Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Խրամատներ հիշեցնող փողոցների փոխարեն քանդվում ու նորից ասֆալտապատվում են դրա կարիքը չունեցող փողոցները»

«Խրամատներ հիշեցնող փողոցների փոխարեն քանդվում ու նորից ասֆալտապատվում են դրա կարիքը չունեցող փողոցները»
02.07.2019 | 01:16

«Երևանում առկա բոլոր խնդիրները՝ ամենափոքրից մինչև ամենամեծ, մեր խմբակցության ուշադրության կենտրոնում են»,- «Իրատեսի» հետ զրույցում հավաստիացրեց Երևանի ավագանու «Բարագավաճ Հայաստան» խմբակցության անդամ ՄԱՐԿՈՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ առանձնացնելով դրանցից ամենացայտունները: Նշեց՝ Օպերայի հարակից տարածքում երկու սրճարան քանդվեց՝ պատճառաբանությամբ, թե կանաչապատում պետք է իրականացվի, դրան զուգահեռ մայրաքաղաքի 16-րդ թաղամասում, ոռոգման ջուր չլինելու պատճառով, ծառերը չորանում են, քաղաքն էլ կարծես արոտավայրի վերածված լինի, չորացած խոտերը չեն մաքրվում և այլն:

-Երևանի աղբահանությունն իրականացնող մեկ օպերատորի պարտականությունը քաղաքապետարանն իր վրա է վերցրել, բացի այդ, օրեր առաջ ստացել են «Կամազ» մակնիշի բեռնատարներ, որոնք գործի դնելուց հետո, ըստ իրենց, աղբահանության որակն էապես փոխվելու էր: Տեսնում ենք սակայն, որ ոչինչ էլ չի փոխվել: Նախկինի պես քանդվում ու նորից ասֆալտապատվում են այնպիսի փողոցներ, որոնք դրա կարիքը չունեն առհասարակ, փոխարենն անուշադրության են մատնվում ու չեն բարեկարգվում խրամատներ հիշեցնող, երկրորդային կամ երրորդային փողոցները: 16-րդ թաղամասում վերջերս վերելակ պոկվեց, բարեբախտաբար, ճոպանը 2-րդ հարկից էր կտրվել, ու զոհեր չեղան, այնինչ քաղաքապետարանը պարզաբանեց, թե «ճոպանն ուղղակի տեղից ընկել էր, վտանգավոր բան չկա»: Եթե կարծում են՝ մարդ պետք է մահանար, որ վտանգ տեսնեին, ապա ես ավելացնելու ոչինչ չունեմ,- ասում է ավագանու անդամը:
-Քաղաքապետը վերջերս հայտարարեց, թե նոր վերելակները պետք է ձեռք բերվեն ժողովրդից գանձած գումարների հաշվին: Արդարացի՞ մոտեցում է:
-Նախընտրական քարոզարշավի ու «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը ներկայացնելու ժամանակ մարդկանց չէին ասում, որ ներկայացվող ծրագրերի ֆինանսական բեռը երևանցին պետք է իր ուսերին վերցնի: Ընտրվելուց հետո մեկ էլ հանկարծ պարզ դարձավ, որ եթե որակյալ վերելակ են ուզում, ապա դրա համար վերցվող վարկը քաղաքացիները պետք է փակեն: Եթե տրանսպորտային նոր ցանց լինի, ապա ուղեվարձը կթանկանա: Հողի կադաստրային արժեքը ցանկանում են փոխել, գույքահարկերը բարձրացնել, նախագիծն արդեն կառավարությունում է: Բայց դա անթույլատրելի է, որովհետև ճիշտ մենեջմենթը ոչ թե ֆինանսական մեծ աղբյուրներ ձեռք բերելն ու կառավարելն է, այլ եղած գումարով ճիշտ կառավարում իրականացնելը: Ամենատարբեր հարցերի վերաբերյալ առաջարկություններ ենք անում, բայց դրանք հիմնականում չեն ընդունվում: Թեև բարձրաձայնում են, որ իրենց համար որոշիչը ժողովրդի կարծիքն է, բայց, օրինակ, իմ ներկայացրած նախագիծը՝ Անաստասավանի անանուն փողոցներից մեկն անվանել նկարիչ, ծնունդով անաստասավանցի Հենրիկ Ոսկանյանի անունով, մերժեցին: Բնակիչները միակարծիք էին այդ հարցում, բայց պարզվեց, որ որոշողը ոչ թե մարդիկ են, այլ քաղաքապետարանի աշխատակիցները:
-Թեև նախապես հայտարարվում էր, թե քանդվելու են Օպերային թատրոնի հարակից այգու աղեղնաձև հատվածի բոլոր սրճարանները, բայց ինքներդ էլ նշեցիք, որ դրանցից միայն երկուսը քանդվեց: Ինչու՞:
-Գիտեմ, որ Ձեր նշած հատվածի մյուս սրճարանները դատական գործընթացների մեջ էին, ու դրանց սեփականատերերը շահել են դատը: Ինքս էլ մյուս երկու սրճարանը քանդելու իմաստը չհասկացա, մանավանդ որ նոր ծառեր չտնկվեցին, եղածներին էլ սրճարանի սեփականատերերը ձեռք չէին տվել: Բացի այդ, ասում էին, թե Օպերային թատրոնի մթնոլորտն են ցանկանում փոխել, ավելի մշակութային դարձնել միջավայրը, որ սրճարաններից հնչող երաժշտությունն ավելի բարձր չլինի թատրոնում երգող արտիստի ձայնից, բայց բարձր երաժշտությունը հնչում է նաև հիմա, մթնոլորտն էլ նույնն է:
-Այսինքն՝ սրճարան քանդելը շոու՞ էր ընդամենը:
-Բնականաբար շոու էր: Կենտրոնի թաղապետին անձամբ եմ հորդորել՝ եթե վստահ եք, որ սրճարաններն օրենքի խախտումով են գործում, դիմեք դատարան, թող դատարանի վճիռ լինի, նոր միայն քանդեք դրանք: Ասում էի՝ այնպես չլինի՝ դատական գործընթացից հետո քաղաքապետարանը գույքի վնասման մասով պարտավորվի բյուջեից գումար վճարել այդ սրճարաններին:
- Բացի «Սանիթեքը» ստեղծվել է նաև «Աղբահանության և սանիտարական մաքրության համայնքային հիմնարկ», որին տարեկան 2 մլրդ գումար է հատկացվելու: Բայց հասկանալի չէ՝ այդ հիմնարկն ինչպես է օժանդակելու աղբահանությանը, քաղաքի որ հատվածում պետք է մաքրություն իրականացնի: Մասնագետներն ասում են, որ եթե վերցնեին քաղաքի միայն մեկ հատվածը, օրինակ` Արաբկիրը, ու այդ գումարը ներդնեին միայն Արաբկիրի մաքրությունն ապահովելու համար, ապա հասարակությունը հստակ կտեսներ` որ ընկերությունն է ավելի լավ մաքրություն իրականացնում: Դուք կիսու՞մ եք այդ տեսակետը:
- Անշուշտ կիսում եմ, ավելին՝ այս պահին «Կամազները» վարձակալական հիմունքներով տրված են «Սանիթեքին»: Ստացվում է՝ դեյուրե երեք օպերատոր ենք ունենալու, որովհետև «Սանիթեքը» որպես երկու օպերատոր է հանդես գալիս՝ Հյուսիսային ու Հարավային: Վստահ եմ՝ իրենք էլ չգիտեն՝ երրորդ օպերատորն ինչ պարտականություններ է ունենալու, քաղաքի որ հատվածում է աշխատանքներ իրականացնելու և այլն:
-Մայրաքաղաքի բնակչին, մեծ հաշվով չի հետաքրքրում՝ ինչ կազմակերպություն է զբաղվում աղբահանությամբ: Մարդիկ ընդամենն ուզում են մաքուր միջավայրում ապրել:
-Աղբահանության ոչ լիարժեք կազմակերպումը վատ կառավարման հետևանք է: Ասում են՝ «Սանիթեքը» միտումնավոր է վատ աշխատում, բայց քաղաքի կառավարումը ստանձնելուց առաջ պետք էր բոլոր նրբությունները հաշվի առնել, լինել դիվանագետ, կարողանալ լավ հարաբերություններ հաստատել այն կազմակերպությունների հետ, որոնք որոշակի ծառայություններ են մատուցում մայրաքաղաքում: Բազմիցս ասել են, թե տուգանել են «Սանիթեքին», բայց տուգանելով, տեսնում ենք, հարցը չի լուծվում: Ավելին՝ կազմակերպությունն էլ պատճառաբանում է, թե ֆինանսական խնդիրներ ունի: 2014-ին, երբ «Սանիթեքը» ստանձնեց քաղաքի աղբահանության գործը, երկու տարի իդեալական ձևով աշխատում էր: Այժմ պետք է վերլուծել ու հասկանալ՝ ինչու է իր աշխատանքն այդպես կատարում: «Սանիթեքի» ղեկավարներն ասում են՝ եթե քաղաքապետը հրապարակի իրենց նամակագրությունը, ապա բոլորի համար պարզ կլինի՝ որտեղ է խնդիրը: Մենք բազմիցս խնդրել ու հորդորել ենք քաղաքապետին՝ հրապարակել նամակագրությունը, բայց նա դա չի անում:
-Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը վստահեցնում է՝ մետրոյի երկու նոր կայարանների ու ճոպանուղու կառուցումը կսկսվի հաջորդ տարի: Ըստ նրա՝ ներդրողներն արդեն հայտնի են, բայց անունները հրապարակելու պահը չի դեռևս: Ընդդիմադիր խմբակցությունների հետ ներդրողների հարցը քննարկվե՞լ է, տեղյա՞կ եք՝ ովքեր են:
-Ոչ, ոչնչից տեղյակ չենք, մենք նաև «Կամազների» մասով տեղեկացված չէինք: Նմանատիպ նորություններին, առհասարակ, ես մամուլից եմ տեղեկանում, մեզ հետ ոչ ոք չի խոսում, չի քննարկում: Չեն ծանոթացնում, թե ինչ են մտադիր անել մեկ կամ երկու տարի հետո: Մետրոյի նոր կայարան ունենալը, իհարկե, լավ է, սակայն չեմ հավատում, որ 150 մլն դոլարի ներդրում կանի կառուցապատողը, ինչ է թե կայարանի մոտ բազմաբնակարան շենք կամ առևտրի կենտրոն կառուցելու հնարավորություն է ստանալու: Չեմ հավատում, որ Հայաստանում այդպիսի ներդրում կարող է լինել, բայց, ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք:
-Քաղաքի համար կարևորագույն գրեթե բոլոր հարցերի պատասխանը մեկն է` գլխավոր ճարտարապետի ասած՝ «Փող չկա, ջան»։ Ի՞նչ անել:
-Չգիտեմ` փող իրականում կա, թե ոչ, բայց ուզում եմ հիշեցնել, որ մեր ներկայացրած ծրագիրը ներառում էր քաղաքի կառավարման բոլոր ոլորտները: Ոչինչ չէր «ծանրանալու» բնակչության վրա: Մեր թիմն այդ ուսումնասիրությունները կատարել էր ու վստահ էր՝ եղած բյուջեով հնարավոր է քաղաք կառավարել: Բայց հեղափոխության էյֆորիկ ֆոնի ազդեցությամբ ընտրությունների նման պատկեր ստացվեց, չնայած այսօր արդեն մարդիկ ակցիաներ են կազմակերպում ու բողոքում իրենց իսկ ընտրած քաղաքական ուժի գործելաոճից ու որոշումներից:
-Գլխավոր ճարտարապետը նախազգուշացրեց՝ եթե իր բաժնի աշխատակիցների աշխատավարձերը չբարձրացնեն, նրանք արտաժամյա չեն աշխատելու: Ընդունելի՞ մոտեցում է:
-Եթե ասում են՝ բյուջեում բավարար միջոցներ չկան, ինչու՞ են հավելյալ ծանրաբեռնում այն: Բացի այդ, ես կողմ չեմ, երբ վերին օղակի աշխատողի աշխատավարձը շեշտակի է բարձրանում, իսկ ավելի ցածրինը՝ համեմատաբար քիչ: Բոլորինը նույնչափ պետք է բարձրացա: Ասում են, թե վարչության պետերն այդ գումարով չեն կարող արդյունավետ աշխատել, բայց չէ՞ որ նրանց մեծ մասը չի փոխվել, այդ ինչպե՞ս եղավ, որ նախկինում կարողանում էին արդյունավետ աշխատել, հիմա չեն կարողանում: Եթե կոռուպցիոն գործարքների մեջ են եղել, թող բացահայտվեն դրանք:


Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 5027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ