Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մոսկվայի բանակցությունները վերադարձ են Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների՞ն

Մոսկվայի բանակցությունները վերադարձ են Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների՞ն
26.04.2019 | 02:26

Երևանում ու Ստեփանակերտում բոլորը գիտեն, որ բոլորովին վերջերս Մոսկվայում հանդիպում եղավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև, որին մասնակցում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հետո նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շեֆերը։ Այն, որ բանակցությունները կայացան Մոսկվայում, և նրանց մասնակցեց Լավրովը, փորձագետներին բազմաթիվ խորհրդածությունների սնունդ տվեց։ Ակնհայտ էր, որ հակամարտող կողմերը հերթական անգամ մոտեցան արցախա-ադրբեջանական հակամարտությունների սուր խնդիրներին, ընդ որում, ունենալով ինչ-որ «տնային պատրաստություններ»։ ՈՒշադրություն դարձնենք բանակցությունների արդյունքների մասին Մամեդյարովի բավական բացորոշ հայտարարությանը։


«Նախ Սերգեյ Լավրովը, ես և Զոհրաբ Մնացականյանը եռակողմ հանդիպում ունեցանք։ Այն արդյունավետ էր։ Մենք քննարկեցինք հարցեր, որոնք մինչ այժմ խոչընդոտում էին առաջընթացին։ Չեմ կարող ասել, որ դա լիակատար առաջընթաց էր։ Բայց ընդհանուր առմամբ հայկական կողմը և ես կարողացանք առավել բազմակողմանիորեն ու խորապես հասկանալ որոշ պահեր,- հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարը։- Քննարկումը մենք արեցինք այն պլանի հիման վրա, որը 2016-ին առաջարկել էր ռուսական կողմը։ Հասկանալի է, որ այդ հանդիպման ընթացքում մենք չկարողացանք լուծել բոլոր հարցերը։ Այսօրվա հանդիպման օգուտն այն էր, որ մենք ավելի խոր կերպով գիտակցեցինք, թե ինչ խնդիրներ կան և ինչ է անհրաժեշտ որոշել։ Օրինակ, Հայաստանը կարգավիճակի և անվտանգության հարցն է բարձրացնում։ Մենք էլ առաջին հերթին բարձրացնում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերը հանելու և հարկադրյալ տեղահանվածների վերադարձի հարցը։ Մենք բազմակողմանիորեն քննարկեցինք այդ չորս հարցը։ Կարծում եմ, որ համաձայնեցինք շարունակելու քննարկումները, որովհետև ես պետք է տեղեկացնեմ պարոն նախագահին, իմ հայ գործընկերը պետք է տեղեկացնի իր վարչապետին։ Հանդիպման ընթացքում տարբեր կարծիքներ են հնչել։ Հիմա ես չեմ ուզում ասել, թե ինչ առաջարկներ են եղել. դրանք ռուսական կողմի, համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի առաջարկներն են։ Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»։


Հիշեցնենք, որ 2016-ին Կրեմլն առաջարկում էր ինչ-որ սցենար, որը Հայաստանում և ԱՄՆ-ում (ինչպես դա պարզվեց 2019-ին) հակառուսական շրջանակները հետո անվանում էին «Լավրովի պլան», որն իրականում երբեք չէր եղել։ Այս տարի մենք արդեն մեկ անգամ գրել ենք, թե իրականում ինչ է եղել 2016-ին։ Ցանկացողները կարող են այդ նյութը՝ «Հոգլանդի պլանը Բրայզայի պլանն է, այսինքն՝ Հեյդար Ալիևի», կարդալ «Իրատեսի» 2019 թ. մարտի 12-ի համարում։ Բայց որոշ բաներ հիշեցնենք։ Երբ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը 2017-ին իր լիազորությունները հանձնում էր Էնդրյու Շեֆերին, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը 2016 թ. փաստաթղթերն անվանեց «Հոգլանդի պլան», ոչ թե Լավրովի։ Մեջբերենք «Ամերիկայի ձայնից». «Լեռնային Ղարաբաղի բարդ պատմության լույսի ներքո կողմերը պետք է նրա վերջնական կարգավիճակը որոշեն համաձայնեցված և ապագայում իրավաբանորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով։ Միջանկյալ կարգավիճակը լինելու է ժամանակավոր»։ Հոգլանդը հավաստիացնում էր, որ դա ԵԱՀԿ ՄԽ-ի բոլոր համանախագահների դիրքորոշումն է։ Նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում գտնվող և Ադրբեջանի կողմից չվերահսկվող տարածքները «պետք է ստանան միջանկյալ կարգավիճակ, որն առնվազն երաշխավորում է անվտանգություն և ինքնակառավարում։ Լեռնային Ղարաբաղի շրջակա օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասվում է այդ փաստաթղթում, որը կոչվում է, կրկին հիշեցնեմ, «Հոգլանդի պլան», այսինքն՝ ԱՄՆ-ի, ոչ թե Լավրովի կամ Ռուսաստանի։ Չի կարող լինել «որևէ կարգավորում առանց Ադրբեջանի ինքնիշխանությունը հարգելու և ընդունելու, որ այդ տարածքների նկատմամբ նրա ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»։ Շարունակենք մեջբերել. «Հոգլանդի պլանը նաև նախատեսում է միջանցքի ստեղծում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սակայն այդ միջանցքը չի կարող ներառել Լաչինի շրջանը։ Երկարաժամկետ լուծումը պետք է հաշվի առնի բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ բնակության նախկին վայրը վերադառնալու իրավունքը։ Լուծումը պետք է ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք նախատեսում են խաղաղարար միջոցներ։ Չկա սցենար, որի դեպքում կարելի է խաղաղության հասնել առանց հստակ մտածված խաղաղարար գործողության, որը վայելում է բոլոր կողմերի վստահությունը»։


2017 թ. մարտին Հոգլանդը հայտարարում էր, որ «ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կա մի քանի խելամիտ պլան, որոնց շուրջ կողմերը պետք է բանակցեն, և նրանք «Լավրովի պլան» չեն կոչվում»։ Նա երկու անգամ ընդգծել է, որ «ոչ մի փաստաթուղթ չկա «Լավրովի պլան» անվանումով և բանակցային գործընթացում առկա չէ։ Շրջանառվում է երեք մասից բաղկացած պլան, բայց տվյալ փուլում նրա մանրամասները չենք կարող հրապարակել, ժամանակը չէ։ Կողմերն աշխատում են դրա վրա»։ Ավելացնենք, որ Լավրովն ինքը բազմիցս ժխտել է իր անվամբ պլանի առկայությունը և ճշտել. «Ներկայումս քննարկվող գաղափարների հիմքում ընկած են այն առաջարկները, որոնք համատեղ մշակել են Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Խոսքն այն դրույթների մասին է, որոնք ղարաբաղյան հակամարտության գծով համատեղ հայտարարություններում հնչեցրել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները»։ 2016-ին հանդիպումներ են եղել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, և ցանկացողները կարող են կրկին ընթերցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, որը Կրեմլի մամուլի ծառայությունը տարածել է 20.06.2016-ին։ Իսկ ռուսական առաջարկները 2016 թ. կոչվում էին Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, ո՛չ «Լավրովի պլան», ո՛չ էլ «Հոգլանդի պլան»։


Մոսկվայի հանդիպման մասին համանախագահների եզրափակիչ հայտարարությունը որոշակի մանրամասներ է մտցնում։ Պարզվում է, որ հակամարտող կողմերը «հայտնել են իրենց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացմամբ, մասնավորապես գյուղատնտեսական գործունեության ընթացքում», «նաև համաձայնել են փոխադարձաբար միջոցներ ձեռք առնելու, որպեսզի ընտանիքներին թույլ տան հանդիպել իրենց այն հարազատների հետ, որոնք կալանված են կողմերի համապատասխան կենտրոններում» և «պատրաստակամություն են հայտնել կոնկրետ աշխատանք սկսելու մարդկանց միջև շփումներ հաստատելու ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցերի միջոցով»։ ՄԽ-ն նշում է, որ «հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները մոտակա ժամանակում»։


Ի՞նչ է կատարվել Մոսկվայում։ Դատելով Մամեդյարովի արձագանքից՝ սեղանին են դրվել բազմաթիվ կոնկրետ առաջարկներ, նախ և առաջ, այսպես կոչված, մարդասիրական բնույթի, որոնք նախատեսում են Երևանի ու Բաքվի դիրքորոշումների քայլ առ քայլ մոտեցում։ Միայն այդ ուղղությամբ առաջընթացը կերաշխավորի, որ Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյան մեջ կկայանա բարձր մակարդակի հանդիպում։ Առանց այդ ուղղությամբ շոշափելի քայլերի և երկխոսությանը ՌԴ նախագահ Պուտինի մասնակցության անիմաստ է «դիվանագիտական լարախաղացությունը», որն առաջվա պես ընթանալու է հայտնի հին ձևաչափերով։ Նույնիսկ քիչ հավատալի է, թե կան ուժեր, որոնք կարող էին խթանել Արցախի հարցով Ադրբեջանի ու Հայաստանի պետական քաղաքականության վրա ազդելու ունակ այլ երկխոսություն։ Իսկ առայժմ մի բան է պարզ. Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-երի ղեկավարների հանդիպումը ճեղքում չառաջացրեց, ինչը և կանխատեսվում էր։


Մեր երկրի որոշ շրջանակներում, այդ թվում՝ լրագրողական, տպավորություն է ստեղծվել, թե իբր Մամեդյարովը «չէր կարող ստել», և մոսկովյան հանդիպման արդյունքներն ու Մամեդյարովի հայտարարությունների իմաստը վերլուծելուց առաջ, իբր, պետք է սպասել Լավրովի կամ գոնե ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի «հերքմանը»։ Ես անկեղծորեն ուզում եմ հարցնել այդպիսի ինքնապահովագրվողներին. 1) այդ երբվանի՞ց են Հայաստանի զանազան գործիչներն ու ԶԼՄ-ներն այդպես եռանդուն կողմնորոշվում հայ ազգի թշնամիների հայտարարություններով, 2) որևէ մեկը երբևէ տեսե՞լ է, որ ՌԴ ԱԳՆ-ի որևէ ներկայացուցիչ արձագանքի ինչ-որ Կատարի և Քուվեյթի ցանկացած շշուկի, էլ չասած՝ Ադրբեջանի։ Եվ ապրիլի 17-ին Լավրովը պատասխանեց հոռետես հայերին, որոնք պատրաստ էին հավատալու Բաքվից եկած ամեն բառի։ Ահա թե ինչ հաղորդեց ՏԱՍՍ-ը. «Մոսկվան համարում է, որ Ղարաբաղյան հակամարտության գծով Բաքվի ու Երևանի վերջին պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա՝ հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ բանակցության վերջում։ «Մարդասիրական միջոցառումներ հստակ շարադրված են [Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների] համատեղ հայտարարության մեջ. դրանց իմաստն այն է, որ կողմերը համաձայն են լրացուցիչ ջանքեր գործադրելու իրադրության կայունացման համար, հատկապես գյուղաշխատանքների շրջանում, աջակցելու կալանքի տակ գտնվողներին հարազատների այցերին,- ուշադրություն դարձրեց նա։- Բացի դրանից, դա նաև հավանություն տալն է մարդկանց, ներառյալ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, շփումներն են։ Կարծում եմ, որ դա շատ օգտակար պայմանավորվածություն է»։ «Ես մեկնաբանություններ եմ կարդացել, նման բաները, հատկապես մարդասիրական ոլորտում, ոչ միշտ են կատարվել։ Դա ճիշտ է։ Զգալով Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների ապրիլի 15-ի հանդիպման այն մթնոլորտը, որում այժմ ընթանում է աշխատանքը, հիմքեր ունեմ ենթադրելու, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը շահագրգռված են, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա,- ասել է Լավրովը։- Մենք օգնելու ենք դրա իրականացմանը»։ Պատասխանելով հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկների մասին հարցին՝ նախարարը նշեց. դրանք ենթադրում են պայմանավորվածությունների որոնում հենց կողմերի միջև՝ հիմնված տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների վրա։ Մանրամասնությունները, իհարկե, գաղտնի են համարվում»։


Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի արձագանքում Մամեդյարովի շշուկներին, որը դեռ փորձում է շատախոսությամբ ու շաղակրատանքով շփոթություն ստեղծել «2016 թ. ռուսական պլանի մասին»։ Այն, ինչ Լավրովն ասաց կարգավորման մասին, շատ քիչ է տարբերվում 2001 թ. հունվարին Բաքու այցի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինի արած հայտարարությունից. «տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա», բայց հենց կողմերի միջև։ Իսկ Ռուսաստանը պատրաստ է ձեռք բերած լուծումների ու պայմանավորվածությունների կատարման երաշխավոր լինելու։ Ի դեպ, 2016 թ. Սանկտ Պետերբուրգի բանակցությունների մասին։ Ես լավ եմ հիշում, ուստի հիշեցնում եմ Հայաստանի և Արցախի հասարակությանը այն ժամանակվա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը. «Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում ղարաբաղյան հիմնահարցի լուծման մասին որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ինչ վերաբերում է հարցի փաթեթային կարգավորմանը, ապա, առաջին հերթին, դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է դրված լինի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և դրա իրականացման իրավունքի ճանաչումն Ադրբեջանի կողմից,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին։- Տվյալ փուլում Ադրբեջանը պետք է առանց առարկության կատարի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և հաստատված պայմանավորվածությունները, առաջին հերթին՝ խնդրի կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, զինադադարի մասին 1994-1995 թթ. անժամկետ եռակողմ համաձայնությունների պահպանումը, միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնումը։ Այդ ամենը թույլ է տալիս համապատասխան պայմաններ ստեղծել խնդրի կարգավորման բանակցությունները վերականգնելու համար»։ 2016 թ. հուլիսի 8-ին ես հրապարակեցի այդ թեմաներին նվիրված «Ղարաբաղի հարցով Պետերբուրգի հանդիպման արդյունքը. 2001 թվականին վերադառնալու առաջարկ» հոդվածը։ Այլ «ռուսական առաջարկներ 2016-ին չեն եղել առնվազն պաշտոնական խողովակներով։ Իսկ 2019-ին մտածել, թե իբր կարող էին լինել «Ռուսաստանի անդրկուլիսյան առաջարկներ», հիմարություն է. վերը հիշատակված ամերիկացի դիվանագետ Հոգլանդը դա անձամբ է ժխտել։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ