Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայրենական տեքստիլ արտադրանքը վերադառնում է նոր չափանիշներով

Հայրենական տեքստիլ արտադրանքը վերադառնում է նոր չափանիշներով
05.04.2019 | 04:07

Վերջին տարիներին հայկական տեքստիլ արտադրության զարգացումը վկայում է, որ մի քանի կայացած ընկերությունների շնորհիվ վերականգնվում են Հայաստանից արտահանվող տեքստիլ արտադրանքի երբեմնի հեղինակությունն ու ծավալները: Ներկայումս տեքստիլ արդյունաբերությունն արտահանման ծավալներով զիջում է միայն գյուղատնտեսությանն ու ադամանդագործությանը (ներառյալ ոսկերչությունը)։


Հայաստանի անկախացումից հետո բնակչության գնողունակությունը տեղական տեքստիլ արտադրանքի նկատմամբ նվազել էր, կրճատվել էին նաև տեղական ձեռնարկությունների արտադրանքի իրացման ծավալներն ու եկամուտները: Այդ պատճառով դրանց մեծ մասը կանգնել էր գոյությունը պահպանելու խնդրի առաջ: Բայց չէ՞ որ մենք միշտ ունեցել ենք բարձրակարգ վարպետներ, որոնց արտադրանքը ռուսական և առհասարակ միջազգային շուկայում մշտապես առաջատար տեղ է գրավել: Հարկավոր էր նրանց համար ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր, նպաստավոր պայմաններ ու սահմանել արտոնություններ, որ նրանք օրվա հացը վաստակելու նպատակով հարկադրված չլքեին երկիրն ու ընտանիքը: Բայց գրեթե ոչինչ չարվեց: Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների առատությունը հայ գնորդին թույլ չէր տալիս նկատել հայրենական քիչ թե շատ արտադրվող տեսականին՝ հագուստեղենը, գուլպեղենը, կոշկեղենն ու զանազան այլ ապրանքներ, իսկ հմուտ վարպետները հարկադրված մեկնում էին արտագնա աշխատանքի:
Տեղական շուկայում այսօր էլ կարելի է հանդիպել Թուրքիայից, Չինաստանից, Ռուսաստանից ու այլ երկրներից ներկրված հագուստեղեն, գուլպեղեն ու կոշկեղեն, սակայն տեղական արտադրանքն իր որակով ու արտաքին տեսքով չի զիջում ներկրված տրիկոտաժե արտադրանքին ու կոշկեղենին, դեռ ավելին, առավել որակյալ և մատչելի է, ինչի արդյունքում մեծ պահանջարկ է վայելում:


ՀՀ թեթև արդյունաբերության զարգացման 2013-2023 ժամանակահատվածի ռազմավարության ծրագրով խնդիր է դրվել վերանվաճել ներքին շուկան, իսկ արտաքին շուկայում ավելացնել արտահանման ծավալները: Տասնամյա ռազմավարական ծրագրով պետք է ստեղծվի առնվազն 50 հազար նոր աշխատատեղ: Դեռ 2010-ին հայրենական արտադրանքի հանդեպ ներքին պահանջարկի խթանման նպատակով Երևանում անցկացվեց «Գնենք հայրենականը» խորագրով ցուցահանդես-վաճառք, որին մասնակցեց թեթև արդյունաբերության ոլորտը ներկայացնող մոտ 25 ընկերություն: Տեղացի գնորդը համոզվեց, որ հայրենական արտադրանքը գնով ու որակով կարող է ավելի մրցունակ լինել մեր շուկայում, քան թուրքականը, չինականն ու պարսկականը, եթե միայն հայկական հագուստների և առհասարակ տեղական արտադրանքի դիզայնը չկրկնի բրենդային ապրանքանիշերին: Վերջին տարիներին մեծ ու փոքր տեքստիլ ընկերությունների գործունեությունը, Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում բացված «Արտադրված է Հայաստանում» մասնագիտացված խանութների փաստը վկայում են, որ փորձեր են արվում զարգացնելու թեթև արդյունաբերությունը:


Սակայն այս ոլորտի արտադրանքը տեղական շուկայում կարող է պահանջարկ ունենալ միայն գների և մրցունակության ապահովման դեպքում: Հայաստանը համարվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ և որոշակի պարտավորություններ ստանձած երկիր: Եթե տեղական և դրսից ներկրած ապրանքների նկատմամբ նախկինում սահմանվում էին մաքսային ու հարկային նույն պարտավորությունները, ինչը հայրենական արտադրողներին շնչելու հնարավորություն չէր տալիս, ապա այսօր կառավարության մոտեցումն այլ է: ՀՀ կառավարության որոշմամբ տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերությունները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող հումքը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը կնպաստեն ոչ միայն տեղական, այլև արտասահմանցի ներդրողների ներգրավմանը:
Ըստ ՀՀ ազգային-վիճակագրական ծառայության 2017-ի հրապարակման՝ ներկայումս տեքստիլի ոլորտում գործում են ավելի քան 300 գրանցված կազմակերպություններ, որոնց մոտ 80 %-ը գործում է հագուստի արտադրման ոլորտում, իսկ հարակից շղթաներում շատ են ինչպես գրանցված, այնպես էլ չգրանցված կազմակերպությունները։

ՏԵՔՍՏԻԼ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՍԻՑ


Ժամանակակից տեխնոլոգիաներով զինված արտադրության գործունեության ու նրանում աշխատող կանանց (տեքստիլ արտադրությունում մեծ մասամբ կանայք են աշխատում) աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար հարկավոր է առնվազն մեկ օր անցկացնել նրանց հետ, զրուցել, շփվել, որ հասկանաս, թե տեղական արտադրանքն ինչպես է ծնվում հայ կնոջ ձեռքերի վարպետության ու ջերմության շնորհիվ: Սա էր պատճառը, որ թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Սրապիոն Առաքելյանի՝ «Սաթենկար» ՍՊԸ այցելելու հրավերը սիրով ընդունեցի:


Երևանին սահմանակից Քասախ գյուղում 2002 թվականին հիմնադրվեց «Մելանտե» ապրանքանիշը ներկայացնող «Սաթենկար» ՍՊԸ-ն: Դեռևս վերանորոգման փուլում գտնվող ձեռնարկության բակում մեզ դիմավորեց ընկերության արհմիութենական կազմակերպության նախագահ Անի Ավետիսյանը, որը հակիրճ ներկայացրեց ընկերության կենսագրությունը:
«Սաթենկար» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Խոշոյանը 17 տարի առաջ առաջնորդվելով հաջողության հասնելու հետևյալ բաղադրիչներով՝ աշխատի՛ր, մտածի՛ր և հավատա՛, որոշեց սեփական բիզնեսը սկսել` օգտագործելով այն, ինչ ուներ: Իսկ ունեցածը մի փոքրիկ ավտոտնակ էր, ձեռքի մկրատ, 4 սովորական կարի մեքենա և 26 կիլոգրամ կտոր, որից ընտանիքի երեք անդամներով ստեղծեցին ներքնազգեստի առաջին խմբաքանակը: Իսկ երբ ներդրած գումարը բազմապատկվեց, Հովհաննես Խոշոյանը որոշեց ընդլայնել «արտադրամասը»: 2015 թվականին սկսվեց 2500 քառակուսի մետր մակերեսով 4-հարկանի ձեռնարկության շինարարությունը, ու թեև վերին հարկերի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, այնուհանդերձ 2-րդ հարկում տեղակայված արտադրամասի գործունեությունն ընթանում է բնականոն հունով:


«Այս պահին ունենք 60 աշխատող ՝ 80-85 հազար դրամ միջին աշխատավարձով, նրանք բոլորն էլ արհմիության անդամ են: Աշխատում են մեկ հերթափոխով, 8:30-17:30, այդ ընթացքում նրանց տրամադրվում է երկու ընդմիջում՝ ճաշի և սուրճի: Աշխատողների համար աշխատանքային բարենպաստ պայմանների (մաքուր, ընդարձակ ու լուսավոր արտադրամաս, սանհանգույց, բացօթյա հանգստի վայր) ապահովումը մեզ համար առաջնային է, քանի որ միայն այդ դեպքում կարելի է հուսալ որակյալ և բարեխիղճ աշխատանք: Շուտով կունենանք նաև ճաշարան: Լավ աշխատանքի դիմաց աշխատողները ստանում են պարգևատրումներ»,- ասաց Անի Ավետիսյանն ու հավելեց, որ ընկերությունը մտադիր է ընդլայնելու արտահանման ծավալները: Ներքին շուկայում, իր սպառողի համար «Մելանտե» ապրանքանիշով խանութների ցանցից բացի այսօր «Սաթենկարի» հիմնական շուկան Ռուսաստանն է, սակայն արտադրանքի ծավալն ավելացնելուց հետո փորձելու են դուրս գալ նաև եվրոպական շուկա:
Կարի արտադրամասում բանվորուհիները հերթական պատվիրատուի համար կարում էին գոգնոցներ և շապիկներ: Արտադրամասի պետ Գայանե Կամենդատյանի փոխանցմամբ` երևանյան մի շարք սուպերմարկետներ, սրճարաններ, հյուրանոցներ, գործարաններ իրենց արտահագուստը պատվիրում են «Սաթենկարին»: Ի դեպ, սկսնակների համար կազմակերպվում են վարպետության դասեր, որից հետո նրանք դառնում են ձեռնարկության հիմնական աշխատողներ:


Իր հաճախորդներին առաջարկելով միայն բարձրորակ արտադրանք` ընկերությունը պահպանում է արտադրանքի որակական բոլոր չափանիշները: Այստեղ արտադրվում է ավելի քան 500 անուն ապրանքատեսակ՝ մանկական, կանացի, տղամարդկանց և կորպորատիվ հավաքածուներ: Արտադրանքի ողջ տեսականին ստեղծվում է բարձրորակ հումքից` հիմնականում 100-տոկոսանոց բամբակից, ինչպես նաև վիսկոզից և լայկրայից, որոնք ներկվում են միայն էկոլոգիապես մաքուր ներկանյութով:
Անի Ավետիսյանը նաև նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ «Սաթենկար» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող հումքը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կարի արտադրության մեջ, նախատեսվում է իրականացնել 200 000 000 դրամի ներդրում և աշխատատեղերի ավելացում:


Հայաստանի թեթև արդյունաբերության մեջ, որն իրականում այնքան էլ թեթև չէ, ինչպես նկատեց Սրապիոն Առաքելյանը, տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտն ունի զարգացման մեծ հեռանկար: Խորհրդային Միության տարիներին այս ոլորտը համարվում էր տնտեսության առանցքային ճյուղերից մեկը, որտեղ ընդգրկված էր ընդհանուր աշխատուժի մեկ քառորդը: Հուսանք, որ հայրենական «Տոսպ», «Լենտեքս», «Անուշ» «Քանաքեռ կարի ֆաբրիկա», «Մամստեքս», Մարալիկի «Նայտեկ», «Ալեքս տեքստիլ», «Սաթենկար», «Գառնի-ինվեսթմենթ», «Հայաս», «Արագած», «Գևորգ և Վահան», «Ագնես», «Մետաքս», «Արշալույս», Գյումրու «Սասստեքս» և ջինսեր արտադրող «Ռ. Զաքարյան», Վանաձորի «Գլորիա» և «Բազում ֆիրմա» ու այլ ընկերություններ իրենց արտադրանքի ծավալների ընդլայնման և աշխատատեղերի ավելացման շնորհիվ թեթև արդյունաբերությունը կդարձնեն Հայաստանի տնտեսության հենասյուներից մեկը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ