«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Մալիշկան երեկ, այսօր, վաղը

Մալիշկան երեկ, այսօր, վաղը
16.04.2019 | 02:41

ԳՅՈՒՂԱՑԻՆ ԳԼՈՒԽԸ ԿԱԽ ԻՐ ԳՈՐԾԻՆ Է


Այս տարվա ձյան առատ տեղումներից հողը հագեցել է: Հողագործը դեռ փետրվար ամսից օրերն էր հաշվում, թե ձեռքը երբ է դիպչելու հողին, որպեսզի զգա նրա ջերմացնող ուժը: Ապրիլ ամիսն է, ու գյուղացուն ջերմացնող հողի ուժը ստիպում է վաղ առավոտից տքնել հողի վրա, մտովի զրուցել նրա հետ, ծանր ու թեթև անել տարվա անելիքները: Լավ է, որ մասնագետները գյուղատնտեսության համար բարենպաստ տարի են խոստացել: Բայց եղանակից երբեմն գլուխ չես հանի:


Ինչևէ, գյուղացին գլուխը կախ իր գործին է: Վայոց ձորի Մալիշկա գյուղում գյուղատնտեսական աշխատանքները վաղուց են սկսել: Տնամերձերում հողագործները գրեթե ավարտել են մշակաբույսերի սերմերի ու սածիլների տնկման աշխատանքերը: Տիկին Նինային հանդիպեցի իր հողամասում: «Ձմռանը մարդու սիրտ է ճաքում տանը փակված, հիմա ուրիշ է, գիտես առավոտից ինչ ես անելու: Լույսը բացվելուն պես մտնում եմ հողամաս ու երբեմն էլ մոռանում եմ ուտելու ու դեղորայքն ընդունելու մասին: ՈՒ երբ գլախացավս նեղում է, նոր հիշում եմ, որ պիտի մի քիչ դադար առնեմ»,- ասում է Մալիշկայի 73-ամյա բնակչուհին: Նրա խոսքով դեռ փետրվարին նորմալ աճի համար կտրել է խաղողի մատները, մարտին ցանել է կարտոֆիլ, բազուկ, սոխ, իսկ բոլորովին վերջերս՝ նաև լոբին, պղպեղն ու լոլիկը, ջերմոցում էլ՝ բադրիջանն ու կանաչեղենը: Տեսականին թեև շատ է, սակայն քիչ քանակով է ցանում, այս տարիքում աշխատում է պարզապես պարապ չմնալու, իր ձեռքով աճեցրած բերքը վայելելու համար, բացի այդ, կարոտում է հողին: Եղածն իրեն լիուլի բավարարում է, դեռ բաժին է հանում Եղեգնաձորում ապրող դստեր ընտանիքին, հարևաններին: «Գոհ եմ կյանքից էլ, աշխարհից էլ, էսպես էլ որ մնա, լավ է: Սիրում եմ իմ գյուղը ու ցանկանում եմ, որ ոչ մի փակ դուռ չլինի, որ գյուղից հեռացածներին կարոտը քաշի բերի տուն»:


Դեռ 2018 թվականի կեսերից Մալիշկա համայնքի բնակիչները պահանջում էին երկար տարիներ համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանի հրաժարականը, դժգոհելով նրա գործունեությունից: Այս տարվա փետրվարի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավար ընտրվեց Գարիկ Նազարյանը:
«Իրատեսի» հետ զրույցում նա նշեց, որ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրումն ավարտվել է, և սկսվել է ծրագրերի իրականացման շրջանը:

ԵՂԵԼ ԵՎ ՄՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՅՈՒՂԸ


Մալիշկա գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի կենտրոնական մասում: Գյուղը հիմնադրվել է 1828 թ. ռուս-պարսկական պատերազմից հետո հիմնականում Պարսկաստանի Խոյ-Սալմաստ գավառներից, հատկապես Փայաջուկ գյուղից Գրիբոյեդովի կոչով 1831 թ. սկզբում 7, ապա 42 գաղթած ընտանիքների կողմից: Պատմում են, որ սարերով ճամփա ընկած մարդկանցից մեկը, նկատելով հեռվում արևից փայլատակող լիճը, բացականչել է. «Հրե՜ն, հեռվում մե լիճ կա», հետագայում «մե լիճ կա»-ն հնչյունափոխվելով դարձել է Մալիշկա:
Բնակավայրը փռված է Արփա գետի աջ ափին, շուրջ 250 հա-ի վրա։ Գյուղի վարչական տարածքը կազմում է 8330 հա, ներկայումս գյուղում ապրում է 1750 ընտանիք, բնակչության ընդհանուր թիվը կազմում է 4976: Գյուղի արոտավայրերը զբաղեցնում են 1136,8 հեկտար տարածք, վարելահողերը՝ 6,9 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար։ Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ, դաշտավարությամբ և մեղվաբուծությամբ, նաև կարողանում է իրացնել արտադրածը:
Մալիշկայի հայտնի տոնավաճառի մասին պատմությունն այսօր քչերն են հիշում, մինչդեռ 19-րդ դարի կեսերին գյուղում եռանդուն գործունեություն է ծավալել ծնունդով շամախեցի, ռուսական բանակի կապիտան, բանաստեղծ, Վայոց ձորի գավառի տեսուչ Պետրոս Մադաթյանը (մականունը՝ Սեյադ)։ Նրա ջանքերով գյուղում կառուցվել է առևտրական 60 կրպակ։ Պիտի բացվեին նաև արհեստավորաց տուն և վարժարան, որոնց շնորհիվ պիտի ծաղկեին հայկական մի քանի հնագույն արհեստներ։ 1857 թվականին Պետրոս Մադաթյանը ռուսական կառավարությունից Մալիշկա գյուղում տոնավաճառ կազմակերպելու թույլատրություն է ստանում։ Այս տոնավաճառը պետք է դառնար ավանդական և տեղի ունենար ամեն տարվա մայիսի 23-ից մինչև հունիսի 4-ը։ Սակայն նախաձեռնությունը ձախողվում է, իսկ կրպակներն ու տաղավարները քանդվում են։ Հետագայում փորձեր են արվել վերակենդանացնելու այս գաղափարը, բայց անհաջող:


Այսօր մթերքի իրացման համար որպես շուկա մալիշկացին ընտրել է գյուղի կողքով անցնող Հայաստան-Իրան միջպետական ավտոմայրուղու մի հատված, որտեղ էլ վաճառում է ստեղծած բարիքը, իսկ խաղողի բերքահավաքի ժամանակ մթերքը հանձնում է Եղեգնաձորի պահածոների գործարանին:
Գյուղում գործում են 2 միջնակարգ դպրոց, 2 մանկապարտեզ, մշակույթի տուն, առողջապահական կենտրոն, առևտրի տասնյակից ավելի կետեր, զովացուցիչ ջրերի 2 փոքր արտադրամաս: Մշակույթի տանը գործում են գրադարանը, պարի, նկարչության, շախմատի, ըմբշամարտի, բռնցքամարտի և ֆուտբոլի խմբակներ, խորհրդային տարիներին գյուղում գործել է կոնդենսատորների գործարանը շուրջ 600 աշխատատեղով, որն այնուհետև վերափոխվել է թանկարժեք քարերի մշակման և ոսկու վերամշակման արտադրամասի, սակայն այսօր չի գործում։


Գյուղի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Գյուղի հին եկեղեցին, պատմական Մոզ քաղաքի դամբարանադաշտը, բազմաթիվ խաչքարերը մալիշկացիների հպարտությունն են։ Գյուղից դուրս գործում է մեծահարուստ համագյուղացի, ռուսաստանաբնակ Արա Աբրահամյանի կառուցած սուրբ Աննա եկեղեցին: Դեռ խորհրդային տարիներին կառուցվել է երկու հուշարձան` Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան պատերազմում զոհված մալիշկացիների հիշատակին:

ԴԵՌ ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ
Մալիշկայի բնակիչներն ուրախ են, որ գյուղը չմտավ խոշորացված համայնքի կազմ՝ իրենք են ու իրենց խնդիրները, աստիճանաբար կլուծեն, մանավանդ որ խնդիրների լուծման հարցում Մալիշկայի ակտիվ երիտասարդները սատարում են համայնքի ղեկավարությանը: Մալիշկայի առօրյայով հետաքրքրվողների համար հիանալի տեղեկատու է համայնքապետարանի պաշտոնական կայքը, որի շնորհիվ համագյուղացիները տեղեկանում են գյուղում կատարվող աշխատանքների մասին:


Եթե նախկինում Վայքից եկող գազամուղն առանց գյուղ մտնելու անցնում էր Մալիշկայի «քթի տակով» ու գնում Եղեգնաձոր, այսօր արդեն գյուղը գրեթե ամբողջովին գազիֆիկացվել է, թեև դեռևս որոշ տներում երկնագույն վառելիքը ներս չի մտել: Մալիշկացին խմելու ջրից դժգոհ չէ, սակայն ոռոգման ջուրը որոշ թաղամասերում բաշխվում է անհամաչափ, գյուղացիները հարկադրված են լինում համբերատար սպասել իրենց հերթին: Որոշ հողատարածքներ անմշակ են, քանի որ ոռոգման համակարգն այդ հողատարածքներ չի հասնում։ Վարելահողերը չօգտագործելու պատճառներից մեկն էլ այն է, որ դրանց սեփականատերերը կամ բացակայում են, կամ պարզապես հողը չեն մշակում: Քանի որ Հայաստանի բազմաթիվ համայնքներում առկա է այդ խնդիրը, ուստի գյուղատնտեսության նախարարությունը մտադիր է փոփոխություններ կատարելու Հայաստանի հողային օրենսգրքում, ըստ որի գյուղատնտեսական նշանակության վարելահողերի առավել նպատակային օգտագործման համար չմշակվող հողերը պետք է տրվեն այլ անձանց՝ վարձակալության:


Համայնքապետ Գարիկ Նազարյանի խոսքով դա ձեռնտու տարբերակ է՝ հողը պարապ չի մնա, ոմանք էլ ոչ միայն աշխատանք կունենան, այլև կենսական պայմանները բարելավելու հնարավորություն: Համայնքի ղեկավարը առաջիկա ծրագրերը թվարկելիս կարևորեց հատկապես փողոցների ասֆալտապատումը, նշելով, որ շուրջ 30 տարի է, ինչ գյուղում այդ ուղղությամբ ոչինչ չի արվել: Թեև այս օրերին ընթանում են փոսալցման աշխատանքներ, սակայն շուրջ 500 մետր ճանապարհի ասֆալտապատման ծրագրի իրականացումը կարևոր է հատկապես գյուղի թիվ մեկ դպրոց, մանկապարտեզ և Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշահամալիր տանող ճանապարհը ավելի բարեկարգ դարձնելու համար: Համայնքապետը հույս ունի, որ ծրագրի իրականացման համար հատկացվող ֆինանսների 45 %-ը կտրամադրվի համայնքի բյուջեից, իսկ մնացածը՝ պետության կողմից:


Մալիշկայում ծխախոտագործությունը մշտապես եղել է գյուղատնտեսության առաջատար ճյուղերից: Վերջերս ծխախոտի մթերման առաջարկով համայնքի ղեկավարությանն է դիմել «ՄԱՍԻՍ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ծխախոտի մշակումը կատարում է պայմանագրային կարգով, մշակողին աշխատանքները կազմակերպելու համար կանխավճարի ձևով տրամադրում է սածիլ, պարարտանյութ, բուժանյութեր և մեկ հեկտարի հաշվով 200000 դրամ: Ծխախոտը մթերվում է առանց տերևները շարելու, հասունացած վիճակում, Գետափ գյուղի մթերակայանում: Մթերված ¥հանձնված¤ ծխախոտի վերաբերյալ հանձնողին տրվում է համապատասխան հաշիվ-ապրանքագիր, ըստ որի հանձնողը 10 օրվա ընթացքում բանկային քարտի միջոցով ցանկացած բանկոմատից կարող է ստանալ իր հասանելիք գումարը: Մթերման միջին գինը 1 կգ թաց զանգվածի համար կազմում է 85 դրամ: Դա մալիշկացու համար ձեռնտու առաջարկ է:


-Մեկ այլ ծրագրով գյուղի ամենաբերրի տարածքներից մեկը՝ Աջափ կոչվող 32 հեկտար տարածքը, կդառնա ջրովի, այդ ուղղությամբ աշխատանքները գրեթե ավարտված են: Համագյուղացի Արա Հարությունյանը տարիներ առաջ Արփա գետի վրայով դեպի հանդամաս կամուրջ էր կառուցել, բայց ես ցանկանում եմ հիմնավոր կամուրջ կառուցել, որի համար մեծ ներդրումներ են հարկավոր, այդ հարցում ակնկալում եմ կառավարության աջակցությունը: Ամեն օր գլխումս տասնյակ ծրագրեր են պտտվում: Ընտրություններում ստացա համայնքի բնակիչների վստահության քվեն, ուստի նրանց հուսախաբ անելու իրավունք չունեմ,- ասաց Գարիկ Նազարյանը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ