Ժամկետային զինծառայողի ծեծի մեջ մեղադրվող խմբի դատապաշտպան ԱՐԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ երեկ կառավարության որոշմամբ նշանակվեց Վայոց ձորի մարզպետ։ Ի դեպ, այդ խմբում շրջանառվում է նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը։ Բնականաբար, կառավարության նիստից հետո նորանշանակ մարզպետին հարցերի մեծ մասը վերաբերում էր այդ միջադեպին։ Եվ քանի որ Արարատ Գրիգորյանը հմուտ փաստաբան է և նրան դժվար է հանկարծակիի բերել, փորձեցինք «խմբագրել» հարցը` նորանշանակ մարզպետն ինչպե՞ս է վերաբերվում ծեծ ասվածին։
-Դեմ չեմ... (Լեզվի սաթաքումից հետո ավելացրեց- Ժ. Վ.). ոչ, ոչ, յուրաքանչյուր բռնությանը դեմ եմ, սակայն կարծում եմ, այդ միջադեպի հետ կապված ճիշտ կլինի, որ քննչական կոմիտեն ինքն իր ենթադրությունները կամ գործի քննության հետ կապված տեղեկություն ներկայացնի։
-Որպես մարզպետ, Ձեր և արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի տարբերությունը որակական առումով ո՞րն է լինելու։
-Չեմ կարող գնահատել իմ և պարոն Սարգսյանի աշխատանքի տարբերությունը, քանի որ դեռևս չեմ անցել աշխատանքի։ Սակայն կուզենամ ընդգծել, որ մարզպետարանի բնականոն աշխատանքը շարունակվելու է, ծրագրերը լինելու են շարունակական։ Աշխատելու եմ մարզպետի պաշտոնում անաչառ և հրատապ, ինտեգրվելու եմ աշխատանքին։
-Պարոն Գրիգորյան, լրագրողների հետ ճեպազրույցում Դուք ասացիք, որ մարզի խնդիրներին ծանոթացել եք լրատվամիջոցներից, մարզպետարանի պաշտոնական կայքից, ինչպես նաև տեղում փաստացի իրավիճակից և հավելեցիք, որ դեռ առիթ կլինի խնդիրների մասին մանրամասն խոսելու։ Ես ճի՞շտ հասկացա, որ այս պահին հստակ տեսլական, թե ինչ պիտի անեք, և ինչով է Ձեր գործունեությունը ծրագրային առումով տարբերվելու նախորդ մարզպետից, չունեք։
-Հստակ ուղղություններ ուսումնասիրությունների հետ կապված նախանշված են, սակայն այս պահին ասել, որ կա հստակ տեսլական Ձեր նշած հարցի վերաբերյալ, վաղ է։ Բնականաբար, աշխատանքի ընթացքում հնարավոր է, որ որոշակի ուղղություններով փոփոխություններ լինեն։ Եթե հնարավոր է իմ գործունեության արդյունքում բարելավել մարզի բնակիչների կյանքը, ապա ես դա անելու եմ։
-Ձեր լուսավոր գաղափարները ե՞րբ իրականություն կդառնան։
-Աստված տա` շուտ լինի։ Հստակ ժամանակահատված այս պահին չեմ կարող ասել։ Համենայն դեպս, լավ աշխատանքի արդյունքը միշտ կունենա իր տրամաբանական լավ ավարտը։
Ճեպազրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ