Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իրադարձություն, որ չի վերաբերում միայն 18 մարդու

Իրադարձություն, որ չի վերաբերում միայն 18 մարդու
07.07.2019 | 13:19

«Իրադարձությունը» այս պարագայում ճիշտ բառ չէ, լոկալ իմաստով հաստատ սխալ է, կատարվածը ողբերգություն է, որ 6 մարդու կյանք է խլել ու 12 վիրավոր ունի: 6 մարդ այրվել է ու անհնար է նրանց հարազատներին մխիթարել, սուտ են բոլոր խոսքերը, որ ասվել ու ասվում են: Մահվան առաջ խոսքերը ընդհանրապես ողջերի համար են ասվում, որ այդ պահին ի վիճակի չեն ոչինչ ընկալել՝ ցավից բացի: Բայց այն, ինչ երեկ ժամը 15։20-ի սահմաններում՝եղավ Արարատի մարզի Զոդի կամրջի վրա, իրադարձություն է, որ վերաբերում է բոլորիս: Մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել նման իրավիճակում: Ակամա՝ ղեկին չլինելով: Միմյանց են բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ «Գազելը» վառվել է: Գուցե ոմանք համարեն սովորական ճանապարհատրանսպորտային պատահար, որ ամեն օր է լինում: Բայց ինչու՞ է լինում: Ինչու՞ են ամեն օր ճանապարհներին զոհվում մարդիկ: ՃՏՊ-ների ռիսկերի կառավարումն է խնդիրը, որ Հայաստանում դարձել է, ինչպես ամեն ինչ, քաղաքական հարց: Այնքան քաղաքական, որ անգամ չի ընկալվում, որ խոսքը մարդու կյանքի ու մահվան մասին է: Անվտանգ երթևեկության կանոնները գիտեն բոլորը, ո՞վ է հետևում կանոններին: 5 րոպե շուտ տեղ հասնելը, վազանցը, ճանապարհային կանոններն անպատիժ խախտելը սովորական են, առօրյա: Անբարեկարգ ճանապարհները, մեքենաների տեխզննության կասկածելի որակը, վարորդական իրավունք ստանալու ու մեքենա վարել կարողանալու անհամարժեքությունը, հավելեք՝ հպարտ հայերի վարքագիծը ու կստանաք ՃՏՊ-ների մահացու վիճակագրությունը: Մեղմ ասած՝ գլոբալ ու դուխով անպատժելիության մթնոլորտն է այդ վիճակագրության առանցքում: Դուխն ու ամենաթողությունը արդեն իրարից չեն տարբերվում ու սա ախտորոշում է՝ թե իշխանության, թե հասարակության: Անվտանգ երթևեկությունը ոստիկանության պարտականությունը չէ, այլ երթևեկության բոլոր մասնակիցների՝ այս գիտակցությունը ճանապարհներին հօդս է ցնդում, որովհետև նույն այդ մասնակիցներրը իրենց համարում են անմահներ, ու վտանգում բոլորի կյանքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստացի՝ երեկվա դաժան ողբերգությանը ավելի արագ արձագանքեցին լրատվամիջոցները, քան պատկան մարմինները, որ միայն ժամեր անց ինչ-որ տեղեկություններ հրապարակեցին, երբ սոցցանցերում արդեն ամեն ինչ հայտնի էր դարձել: Նորմալ է գուցե, որովհետև չճշտված տեղեկություններ հրապարակելը սոցցանցերի գործն է, իսկ նրանք պարտավոր են իրականությանը համապատասխանող տեղեկություններ տարածել: Բայց ինչու՞ այդքան ուշ հայտվեց ԱԻՆ-ը կամ ինչու՞ այդքան ուշ ԱԻՆ-ին տեղեկացվեց վթարի մասին: Կամ՝ որքանո՞վ էր տրամաբանական, որ այրվող մեքենաների առաջ կանգնած լրագրողները ոստիկաններին հարցնում էին՝ զոհերի ինքնությունը պարզե՞լ եք: Համարժեք գնահատման ու դատողությունների ունակությունները կորցրել ենք բոլորս, ու դա նոր կորուստների դուռ է բացում: Ռիսկերի կառավարումը միայն իշխանությունների գործը չէ, երբ ռիսկը յուրաքանչյուրիս կյանքին է վերաբերում: Իշխանությունները միշտ ու ամենուր ուշանում են իրենց արձագանքով ու գործողություններով, իսկ մենք միայն նրանց մեղադրելու համար չենք: Փոխըմբռնումը օրակարգից վտարելը նույնպես հանցանք է, թեկուզ որևէ օրենսգրքով պատիժ նախատեսված չէ: Իրար հասկանալը, իրար զիջելն ու իրար չսպանելը, թեկուզ ակամա, փոխըմբռնում է, որից մենք հեռանում ենք: Չգիտեմ՝ ուր:

Դիտվել է՝ 3985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ