Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այսօր Հայաստանում ստեղծվում է անձնիշխանության համակարգ»

«Այսօր Հայաստանում ստեղծվում է անձնիշխանության համակարգ»
01.08.2019 | 11:10

Այսօր քաղաքական օրակարգը պտտվում է երկու հարցի շուրջ՝ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող դատական գորընթացներ, դրա «կողմնակի ազդեցությունները», և ստամբուլյան կոնվենցիայի դեմ մեկնարկած ստորագրահավաքը։ Քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ զարմանալի չի համարում այս սուղ օրակարգը, քանի որ նախորդ ամիսներին ևս ժողովուրդը չտեսավ երկիրը իրական զարգացման տանող արմատական քայլեր։

-Այս երկու օրակարգային հարցերը ցույց են տալիս մի շատ կարևոր հանգամանք,- ասաց Բադալյանը՝ շարունակելով, -անցյալ տարվա քաղաքական իրադարձություններից, որ իշխող ուժն անվանում է հեղափոխություն, 1 տարի 3 ամիս, ԱԺ ընտրություններից էլ 6 ամիս անց ներքաղաքական կյանքի օրակարգում երկիրը զարգացման տանող հարցեր չկան։ Առաջին կիսամյակում երեք հարց կար՝ կառավարության կառուցվածք, ծրագիր և հարկային օրենսգիրք։ Վերջ։ Հայաստանի զարգացմանն ուղղված որևէ հարց չկար, այսինքն՝ արտաքին քաղաքականության հայեցակարգ, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, դատաիրավական համակարգի բարեփոխում, տնտեսության զարգացման հայեցակարգ, գյուղատնտեսության զարգացում, ՏԻՄ-երի, կրթության, գիտության, առողջապահության հայեցակարգային զարգացումներ։ Հայաստանի առաջընթացին մղող քայլեր չկան։ Քանի որ ներքաղաքական օրակարգը չի հանդուրժում դատարկություն, բնականաբար այլ հարցեր են սկսում գերիշխող դառնալ, որոնք Հայաստանի զարգացման հետ կապ չունեն։ Դրանցից առաջինը երկրորդ նախագահի շուրջ ընթացող գործընթացներն են և ստամբուլյան կոնվենցիան։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, անցյալ տարվա իշխանափոխությունը փաստացի կատարվեց այն բանի համար, որ երկրորդ նախագահը հայտնվի բանտում։ Կարծես այդ ողջ գործընթացը դրան էր ուղղված։ Քոչարյանի շուրջ զարգացումներն ակտիվ փուլ մտան, երբ մայիսի 20-ին վարչապետի կոչով շրջափակվեցին դատարանների մուտքերը, որովհետև դատավորներից մեկը համարձակվել էր վարչապետի համար ոչ ցանկալի որոշում ընդունել, երկրորդ նախագահի խափանման որոշումը փոխել։ Այսօր քննարկման առարկա է ոչ թե Քոչարյանին առաջադրված մեղադրանքի բուն գործընթացը, այլ դրա շուրջ զարգացումները։
Իշխող քաղաքական թիմին հաջողվեց գրպանային ԲԴԽ ունենալ, որի ապացույցն էր այն, որ հեշտությամբ դատախազությանը զիջեցին երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխած դատավորի ճակատագիրը և նրա լիազորությունները կասեցրին։ ՍԴ-ի շուրջ կատարվողը ևս երկրորդ նախագահի գործին է առնչվում։ Իշխանությունը վստահ չէ, որ ՍԴ-ն իր համար ցանկալի որոշում կընդունի և դրա համար իրավական բարեփոխումների անվան տակ ցանկանում է ունենալ նույնպիսի գրպանային դատական համակարգ, ինչպիսի ԲԴԽ-ն է։
Մի բան պետք է առանձնացնեմ, որը դուրս է մնացել լրատվամիջոցների ուշադրությունից. դա այն է, որ տարիներ առաջ, երբ դատավորներից մեկը որոշեց երկրորդ նախագահի համար ոչ ցանկալի որոշում ընդունել, անմիջապես հեռացվեց դատավորների կազմից։ Հիմա երկրորդ դեպքը տեղի ունեցավ, Քոչարյանի խափանման միջոցը վերացրած դատավորի լիազորությունները կասեցվել են, և չի բացառվում, որ նա ևս կհեռացվի համակարգից։ Այսինքն, մենք նույնականացման երևույթներ ենք տեսնում, իսկ սա վկայում է մեկ բանի մասին. այսօր Հայաստանում ստեղծվում է անձնիշխանության համակարգ, որը բովանդակությամբ նախորդ 30 տարվա համակարգից տարբեր է, բայց էությամբ նույնն է։ Հիմա անձնիշխանության համակարգի կայացման գործընթացն է տեղի ունենում։ Նախորդ համակարգի բացասական երևույթները հեշտությամբ տեղափոխվել են այս համակարգ, այս հարցում էական նշանակություն ունի երկրորդ նախագահի դատական գործընթացը։ 1995-ից սկսած առաջին դեմքերը չեն հանդուրժել իրենցից դուրս գտնվող քաղաքական բևեռներ, նույնն էլ կատարվում է նաև այսօր, որովհետև Քոչարյանը մի գործոն է, որը ցանկալի չէ գործող իշխանության համար։
-Օրակարգային երկրորդ հարցի՝ ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Իշխանությունը հարցը օրակարգ է բերել, բայց իշխանության ներկայացուցիչները խուսափում են խոսելուց դրա մասին, փոխարենը ձևավորվել է արտախորհրդարանական մի շարժում, որը ստորագրահավաք է կազմակերպում և հստակ խոսում վտանգների մասին։ Ինչու՞ են խուսափում տեսակետ հայտնելուց։
-Կրկին պետք է համեմատություններ անցկացնենք նախկին համակարգի հետ։ ՀՀԿ-ի ժամանակ մեկ օրում արտաքին քաղաքական կուրս փոխվեց՝ եվրաասոցացումը փոխվեց ԵԱՏՄ-ով։ Այդ ժամանակ իշխանությունից մեկը բացատրե՞ց, թե ինչու նման բան տեղի ունեցավ։ Ոչ։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մեկ մարդ է ամեն ինչ որոշում։ Եթե այդ մեկ հոգին որոշի, որ ստամբուլյան կոնվենցիան պետք է վավերացվի, այն կվավերացվի։ Չգիտեմ, թե այդ մեկ հոգին ինչ կորոշի, շատ հավանական է, որ դա դարձնի առևտրի առարկա և փոխանակի երկրորդ նախագահի գործոնի հետ։ Հնարավոր է այս հարցը խնդիրներ ստեղծի իշխող խմբակցությունում, որոշ պատգամավորներ կարող են այլ կարծիք ունենալ, բայց նրանք ոչինչ չեն որոշում։ Ինչպես ՀՀԿ-ի ժամանակ, այնպես էլ այսօր առաջին դեմքն ամեն ինչ միանձնյա է որոշում։ Վավերացնելու դեպքում էլ, ինչպես նախկինում, անտրամաբանական պատճառաբանություններ կներկայացնեն ու «կողմ» կոճակը կսեղմեն։
-Ողջ տարբերությունն այն է, որ նախկինում իշխանությունները չէին ասում, որ ժողովրդի իշխանություն է, և ժողովուրդն է ամեն ինչ որոշում։ Հիմա ժողովրդի մի հատված դեմ է այս կոնվենցիային, նրանց կարծիքի հետ հաշվի կնստե՞ն։
-Երբ ՀՀԿ-ն կեղծում էր ընտրությունները և ժողովրդի կեսն ասում էր, թե կեղծել են, նրանց ձայնը հաշվի առնու՞մ էին։ Նրանք էլ ասում էին, որ ժողովուրդն է իրենց ձայն տվել և իրենք ժողովրդին են ներկայացնում։ Եթե նրանք ժամանակին հաշվի չեն առել, հիմա ինչու՞ պիտի հաշվի առնեն։
-Այսինքն նույն համակա՞րգն է, ոչինչ չի՞ փոխվել։
-Համակարգի ընդամենը բովանդակությունն է փոխվել։ Առաջվա համակարգը սպասարկում էր քրեաօլիգարխիային, իսկ այսօրվանը՝ մեկ անձի։ Բովանդակությունը փոխվել է, բայց ըստ էության, ոչ։ Եթե Նիկոլ Փաշինյանը որոշի այդ կոնվենցիան վավերացնել, կհայտարարեն, որ դեմ արտահայտվողները մարգինալ ուժեր են, իրենցից ոչինչ չեն ներկայացնում, 10-20 հոգի են, պետք է գնանք և վավերացնենք։ Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ նախկին համակարգի օլիգարխները, որոնք սպասարկում էին օրվա իշխանությանը, հիմա ամբողջովին անցել են այս համակարգ և շատ լավ հարաբերություններ ունեն իշխանության հետ։ Այս համակարգը հոգեհարազատ է օլիգարխիային, դատաիրավական համակարգին, որը ինչպես տարիներ առաջ համակարգից դուրս մղեց իշխանության համար անցանկալի որոշում կայացնող դատավորի, այնպես էլ այսօր են այդպես վարվում։ Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որոնք փաստում են համակարգի նույնականացման մասին՝ պատգամավորների պահվածքը, ընդդիմության հանդեպ արհամարհական վերաբերմունքը, հասարակությունից կտրվելը, խմբավորումների առաջացումը և ավելի շատ վարչական ռեսուրսի տիրապետման մղումը, ինչպես Աբովյանի քաղաքապետի ընտրությունների, ԵՊՀ ռեկտորի ընտրության դեպքում ու էլի չպատճառաբանված շատ երևույթներ։ Այս ամենը փաստում է այն մասին, որ ինչ նախկինում էր տեղի ունենում, նույնն էլ այսօր է իրականացվում։ Չեմ կարծում, որ ստամբուլյան կոնվենցիան հասարակությանը ոտքի կհանի, քաղաքական ակտիվ հատվածն է սրանով հետաքրքրված։ Այս հարցը վերածվել է փիառ զենքի, գործիքի, որն օգտագործում են և իշխանությունը, և ընդդիմությունը՝ միմյանց հարվածելու, դիրքերը թուլացնելու համար։ Խիստ կասկածելի է այն, որ ինչպես ընդդիմությունում, այնպես էլ իշխանությունում բոլորը կարդացել են այդ կոնվենցիան։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանությանն ազգային արժեքներից հեռանալու, իսկ իշխանությունն էլ՝ ռևանշիստական քայլերի մեջ։
-Իշխանափոխության այս մեկ տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ հիմնական բանավեճը տեղի է ունենում իշխանություն-արտախորհրդարանական ընդդիմություն տանդեմում։ Իսկ ու՞ր է խորհրդարանական ընդդիմությունը, ԱԺ պատերից դուրս նրանք կարծես չկան։ Այս ընթացքում այս բևեռից հետաքրքիր նախաձեռնություն լսե՞լ եք։
-Խնդիրը նախաձեռնությունները չեն։ Հնարավոր է նրանք հետաքրքիր, օգտակար նախաձեռնություն ներկայացնեն, բայց խորհրդարանական աշխատանքի այս 6 ամիսների ընթացքում տեսանք, որ ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ ԼՀԿ-ն չկարողացան իշխող ուժի համար այլընտրանք դառնալ։ Ինչ-որ առումով ԲՀԿ-ն կարողացավ դառնալ այլընտրանք, բայց ԼՀԿ-ն՝ ոչ։ Սա ցույց տվեցին նաև կատարված հարցումները, երբ ԼՀԿ-ն իր դիրքերը զիջել է, իսկ ԲՀԿ-ն բարելավել, դրա ապացույցն էին նաև Աբովյանի ընտրությունները։ ԼՀԿ-ն մի կողմ է քաշվել և գնում է մարգինալացման ուղիով։
-Հայաստանի քաղաքական օրակարգում միշտ արդիական է «թեժ աշուն» ձևակերպումը։ Այս տարի կլինի՞ թեժ աշուն։
-Վերջին 30 տարվա ընթացքում միշտ լսում եմ թեժ գարնան ու թեժ աշնան մասին։ Թեժ կլինի այն ժամանակ, երբ իշխող ուժին լուրջ այլընտրանք ձևավորվի։ Եթե հաջողվի ստեղծել այդ այլընտրանքը, աշունը ոչ թե թեժ կլինի, այլ հետաքրքիր զարգացումներ կլինեն։ Եթե չձևավորվեց այդ այլընտրանքը, այսրոպեական շահերով առաջնորդվեցին, ոչ մի թեժություն էլ չի լինի։ Հնարավոր է ինչ-որ ցույցեր լինեն՝ սոցիալական խնդիրների հետ կապված, ինչպես իջևանյան դեպքերը, բայց նման իրադարձություններ վերջին 30 տարվա ընթացքում հաճախ են եղել, այդ թվում` երթեր, ցույցեր, որոնք չեն հանգեցրել իշխանափոխության։ Այն կուսակցությունները, որոնք այս տարիներին անընդհատ խոսել են թեժության մասին, երբեք մատը մատին չեն տալիս, որպեսզի կարողանան իրենց ներուժը ճիշտ օգտագործել։ Այս հարցում մեծ դերակատարում ունի այդ կուսակցությունների ղեկավարների մեծամտությունը։ Նրանց թվում է, թե իրենք ամենախելոքն են, դրա համար էլ միշտ ձախողվում են։ Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե կձևավորվի՞ իրական, ազդեցիկ այլընտրանք այս իշխանություններին, թե ոչ։ Եթե չձևավորվի, ևս 30 տարի կլինի նույն վիճակը։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 9757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

y>

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Ստա­խո­սը
Ստա­խո­սը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն