«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Վարչապետը հա՛մ նալին խփեց, հա՛մ մեխին

Վարչապետը հա՛մ նալին խփեց, հա՛մ մեխին
30.04.2019 | 02:42

«Տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է։ Սակայն մեր քաղաքականությունը այն չէ, որ ինչ-որ ընկերության մենաշնորհի դիրք տանք։ Եթե մենք տեղական ավիափոխադրողների համար պայմաններ ենք ստեղծում, ապա պետք է ստեղծենք այն բոլոր տեղական ավիափոխադրողների համար, որպեսզի այդ դաշտում նոր ընկերություններ ի հայտ գան»,- օրերս ասել է վարչապես Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում, նշելով որ հնարավորինս զերծ պետք է մնալ ազգային ավիափոխադրող ունենալուց։


Մի կողմից շատ լավ է, որ տեղական ավիացիայի, այսինքն ավիափոխադրող ձևավորելու ցավը պատել է նաև վարչապետին։ Միանշանակ է, որ տեղական ավիափոխադրող ունենալը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն տնտեսության զարգացման, այլև պետության անվտանգության պահպանման առումով, սակայն անհասկանալի է վարչապետի մտավախությունը ազգային ավիափոխադրող ունենալու հարցում։ Իհարկե, մենք ևս դեմ ենք ոլորտում մենաշնորհի ձևավորմանը, սակայն մի բան է մենաշնորհ ասվածը, այլ բան է ռազմավարական խնդրի լուծումը։ Գաղտնիք չէ, որ ցանկացած պետություն, ի թիվս արտերկրյա ավիափոխադրողների, ունենում է նաև մեկ ազգային ավիափոխադրող, ինչը պատահական չէ, այլ մտածված ռազմավարական քայլ է։


Ազգային ավիափոխադրողի դեպքում պետությունը կարող է վերահսկել և տիրապետել իրավիճակին։ Երկրորդ՝ կարգավորվում է շուկայում տոմսերի գինը, ինչը նպաստում է տուրիզմի ակտիվացմանը։ Այս դրական գործոնը ուղղակիորեն ազդում է տնտեսության զարգացմանը և պետբյուջեի համալրմանը։ Երրորդ՝ տնտեսության շարժիչ ուժերից մեկն էլ օդային տրանսպորտն է, որից, ցավոք, զրկվեց Հայաստանը։ Մի խոսքով, սրանք այն կարևոր գործոններն են, որոնցով առաջնորդվում են շատ երկրներ` ունենալով ազգային ավիափոխադրող։ Ավելին, ազգային ավիափոխադրողին «գուրգուրում» ու «փայփայում» են պետական դոտացիաների միջոցով, այս քաղաքականությունը թույլ է տալիս ազգային ավիափոխադրողին շուկայում լինել մրցունակ գների իմաստով, այսինքն, ազգային ավիափոխադրողի տոմսերի գինը ավելի ցածր է լինում։ Այո, իսկապես որ խելոք մարդը չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։


Ցավոք, Հայաստանը կտրեց այդ ճյուղը. դրսի թելադրանքով որոշում կայացվեց Հայաստանում կիրառել բաց երկնքի քաղաքականությունը, որի նպատակն էր զրկել Հայաստանը վերը նշված բոլոր կարևոր գործոններից։ Բաց երկնքի քաղաքականությունը ուղղակի հարված էր Հայաստանի տնտեսության ռազմավարական շահերին, այն ծրագրված էր դեռևս 1997-ին, բայց կյանքի կոչվեց 2014-ից։ Բաց երկնքի քաղաքականությունը պետք է որ նպաստեր Հայաստանի ավիաշուկայում առողջ մրցակցության ձևավորմանը, տոմսերի գների նվազեցմանը, նոր ավիաուղղությունների բացմանը և առավել շատ օտարերկյա ավիափոխադրողների ներգրավմանը։ Արդյունքում հայաստանյան ավիաշուկան օտար խաղացողների թվի պակաս չունի, բայց տոմսերի գները չնվազեցին, այլ շատ ուղղություներով բարձրացան։ Արդյունքում Հայաստանը զրկվեց միջազգային ճանաչում ունեցող ազգային ավիափոխադրողից, այսօր շուկայում գործում են երկու մասնավոր ընկերություններ, որոնք ի զորու չեն մրցակցելու օտարերկյա ավիափոխադրողների հետ։


Այո, մենք դեմ ենք մենաշնորհներին ցանկացած ոլորտում, սակայն չէ՞ որ գոյություն ունեն մենաշնորհների տարբեր ձևեր. նույն Եվրոպայում, ՌԴ-ում գործում են ազգային ավիափոխադրողներ սեփականության տարբեր ձևաչափերով։ Ինչու՞, օրինակ, չի կարելի Հայաստանում ունենալ ազգային ավիափոխադրող, պետությունն էլ ունենա իր բաժնեմասը։ Այսպիսով կվերանա բացարձակ մենաշնորհի վտանգը, պետությունն էլ կլուծի իր ռազմավարական խնդիրը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ