Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գաղափարներ չունեն, չեն պատկերացնում ինչպես կարող են խնդիրները լուծել»

«Գաղափարներ չունեն, չեն պատկերացնում ինչպես կարող են խնդիրները լուծել»
17.05.2019 | 01:05

Քաղաքային տնտեսությունն ինքնահոսի է մատնված, այս մեկ տարվա ընթացքում ոչ մի խնդիր լուծում չի ստացել: Սակայն քաղաքապետ Հայկ Մարությանը դրա փոխարեն նախընտրում է սեփական աշխատավարձը կրկնապատկել, իսկ վերելակների և տրանսպորտի բարեփոխման ֆինանսական բեռը դնել քաղաքացիների ուսերին: Երևանցիների 80 տոկոսի վստահության քվե ստացած քաղաքապետը գլուխ չի հանում ոչ միայն քաղաքային խնդիրներից, այլև կադրային քաղաքականությունից: Մայրաքաղաքի խնդիրների շուրջ զրուցում ենք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻ հետ:

-Մեկ տարի է` մայրաքաղաքի ղեկավարումն անցել է նոր իշխանությունների ձեռքը: Խոստումների քանի՞ տոկոսը հաջողվեց կատարել: Ի՞նչ է փոխվել Երևանում:
-Երևանում շատ բան է փոխվել, ավելի է վատացել աղբահանության, տրանսպորտի վիճակը, իսկ բյուջեն առաջին եռամսյակում թերակատարվեց: Թե ինչ չափով են խոստումները կատարվել, բոլորին է տեսանելի: Բնականաբար մենք չէինք ակնկալում, որ փոփոխությունները մեկ տարում պետք է լինեն, այլ սպասում էինք, որ գոնե այդ ուղղությամբ աշխատանքներ կսկսվեն: Այնինչ այդ աշխատանքները հիմնականում սկսված չեն:
-Չնայած դրական միտում չկա ոչ մի ուղղությամբ, սակայն քաղաքապետը չխորշեց դրանից ու բերեց սեփական աշխատավարձը կրկնապատկող նախագիծ, որն առայժմ կասեցվեց: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այդ նախագծին:
-Քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձի բարձրացման անհրաժեշտություն միանշանակ կա: Բայց իրենք անհամաչափ հաստիքացուցակ էին ներկայացրել, մասնավորապես հայեցողական պաշտոնների համար, այսինքն նորանշանակների համար աշխատավարձի աճը կազմել է 100 տոկոս, իսկ մնացածների համար` 25-30 տոկոս:
-Ասել է` այս ժամանակահատվածում արդարացված չէ՞ նման որոշումը:
-Արդարացված է աշխատավարձների բարձրացումը, նույնիսկ ժամանակավրեպ է, բայց այն հաստիքացուցակը, որ ներկայացրել էին, արդար չէ:
-Գլխավոր ճարտարապետը նախազգուշացրեց-սպառնաց, որ եթե իր բաժնի աշխատակիցների աշխատավարձերը չբարձրացնեն, նրանք արտաժամյա չեն աշխատելու: Սա ինչպե՞ս հասկանալ: Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, ովքեր առավոտից գիշեր աշխատում են շատ ցածր աշխատավարձով, բա նրա՞նք ինչ ասեն:
-Հասկանում եմ, որ կա աշխատանքային ծանրաբեռնվածություն, աշխատավարձը ցածր է: Այդուհանդերձ, կարծում եմ, որ Արթուր Մեսչյանի խոսքն ուղղված էր քաղաքապետին, որը երեք ամիս վատնեց հաստիքացուցակներ կազմելու և բերելու վրա։ Սակայն ներկայացվեց շատ վատ հաստիքացուցակ, որը մերժվեց ու հիմա զրոյից պետք է նորը կազմել։
-Ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր ասում, շարունակում ենք «հուսահատության գազելներով» երթևեկել և «մահաբեր վերելակներով» ապրել։ Սակայն պարզվեց, որ այդ երկուսից հնարավոր է ձերբազատվել միայն քաղաքացու գրպանի հաշվին։ Ձեր գնահատականը։
-Քաղաքացու հաշվին է մնալու, թե ոչ, կարծում եմ, դա խնդրի լուծման ճանապարհին ամենավերջին քննարկվող հարցը պետք է լինի։ Նախքան այդ շատ հարցերի պատասխաններ պետք է տրվեն։ Հետևաբար նույնիսկ չեմ էլ հետևում այդ կարգի հայտարարությունների իսկությանը, որովհետև օդում ասված խոսքեր են։
-Եթե դրանք այս խնդիրների լուծման դեպքում երկրորդական են, ըստ Ձեզ, որո՞նք են առաջնային լուծում պահանջող հարցերը։
-Մինչև խնդիրը հասնի այն մակարդակ, թե ով պետք է ամսական վճարումը կատարի, նախ պետք է իմանալ, թե ինչպես ես կառավարելու վերելակային տնտեսությունը, և ով է վճարելու նախնական ներդրման համար։
-Ընդհանուր առմամբ, այսօր մայրաքաղաքի առաջնային լուծում պահանջող խնդիրը ո՞րն է։
-Բոլոր խնդիրներն էլ առաջնային են։ Նախընտրական շրջանում մենք առանձնացնում էինք երկու-երեք խնդիրներ, որոնք հրատապ էինք համարում։ Իսկ ընդհանրապես կառանձնացնեմ քաղաքային տնտեսության ողջ սպեկտրը` աղբահանություն, տրանսպորտ, վերելակներ, տանիքներ, կանաչապատում, ասֆալտապատում, շքամուտքերի վերանորոգում։
-Ամենաշատը նախընտրական շրջանում քննարկվեց աղբահանության հարցը, սակայն մեկ տարվա ընթացքում չհաջողվեց այդպես էլ լուծում տալ այդ հարցին։ Ինչու՞։
-Լուծում չունեն, հարցի առնչությամբ որոշում չկա։ Իսկ այն տարբերակը, որն առաջարկում են, պարզապես չի աշխատում. նկատի ունեմ նոր ստեղծված համայնքային հիմնարկը։
-Բոլոր հարցերի դեպքում, պարզվում է, պատասխանը մեկն է` մայրաքաղաքի բյուջեում այդքան գումար չկա։ Ինչպես գլխավոր ճարտարապետն է անընդհատ ասում. «Փող չկա, ջան»։ ՈՒրեմն, ի՞նչ անել։
-Բոլոր խնդիրների համար էլ փող կա նախատեսած, սակայն նույնիսկ նախատեսածի չափով աշխատանքներ չեն իրականացվում։ Անհնար է, չէ՞, օրինակ, բոլոր տանիքները միանգամից վերանորոգել:
-Ի դեպ, նշենք, որ բազմաթիվ քաղաքացիներից մենք ահազանգ ենք ստացել, որ վերանորոգումից հետ կտուրները մեկ ամիս անգամ չեն ծառայում մարդկանց, այսինքն` գործը շատ անորակ են իրականացնում։
Ո՞րն է լինելու «Լույս» խմբակցության առաջիկա անելիքը, նիստին ի՞նչ նախագիծ եք ներկայացնելու։
-Մայիսի 22-ին նիստ կա, որի օրակարգում ներառված է մեր ավագանու անդամ Թեհմինե Վարդանյանի նախագիծը, որն առնչվում է փողոցների անվանակոչմանը։ Իսկ օրակարգում քաղաքապետը ոչ մի ուշագրավ այլ նախաձեռնությամբ հանդես չի գալու։ Ընթացիկ հարցեր են։
-Ասել է` կրկին ոչ մի կարևոր, հրատապ հարց։
-Նիստի շրջանակներում ավագանին այդպիսի խնդիրների հաճախակի չի անդրադառնում։ Այդ խնդիրները պետք է գործադիրը լուծի, քաղաքապետարանի աշխատակազմը։
-Քննարկման նյութ է նաև քաղաքապետարանում կադրերի կրճատման հարցը։ Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվում։
-Կրճատումները կրկին հաստիքացուցակով էին ներկայացրել, որտեղ և՛ ուռճացում կար, և՛ կրճատումներ։ Ընդհանուր առմամբ հաստիքացուցակի ուռճացման միտում էր նկատվում։ Իսկ կրճատումների առումով, կարծում եմ, տրամաբանություն չկար։
-Դուք նշեցիք, որ այս ամիսներին խնդիրները չեն լուծվում, քաղաքական կամքի բացակայությու՞նն է պատճառը։
-Գաղափարներ չունեն, չեն պատկերացնում ինչպես կարող են խնդիրները լուծել։ Իսկ այն, ինչ ասում են, ոչ մի ոլորտի խնդրի լուծման չի հանգեցնում։ Ոչ մի ոլորտի առնչությամբ պատկերացում չունեն։
-Մեկ տարի առաջ երևանցին 80 տոկոս քվե տվեց Հայկ Մարությանին։ Այն ժամանակ չհասկացա՞վ, որ անգաղափար, անծրագիր մարդու է ընտրում։
-Հասարակությունը քաղաքապետի ընտրություններին ոչ թե քաղաքապետ էր ընտրում, այլ վարչապետի հորդորով քվեարկեց հանուն խորհրդարանի ազատ արձակման։ Այս իսկ պատճառով չենք կարծում, որ այս քաղաքային իշխանությունը ձևավորվել է քաղաքային տրամաբանության մեջ։ Սա կարող եմ վստահաբար ասել` հաշվի առնելով մեր երեքհոգանոց խմբակցությունը։ Մենք խոսել ենք քաղաքի խնդիրներից, ծրագրեր ենք ներկայացրել, բայց ունենք երեքհոգանոց խմբակցություն, իսկ իրենք` 57։ Թվում է, թե պետք է ունենային խնդիրները լուծելու մեծ հնարավորություն։
-Հեռու՞ չէ այն օրը, որ մարդիկ կփոշմանեն իրենց կատարած ընտրության համար։
-Դժվար է ասել, թե հասարակությունն ինչ ակնկալիքներ ունի։ Ես տեսնում եմ, որ շատերը պատրաստ են հինգ տարի մայրաքաղաքի աղբը հանդուրժելուն, բայց քաղաքապետ տեսնելու Հայկ Մարությանին։ Սա էլ է մոտեցում։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ