Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞վ ասաց, որ Նազարբաևը հեռանում է

Ո՞վ ասաց, որ Նազարբաևը հեռանում է
20.03.2019 | 12:10

2019-ի մարտի 19-ին, ժամը 19:00-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Մարտի 20-ից նա վայր է դնում նախագահական իրավասությունները: 78-ամյա նախագահի հրաժարականից հետո` ըստ Սահմանադրության, նախագահի պարտականությունները կկատարի Սենատի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: «Այս տարի կլրանա 30 տարին, որ ես բարձր պաշտոն ունեմ: Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»` հայտարարեց Նազարբաևը: Նա ընտրվել է 1990-ի ապրիլին, մինչ այդ Ղազախական ՍՍՀ-ում ու ԽՄԿԿ-ում ուներ ղեկավար դիրքեր: Նազարբաևը 5 անգամ հաղթել է նախագահական ընտրություններում: Վերջին անգամ հնգամյա ժամկետով նախագահ է ընտրվել 2015-ին՝ ստանալով ձայների 97,7 տոկոսը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսել է Նուրսուլթան Նազարբաևի հետ, կարևորել Ղազախստանի առաջընթացի և զարգացման ապահովման գործում նրա անգերագնահատելի դերակատարումը, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների կայացման գործում մեծ ավանդը: Բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական գործակցությունը և նախագահ Նազարբաևի հետ ձևավորված անձնական հարաբերությունները, նաև հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ: Համենայն դեպս` պայմանավորվել են հանդիպել Աստանայում՝ մայիսի 29-ին, ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովում:


Նազարբաևի հրաժարականին արդեն արձագանքել է ՀԱՊԿ-ը` գլխավոր քարտուղարի ԺՊ Վալերի Սեմերիկովն ասել է. «Ղազախստանի նախագահի փոփոխությունը չի ազդի համաձայնությունների և ծրագրերի իրականացման հետագա ընթացքի վրա, որոնք ավելի վաղ ընդունվել են ՀԱՊԿ-ում և այժմ իրագործվում են: Ինչպե՞ս դա կարող է ազդեցություն ունենալ, եթե ՀԱՊԿ-ի բոլոր անդամ երկրները կապված են միևնույն պայմանագրով: Այնտեղ հստակ շարադրված են կողմերի պարտականությունները մեկը մյուսի հանդեպ»:
Ոմանց կարող է թվալ, որ հեռանում է հետխորհրդային տարածքի վերջին մոհիկանը ու անցյալ դարից մնաց տրակտորիստ-տանկիստ Բատկան: Ոմանց կարող է նրա հեռանալը թվալ անհավանական կամ անակնկալ: Իրականում Նուրսուլթան Աբիշևիչը անշտապ նախապատրաստում էր պետությունը նոր որակով կառավարելու իր հիմքերը` 30 տարի նախագահելուց հետո: Այս տարի փետրվարին Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը պատասխանեց նախագահի հարցումին` սահմանադրական կլինի՞ նախագահի հրաժարականը: Պատասխանը` «Այո» էր, դա վերջին ազդանշանն էր, որ Նազարբաևը որոշումն ընդունել է: Մինչ այդ Ղազախստանի Անվտանգության խորհուրդը խորհրդակցական մարմնից դարձավ սահմանադրական` մեծացնելով լիազորությունները: Ազգային անվտանգության խորհրդի մասին օրենքը Նազարբաևին, իբրև առաջին նախագահի և ազգի առաջնորդի (Ելբասի), իրավունք տվեց ցմահ նախագահել ԱԽ-ն: Պատահական չէ, որ Նուրսուլթան Նազարբաևը պահպանում է երկու կարևոր պաշտոնները` ԱԽ նախագահի և «Նուր Օթան» իշխող կուսակցության նախագահի: Բացի այդ նրան 2010-ին պաշտոնապես տրվել է ազգի առաջնորդի կարգավիճակ: Նախագահը և նրա ընտանիքի փաստացի անձեռնմխելի են, որևէ դատարան նրանց չի կարող դատել:


Գործնականում` ով էլ լինի ընտրվի նախագահ` ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևինն է լինելու որոշումների կայացման մեջ վերջին խոսքը և պետք չէ սպասել քաղաքական կուրսի փոփոխություն: Նա է հավասարակշռելու ազդեցիկ բիզնես-խմբերի ու քաղաքական էլիտայի շահերը, արտաքին հարաբերությունները` ներառյալ Ռուսաստանի ու Չինաստանի հետ: Ղազախստանը շարունակելու է մնալ նույն երկիրը` ինչ եղել է: Մինչև ընտրությունները նրան կփոխարինի Սենատի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Դա դեռ չի նշանակում, որ նա է Նազարբաևի իրավահաջորդը: Թեպետ փորձագետների գնահատականով` միջանկյալ նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը անվտանգ միջնորդ է, նա նախագահի հավատարիմ զինակիցն է: Որքան արագ լինեն նախագահական ընտրությունները, այնքան հավանական է Տոկաևի հաղթանակը, որ նշանակելու է «Նազարբաևների կորպորացիայի» կառավարման շարունակում: Տոկաևի կառավարումը կարող է ռիսկային լինել ներքին ու արտաքին գործոնների ակտիվացման դեպքում` ներառյալ Ռուսաստանի դերը, նավթի գները, սոցիալ-տնտեսական դժվարությունները ու էլիտայի ներսում սկսված պայքարը: Ոմանց գնահատականով` Ղազախստանից դուրս կան որոշակի դեմքեր, որ կփորձեն օգտագործել իշխանության համեմատական վակուումը այն պահին, երբ նախագահը վերջապես հայտարարեց, որ ինքն անմահ չէ:
Հերթական նախագահական ընտրությունները պիտի կայանային 2020-ին և այս կետից է սկսվում հիմնական ինտրիգը` ընտրությունները կկայանա՞ն 2020-ին, թե՞ ավելի շուտ: Եվ` ովքե՞ր կլինեն նախագահի թեկնածուները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսել է Նուրսուլթան Նազարբաևի հետ, բայց հաստատ չի ասել` գոնե գնալուց առաջ ասեք` ի՞նչ ունեք Հայաստանի դեմ: Օրինակ` ինչու՞ էիք Ալիևի նամակները հանում-կարդում, բա հիմա ո՞վ է նրա նամակները կարդալու: Բատկա՞ն` կրծքին Հեյդար Ալիևի շքանշանը, թե՞ ձեր հաջորդը` ձեր ձայնով: Կամ էլ` բա հիմա ո՞վ է շահել-պահելու ԵԱՏՄ-ն` ձեր գաղափա՞րն էր, չէ, որ իրագործեց Պուտինը: Դուք էիք պնդում, որ ԵԱՏՄ-ն առանց Ադրբեջանի ԵԱՏՄ չէ: Բատկան ասում էր` դուք եք առաջարկել, որ Բելառուսը պիտի ՀԱՊԿ իր գլխավոր քարտուղարին առաջ բրդի: Բա հիմա ի՞նչ են առանց ձեզ անելու: Բա Բատկան մեղք չէ՞ր: Իսկ ընդհանրապես` Ղազախստանում ոչինչ էլ չի փոխվել:

Դիտվել է՝ 2105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ