Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՌԴ դեսպանի ոդիսակա՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանի հերոսացման

ՌԴ դեսպանի ոդիսակա՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանի հերոսացման
19.06.2019 | 11:15

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նրա գրասենյակում: ՌԴ դեսպանատունը պարզաբանել էր, որ դեսպանը Ռոբերտ Քոչարյանին հանդիպել է հասարակական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումների շրջանակներում։ Սովորական, դիվանագիտական մեկնաբանություն: Բայց ՔՊ-ի ջանքերով շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի «հերոսացման» գործընթացը: Դա ՔՊ-ում տրենդ է, օրինակ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ հայտարարում էր, որ սողանքի պատճառով քանդվող Ողջաբերդի բնակիչները օրեր առաջ միջպետական ճանապարհը փակել էին ոչ թե խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար, այլ՝ սաբոտաժ են անում, հանուն… Ռոբերտ Քոչարյանի: Ե՞րբ են ՔՊ-ում հասկանալու, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը ՀՀ հպարտ ու շարքային քաղաքացիների կյանքի առանցքը չէ, ոչ էլ երկրորդ նախագահն է նրանց կյանքի կենտրոնը: ՔՊ համագումարի օրը լրագրողները բզբզեցին Աժ նախագահ Արարատ Միրզոյանին, ու նա ասաց. «Ես չեմ ողջունում ՌԴ դեսպանի այդ հանդիպումը։ Ի վերջո՝ որևէ երկրի դեսպան կարող է քաղաքական դաշտի ողջ սպեկտորի ներկայացուցչների հետ հանդիպել, այստեղ ուրիշ բան կա՝ այն մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս են դնում էդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից։ Այդտեղ շատ այլ որակների, շահագրգռությունների մասին է խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում։ Այսինքն՝ ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես ես կողջունեի Ռուսաստանի դեսպանի, կամ այլ որևէ դեսպանի շփումն իր հետ»:


Թերևս այսքանով պետք էր հարցը փակել: Բայց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ևս որոշել է իր ներդրումն ունենալ: Ի շարունակումն ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջյանի հարցի, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո դեսպանը չի կանչվել նախարարություն պարզաբանում տալու համար, ԱԳՆ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանել էր. «Դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը որևիցե սխալ արարք չի գործել, դա չի կարող դատապարտելի կամ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Անշուշտ, հանրային կարծիքները բոլորս լսեցինք և տեսանք տարբեր արձագանքներ՝ նաև պետական գործիչների, բայց դիվանագիտական արարողակարգի առումով, նույնիսկ քննության մեջ գտնվող անձի վերաբերյալ, մենք որևիցե կտրուկ առարկություն կամ հայտարարություն չենք կարող անել և չունենք այս պահի դրությամբ»։
Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել էր. «Ինձ համար՝ որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, տարակուսելի է այդ հանդիպումը և ողջունելի չէ»:


Եվ շարունակել էր բզբզելը, որի հետևանքը դարձավ Ֆեյսբուքի գրառումը. «Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում»: Փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը խորհրդարանում հանդիպման մասին չի ասել, որովհետև այդ պահին տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն չի ունեցել։ Հետաքրքիր է՝ իսկ Ռուբեն Ռուբինյանը Զոհրաբ Մնացականյանի ասածը հրապարակայնացնելու համաձայնություն ունեցե՞լ է: Տրամաբանորեն՝ ոչ, այլապես ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ուրբաթ օրը կտեղեկացներ դեսպանին ԱԳՆ հրավիրելը, ոչ թե հետո ստիպված կլիներ հետո հաստատել: Ստացվում է ԱԺ հանձնաժողովի նախագահը ԱԳՆ նախարարին փաստի առաջ է կանգնեցրել: Վաշինգտոն մեկնելուց առաջ՝ լրացուցիչ բացասական երանգ մտցնելով հայ-ռուսական հարաբերություններում: Հարց՝ ինչու՞: Եվ պատահակա՞ն է, որ միայն «Սասնա ծռերը» ողջունեցին ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ հրավիրելը: Երբ ռուսական դաշտում գործող ՍԾ-ն դա գնահատում է «որպես ՀՀ սուբյեկտության դրսևորման փոքր, բայց աննախադեպ քայլ», պետք է հասկանալ ուղիղ հակառակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինքնիշխանության դրսևորում չէ ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ հրավիրելը հանրայնացնելը: Ինքնիշխանություն կլիներ, եթե դեսպանը չհանդիպեր երկրորդ նախագահին, բայց ՔՊ-ն կարողանում է պայքարել միայն հետևանքի, ոչ թե պատճառի դեմ և …խորացնում է պատճառները:

Դիտվել է՝ 2111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ