«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Կիմը ցանկանում է վերականգնել մանևրելու քաղաքականությունը

Կիմը ցանկանում է վերականգնել մանևրելու քաղաքականությունը
26.04.2019 | 12:21

Հինգշաբթի հյուսիսկորեացի բռնապետը հանդիպում է Վլադիմիր Պուտինի հետ։ Այդպես նա շարունակում է իրեն արդարացրած մարտավարությունը։ ՌԴ նախագահը Կիմի համար կարևոր օղակ է որոշակի նպատակների իրականացման համար՝ գրում է Տորստեն Կրաուելը Die Welt-ում։ Հինգշաբթի Պուտինը ցույց կտա, որ ազդեցություն ունի ոչ միայն Մերձավոր Արևելքում ու Վենեսուելայում, այլև Արևելյան Ասիայում: Կորեական թերակղզու քաղաքական ապագան արդեն 100 տարի խաղաղօվկիանոսյան տերությունների մրցակցությունն է ներկայացնում, որի ելքը որոշակի նշանակություն ունի Չինաստանի, Ճապոնիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի իրական ազդեցության համար համաշխարհային քաղաքականության վրա։ 2003- 2009-ին Ռուսաստանը հավասարը հավասարի պես մասնակցում էր միջուկային զենքի վերաբերյալ բանակցություններին Կիմի հոր՝ Կիմ Չեն Իրի հետ։ Այսօր Պուտինը զգում է, որ Դոնալդ Թրամփը և Սի Ձինպինը իրեն անկյուն են մղել։ Նա ցանկանում է իրավիճակը փոխել։ Կիմն իր հերթին ցանկանում է վերականգնել մանրևելու հին քաղաքականությունը, որ 1949 – 1994-ին համաշխարհային տերությունների հետ վարում էր իր պապը՝ հյուսիսկորեական պետության հիմնադիր Կիմ Իր Սենը: Կիմի պապը միշտ հավասար ուշադրություն էր դարձնում Պեկինի ու Մոսկվայի հետ լավ հարաբերություններին։ Երբ 1960-1980-ին նրանք միմյանց հետ հակամարտում էին, Կիմ Իր Սենը միջնորդի դեր էր կատարում։ Այսօր Կիմ Չեն Ինին պետք է բարեկամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որ հանդես կգա պատժամիջոցների թուլացման օգտին: Կիմը ցանկանում է Ռուսաստանից գնել լեռնահանքային սարքավորումներ և քաղաքացիական ինքնաթիռներ: Համենայն դեպս, Թրամփի ու ԵՄ-ի աչքում այդ գործարքը բացահայտորեն պատժամիջոցների ենթակա է։ ՄԱԿ-ի բանաձևն արգելու է ցանկացած արտահանում, որ ուղղակի կամ անուղղակի կարող է օգնել Կիմի միջուկային սպառազինմանը։ Առավել հետաքրքիր է՝ կխոստանա՞ Պուտինը Հյուսիսային Կորեային մարտական ինքնաթիռներ: Դա կլիներ պատժամիջոցների բացահայտ խախտում: Չնայած 2009-ին ՄԱԿ-ի սահմանած զենքի մատակարարման էմբարգոյին՝ 2011-ին Սիբիրում ՌԴ այն ժամանակվա նախագահ և ներկա վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կիմ Չեն Իրին ցուցադրեց Су-35 ինքնաթիռները: Այդ պահին դրանք ամենաժամանակակից ինքնաթիռներն էին, որ ՌԴ-ն կարող էր առաջարկել: Գործարքը չկայացավ։ Բայց հյուսիսկորեական ավիացիան սրընթաց հնանում է, իսկ Պուտինը սպառման շուկաներ է որոնում։ Մարտի վերջին Մոսկվան արտահանման իրավունք տվեց նորագույն մոդելին՝ բազմանպատակային, անտեսանելի Су-57 կործանիչներին: Պատահականությու՞ն էր, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։

Տորստեն Կրաուել, Die Welt

Հ.Գ. BBC-ին գրում է, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը առաջին անգամ բանակցեցին։ Հանդիպումը տևեց նախատեսվածից երկու անգամ երկար, բայց ոչ համատեղ հայտարարություններ եղան, ոչ փաստաթղթեր ստորագրվեցին։

Ռուսաստան գալով՝ Կիմ Չեն Ինը ցանկանում էր ցույց տալ, որ Թրամփից բացի կա մեկը, ում հետ կարող է բանակցել։ Կա ԱՄՆ-ը, որ տնտեսական գործիքներ չունի և փորձում է ռազմական ճնշում գործադրել, և կա Ռուսաստանը, որ ԿԺԴՀ-ի հետ պահպանում է լավ հարաբերություններ, բայց նվազ ազդեցություն ունի։ Կիմ Չեն Ինը քիչ է հանդիպում այլ երկրների ղեկավարների հետ: Եվ ոչ միշտ՝ հրապարակային։ Բանակցություններում, ինչպես տեղեկացրեց Վլադիմիր Պուտինը, ի թիվս այլ խնդիրների, քննարկվել է Ռուսաստանում հյուսիսկորեացի աշխատողների խնդիրը։ Կիմ Չեն Ինը, հավանաբար, փորձել է պայմանավորվել, որ նրանք որքան հնարավոր է երկար մնան Ռուսաստանում։ ՌԴ ԱԳՆ տվյալներով՝ երկրում աշխատում է ԿԺԴՀ-ից 8000 միգրանտ: Աշխատավարձի մեծ մասը նրանք տուն են ուղարկում։ ՄԱԿ-ի ԱԽ 2017-ի դեկտեմբերին ընդունած բանաձևով, որ խստացնում է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները, աշխատանքային միգրանտները մինչև 2019-ի տարեվերջ պետք է հայրենիք վերադառնան։ Գուցե և պայմանավորվածությունը կայացել է։

Կիմ Չեն Ինը կարող էր ոչ միայն դիվանագիտական ներգործության լծակներ որոնել, այլև Պուտինից հումանիտար օգնություն խնդրել՝ ելնելով պարենային վիճակից։ Իսկ Ռուսաստանը հերթական անգամ հիշեցրեց, որ սահմանակցում է Հյուսիսային Կորեային, միջուկային զենք ունի և ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է, ուստի հնարավոր չէ համաշխարհային գործերում իրեն անտեսել: Կիմ Չեն Ինը հրապարակային հայտարարություններ չարեց: Պուտինը խոսեց Կորեական թերակղզու միջուկազերծման մասին։ ՙԿիմ Չեն Ինը նախևառաջ տրամադրված է պաշտպանել իր ազգային շահերն ու ապահովել անվտանգությունը: Եթե հյուսիսկորեացի գործընկերների նկատմամբ, նկատի ունեմ նախևառաջ ԱՄՆ-ին, կառուցողական երկխոսության ցանկություն դրսևորվի, կարծում եմ՝ առանց բանակցությունների հարցը չի լուծվի՚։ Այնուամենայնիվ, ԿԺԴՀ-ԱՄՆ բանակցությունների ընթացքի վրա Ռուսաստանը հազիվ թե կարողանա ազդել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ անցկացված բանաձևերով փաստացի հյուսիսկորեական ամբողջ արտաքին առևտուրը, հետևաբար տնտեսական ներգործության բոլոր լծակները, կենտրոնացել են մեկ պետության ձեռքում՝ Չինաստանի։

Իսկ հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը

շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին «բանակցությունների նպատակով Մոսկվայից Վլադիվոստոկ հատուկ հասնելու համար»: Պուտինը ողջունել է «ներկորեական երկխոսությունը զարգացնելու և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու Փհենյանի ջանքերը»: Հանդիպման ավարտին ռուսական կողմն ի պատիվ հյուրի ճաշ է տվել, երկու նախագահները նվերներ՝ սառը զենք են փոխանակել և որովհետև զենքը վատ նվեր է, նաև մանրադրամ են փոխանակել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ