Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այսօր ոստիկանության լիազորություններն այնքան են սահմանափակվել, որ չի կարող իր առջև դրված խնդիրները լուծել»

«Այսօր ոստիկանության լիազորություններն այնքան են սահմանափակվել, որ չի կարող իր առջև դրված խնդիրները լուծել»
02.07.2019 | 00:45

Չնայած իշխանության ներկայացուցիչներն են հաճախ բարեկրթության սահմանները խախտում, բայց հենց իրենք էլ նախագծեր են մշակում պատգամավոր դառնալու հավակնություն ունեցող մարդկանց հոգեկան առողջությունը ստուգելու, իշխանության ներկայացուցչին վիրավորողին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։ Մինչդեռ արժեր, որ սեփական աչքի գերանը տեսնեին, նոր ուրիշի «փշի» մասին խոսեին։ Բավական մեծ աղմուկ բարձրացրեց նախկին ոստիկան, այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ նախագիծը, որով իշխանության ներկայացուցչին վիրավորելը քրեական պատասխանատվություն էր ենթադրում։ Նախագիծն այսօր շրջանառությունից հանվել է, սակայն պատգամավորը վստահ է, որ դրա անհրաժեշտությունը կա, պարզապես հասարակությանը ճիշտ չներկայացվեց, թե այն իրականում ում է ուղղված։

-Դուք դեռ այն կարծիքին եք, որ նախագիծն անհրաժե՞շտ է։
-Իհարկե, քանի որ խնդիրը դեռ կարգավորված չէ։ Չի կարող լինել իրավահարաբերություն, որը հանրորեն վտանգավորություն է ներկայացնում և կարգավորված չէ։
-Օրինակ, եթե ես Նիկոլ Փաշինյանի մասին ասեմ, թե անպատասխանատու ղեկավար է, սա կդիտվի որպես վիրավորա՞նք, թե՞ օբյեկտիվ իրականության փաստում։
-Հոդվածը չի վերաբերում պարոն Փաշինյանին և ոչ էլ այլ պաշտոնյայի, նախարարների, մարզպետների։ Խոսքն այլ պաշտոնյաների մասին է։
-Իսկ ինչու՞ է նախագծում գրված «իշխանության ներկայացուցիչ»։
-Իշխանության ներկայացուցիչներն այն մարդիկ են, որոնք, ըստ քրեական օրենսգրքի, բացի իրենց ենթականերից, երրորդ անձանց նկատմամբ ունեն կարգադրիչ լիազորություններ, այսինքն՝ ճանապարհային ոստիկանության, հարկային, մաքսային ծառայության տեսուչները, որոնք ունեն կարգադրիչ լիազորություններ այլ անձանց նկատմամբ։ «Իշխանության ներկայացուցիչ» արտահայտությունը պարզապես բոլորին թյուրիմացության մեջ է գցել, մենք չենք ասում, որ այսինչ մարզպետին որևէ բան ասելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվում։
-Տեսակետ հնչեց, թե Ձեր թիմակիցներն էլ սողանցքեր են տեսել և հորդորել են նախագիծը հանել շրջանառությունից։
-Նրանց հորդորով չէ, որ հանել եմ շրջանառությունից, հանրային արձագանքը ստիպեց այդ կերպ վարվել, հասկացա, որ այս առնչությամբ բավարար տեղեկատվություն չկա։ Հետ վերցրի, որ ավելի մանրամասն ու մատչելի ներկայացնեմ հանրությանը։
-Ասում եք՝ ժողովրդավարության բաստիոն է Հայաստանը, և արգելում, որ մտքին եկածը մարդը բարձրաձայնի. ու՞ր մնաց ձեր ժողովրդավարությունը։
-Ամեն ինչն իր սահմանն ունի։ Եթե ոստիկանը քեզ պաշտպանում է, նրան տվել ես համազգեստ, հատուկ լիազորություններ, գլխարկին քո զինանշանն է, ինչի՞ համար ես այս ամենը տվել։ Եթե պաշտպանելու ընթացքում նրան վիրավորում են, խոչընդոտում են աշխատանքին, սեռական բնույթի հայհոյանքներ տեղում նրա ու նրա ընտանիքի հասցեին, ինչն ամեն օր եմ ես տեսնում, ի՞նչ անենք։
-Այս ամենը նախկինում չկա՞ր, որ նման նախագծի անհրաժեշտություն չէր ծագում։
-Միշտ էլ այս հարցը բաց է եղել, ու միշտ էլ այս մասին խոսվել է, պարզապես ես չեմ ունեցել լիազորություն նման նախագիծ ներկայացնելու, թեև համակարծիք գործընկերների մեծ բանակ ունեի։ Ոստիկանությունն այսպիսի վիճակում պահելը երկրի, պետականության համար լավ հետևանքներ չի կարող ունենալ։ Սա տարիներ առաջ ծագած խնդիր է։ Այսօր ոստիկանության լիազորություններն այնքան են սահմանափակվել, որ հանցավորությանն այլևս համարժեք չի գործում, չի կարող իր առջև դրած խնդիրները լուծել։
-Ինչու՞ է նման խնդիր առաջացել։
-Ամեն ուղղությամբ լիազորությունների սահմանափակում է եղել՝ և՛ կառուցվածքային, և՛ օրենսդրական տեսանկյունից։ Ստացվել է մի վիճակ, որ հանցավորությունն ավելի բարձր մակարդակի վրա է, ավելի պաշտպանված է իրավական առումով, մեծ ռեսուրսներ ունի, ճկուն է, քան ոստիկանությունը, որն այդ ամենին պիտի դիմակայի։ Սա չտեսնել և ասել, որ ամեն ինչ լավ է, ինքնախաբկանք է։
-Իրավապահ համակարգում վիճակն ավելի չե՞ն բարդացնում վերևից իջեցվող հրահանգները՝ սևազգեստների որսից մինչև ֆեյքերի դեմ պայքար։
-Ոչ, եթե այսօր ատելության, բռնության կոչեր են հնչում, որոնցից ծնվում են նաև այլ հանցագործություններ, դրանով պետք է ոստիկանությունը զբաղվի։ Եթե մեկը բռնության կոչ է անում, փորձը հուշում է, որ շատ մարդկանց մոտ դա առաջացնում է բռնությամբ զուգորդված հանցագործություն։
-Իշխանափոխության առաջին օրերին բոլորս տեսանք, թե ինչ էր կատարվում համացանցում, ինչպես էին հայհոյում, բռնության կոչեր հնչեցնում, անգամ մարդկանց բնակարանների մոտ սև ժապավեններ կապում։ Այս մարդիկ արժանապատվություն չունեի՞ն, չէի՞ն վիրավորվում, նրանց հանդեպ այդ ամենը բռնություն չէ՞ր։
-Պետք է տարանջատել. մի բան է պետական իշխանության ներկայացուցչին իր լիազորությունների կատարման ընթացքում վիրավորելը ¥այսինքն՝ մենք պաշտպանում ենք այն մարդուն, ով մեզ է պաշտպանում¤, մեկ այլ բան՝ անձնական դրդապատճառներով վիրավորանքը, որն այս դաշտում չի դիտվում։ Ընդհանրապես այդպիսի վիրավորանքներ միշտ էլ եղել են ու հիմա էլ կան, բայց դա կարգավորվում է քաղաքացիաիրավական դաշտում։ Իսկ բռնության կոչը բոլոր ժամանակներում համարում եմ անթույլատրելի, դատապարտելի։ Ով ուզում է լինի, եթե մարդու կյանքին սպառնացող բռնության կոչ է հնչեցնում, պետք է համապատասխան իրավական գնահատականի արժանանա։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ