Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վրաստանի 13-րդ վարչապետի հրաժարականը

Վրաստանի 13-րդ վարչապետի հրաժարականը
03.09.2019 | 09:25

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել՝ չնշելով որոշման պատճառները: Նա ասել է, որ իր առաքելությունը կատարված է համարում: «2018-ին վարչապետի պաշտոնում իմ թեկնածության առաջադրման գլխավոր նպատակը երկրի զարգացման ռազմավարական շրջանակի ներդրումն էր, որը հետագա տարիներին կապահովեր մեր պետական նպատակների իրագործումը, կդառնար երկրի զարգացման այբուբենը», - Ֆեյսբուքում գրել է նա: Խոսելով հրաժարականի մասին՝ Բախտաձեն թվարկել է ոլորտները, որոնցում իր կարծիքով Վրաստանը շոշափելի առաջընթաց է գրանցել վերջին շրջանում՝ ներդրումային միջավայրի բարելավում, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առաջընթաց:


Վրաստանի կառավարության հեռացող ղեկավարը լրագրողների հետ հանդիպման է եկել «Կրթությունը ազգային գաղափար» գրությամբ շապիկով: 37-ամյա Մամուկա Բախտաձեն կառավարությունը գլխավորելուց առաջ ֆինանսների նախարարն էր, մինչ այդ ղեկավարել էր «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը: Բախտաձեն կշարունակի մնալ «Վրացական երազանք»-ի անդամ և «երկրի հավատարիմ զինվոր»:
Վրաստանի Սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականից հետո պորտֆելները թողնում են նաև նախարարարները՝ ժամանակավորապես պաշտոնավարելով մինչև խորհրդարանի կողմից նոր վարչապետի և կառավարության հաստատումը, խորհրդարանը ունի երկու շաբաթ ժամանակ: Հասկանալի է, որ վարչապետի փոփոխությունը խորհրդարնական ընտրությունների նախապատրաստության շրջանակներում է: Եվ առնվազն տարօրինակ է, որ վարչապետի հավանական թեկնածուն համարվում է ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան: Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ վարչապետի ամենահավանական թեկնածուն նա է՝ երկրի ամենասկանդալային պաշտոնյան, ում հրաժարականը հունիսից պահանջում են բազմահազարանոց ցույցերով: Ընդդիմությունը նրան է պատասխանատու համարում հունիսի 21-ի լուսադեմին ցույցը կոշտ ուժի կիրառմամբ ցրելու համար, երբ 240 մարդ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոցներ:
Մամուկա Բախտաձեն հեռանում է անկայունության ֆոնին՝ արժեզրկվել է ազգային տարադրամը, հայտնի սկանդալից հետո նվազել են զբոսաշրջության եկամուտները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Անցնող մեկ տարում Հայաստանի և Վրաստանի նոր վարչապետների միջև ձևավորվել էին լավ հարաբերություններ: Կա երեք տարբերակ, երբ Վրաստանում նորից վարչապետ է փոխվում: Հայաստանը պահպանում է դիվանագիտական պատշաճ ջերմության հարաբերություններ նոր վարչապետի հետ ու փորձում հարաբերությունները խորացնել իրական վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Կամ՝ փորձում է միանգամից խորացնել հարաբերությունները նոր վարչապետի հետ: Ամենաարդյունավետը կարող է լինել երրորդ տարբերակը՝ սպասել 2020-ի խորհրդարանական ընտրություններին ու արդեն ծրագրային հարաբերություններ հաստատել նոր իշխանության հետ: Հայ-վրացական հարաբերություններն ունեն ոչ միայն երկկողմ, այլև աշխարհաքաղաքական նշանակություն: Կովկասի անվտանգության համակարգը կամ կառուցվելու է հայ-վրացական առանցքում՝ Արևմուտք-Ռուսաստան պայմանավորվածությամբ, կամ ռուս-թուրքական առանցքում, որտեղ պայմանավորվածությունները լինելու են Հայաստանի և Վրաստանի հաշվին: Եվ Թբիլիսիում դա չեն կարող չհասկանալ: Մնում է սպասել խորհրդարանական ընտրություններին, իսկ մինչ այդ Վրաստանը գտնվելու է կառավարելի քաոսի շրջանակներում:

Դիտվել է՝ 2863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ