Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Եթե ԶԼՄ-ով որևէ քաղծառայողի վերաբերյալ հրապարակում է լինում, իրավունքի ուժով պետք է ձևավորվի հանձնաժողով և այդ փաստը քննարկվի»

«Եթե ԶԼՄ-ով որևէ քաղծառայողի վերաբերյալ հրապարակում է լինում, իրավունքի ուժով պետք է ձևավորվի հանձնաժողով և այդ փաստը քննարկվի»
02.07.2019 | 00:56

Թե ինչ կադրեր են ցանկանում աշխատել պետական համակարգում, լավագույնս երևում է քաղծառայության մրցույթի ժամանակ։ Օրերս «Իրազեկ ԶԼՄ-ներ-իրազեկ քաղաքացի» սեմինարի ընթացքում վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար ԳԱՐՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԸ զավեշտալի դրվագներ ներկայացրեց մրցույթի մասնակիցների վերաբերյալ։ Օրինակ, լեզվաբանը չի կարողացել ա-ով սկսվող բառերը այբբենական կարգով ճիշտ դասավորել և հանձնաժողովի անդամներին բողոքել է, թե հարցում սխալ կա, բոլորն էլ «ա» տառով են սկսվում։ Մրցույթի մասնակիցները տառասխալներով են գրում, օրինակ, «տնօրեն» բառը ո-ով են գրել։ Ոմանք էլ նշել են, թե «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը գրել է Մարտիրոս Սարյանը, իսկ ԳԱԱ-ի ղեկավարն է Ավետիք Իսահակյանը։ Խոսքը կրտսեր քաղծառայողների մրցույթի մասին է։ Քաղծառայության գրասենյակի պատասխանատուները ստիպված հնարավորինս թեթևացրել են հարցաշարը՝ ավելի շատ տրամաբանական հարցեր թողնելով։ Ըստ Գարուշ Դավթյանի, երբեմն նույնիսկ հանձնաժողովի անդամին դիմել չգիտեն։ «Բացի ձյաձյայից, ինձ ամեն ձևով դիմել են՝ հոպար, բրատ»,- ասաց պաշտոնյան, ում հետ խոսեցինք ոլորտի այլ խնդիրների շուրջ։

-Արդեն տևական ժամանակ է լուծարվել է Քաղծառայության խորհուրդը և յուրաքանչյուր նախարարություն ինքն է անցկացնում մրցույթները։ Սա չի՞ մեծացրել կոռուպցիոն ռիսկը և հովանավորչությունը։
-Աշխարհում կա երկու մոդել. մեկն այն է, որ Հայաստանում է գործում, մյուսն էլ այն է, որ այսօր մենք փորձում ենք ներդնել։ (Նկատենք, որ այսօր ոլորտում օրենսդրական նոր կարգավորումներ են արվում, որոնք վերաբերում են մրցույթներին, ժամկետային պայմանագրերին, աշխատավարձի քաղաքականությանը, փորձնականությանը, ծառայողների քննություններին, պաշտոնների նոր դասակարգմանը- Ռ. Խ.)։ Ողջ աշխարհում երկրորդ մոդելն է գերիշխում։ Նախկին համակարգից դժգոհություններ կային, գերատեսչությունները պնդում էին, թե իրենց կադրերը լավը չեն, որովհետև քաղծառայությունը լավ կադր չի ընտրում։ Այսօր նրանց տրված է մարդկային ռեսուրսը կառավարելու գործառույթը։ Ինչ վերաբերում է կոռուպցիային և հովանավորչությանը, այնպես չէ, որ այն ժամանակ դա չկար։ Այսօրվա լուծումներով փորձել ենք հնարավորինս նվազեցնել այդ ռիսկերը։ Իհարկե, եթե կա մարդ-մարդ շփում, կան նաև սուբյեկտիվ ընկալում և սուբյեկտիվ գործունեություն։ Չկա մի մոդել, մի երկիր, որտեղ կարգավորումներն այնպիսին են, որ բացառեն նման սուբյեկտիվությունը։ Պարզապես պետք է ճիշտ հասկանալ նպատակը. եթե ծանոթ, բարեկամ մարդը եկավ ինձ մոտ աշխատելու, բայց նա իր գործը լավ չի անում, դրանից նաև իմ աշխատանքն է տուժում։ Մենք կարևորում ենք աշխատանքի գնահատումը, որպեսզի նմանատիպ վիճակներ չլինեն։ Եթե նախկինում նախարարն ասում էր` այսինչ մարդուն կանցկացնենք, այսօր ինքն է դա անում։
-Հենց այստեղ էլ առաջանում է մեծ խնդիր, այլևս ոչ մի կաշկանդվածություն չկա, նախարարի ձեռքերն ազատ են ցանկացած մեկին նախարարություն բերելու համար։
-Եթե, օրինակ, ես ուզում եմ Սանասար Բաղդասարյանին ընտրել, նա պետք է հատուկ գործընթացներ անցնի, չեմ կարող ես նստել ու այդ ամբողջը նրա հետ պարապել։ Իրավիճակներ կան, հարցեր կան, որոնք սահմանափակված չեն։ Եթե նախարարը գնում է այդ ամենը կեղծելու ճանապարհով, հետո երևալու է, չէ՞, որ սա, սա, սա նախարարի բերած մարդիկ են։ Այնպես չէ, էլի, որ մենք մեր մասին չենք մտածում։ Նույն նախարարներն ուզում են արդյունք ցույց տալ և իրենք են շահագրգիռ լավ կադրեր ունենալու հարցում։ Այս ընթացքում մենք փորձում ենք նաև մոնիտորինգ անցկացնել, չկա մի գործիք, որ դրա տակ չհայտնվի։ Ողջ գործընթացը լինելու է էլեկտրոնային։
-Պետծառայողի համար չափորոշիչներ նշելիս առաջնային համարեցիք արժեքների համակարգը։ Եթե առաջնորդվենք վերջին մեկ տարվա վիճակագրությամբ, ի՞նչ արժեհամակարգ ունեցող մարդկանց եք պետական համակարգ բերել։ Արդյոք խիստ սուբյեկտիվ չէ՞ սա, որովհետև Նիկոլ Փաշինյանի արժեքների գնահատումը կարող է այլ լինել, մեկ այլ պաշտոնյայինը՝ այլ։
-Քանի դեռ քաղծառայությունն այս ընթացքում անցումային փուլում էր, պաշտոն զբաղեցնելու համար մրցույթներ չէին կազմակերպվում։ Մրցույթների փուլային անցկացումը կսկսվի հոկտեմբեր-նոյեմբերից։ Ես Ձեզ հետ համամիտ կլինեմ, երբ այն ժամանակ տեսնեք, թե ինչ հարցաշարեր են հրապարակվում, ինչ են պատրաստվում հարցնել իրենց քաղծառայողներից, ինչ չափանիշներ են դրել։ Այստեղ շատ կարևորում եմ ԶԼՄ-ների հետ մեր համատեղ աշխատանքը։ Եթե մեկ-երկու գերատեսչության հետ կապված լրատվամիջոցներն ասեն, թե նախարարն այսինչ պաշտոնը զբաղեցնողի համար պարզունակ թեստեր է հրապարակել, ցածր չափորոշիչներ սահմանել, դա արդեն ազդակ կլինի դիրքորոշումը վերանայելու։ Թվում է, թե նախարարներին տրված են մեծ լիազորություններ այս առումով, բայց վերահսկողությունը բավական մեծ է լինելու և՛ մեր գրասենյակի, և՛ հասարակական սեկտորի, և՛ լրատվամիջոցների կողմից։ Մենք ունենք իրավիճակ, երբ կազմակերպությանը վերլուծություն ենք ուղարկել, որ այս-այս վիճակներում քաղծառայողներից կան դժգոհություններ։ Մենք աշխատում ենք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ։ Մեր նկատառումները կներկայացվեն փոխվարչապետին և վարչապետին։ Իմ անմիջական ղեկավարը վարչապետն է, բայց օրենքով քաղծառայության գործառույթները համակարգում է փոխվարչապետը։ Սա բարեփոխումների մյուս բաղադրիչն է, որ գործադիրում լինի այն ուժը, որն ամբողջ համակարգում կարող է բարեփոխում ապահովել։ Բոլոր բացասական երևույթներն այնպես չէ, որ մնալու են տեղերում, մենք բարձրագույն ղեկավարությանը կփոխանցենք, թե կառավարման մարմիններում ինչեր են տեղի ունենում։
-Քաղծառայողների էթիկայի` բարեվարքության առնչությամբ ևս խնդիրներ կան։ Վերջին շրջանում հաճախ ենք ականատես լինում պաշտոնյայի, պատգամավորների անբարեկիրթ պահվածքին։ Քաղծառայության նոր մոդելը սահմանու՞մ է մի այնպիսի ընթացակարգ, որ թույլ կտա, այսպես ասած, պատժիչ գործողություն իրականացնել։
-Իհարկե, ի տարբերություն նախկին կարգավորումների, երբ էթիկայի խախտման դեպքում որևէ պատիժ չկար, այսօր մեր բարեփոխումներով նախ սահմանվում է ծառայողական քննություն, պարզվում է, թե որն է եղել էթիկայի խախտման պատճառը։ Այս տեղեկությունները ներկայացվում են տվյալ քաղծառայողին նշանակողին, որին ասվում է, որ եթե անգամ դու չցանկանաս գնահատական տալ այդ ամենին, մեկ այլ քաղծառայող կարող է բողոքել նրա դեմ հանձնաժողովին։ Եթե ԶԼՄ-ով որևէ քաղծառայողի վերաբերյալ լինում է հրապարակում, իրավունքի ուժով պետք է ձևավորվի հանձնաժողով և այդ փաստը քննարկի։
-Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ունենք, բայց այս ողջ ընթացքում չտեսանք այդ մարմնի աշխատանքը, ոչ ոք չարժանացավ նրա սաստող գնահատականին։
-Ենթադրենք, ես խախտում եմ արել, իմ ընկերները գալիս են, չգիտեն` ինձ պաշտպանե՞ն, իմ արարքը դատափետե՞ն, թե՞ վերադասի հրահանգը կատարեն։ Բնականաբար, սա չէր կարող աշխատել, մարդիկ անգամ մոռացել են, որ իրենք այդ հանձնաժողովի անդամ են։ Մենք հիմա ցանկ ենք կազմել, այդ մարդկանց վերապատրաստել ենք։ Կան թեկնածուներ, որոնք համարվում են էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածու։ Այս ցանկը բոլոր մարմիններում կա։ Ենթադրենք արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել մի արարք, որը հարում է վարքագծի կանոնների խախտման։ Էլեկտրոնային ծրագրի միջոցով ընտրվում է հանձնաժողով, որի կազմում կարող են լինել մարդիկ հանրապետության նախագահի աշխատակազմից, կառավարությունից, մարզպետարաններից։ Այս հանձնաժողովը գալիս է տվյալ նախարարություն ու սկսում քննել քաղծառայողի արարքը։
-Լուծումներն ու կանոնակարգումները լավն են, բայց դրանք իրականում աշխատելու՞ են։
-Անշուշտ, բայց մենք գործ ունենք մարդու հետ և եթե իդեալական էլ փորձենք ամեն ինչ կանոնակարգել, մեկը ամեն կերպ, խոտոր ճանապարհներով կփորձի ինչ-որ բան անել։ Մենք պետք է քաղծառայողի մտածելակերպն էլ փոխենք, պիտի գիտակցեն, որ այդպես վարվելով ոչ թե ինչ-որ մարդու են լավություն անում, այլ քաղաքացիների այն խմբին, որի հետ այդ մարդը աշխատելու է, վատություն են անում։ Դժվար է ասել, թե այս կամ այն մոդելն ինչպես կաշխատի, բայց քննարկումների արդյունքում գտել ենք մի լուծում, իսկ թե այն ինչպես կաշխատի, ժամանակը ցույց կտա։ Եթե մեր ժողովուրդն իր հնարամտությունը, զարտուղի ճանապարհներ գտնելը, երևակայությունը ճիշտ օգտագործեր, հիմա մենք շատ ավելի շահեկան վիճակում կլինեինք։
-Նախկին իշխանությունների ժամանակ շատ լավ գիտեինք, թե այս կամ այն գերատեսչությունում հիմնականում ինչպես էին կադրերին ընտրում, առաջնային սկզբունք էր ԽԾԲ-ն, այսօրվա իշխանության պարագայում այլ սկզբունք է գործում՝ պաշտոն են ստանում հիմնականում իշխանափոխության օրերին ճանապարհներ փակողները և քայլողները։ Ինչպե՞ս ձերբազատվել այս մտածողությունից կամ հնարավո՞ր է գտնել մի մոդել, որն այս ամենին վերջ դնի։
-Այսօր պատնեշ է դրված. ուզում է քավոր-սանիկ լինեն, դիրք զբաղեցնեն, պետք է անցնեն քաղծառայության այս մրցույթով, փակ մրցույթներ էլ չկան, մարդիկ պետք է բաց մրցույթով անցնեն։ Փոխվարչապետի որոշման մեջ հստակ արձանագրված է՝ լինելու է միայն բաց մրցույթ։ Թեստավորումն օնլայն է, որպեսզի ոչ մեկը դրան չմիջամտի։ Էլեկտրոնային ծրագիրն այնքան մանրամասն է նկարագրված, որ ոչ մի կողմնակի միջամտություն չի ենթադրում։ Հաջորդը հարցազրույցի փուլն է, որը տեսագրվում ու ձայնագրվում է։ Կարող եք պահանջել և ստանալ այդ ձայնագրությունը, տեսնել, թե տվյալ մարդն ինչպես է անցել հարցազրույցը։ Հնարավոր չէ գնալ անկյունում կանգնել ու ասել` ես քեզ կտամ այս հարցը, որ դու պատասխանես։ Նախկին համակարգում հնարավոր էր, հիմա բացառվում է։ Հարյուրտոկոսանոց օբյեկտիվ վիճակի հնարավոր չէ հասնել, բայց մենք ձգտում ենք դրան։ Ապագայում շուրջ 12 հազար քաղծառայող կունենանք, որոնց աշխատանքը կկարգավորվի քաղծառայության մասին այս օրենքով։

Զրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ