Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒզում էին` լավ, ստացվեց` «խորոված»

ՈՒզում էին` լավ, ստացվեց` «խորոված»
03.05.2019 | 00:02

Եթե զուտ քաղաքական և քաղաքագիտական սկզբունքներով առաջնորդվենք, ապա այն, ինչ կատարվում է այսօր հայաստանյան ներքին և արտքաղաքական օրակարգում, չափորոշիչների առումով անգամ երրորդ` բանանային երկրների ստանդարտներին չի համապատասխանում:


Հայաստանում ավարտվեց ԵԱՏՄ երկրների վարչապետերի հերթական հանդիպումը: Հասկանալի է, կառույցն ինքնին «խինդ» պարգևողներից չէ, որպեսզի «նոր» Հայաստանի համար լուրջ լոտեր գրանցվեին, մանավանդ որ «նոր» Հայաստանի իշխանություններն առաձնապես խանդավառված չեն այդ կառույցով, էլ չենք ասում, որ ժամանակին կառույցից դուրս գալու համապատասխան նախագիծ էին առաջարկում։ Սակայն, ինչպես ասում են, ով անցյալը հիշի, աչքը դուրս գա: Բոլոր դեպքերում, Մեդվեդևին իր տուն տարած հայաստանյան իշխանության հայտարարություններից այդպես էլ չիմացանք` ինչ է որոշվել Հայաստան առաքվող գազի գնի առնչությամբ, որովհետև խոսվում էր հեռանկարային` մինչև 2030 թ. գազի գնի պայմանավորվածության մասին, Ռուսաստանում հայ վարորդների իրավունքներին առնչվող խնդիրների մասին և այդպես շարունակ:
Բնականաբար, չէր բարձրաձայնվելու, թե հայաստանյան ընտրովի արդարադատությանը, առավել ստույգ` Ռոբերտ Քոչարյանի մասով, ի՞նչ մեսիջ էր բերել Դմիտրի Անատոլևիչը։ Թե Նիկոլ Վովաևիչը, որը չի ցանկանում փակել ռուսական հեռուստաալիքները, «պատասխան պահանջող» հայացքով արդյոք հարցրե՞լ էր` ինչու՞ են այդքան դաժան դեմարշ իրականացնում ռուսական` անձամբ պարոն Պեսկովի համակարգման տակ գտնվող հեռուստաընկերությունները իր նկատմամբ` Քոչարյանի «քրեական» գործի մասով, այն համարելով քաղաքական հետապնդում:


Եվ վերջապես, արդյոք Փաշինյանի տանը հյուրընկալված Մեդվեդևը խոսե՞լ էր առաջիկայում Վաշինգտոնում սպասվող Մամեդյարով-Մնացականյան հանդիպման մասին, և որպես բարի «մեդվեդ-արջուկ», ի՞նչ էր շշնջացել այդ առնչությամբ` Ղարաբաղյան սպասվող զարգացումների և ամերիկյան պետքարտուղար պարոն Պոմպեոյի բարձր հովանու ներքո սպասվող բանակցությունների մասին, այն էլ` Վենեսուելայի զարգացումների ֆոնին, ուր Սիրիայից հետո Ռուսաստանը հերթական, սակայն արյունոտ, «մաստեր-կլասը» տվեց: Ոչինչ չասվեց այս ամենի մասին, սակայն իմացանք, որ Փաշինյանենց տուն գնացած Մեդվեդևը երեկոյան էլ նրա և մնացյալ վարչապետերի հետ գնացել է «12» ակումբ, մի լավ պարել և փախլավա կերել (էս իշխանությունների մոտ մեկ «ՈՒր որ գնաս` հետդ կգամ» երգի տակ է արտաքին քաղաքականություն «ստացվում», մեկ էլ` փախլավայի։ Ի դեպ, տեղեկություն ունենք, որ իր տուն հրավիրված Մեդվեդևի համար Փաշինյանը ցանկացել է խորոված անել, սակայն Դմիտրի Անատոլևիչն ասել է` ուշանում ենք):


Եվ սա դեռ բոլորը չէ. հաջորդ` բուն ԵԱՏՄ պլենար նիստի օրը տեղի ունեցածն ու դրա շարունակությունն ընդհանրպես ո՛չ Մարկես է, ո՛չ Բունյուել: Շվեյկ է` քաջարի արկածներով: Դիմիտրի Անատոլևիչն առանց երկնչելու` ողջ Հայաստանի, ողջ ԵԱՏՄ-ի, աշխարհի բաց աչքի առաջ ուղղակի «կատակ», իրականում` դիմացինին փոքրացնող, ֆրազ օգտագործեց` դեմքի այնպիսի արտահայտությամբ` շարունակական այնպիսի ծիծաղով, որ նման բան եթե տեղի ունենար Սերժ Սարգսյանի «ժամանակ», պատգամավոր պարոն Փաշինյանը հաջորդ օրն ուղղակի կբարձրանար ԱԺ ամբիոնի կամ սեղանի վրա ու կհրովարտակեր, թե ինչ խայտառակություն, ինչ դարակազմիկ, ինչ երկիր քայքայող, ոչնչացնող, ֆորպոստացնող բան է տեղի ունեցել, և նման իշխանավորը չպետք է մեկ վայրկյան իսկ զբաղեցնի երկրի ղեկավարի աթոռը: ՈՒ կիջներ սեղանի վրայից:


Ավելին չասենք, որովհետև ինքնին կատարվածը գեղեցիկ չէր այն առումով, որ եթե անգամ Մեդվեդևը կատակել էր (չենք քննարկում Փաշինյանի ռուսերենը, քննարկում ենք` ՌԴ վարչապետի ժպիտի ելևէջները), ապա ամենևին պետք չէր, որ երեկոյան էլ Փաշինյանը «բացատրեր»` ուզում էինք հիմա էլ սուրճ խմել, ճաշել… իսկ հիմա «բռնվեք»` հաշվի առնելով նախորդ օրվա մեր վիճակը (մեջբերումը բառացի չէ): Չենք անդրադառնալու նաև փաշինյանական թիմի խղճուկ արձագանքներին այս առնչությամբ, ֆեյքային հարձակմանը` արդեն ոչ թե մեր, այլ պարոն Մեդվեդևի վրա:
Արձանագրելու ենք լոկ. դիսկուրսն իջեցնել այսպես ու այսքան, հայ-ռուսական հարաբերությունները` գեոքաղաքական զարգացումների այս փուլում երգ ու պարի (իրականում` խորովածացման) ենթարկելու անթույլատրելի այս արտածումները երկրի, պետականության տեսանկյունից ոչ միայն նոնսենս են, այլև խիստ ամոթալի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ