ու Բրյուսելի պատվիրակությունները: Դեմ էին 432, կողմ 202 պատգամավորներ: Բրեկզիտը 2019-ի մարտի 29-ինն է: Սակայն ԵՄ պայմանագրի 50-րդ հոդվածով` Եվրախորհուրդը և դուրս եկող երկիրը լիակատար կոնսենսուսի դեպքում կարող են ելքը հետաձգել: Եվրադատարանը վճռել է, որ Մեծ Բրիտանիան իրավունք ունի միակողմանի հետ կանչել իր դիմումը, այսինքն` բեկանել բրեկզիտը:


Երկուշաբթի օրը կառավարությունում տիրող տագնապին երեքշաբթի փոխարինեց հույսը: Իհարկե, կառավարությունը չի սպասում, որ բրեկզիտի համաձայնագիրը ակնթարթորեն ու միաձայն կողջունեն կողմնակիցները: Այնուհանդերձ, կառավարությունում ակնկալում են, որ Ստրասբուրգում ընդունված 2 փաստաթղթերը համաձայնագրի հաջողությունը կապահովեն: Իսկ լրացուցիչ երաշխիքները վարչապետի հակառակորդներին կհամոզեն վերանայել իրենց դիրքորոշումը և աջակցություն հայտնել համաձայնագրին:


Նախարարների կաբինետի քարտուղարության ղեկավար Դևիդ Լիդինգտոնը հայտարարել էր խորհրդարանում, որ նոր փաստաթղթերը «կբարելավեն ու կուժեղացնեն և բրեկզիտի համաձայնագիրը, և ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ քաղաքական համաձայնությունը»: Կառավարությունը կներկայացնի ևս մեկ փաստաթուղթ` «միակողմանի հռչակագիրը», որ հաստատում է` Բրիտանիան երաշխավորված կհրաժարվի Հյուսիսային Իռլանդիայի հետ հատուկ մաքսային ռեժիմից, եթե ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների բանակցությունները փակուղի մտնեն:


Ժան-Կլոդ Յունկերը նախազգուշացրել է` եթե խորհրդարանը չընդունի համաձայնագրի նոր տարբերակը, «երրորդ շանս չի լինելու»: «Քաղաքականության մեջ դուք երբեմն ստանում եք երկրորդ շանս: Բայց երրորդ շանս չի լինելու: Եկեք պարզ խոսենք` կամ ընդունվում է այս համաձայնագիրը, կամ բրեկզիտ չի լինում»` ընդգծել էր Եվրահանձնաժողովի ղեկավարը: Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Կորբինը պատգամավորներին կոչ է արել դեմ քվեարկել համաձայնագրին: Նա գտնում է, որ վարչապետը անպատասխանատու ձգում է ժամանակը: Լիբերալ դեմոկրատների ղեկավար Վինսենտ Քեյբլը երկուշաբթի հայտարարեց, որ բրեկզիտի բանակցությունները համարյա փակուղի են մտել: Պահպանողական Դոմինիկ Գրիվը ասում է, որ ուշադիր ուսումնասիրել է երկուշաբթի օրը Ստրասբուրգում ընդունված փաստաթղթերը ու գտնում է, որ նշանակալից փոփոխություններ համաձայնագրի նախագծում չեն կատարվել. «Այդ փոփոխություններն իրավունք չեն տալիս Բրիտանիային բեկստոպի ռեժիմի ավարտի որոշում ընդունել, երբ Լոնդոնը դա համարի անհրաժեշտ»:
BBC


Հ.Գ. Երեկ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը նորից մերժեց բրեկզիտի համաձայնագիրը: Համայնքների պալատում 242 պատգամավոր կողմ էր, 391-ը` դեմ: Մինչև ԵՄ-ից դուրս գալը մնում 16 օր: Քվեարկությունից առաջ Հյուսիսային Իռլանդիայի դեմոկրատական յունիոնիստական կուսակցության ներկայացուցիչները հրաժարվեցին համաձայնագրին աջակցել: Դժգոհ էին և եվրասկեպտիկ պահպանողականները:
Երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ ԵՄ-ն արել է «հստակ, հեռուն գնացող առաջարկներ, որոնք հաշվի են առնում Բրիտանիայի տագնապները և փորձում են պատասխան գտնել»: Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին Թվիթերում գրեց, որ ԵՄ ղեկավարությունն արել է հնարավորը` Բրիտանիայի համար և հույս ունի, որ Լոնդոնը կողմ կքվեարկի համաձայնագրին:


Բայց Համայնքների պալատը դեմ քվեարկեց: Թերեզա Մեյը ստացավ 149 ձայնի տարբերություն: Այսօր քվեարկության կդրվի ԵՄ-ից առանց համաձայնագրի (no deal) հեռանալու հարցը, որին դեմ է մեծամասնությունը: Հավանաբար no deal սցենարը մերժելուց հետո, հինգշաբթի Համայանքների պալատը կքվեարկի բրեկզիտի հետաձգման տարբերակը: Բայց կա նաև բրեկզիտի դիմումի հետկանչի տարբերակը, որ Եվրադատարանի վճռով միանգամայն օրինական է:


Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քվեարկությունից հետո արձանագրեց. «Մենք ցավում ենք քվեարկության այսօրվա արդյունքների համար և հիասթափված ենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ի վիճակի չեղավ ապահովել համաձայնագիրը, որ ձեռք էր բերվել 2018-ի նոյեմբերի բանակցություններում»: Նա գտնում է, որ ԵՄ արել է հնարավորը. «Հաշվի առնելով դեկտեմբերին, հունվարին ու երեկ ԵՄ-ի տված լրացուցիչ երաշխիքները, բարդ է ասել, թե ԵՄ-ն ուրիշ ի՞նչ կարող էր անել: Եթե խնդիրը լուծում ունի, այդ լուծումը պետք է որոնել Լոնդոնում»:


Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Կորբինն ասաց, որ Մեյի կառավարությունը տանուլ տվեց ու պետք է ընդունի, որ աջակցություն չունի. «Կառավարության ժամանակը սպառվում է, ժամանակն է մտածել ընտրությունների մասին»: Կորբինը հիշեցրեց, որ Լեյբորիստներն ունեին բրեկզիտի իրենց առաջարկը և մտադիր են նորից քննարկման դնել խորհրդարանում:
Թերեզա Մեյը հայտարարեց, որ քվեարկելու է բրեկզիտի համաձայնագրի no deal տարբերակի դեմ: Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո նա ասաց, որ առաջվա պես անհանգստացած է առանց համաձայնագրի դուրս գալու «հնարավոր վտանգից»: Նա հավելեց, որ համաձայնագրի նոր տարբերակը մերժելուց հետո խորհրդարանականներին մնում է «ոչ նախանձելի ընտրություն»` թե ինչ անեն հետո: «Ես ձգտում եմ կատարել ժողովրդի կամքը` արտահայտված հանրաքվեում: Բայց ես նաև ձգտում եմ, որ ելքը լինի հանգիստ, համաձայնագրով և վստահ եմ, որ մեծամասնությունը խորհրդարանում այդպես է մտածում»: Փաստորեն` Մեծ Բրիտանիայի վարչապետը երկրորդ անգամ սխալվեց, երրորդ ֆիասկոն, հավանաբար, կլինի նրա հրաժարականը, թեպետ մինչև տարեվերջ Համայնքների պալատն իրավունք չունի նրան անվստահություն հայտնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ