Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչո՞ւ է Բորիս Ջոնսոնին սպասում համարյա անխուսափելի ձախողում

Ինչո՞ւ է Բորիս Ջոնսոնին սպասում համարյա անխուսափելի ձախողում
25.07.2019 | 09:05

Պահպանողական կուսակցության նախագահ, ուրեմն և Մեծ Բրիտանիայի վարչապետ, ընտրված Բորիս Ջոնսոնը խոստանում է երկիրը վճռականորեն դուրս բերել ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին: Այդ ճանապարհին նրան անխուսափելի ձախողում է սպասում: Նա խոստացել է դա անել, նույնիսկ եթե չհաջողվի Բրյուսելի հետ համաձայնեցնել նոր պայմանները, որ կբավարարեն կառավարությանն ու խորհրդարանին: Ջոնսոնը պատրաստ է կոշտ բրեկզիտի՝ ԵՄ-ից առանց համաձայնագրի հեռանալու: Նոր վարչապետին բրիտանացի քաղաքական մեկնաբանների մեծ մասը կանխատեսում է կոշտ ու արագ քաղաքական կործանում և մոտավորապես նույն ստորացումը, որ ապրեց Թերեզա Մեյը: Բորիս Ջոնսոնի վարչապետ դառնալը և նրա կոշտ դիրքորոշումը ԵՄ-ին միավորում է Համայնքների պալատում պահպանողականների ոչ պաշտոնական հակառակորդներին: Այդ խումբը դեմ է կոշտ բրեկզիտին և ընդդիմության հետ համագործակցելով՝ կարող է արգելակել Ջոնսոնի ցանկացած նախաձեռնություն: Այս կանխատեսումները կառուցվում են բավականաչափ երերուն հիմքի վրա՝ իրադարձությունների զարգացումը կախված է Համայնքների պալատի 650 պատգամավորներից յուրաքանչյուրի որոշումից, ու՝ ԵՄ-ից: Եթե կանխատեսումը հանգեցնենք պարզ թվաբանության, Ջոնսոնը շանս չունի իր բարձրագոչ խոստումները իրականացնել: Նա իր ընտրարշավը կառուցեց ԵՄ-ի հետ արագ նոր համաձայնագիր կնքելու խոստումների վրա, իսկ եթե չստացվի, հոկտեմբերի 31-ին հեռանալու: ԵՄ ղեկավարներն արդեն անհաշիվ անգամներ կրկնել են, որ մտադիր չեն բրեկզիտի համաձայնագիրը վերաշարադրել:

Համայնքների պալատում Պահպանողական կուսակցությունը հյուսիսիռլանդական դեմոկրատական յունիոնիստական կուսակցության դաշնակիցների հետ ունի չնչին մեծամասնությունը՝ 639-ից 323: Բրեկզիտի հարցում այդ մեծամասնությունը ֆիկցիա է: Պարզապես չկա: Տորիների նվազագույնը 25 պատգամավորներ Ջոնսոնին դեմ կքվեարկեն, եթե նա փորձի գնալ կոշտ բրեկզիտի: Այդ պատգամավորները և կառավարության նախարարները (Բրիտանիայում նրանք մնում են պատգամավոր) գարնանն արդեն դեմ են քվեարկել առանց համաձայնագրի բրեկզիտին, կամ հայտարարել են, որ դեմ կքվեարկեն: Ջոնսոնի Դաունինգ սթրիթ տեղափոխվելը ինքնընստինքյան մեծացնում է խումբը և դարձնում ավելի ազդեցիկ՝ կառավարությունից կհեռանան նրանք, որ դեմ են ԵՄ-ի հետ խզմանը: Նրանց մի մասը կողմ է քվեարկել Թերեզա Մեյի առաջարկին, որովհետև նախ անհրաժեշտ է համարել ենթարկվել կառավարական-կուսակցական կարգապահությանը, երկրորդ՝ ընդունելի փոխզիջում է համարել համաձայնագրի նախագիծը, որ ենթադրում էր անցումային երկար շրջան: Նրանք մտադիր չեն Ջոնսոնին աջակցել և հայտարարում են բացահայտ: Նրանց թվում է Պահպանողական կուսակցության մեջ եվրաֆիլների առաջնորդ, ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդը, նաև՝ արդարադատության նախարար Դևիդ Գոկը, միջազգային զարգացման նախարար Ռոռի Ստյուարտը, բիզնեսի նախարար Գրեգ Կլարկը: Երկուշաբթի օրը հրաժարական տվեց Տորիների ամենահեղինակավոր անդամներից մեկը՝ ԱԳ փոխնախարար սըր Ալան Դանկանը: ՙԻնձ շատ է անհանգստացնում, որ նա ոչ ղեկ ունի, ոչ կողմնացույց, նա ծրագիր չունի, ամեն ինչ թողնում է ինքնահոսի, բնազդի,-ասել է Ալան Դանկանը BBC-ին:-Ես նրա դեմ անձնական ոչինչ չունեմ: Պարզապես մտածում եմ, որ խրվելու է կառավարական ճգնաժամի մեջ՚: Երեքշաբթի հրաժարական տվեց կրթության նախարար Էնն Միլտոնը: Վերլուծաբանների գնահատականով՝ հրաժարական կտան նաև Մեյի աշխատակազմի ղեկավար- նախարար Դևիդ Լիդինգտոնը և կառավարության այլ անդամներ տարբեր մակարդակներում, նրանց թիվը դժվար է նույնիսկ հաշվել: Անցած շաբաթ Համայնքների պալատն արդեն օրենսդրական մանևր արեց, որի նպատակը վարչապետին զրկելն է խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու հնարավորությունից հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 18-ը, որ իրեն չխանգարեն երկիրը ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս բերել: Տորիներից 36-ը անտեսեց կուսակցական կարգապահությունը՝ 17-ը կողմ քվեարկեց, 19-ը՝ ձեռնպահ:


Ընդդիմության մեջ, Լեյբորիստների խմբակցությունում կան ցանկացած գնով բրեկզիտի կողմնակիցներ և պատրաստ են Ջոնսոնին աջակցել, բայց նրանք մի 10 հոգի են, և շատ քիչ՝ հավասարակշռելու ապստամբ տորիներին: Մնացած լեյբորիստները և 4 ընդդիմադիր կուսակցությունները՝ նվազագույնը դեմ են առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալուն, առավելագույնը՝ դեմ են բրեկզիտին ու երկրորդ հանրաքվե են ուզում:
Ընդդիմության հետ տորի պատգամավորները կարող են ոչ միայն կապել Ջոնսոնի ձեռքերն ու ոտքերը, այլև նրան պաշտոնանկել: Լեյբորիստները չեն բացառում, որ անվստահության հարց կբարձրացնեն Ջոնսոնին, գուցե, շատ շուտ: ՙՆրան գուցե այլ ելք չմնա՝ արտահերթ ընտրություններ հայտարարելուց բացի, թեպետ ասում էր, որ չի դիմի երկրին, մինչև բրեկզիտը չիրականացնի՚՝ գրում է պահպանողական եվրասկեպտիկների Daily Telegraph-ը: Արտահերթ ընտրություններում պահպանողականների հաղթանակը ոչ Ջոնսոնի գլխավորությամբ, ոչ առանց նրա երաշխավորված չէ:


YouGov, Comres и Opinium սոցիոլոգիական ընկերությունների հուլիսին անցկացրած հարցումներով՝ Պահպանողական կուսակցությունը կհավաքեր 23-25%, զիջում է լեյբորիստներին և նրանց կրկնակոխ հետևում է Բրեկզիտի կուսակցությունը: Ջոնսոնն ասում էր, որ արտահերթ ընտրությունները կոչնչացնեն պահպանողական կուսակցությանը, եթե անցկացվեն մինչև ԵՄ-ից դուրս գալը: Բրիտանական ընտրական համակարգում վարկանիշը ոչ միշտ է համապատասխանում մանդատների թվին: Եթե Ջոնսոնի հակառակորդները անհապաղ չսկսեն նրա դեմ հարձակումը, պայքարը կծավալվի աշնան սկզբին՝ Համայնքների պալատը հուլիսի 25-ից սեպտեմբերի 3-ն արձակուրդում է:
BBC


Հ.Գ. Շոտլանդիայի ղեկավար Նիկոլա Ստերջենը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին վարչապետ ընտրվելու կապակցությամբ և համագործակցելու պատրաստակամություն հայտնել, սակայն հավելել է, որ Շոտլանդիան կփորձի արգելափակել Ջոնսոնի որոշումը ԵՄ կազմից առանց համաձայնագրի դուրս գալու հարցում: Ստերջենը հայտարարել է. «Ես կշարունակեմ պատրաստվել նրան, որ Շոտլանդիան իրավունք ունենա ընտրել սեփական ապագան անկախության հիման վրա, ոչ թե այն ապագան, որ մեզ կպարտադրեն Բորիս Ջոնսոնը կամ պահպանողականները»: Ոչ միայն Մեծ Բրիտանիայի Համայանքների պալատը, նաև ԵՄ պաշտոնյաներ են արձակուրդ գնում: Չի բացառվում, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը փորձի անհապաղ հանդիպումներ ունենալ նրանց հետ, ապա մեկնի Բելֆաստ, Քարդիֆ ու Էդինբուրգ՝ փորձելով պահպանել թագավորության միասնականությունը: Նրան հաճախ են համեմատում Դոնալդ Թրամփի հետ: Նմանությունը ոչ միայն արտաքուստ է՝ հատկապես անհնազանդ մազափնջերի միջև, այլև՝ քաղաքական: Դոնալդ Թրամփի հավատամքն է՝ America first, Ջոնսոնի՝ Britain first: Ինչպե՞ս նրանք իրար հետ կաշխատեն, կերևա հոկտեմբերի 31-ից հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ